ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ                                                                          
 
ՏՐԱՆՍՀՈՒՄԱՆԻԶՄ
 
 Transhumanism -լատ. trans-անդր, անդին, վեր, humanitas -մարդկային: Գիտական հեռանկարների և բարձրագույն տեխնոլոգիաների վրա հիմնված ռացիոնալիստական աշխարհայացք, վերափոխելու համար մարդկային վիճակը, չեզոքացնելու տառապանքները, ծերությունը և մահը, միաժամանակ ուժգնացնելու համար ֆիզիկական, բանական և հոգեբանական հնարավորությունները: Transhumane-գերմարդ բնորոշումը առաջին անգամ օգտագործել Ա.Դանթեն իր «Աստվածային կատակերգության» մեջ:
Նոր ժամանակներում այդ գաղափարները վերարծարծել են
ամերիկ. ֆեմինիստ  Ֆ.Վուիլարդը (Frances Willard,19-րդ դ.),
 անգլ. կենսաբան- Ջ.Հակսլին (Julian Huxley 20-րդ դ.),
 ավստ. Ֆ.Նիցշեն, ֆրանս. մարդաբան Թ. դը Շարդենը և այլք:

   
  «Այն նպատակը 8, որին ձգտում է ամեն մի գոյ,       
           համապատասխանում է նրա էությանը»
                              (Արիստոտել «Մետաֆիզիկա»)

  
   Անկախ ամենայնից, ձևակերպումներից թե անվանումներից  դրանք բոլորն էլ տարաչափորեն աղերսվում են Էիզմի սաղմնավորումների հետ, իսկ դրա արդի տեսլականը գլխապտույտ արագությամբ զարգանում է ողջ աշխարհում:  «ԷՈՒԹՅՈՒՆ» հատորի «Հոգի և Ոգի» բաժնում, վկայակոչելով անվանի հոգեբաններին արձանագրել էինք, որ կիբեռնետիկային դեռևս չի հաջողվել մոդելավորել մարդու հոգին: Այսուհանդերձ ստեղծվել և արդ փոթորկալից զարգանում են արհեստական բանականությունը, ռոբոտիկան,  արհեստական անտրոպոմորֆիկ մարմիններ, բանականության ուժով գործող բարձրագույն տեխնոլոգիաներ ( brain–computer interface , BCI)  և նեյրո-կիբեռնետիկական այլազան պրոտեզներ: Դեռ ավելին, Հարվարդի համալսարանից  և NASA-ի երբեմնի աշխատակից ամերիկացի գիտնական Ken Hayworth-ը 2003թ. տրվել է համարյա գիտա-ֆանտաստիկ մի ծրագրի իրականացմանը. թվայնացնել իր գլխուղեղը և իր «հոգի-ներաշխարհը» հանձնելով էլեկտրոնային  ինչ-ինչ սարքերին անմահանալ: Եվ նա միակը չէ:  

   Նույն տեսլականներով վարակված 32-ամյան ռուս միլիարդատեր Դիմիտրի Իցկովը  2011թ. ձեռնարկեց  «AVATAR-2045»  անվանված նման մի ծրագրի իրականացումը, ունենալով ՌԴ-ի Գիտությունների ակադեմիայի հովանավորությունն ու գիտական աշխարհի մասնակցությունը (տե՛ս  http://en.wikipedia.org/wiki/2045_Initiative):  Ծրագրի անվանումը վերցված է James Cameron-ի AVATAR կինոնկարից (սանս. avatâra-էջք, աստվածների վայրէջքն ու մարդկային կերպարանափոխումը: Հմմտ. Էջ-միածին... ): 2045 թիվը սահմանված է որպես «տեխնոլոգիական եզակիություն»: Այսինքն, հիպոթետիկ մի սահման, երբ տեխնիկական գլխապտույտ առաջընթացը մարդկային բանականությանը այլևս կթվա դժվարըմբռնելի և երբ արհեստական բանականությունը ինքը կսկսի ստեղծել առավել բարձրագույն տեխնոլոգիաներ: «AVATAR-2045»  ծրագիրը վերածվել է նաև հասարակական շարժման,  ընդգրկելով շուրջ 30 000 անդամներ ամենատարբեր երկրներից (ՌԴ, ԱՄՆ, Եվրոպա և այլ ): «AVATAR-2045» ծրագիրը դիտվում է որպես Transhumanism- տրանսհումանիստական ուղղություն,  շարժումը՝  նաև որպես «համացանցային ընկերակցություն»1( интернет-сообщество: Տե՛ս. https://www.youtube.com/watch?v=f1XyxFcTtz4 ):    
    Այսպես թե այնպես բազմաստիճան այդ ծրագիրը  միտում է նույն տեսլականը-գլխուղեղային բոլոր տվյալները փոխակերպելով էլեկտրոնիկ ազդանշաններով, մարդկային անհատականությունը տեղափոխել այլընտրանքային որևէ հիմքի վրա (DVD- USB կերպանման կամ այլ): Եվ այդ կլինի կիբեռնետիկական անմահության սկիզբը: Մինչև 2045թ. ապագայի տեսլահարները ջանալու են ստեղծել մի մարմին-հոլոգրամ 2,
որը կլինի իրական էակի իբր կատարյալ պատճեն: Նրա գիտելիքները, հակումները, տեսլականները և անհատականությունը ամբողջությամբ կթվայնացվեն: Այդու-մնաք բարով ծերության թե մահվան տագնապներ: Կյանքը վերջապես կլինի հավիտենական, միայն թե վիրտուալ...    
    Աշխարհի տարբեր գիտահետազոտական կենտրոններում և փորձասենյակներում այդ պրպտումները այնքան բուռն են և առատ, որ կպահանջեր հատուկ տեղեկատվական հավաքագրություն և համակարգում (ԱՄՆ-ում՝ Brain Initiative-BI տասնամյա ծրագիր, ԵՄ-ում՝  Humen Brain Prօject-HBP նույնպես 10-ամյա ծրագիր,  նեյրո-կիբեռնետիկական, նեյրո-հոգեբանական և նման բազում հետազոտություններ 3): Այստեղ ասենք միայն, որ բոլորն էլ  հիմնականում կատարվում են նույն ուղղությամբ և համարյա նույն նպատակներով 8:       
     Իսկ ի՞նչ կապ էիզմի հետ:    
   
    Անմիջական, թեև դրանցից  շատերը մասնակի ծրագրեր են, անորոշ աշխարհայացքով, սկզբունքորեն թերի և համարյա ոչ մեկը չի գործածում «էություն-essence» եզրն ու հասկացությունը ( միայն մի քանիսը, այն էլ սոսկ գլխուղեղի վերաբերյալ և ոչ նրա ֆունկցիա-գործառույթի, այսինքն՝  ներաշխարհ-էություն խրթին գոյացության ): Ոմանք էլ ջանում են այն աղերսել քվանտային ֆիզիկայի, պսիխոֆիզիկական թե այլ ֆենոմենների հետ: Բոլորն էլ քիչ թե շատ ճշմարտամոտ և մերձակա էիզմի հիմնադրույթներին ( հոգու գոյությունը մահից հետո, պարահոգեբանական ֆենոմեններ ևն: Տե՛ս «Էություն» հատորի «Բնազանց աշխարհ», էջ 273-327 ): Այդու էլ աղերսները տարաչափորեն անմիջական են:   
     Այդ ավելի պարզորոշ պատկերացնելու համար ջանանք հոլոգրամայի սկզբունքով «մասերը դիտարկել ամբողջի մեջ, ամբողջը՝ մասերի» ( հոլոգրամի բեկորը պարունակում է ամբողջ պատկերը, բայց աղոտ...):  

    - Ցանկացած բացահայտում լրացնում է մեր աշխարհաճանաչողությունը, այն՝  իմաստավորում բացահայտման արժեքը և ճշմարտացիության սահմանները: Իսկ բուն, տրանսհումանիստական-վերմարդկային ճշմարտությունը մեկն է՝  համատիեզերական աստիճանաբար երևակվող իրականությունը 4:  Ըստ այդմ էլ ձևավորվում է անհատական թե դարակազմիկ աշխարհայացքը, ուղղորդում մարդկային հոգևոր ու նյութական գործունեությունը և «բնորոշում  կեցությունը» ( ի հակառակ Ֆ. Էնգելիսի ցածր գոյաձևերի համար «կեցություն-բանականություն» սահմանման...): Մինչդեռ, դիտարկվող գիտական պրպտումներում բացակայում է քիչ թե շատ պարզորոշ աշխարհայացք, իսկ ըստ էության առանց ձևակերպման փորձ է արվում ներդաշնակել իդեալիզմը և մատերիալիզմը ( մինչդեռ ըստ էիզմի. «Ո՛չ թեիզմ, ո՛չ աթեիզմ, այլ պարզապես էիզմ», դրանց ընդհանուր հայտարարը, իմա՝ նյութական և հոգևոր տիեզերքների «սինթեզված» միասնությունը...):

     -  Բազմիցս նշել ենք, որ ի տարբերություն արդ ընդունված նյութ-էներգիա-ինֆորմացիա վիճակային սանդղակի, էիզմը նախատեսում է ևս մեկը՝  չորրորդը -էությունների գոյացությունը (տե՛ս. «Ինֆորմացիա» էսսեն. http://www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm): Թե ի՞նչ և ինչպիսի՞նն է այդ, այստեղ ավելին արծարծել չենք կարող: Կհիշեցնենք միայն, որ այն տարբեր է զուտ ինֆորմացիաներից, հանդիսանալով դրանց ևս մեկ «թորված»-խտացված վիճակը (
հմմտ. էսենցիա- խտանյութ), ինչը գերմ. ֆենոնեմոլոգ Է. Հուսեռլը անվանել է «զուտ էություններ» և ըստ այդմ ձևակերպել էյդետիկա ուսմունքը: Նույնպես
ճշմարտամոտ, բայց ցավոք թերի և առանց էությունների բուն ընկալման:  Արդի բոլոր նշյալ հետազոտությունները նույնպես սահմանափակվում են ինֆորմացիաների մակարդակում, առանց Ոգի և Էություն հավատամքային թվացյալ հասկացությունների արծարծման: Այնինչ փիլիսոփայության մեջ դրանք ընդունված հասկացություններ են ( էությունը՝ անգամ կատեգորիա 5), մասամբ որպես երևույթների տակ ընկած օրենքներ և օրինաչափություններ: Սակայն, անգամ դրանք որոշակի առումով տարբեր են ինֆորմացիաներից:  Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի, էությունը բացահայտվում է  զգայական փորձի գիտակցական բացատրությամբ  ( իմա՝ երևույթների միջոցով: «Էություն», Երևան 1995թ., էջ 554 ): Ըստ Հեգելի և այլոց, բնությունը և՛ երևույթ է և՛ էություն: Այսուհանդերձ դրանք նույնական չեն: «...Հակառակ դեպքում ամեն մի գիտություն անիմաստ կլիներ» ( Կ. Մարքս, տե՛ս նաև http://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Shexpir-Eizm%2004.2014.htm ):

 
      - Թվայնացնելու և մոդելավորելու համար մարդկային հոգի-ներաշխարհը, նախ անհրաժեշտ է քաջ ճանաչել այն: Մինչդեռ, անգամ հոգեբանությանը այն հասու չէ: Թվայնացվում է հիմնականում արհեստական բանականությունը: Սակայն, բացի զգայական և բանական ոլորտներից ըստ էիզմի բացակայում է ևս մեկը՝ ոգեկան ոլորտ, որն էլ առնչվում է հենց ոգու և էությունների հետ 6: Ուրեմն, ակնկալիք «մարմին-հոլոգրամը» ոչ մեկ դեպքում չի կարող լիարժեք լինել:    

     -  Ինչպես ինֆորմացիաների պարագայում, վերոնշյալ  ծրագրերը որոնում են էակների արհեստական «տեխնոլոգիացում  և ռոբոտիզացում»: Մինչդեռ Բանական մարդը ինքնին ունի նաև էվոլյուցիոն վերաճման հնարավորություն և հեռանկարներ, ինչպիսինն ունեցել են  բոլոր հոմինոիդները, նախամարդը և նեանդերթալցին, հասնելու համար արդի կարգավիճակին: Եվ «մարմին (մարդ)-հոլոգրամը»  դեռևս գերմարդը չէ, ո՛չ էլ հանճար, առավել ևս «աստվածամարդ», որոնք հավակնում են ԷԱՆԱԼ7 ու վերադառնալ համատիեզերական Եզակիություն կամ գերԷություն: Եվ այդ էլ այն դեպքում, երբ «գոլորշիանալու» է ողջ նյութական Տիեզերքը: Ուրեմն, որևէ այլընտրանքային հիմքով «կիբեռնետիկական անմահությունը» նույնպես ուտոպիա է, գոնե հավերժության առումով:  Մինչդեռ, այլ մեկ «վիրտուալ» տարբերակով՝ շատ հնարավոր, թեկուզ իր «դաշտա-ալիքային ուրվականի», «քվանտային երկվորյակի», ակսիոնային թե գերլարային կլաստերների միջոցով կամ հենց ներաշխարհ-հոգեդաշտի, որպես նախ համամոլորակային նոոսֆերա-ներոլորտի «մոնադ»-միավոր
( բնականաբար ըստ հոգևոր հզորության և նույնպես «բնական ընտրության» ): Եվ այդ առանց տեխնոլոգիական հիմքերի: Որպես կենդանի օրինակ առաջինը հանճարներն են իրենց ստեղծագործություններով, հանգուցյալ հարազատները մեր հիշողություններում կամ մարդկությունը տիեզերական «շշուկներում», մասամբ եթերն հեղեղող բյուր-բյուրազան ռադիո-հեռուստատեսային ալիքների համաբանությամբ( հմմտ. նաև մտքի լույսի արագության գերազանցումը և թռիչքը ժամանակի մեջ...):  Իսկ ակնկալիք «վիրտուալ» իրականությունը,  ըստ էիզմի հավակնում է լինել բանական-ինֆորմացիոն իրականությանը հաջորդելիք հենց էութենական իրականությունը:     

     Այն այսօր ևս առկա է, ինչպես նաև «վիրտուալ» իրականություն (ոչ անպատճառ տեխնոլոգիական), սակայն սահմանափակ տիրույթում և թույլ արտահայտված: Այնպես, ինչպես նախնադարում եղել է որոշ բանականություն, բանական իրականություն և նոոսֆերա-ներոլորտ, սակայն աղոտ, մինչև էվոլյուցիոն արդի վիճակը: Եվ մեր հարգելի պրպտողներն ու գիտնականներն էլ բանա-գաղափարական իրականության բնակիչներ ու տիպիկ ներկայացուցիչներ են, այդուհանդերձ ապացուցելով «վիրտուալ» գոյացության հնարավորությունը զուտ «ռացիոնալ» բնորոշվող տեխնոլոգիական միջոցներով: Այդ ամենը, անշուշտ, ուղեկցելու և նպաստելու են Բանական մարդու երկրային կեցությանը և հոգևոր հասունացմանը, վերճելու համար Homo Spiritus-ի, այդու էլ հավերժանալու այլ մեկ տարբերակով, բայց ոչ անմիջականորեն «ռոբոտիզացմամբ»: 

  -  Հայտնի է, որ եթե արվեստները և գիտությունները տարբեր լինելով հանդերձ առանձնապես հակամարտություններ չունեն, ապա գիտություն և հավատամք հակամարտությունը դեռ չի հանգուցալուծված , ինչպես իդեալիզմի և մատերիալիզմի պարագայում: Ավելին, զարգացած երկրներում աճում է ոգեղինության պահանջը: Արդի առաջադեմ հոգեբանները և սոցիոհոգեբանները  իրավացիորեն բարձրացրել են արդյունաբերական, պրագմատիկ և տեխնոկրատական քաղաքակրթություններում հեղձվող անհատի ահազանգը ( հիշենք Չ. Չապլինի «Նոր ժամանակներ» կինոնկարի թեմատիկան, դեռևս 20-րդ դարի առաջին կեսում... ):  Արևելք-Արևմուտք, գիտություն-հավատամք, գլխուղեղի աջ և ձախ գործառույթների և հարակից շատ այլ խրթին հարաբերակցությունների հետ որոնվում են դրանց ներդաշնակման ուղիներն ու միջոցները, արտահայտված հին արևելյան ուսմունքների և մշակույթի վերառումներով,  ուսուցանվող թե տարածվող «սոցիոլոգիական ոգեղինության» (spiritual sociology), dianética, Essence ու նման տրանսհումանիստական բնորոշվող  հոսանքներով,  և հենց  J. Cameron-ի  AVATAR կինոնկարներով (Avatar 2, Avatar 3 ), որոնքն էլ ներշնչել են «AVATAR-2045»  և նման շարժումներ: Սակայն, ցավոք, կա՛մ առավելաբար հավատամքային կա՛մ հիմնականում գիտա-տեխնիկական հիմունքներով, իսկ հաճախ էլ առասպելաբանական կամ միստիկական:  
     Այդուհանդերձ ողջունենք և բոլոր նրանց մաղթենք մարդկային հոգու և մտքի նոր փայլատակումներ: Այդ ևս էվոլյուցիոն խմորումների գործընթաց է և միջանկյալ փուլ, այդքանով էլ համահունչ էիզմի առանձին դրույթներին և մասամբ ընդհանուր էությանը:   
   
Մնացյալը, բոլորովին այլ ասպարեզից է և իրականությունից: Ակնկալիք գերմարդը, հանճարը, տիեզերամարդը թե «աստվածամարդը»՝  նույնպես...

      Այսքանի հետ ահազանգենք, որ այդ պրպտումները հղի են նաև խիստ մտահոգիչ շահարկումներով և հետևանքներով:  Ըստ այդմ էլ իրավացիորեն բոլոր նման ծրագրերում բարձրացվում են էթիկական խնդրականներ: Սակայն դրանք չեն կարողանա ամբողջովին կանխարգելել նեյրո-կիբեռնետիկական հնարանքներով թե տրանսհումանիստական բնորոշումներով ամենատարբեր չարաշահումները անհատների և անգամ հանրույթների նկատմամբ՝  հատկապես ազգային փոքրամասնությունների:  Առավել ևս, որ այդ կարող է տեղի ունենալ ինքնաբերաբար, ինչպես թերզարգացած հանրույթների դեմ դրսևորվող թե սքող «ինտելեկտուալ ռասիզմը»: Միաժամանակ շահարկելով այդ հանրույթների «հոգևոր գոհարները» կամ նրանց արտադրանքը, ինչպես հետամնաց երկրներում  բնական հանածոնները զարգացած երկրների կողմից:                       
   Այդ իսկ պատճառով մենք ավելի ու ավելի խուսափում ենք հրապարակել ավելին ( իսկ դրանք բավականին շատ են, էական և ամբողջ մի ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգի բաղադրիչներ- ԷՈԳՀ):  Զի,
երբեմն բավական է միայն գաղափարն ասել կամ սոսկ նյութի խորագիրը, որպեսզի բանիմաց անձինք կռահեն գոնե պրպտումների ուղղությունը և մոտավորապես ինչի մասին կարող էր լինել խոսքը: Այնպես, ինչպես եղել է ցայսօր քաղաքական և օտարամետ որոշ շրջանակների կողմից  (մասամբ տե՛ս. «Ազգաբանական ուղտ/ուխտ և ուղի». http://www.eutyun.org/S/E/AZGABANAKAN/Azgaban.htm , «Ազգային փրկության ծրագիր»- http://www.eutyun.org/S/E/X/X/X-7.htm  հոդվածները): Վերջին պարագայում  «Ինֆորմացիա, Էներգիա, Ինքնություն և Էություն» կրկնությունները փաստում են, որ ի տարբերություն այլոց,  թեկուզ մակերեսորեն ընկալվել են էիզմի հիմնադրույթները: Իսկ տեղեկությունը ըստ որի.  «Այդ գործառնական տեխնոլոգիաներ արդեն մշակվել և մասնակիորեն ներդվել են Հայաստանում» և իբր «արդեն տվել են գերազանց արդյունքներ» հուշում են, որ այդ ուղղությամբ գոնե գնում են հետևողական աշխատանքները: Այսպես թե այնպես, այդ ևս գալիս է հաստատելու էիզմի ճշմարտացիությունն ու գերազանցությունը վերոնշյալ  սոսկ գիտա-տեխնոլոգիական պրպտումների նկատմամբ:  Զի, փիլիսոփայական միտքը միշտ էլ ուղեկցել է գիտական հետազոտություններին, փոխադարձաբար սնվելով դրանից,  իսկ այժմ այդքան արտառոց թվացյալ գերլարերի տեսությունը ոմանք բնորոշում են որպես առավելաբար փիլիսոփայություն, քան՝  անգամ տեսական ֆիզիկա: Լոկ այն պատճառով, որ այն փորձնականորեն դեռևս անհնարին է ապացուցել, թեև մաթեմատիկորեն կատարելապես հիմնավորվում է:
       Փոքր ինչ այլորեն էիզմը՝  նույնպես...
                                                               
                       * * *
       Ինչպես մեր ծագումնաբական և քաղաքակրթական որոնումները,  այն ևս արարված էր վասն հինավուրց,  բայց արդեն հանգչող մի էթնիկական հանրույթի հարատևման: Այստեղից էլ մեր ոդիսականը, շահարկումները, բանագողությունները, արտաքսումը հայրենիքից և հետապնդումների ռուսամետ շրջանակների ու հպատակների կողմից: Եվ այդ, ոչ թե ընդդեմ ինչ-որ անձի՝ այլ ողջ մի ոգե-գաղափարական համակարգի և համարյա հոգեվարող աշխարհասփյուռ մի հանրության: Այնինչ, Ըստ անգլիական մեկ ասույթի.       
        «Որքան խելք ունենք՝ այդքան էլ անհրաժեշտ է այն ղեկավարելու համար»:        
        Ըստ էիզմի. ոչ պակաս էլ անհրաժեշտ է վասն այդ խելքի ձեռքբերման...
    
    
      Մինչդեռ հայերս դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից ունենալով  էիզմի պես ընդգրկուն, տիեզերականորեն հիմնված, միաժամանակ արմատապես ազգային ու համամարդկային դեռևս անգերազանցելի մի ուսմունք,  իր էությամբ բուն տրանսհումանիստական ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգ և ամբողջ մի հազարամյակի քառահատոր նախածրագիր, չկարողացանք և դեռ ոչ մի կերպ չի ստացվում ստեղծել գոնե ամփոփ  ու համեստ մի «համացանցային համայնք»: Անշուշտ, ի տարբերություն վերոնշյալ հոսանքների, ընկալման համար գիտաբանական որոշ պաշար պահանջող ԷՈԳՀ-ը  խրթին համակարգ է, մեր միլիոնատերերը՝  բութ,  իշխանությունները՝  եղծ և դրածո,  հասարակությունն էլ՝  հասարակ, շատ հասարակ: Մեկ խոսքով, հավաքականորեն ֆիզիկապես և հոգեպես զեղչված  ինչպես բոլոր զառամյալները: Մինչդեռ, ազգային նման մի փոքրամասնության համար, որպես հոգևոր ներուժ և հարատևման գրավական տրանսհումանիստական նման մի ուսմունքը պարզապես բախտորոշ կլիներ ( հմմտ. հրեաների կենսափորձը և սեփական «ցեղակրոնությունը»...):    
    Եթե այդպես չլիներ, թերևս մեր ջանքերի և ԷՈԳՀ -ի այդքան անհրաժեշտությունն էլ չլիներ:
    Սակայն, բնավ պարտադիր չէ, որ իր պտուղները տվյալ ծառը վայելի, արժանավոր զավակներին՝  ծնողները կամ հանճարեղ գլուգործոցները՝  հենց հեղինակները: Մասն ամբողջինն է, մարդը՝ մարդկությանը, Արեգակն ու Տիեզերքը՝ բոլորինը:     
    Նկատված է, որ խամրող քաղաքակրթությունները մարվելուց անմիջապես առաջ են տալիս իրենց բարձրագույն արժեքները, ինչպես վասն իրավիճակի փրկության հունական փիլիսոփայությունը ( Պլատոն-«Հանրապետություն», Արիստոտել-«Պոլիտիկա», «Էթիկա» և այլն),  կենդանաշրջանում՝ ոգեկան փուլը
( Այծեղջույր-Ջրհոս-Ձուկ ), բնաշխարհում՝ պտուղների աշնանային հասուանցումը, հանճարները՝  մեծամասամբ իրենց գլուխգործոցները, իմաստունները՝  մարգարեությունները ( հասունության տարիք ), ոմանք  էլ՝ իրենց  «վերջին խելքը»: Հարկ է ենթադրել նաև, որ մինչև Արեգակի մարումն ու աշխարհի վերջը մարդկությունն էլ կհասցնի տալ իր լավագույնն ու «գոլորշանալով» ամբողջովին վերածվել աննյութական նոոսֆերա-ներոլորտի: Այդպես է բաբախող Տիեզերքն է ըստ իր  նպատակային ծրագրի և հակաէնտրոպիկ նպատակահարմարության 8 վերադառնալու կիբեռնետիկական «վերջնական վիճակին», տիեզերագիտորեն՝  նախաստեղծ Եզակիությանը, հավատամքային պատկերացմամբ՝ «երկնային արքայություն»  կամ Հայր Աստված, ըստ էիզմի՝  գերԷություն...   
    Իսկ մինչ այդ, հարկ է ապրել, ինքնարարվել, կայանալ ու էանալ, գիտակցելով, որ. 
                  
ԿՅԱՆՔ ԻՄԱՑՅԱԼ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ Է, ԿՅԱՆՔԸ ՉԻՄԱՑՅԱԼ՝ ՄԱՀ:   
                    Եվ կրկնելով  մարդկության երբևէ ասած ամենաիմաստուն խոսքը.                                              
                                       
ՃԱՆԱՉԻՐ  ԻՆՔԴ  ՔԵԶ  ԵՎ «Է՛ի», ՈՉ ԱՎԵԼ9...
 

   
  1
 
Ճիշտ, ինչպես առաջարկել էինք  «Ազգ և նոր հազարամյակ» քառահատոր նախածրագրի «ԷԱԿԱՆՔ» ,
1-ին  հատորում:  Եվ այդ համասփյուռ ողջ ազգի մակարդակով  (
Երևան-2002թ. , էջ 97-98 ):  Եվ առանց չնչին տարակուսանքի կարող ենք հայտարարել, որ այդ ու շատ այլ գաղափարներ փոխառված են Էություն միաբանության աշխատություններից, ինչպես շատ այլերը (տե՛ս վերոնշյալ հղումները ), ինչպես 1990թ. հիմնադրման առաջին օրվանից Էություն միաբանությունն էր հայտնվել Մոսկվայի ուշադրության կենտրոնում ( տե՛ս  http://www.eutyun.org/S/E/Taregrutyun/EAITT.htm,  ՌԴ ԳԱ Էթնոլոգիայի և Մարդաբանության ինստ-տի գիտաշխատող, գիտ. դոկտոր Վ.Ա.Շնիրելմանի զեկույցը ), ինչպես «Ծննդոց-ԱՅԱ» մենագրությունը՝  Մոսկվայում  KGB-ի Լյուբլյանկա գրադարանում, և ինչպես նույն 2002թ. հատորի հրատարակումից մի քանի ամիս անց ՀՀ երկրորդ նախագահը «ինտերնետային ազգի» մասին հռչակեց համահայկական 2-րդ համագումարում, առանց ըմբռնելու դրա բուն էությունն ու տարողությունը... Եվ ի վերջո ինչպես «AVATAR-2045»  ծրագիրն է փոխառություն համաշխարհային գիտաշխարհից:

 2 Որպես տիեզերքի արտացոլանք հոգի-հոլոգրամի գաղափարը հպանցիկ արծարծված է «Էություն» հատորի  474 էջում (Երևան 1995թ.):

  3 Բնազանց թվացյալ նման հետազոտություններ կատարվել են նաև դեռևս խորհրդային տարիներին KGB-ի գերգաղտնի փորձասենյակներում:  ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատերը հրապարակվեցին Արևմուտքում, մյուսները շարունակեցին տարբեր կառույցներում: Այդպես, Մոսկվայի ինֆորմացիոն-ալիքային տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն , երբեմնի փոխգնդապետ-հետազոտող Վ.Ե. Խոկկանենը
«Аргументы  и Факты»  շաբաթաթերթի էջերում ( N° 45, նոյեմ. 1994թ.) հրապարակեց մի տեղեկություն: Ըստ նրա կարելի է կանխորոշել որևէ անձի մոտալուտ մահը իր «ալիքային ուրվականի» միջոցով, երբ այն շաբաթներ առաջ լքում է բոլորովին առողջ թվացյալ իր նյութական մարմինը: Գնդաձև կայծակ հիշեցնող դաշտա-ալիքային այդ «ուրվականը» ինֆորմացիա կրող գոյացություն է, որը մարմնից  դուրս կարող է գոյատևել 4-5 վրկ, գերզգացների, հզոր անհատականությունների և հանճարների պարագաներում՝ անգամ շաբաթներ և ամիսներ: Հատուկ սարքերի օգնությամբ հնարավոր է այդ «ուրվականներից» ինֆորմացիաներ քաղել կամ ներարկել... ( «Էություն», էջ 485-486 ): Արդի փորձարարությունները նախորդ նման հետազոտությունների պարզապես զարգացումներն են:

  4  Ըստ Արիստոտելի, «Ոչինչ չի կարող այնքան հավատարիմ ներկայացնել առարկան` որքան դրա էությունը» («Մետաֆիզիկա»): Իսկ էությունը հենց ճշմարտությունն է (տե՛ս «Ճշմարտություն» էսսեն. http://www.eutyun.org/S/E/Verite/V_090224_Verite.htm ):

  5  Մնացյալ բոլոր կատեգորիաները, ինչպես սուբստանցը և ատրիբուտը, վերացականը և որոշակին, բովանդակությունն ու ձևը,  որակն ու քանակը, պատճառն ու հետևանքը, եզակին և ընդհանուրը, գիտակցությունն ու մատերիան և այլք, Էություն և երևույթ հիմնական կատեգորիաների ածանցյալներն են: Եվս մեկ օրինակ, որ էությունը ինֆորմացիայից տարբեր և յուրօրինակ գոյացություն է:   

  6  Ըստ էիզմի մարդկային հոգի-ներաշխարհը եռահարկ կառույց է, հիմնականում կազմված զգայական-բանական-ոգեկան ոլորտներից,  որոնց կեցության մեջ համապատասխանում են արվեստները, գիտությունները և հավատամքային համակարգերը, և համապատասխանաբար նյութա-երևութական, բանա-գաղափարական և ոգե-էութենական իրականությունները (տե՛ս նշյալ «Ինֆորմացիա» հղմամբ ):

   7 Հայերենում ԷԱՆԱԼ նշանակում է «ի բնէ լինի» և «Հոր նման դառնալ»: Համահունչ հուն. eidos -նախագաղափար (էություն ) հասկացությանը, որտեղից և՛ idea-գաղափարը, և՛  ideal-երանելի տիպարը: Պարզ է, որ այդ ինչ-որ մարմին-հոլոգրամ չէր կարող լինել...    
 
  8 Նպատակ- կիբեռնետիկական առումով, ամեն մի ինքնակարգավորվող համակարգի որևէ ալգորիթմով (գործողության նախնական տվյալներ) տրված վիճակ, որը փոփոխվող պայմաններում ստանում, պահպահում է այդ համակարգը: Նպատակահարմարություն- բնական կամ արհեստական համակարգի այնպիսի կառուցվածք և նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածություն, որոնք ապահովում են համակարգի որոշակի վերջնական վիճակը:  
 
   9 Արեգակնային Ապոլլոնին նվիրված դելփյան տաճարի արձանգրություններից: Վերագրվում է Սոկրատին:

 
                                                                             
       
Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                                 Մարսել, 14 մայիս 2014թ.

                  ¡  ¡  ¡