ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ                                                                          
 

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵՆ ԵՎ ԷԻԶՄԸ
(«Ներսը և դուրսը»)

 

   
                                                               Երբ աշխարհի բոլոր գլուխգործոցներն արարված են,
                                                                                    հանճարն արարում է նոր մի աշխարհ:

   
Մեկ անգամ չէ, որ մենք այստեղ ներկայացրել ենք էիզմի խմորումներ տարբեր փիլիսոփաների, բանաստեղծների, արվեստագետների թե զուտ գիտական ստեղծագործություններում ( տե՛ս «Էություն-էիզմ» բաժինը http://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Eutyun-eizm.htm ): Ներկայացվող նյութը դրանցից մեկն է: Սակայն, վասն մատչելիության նախընտրում ենք մի քանի ծանոթություններ տալ:       
   Գերմ. գրող Հերման Հեսսեն ( ծնվ.  2.07.1877 - 9.08.1962, Նոբելյան մրց. 1946թ.)  իր «Ներսը և դուրսը» փիլիսոփայական նովելը գրել է 1920 թ., այսինքն 43 տարեկան ՝ ստեղծագործողի համար  ծաղկուն և ոգեկան հասակում, երբ Եվրոպայում բուռն խմորվում էին փիլիսոփայական մի շարք հոսանքներ: Դրանց մեջ էքզիստենցիալիզմը,  լոգիցիզմը, տրանսցենդենտալ ֆենոմենոլոգիան, էյդետիկան (Է. Հուսեռլ ), մյուս կողմից մատերիալիստական ուղղությունները: Այդ անմիջականորեն արտացոլված է սույն «էսսեում», որպես «իդեալիստական» ( պայմ. «դուրս», հեղինակի մոտ՝ հակառակը)  և մատերիալիստական (պայմ. «ներս») ուղղությունների հակադրություն: Առավել ևս, որ 1911թ. Հերման Հեսսեն ճամփորդում է իր նախնյաց հարազատ Հնդկաստան, հետաքրքրվում արևելյան ուսմունքներով և 1922 թ. գրում իր հայտնի՝ բուդդայական երանգավորմամբ  «Սիդհարթա» վեպը:     
   Այժմ առաջարկում են ուշադիր ու թերևս մեկ-երկու անգամ վերընթերցել  խրթին թվացյալ նշյալ գործը, մի քանի ընթացիկ մեր ծանոթություններով, որից հետո կանենք մեր դիտարկումները:



     Կար մի մարդ Ֆրիդրիխ անունով, որը պարապում էր հոգևոր առարկաներով և տիրապեւոում էր բազմապիսի գիտելիքների: Սակայն նրա համար էական չէր, թե այդ գիտելիքը կամ միտքը ինչպիսին կլիներ, նա պարզապես սիրում էր մտածողության մի որոշակի եղանակ, իսկ մյուսներն արհամարհում էր և խորշանք ուներ նրանց հանդեպ: Այն, ինչը նա սիրում էր և ինչի նկատմամբ հարգանք էր տածում՝ տրամաբանությունն էր, այդ այնքան հրաշալի մեթոդը, և ապա միայն ընդհանրապես այն, ինչը նա «գիտություն» էր անվանում (
մատերիալիստական աշխարհայացք՝  նաև էքզիստենցիալիստական: Ըստ այդմ, գոյությունը նախորդում է էությանը: Ըստ իդեալիզմի՝ հակառակը, էությունը նախորդում է գոյությանը, որը տրվում է «դրսից»...Ծ.Մ.):

  «Երկու անգամ երկու հավասար է չորսի»,– հոգու թրթիռով արտասանում էր նա,– «դրան եմ ես հավատում և այս ճշմարտությունից ելնելով միայն պետք է մարդուս միտքը գործի»:

   Այն, որ մտածողության և ճանաչողության ուրիշ եղանակներ էլ կան, հազիվ թե անծանոթ էր նրան, բայց այդ ամենը «գիտություն» չէր, և նա դրանց ուշադրության չէր արժանացնում: Չնայած ազատամիտ էր, սակայն, կրոնի հանդեպ անհանդուրժողաբար չէր տրամադրված: Վերջինս գիտականության հետ լուռ համաձայնության աղերսներ էր հանդես բերում: Նրա գիտություն ասածը այս էլ քանի դար է համարյա ամեն ինչով զբաղվել է, այն ամենով, ինչը գոյություն ունի երկրիս երեսին և գիտական արժեք է ներկայացնում, բացառությամբ մեն-միակ առարկայի՝ մարդկային հոգու (
մարմի և հոգու հակադրություն: Տե՛ս. Նոբելյան այլ մեկ մրցանակակիր Բերտրան Ռասելի  «Ի՞նչ է հոգին» տրակտատը. http://www.eutyun.org/S/GD/BRasell/BRasell_Hogi.htm ).

   Այս մեկը կամովին կրոնին զիջելը, հոգու վերաբերյալ նրա մտահայեցողական մարզանքները ինչ-որ չափով անլուրջ ընդունելը և, այնուամենայնիվ, այդ թողտվությունը, ժամանակի ընթացքում կարծես սովորույթ էր դարձել: Այսպիսով, կրոնի հանդեպ ևս Ֆրիդրիխն իրեն հանդուրժողաբար էր պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի էր այն ամենը, ինչը նա սնոտիապաշտություն էր համարում: Թող որ օտար, անկիրթ ու հետամնաց ժողովուրդները զբաղվել են դրանով, թող որ հնագույն ժամանակներում ինչ-որ միստիկական կամ մոգական մտածողություն է գոյություն ունեցել, բայց, այն պահից սկսած, երբ ի հայտ եկան գիտությունը և տրամաբանությունը, այդ հնացած ու կասկածելի գործիքների օգտագործումը այլևս իր իմաստը կորցրեց:   
    Այսպես էր նա ասում և այսպես մտածում, և երբ իր շրջապատում սնոտիապաշտության հետքեր էին աչքովն ընկնում՝ խիստ վրդովվում էր և այնպիսի զգացում էր ունենում, ինչպես եթե թշնամական մի բան իրեն դիպչելիս լիներ:   
  
    Հատկապես զայրանում էր, երբ այդօրինակ զբաղմունքի հետքեր նրան վիճակվում էր հանդիպել իր նմանների՝ կրթված այրերի շրջապատում, նրանց, ովքեր հավատարմագրված էին գիտական մտածողության սկզբունքներին: Եվ ոչինչ նրա համար այնքան ցավալի ու անտանելի չէր, քան այն ստոր ու անարգական դատողությունների կերպը, բացատրություններն ու արտահայտությունները, որ վերջին ժամանակներս երբեմն նույնիսկ բարձր կրթություն ստացած այրերի բերանից էր նրան վիճակվում լսել, այնպիսի արտառոց ու անհեթեթ մտքեր, ինչպես, օրինակ, այն մասին, թե «գիտական մտածողությունը» ըստ երևույթին մտածողության բարձրագույն, ժամանակից վեր կանգնած, հավերժական, նախասահմանված ու միակ հաստատուն եղանակը չէ, այլ բազմաթիվ ուրիշներից մեկը, ժամանակի մեջ սահմանափակ, փոփոխությունների ու կործանումի առաջ անպաշտպան: Այդ անպատկառ, կործանարար ու թունավոր միտքը առկա էր, անգամ Ֆրիդրիխը դա ի վիճակի չէր ժխտել, այն այստեղ էր ու այնտեղ, ամենուրեք, պատերազմի, կործանարար արհավիրքների ու սովի հետևանքով ողջ աշխարհին տիրած կարիքին դեմ-հանդիման, նախազգուշացում-հիշեցման պես ասես հանկարծակիորեն կյանքի կոչված, որպես հանճարեղորեն ասված մի իմաստուն խոսք՝ ճերմակ ու մերկ ձեռքով ողորկ պատին գրված:

    Ինչքան ավելի շատ էր Ֆրիդրիխը տառապում, որ այդ միտքը գոյություն ուներ և կարողանում էր խորապես անհանգստացնել իրեն, այնքան ավելի էր թշնամանում նրա նկատմամբ և այդ մյուս կոչվածը, որ նրա մեջ զանազան տարակուսանքներ էր հարուցում, ինչ-ինչ ծածուկ հնարանքներով ավելի ու ավելի հոգեհարազատ ու ընդունելի էր դառնում իր համար: Սակայն, եթե ճշմարիտն ասելու լինենք, մինչև վերջին ժամանակներս իսկապես կրթյալ մարդկանց շրջաններում միայն շատ քչերն էին ծանոթ այդ նոր ուսմունքին, մի ուսմունք, որը եթե ծավալվեր և հզորանալու լիներ, հաստատապես կարելի է նկատել, որ երկրիս երեսին գոյություն ունեցող հոգևոր մշակույթի բոլոր բնագավառները կանգնեցնելու էր ոչնչացումի ու քաոսի վերածվելու սպառնալիքի առաջ: Բայց այժմ այն դեռ չէր հասցրել այդքան ծավալվել, և այն եզակի անձինք, որոնք բոլորին ի տես բացահայտորեն նման գաղափարներ էին քարոզում, դեռևս այնքան քչերն էին, որ նրանց հաճախ ընդունում էին որպես տարօրինակություններով օժտված և քմահաճ օրիգինալության մարմաջով տառապող անձնավորությունների: Եվ սակայն այդ թույնի ինչ-որ մի կաթիլը, նմանօրինակ մտածողության ճառագումները արդեն իսկ կարելի էր այս ու այնտեղ նշմարել: ժողովրդի մարդկանց և կիսով չափ կրթվածների շրջանում առանց այդ էլ տարածված էին ամեն տեսակ նոր ուսմունքներ, ծածուկ վարդապետություններ, աղանդներ ու հետևորդներ, դրանցով լի էր աշխարհը, ամենուրեք իրեն զգալ էր տալիս զանազան սնոտիապաշտությունների, միստիկ հավատալիքների, հոգիների պաշտամունքն և այլևայլ սևումութ ուժերի գոյությունը, նրանց, ում հաղթելու համար մեծ աշխատանք պետք է տարվեր, և, այդուամենայնիվ, նրանց կողքով գիտությունը, ասես զգացմունքի ինչ-ինչ գաղտնի թուլությունից դրդված, առայժմ մի տեսակ զգուշավոր լռությամբ էր անցնում:

 Մի օր էլ Ֆրիդրիխը այցելեց իր բարեկամներից մեկին, որի հետ ժամանակին որոշ գիտական ուսումնասիրություններ էր կատարել: Այժմ նա այդ բարեկամին բավական երկար ժամանակ է չէր տեսել, հիմա այդպես էր պատահել, ինչ արած: Մինչ նա բարձրանում էր տան աստիճաններով՝ ջանում էր մտաբերել, թե երբ և որտեղ է վերջին անգամ իր այդ բարեկամի հետ միասին եղել: Ինչքան էլ նա սովորույթի համաձայն պարծենար իր հիշողությամբ՝ ոչինչ չէր կարողանում մտաբերել: Աննկատելիորեն դրա պատճառով նրա տրամադրությունը որոշակիորեն ընկավ և նույնիսկ մի տեսակ վրդովված տեսք ընդունեց, որից նա, բարեկամի դռան առջև կանգնած, մեծ ջանքերի գնով մի կերպ միայն ազատվեց:

  Դեռ հազիվ էր ողջունել իր բարեկամ Էրվինին, երբ նրա բարեկամական դեմքին մի ինչ-որ, ասես ողորմած ժպիտ նկատեց, մի բան, որ առաջներում երբեք նրա մոտ չէր նկատել: Հազիվ էր դեռ այդ ժպիտը իր աչքովն ընկել, երբ նա, չնայած վերջինիս բարեկամական բնույթին, անմիջապես այն ընկալեց որպես հեգնական կամ անգամ թշնամական մի բան և նույն ակնթարթին մտաբերեց նաև այն, ինչը հենց նոր միայն անօգուտ կերպով փորփրում էր իր հիշողությունների մեջ. Էրվինի հետ իր վերջին տեսակցությունը, դա շատ առաջ էր, ճիշտ է, այն ժամանակ նրանք չէին վիճում իրար հետ, բայց և մի ներքին անմիաբանությամբ ու վատ տրամադրության մեջ բաժանվեցին, քանի որ Էրվինը, ինչպես իրեն թվում էր, սնոտիապաշտության թագավորության վրա իր այն ժամանակվա հարձակումներին չափազանց անվճռականորեն էր պաշտպան կանգնել:

   Տարօրինակ էր: Ինչպե՞ս նա կարող էր այդ ամենը մոռանալ: Նոր միայն հասկացավ, որ հենց այդ պատճառով էլ այսքան երկար ժամանակ չէր էլ փորձել փնտրել-գտնել իր բարեկամին, միմիայն այն վատ տրամադրության պատճառով, և որ այս ամբողջ ընթացքում ինքը շատ լավ էլ իմացել էր այդ բոլորը, թեև մշտապես բազում այլևայլ պատճառաբանություններ էր փորձել գտնել՝ իր այդ այցելության հետաձգումը արդարացնելու համար:

  Այժմ նրանք կանգնած էին իրար դեմ-դիմաց, և Ֆրիդրիխին թվաց, որ իրենց միջև ժամանակին գոյավորված աննշան ճեղքվածք-տարաձայնությունը այս ընթացքում աննկատելիորեն մեծացել էր: Այդ պահին իր և Էրվինի միջև պակասում էր, այդպես նրան թվաց բնազդաբար, մի բան, ինչը առաջներում մշտապես առկա է եղել՝ մտերմության, անմիջական փոխըմբռնումի, հենց թեկուզ փոխադարձ համակրանքի մթնոլորտը: Փոխարենը իր առջև դատարկություն էր, վիհ, օտարոտի մի բան: Նրանք ողջունեցին իրար, սկսեցին խոսել եղանակից, ծանոթներից, միմյանց առողջական վիճակից, և, աստված գիտե, թե որտեղից դա եկավ, արտաբերված ամեն բառի առիթով Ֆրիդրիխը այն վրդովեցուցիչ զգացումն էր ունենում, թե դիմացինին ամբողջովին չի հասկանում, և որ իր խոսքերն էլ անըմբռնելի են մնում նրա համար, իր մտքերն ասես շրջանցում էին նրան՝ անկեղծ խոսակցության համար ոչ մի ընդհանուր հող գտնել չկարողանալով: Էրվինի դեմքի վրա մշտապես խաղացող բարեկամական ժպիտը ևս Ֆրիդրիխին արդեն ատելու աստիճան անհանգստացնում էր:

   Հոգնեցուցիչ զրույցի դադարի միջոցին Ֆրիդրիխը հայացքը պտտեց իրեն քաջ ծանոթ աշխատասենյակով մեկ և աչքովն ընկավ պատից կախ գնդասեղով թույլ ամրացված մի թերթոն: Տեսարանը նրան անչափ հուզեց և հին հիշողություններ արթնացրեց նրա հոգում, քանի որ նույն պահին մտաբերեց, որ շատ ժամանակ առաջ, դեռ ուսանողական տարիներին, Էրվինը սովորություն ուներ ժամանակ առ ժամանակ որևիցե մտածողի մի ասույթը կամ բանաստեղծի մի տողը այդ կերպ աչքի առաջ ունենալ ու մտապահել: Նա վեր կացավ և գրությունը կարդալու նպատակով մոտեցավ պատին:

   Այնտեղ Էրվինի սքանչելի ձեռագրով հետևյալ խոսքերն էին գրված. «Ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, որովհետև այն ինչ դրսում է՝ միաժամանակ նաև ներսում է»: 
Այն ինչ Տիեզերքի մեջ է, չի կարող նրանից դուրս լինել», էիզմի պոստուլատներից: Տե՛ս. «Էություն» հատոր, էջ 13,  https://onedrive.live.com/view.aspx?resid=2CB24E641477EDF3!748&app=WordPdf ):
  Դժգունած տեսքով նա մի պահ կանգնած մնաց: Հենց սա է, որ կար: Նա կանգնած էր սարսափելիի առաջ։ Մի ուրիշ ժամանակ նա սովորականի պես կնայեր այս թղթի խոսքերին, ներողամիտ հանդուրժողականությամբ այն համարելով մի ինչ-որ տրամադրության, մի անմեղ ու բարեհոգի և, վերջապես, յուրաքանչյուրին թույլատրված կրքի կամ հաճույքի արտահայտություն, գուցե նաև խնայողական ողորմածության արժանի մանր-մունր զգացմունքայնության դրսևորում: Այժմ, սակայն, ամեն ինչ մի փոքր այլ էր: Նա զգում էր. այս խոսքերը ինչ-որ անցողիկ բանաստեղծական տրամադրության արտահայտություն չեն, և ոչ էլ ինչ-որ տրամադրության թելադրանքով էր այսքան տարիներ անց Էրվինը վերադարձել երիտասարդության շրջանի իր այս սովորույթին: Այստեղ արտահայտություն էր գտել այն, ինչը խորհրդանշում էր իր բարեկամի ներկայիս զբաղմունքի ոլորտը, և դա միստիցիզմ էր… Էրվինը ուրացող էր:

   Դանդաղորեն նա շրջվեց դեպի իր զրուցակիցը, որի դեմքին վերստին փայլում էր լուսավոր ժպիտը:
   – Խնդրում եմ ինձ բացատրիր սա,– պահանջկոտ տոնով ասաց նա: Էրվինը բարեկամական սիրահոժարությամբ գլխով արեց:
     – Մի՞թե դու չես կարդացել այս ասույթը:
    – Ինչ խոսք,– բացականչեց Ֆրիդրիխը,– անշուշտ, ես այն գիտեմ: Դա միստիցիզմ է, գնոստիցիզմ: Գուցե բանաստեղծորեն ասված, բայց… ես քեզ խնդրում եմ, մեկնաբանիր ինձ այս ասույթը և թե ինչո՞ւ է այն քո պատին կախված:
   – Հաճույքով,– ասաց Էրվինը:– Այս ասույթը մի ամենանախնական ներածությունն է ճանաչողության այն ուսմունքի, որով ներկայումս զբաղվում եմ և որին անչափ երախտապարտ եմ ինձ մատուցած բազում երջանիկ զգացողությունների համար:

   Ֆրիդրիխը զսպեց իր դժգոհությունը: Նա հարցրեց. – Մի նոր ճանաչողական ուսմո՞ւնք: Արդյոք այդպիսի՞ն էլ կա: Եվ ինչպե՞ս է այն կոչվում:
   – Օ՜,– ասաց Էրվինը,– այն նոր է սոսկ ինձ համար: Իրականում արդեն շատ հին է և շատերի կողմից մեծարանքների արժանացած: Այն կոչվում է մոգություն ( խնդրականը բնավ մոգության չի վերաբերում: Իրականում իդեալիզմի դրույթներից մեկն է: Ծ.Մ.)
    

   Բառն արդեն արտաբերված էր: Այսպիսի մի բացահայտ խոստովանություն-հայտարարությունից այժմ արդեն խորապես անակնկալի եկած ու սարսափահար՝ Ֆրիդրիխը, հին թշնամության երկյուղած սարսուռը աչքերում, իրեն զգում էր իր բարեկամի անձնավորության հետ դեմ առ դեմ կանգնած, ակն ընդ ական: Նա լռեց: Չգիտեր՝ զայրանար, թե լաց լիներ, անփոխարինելի կորստյան զգացումը դառնությամբ էր լցնում նրա հոգին: Բավական երկար նա խոսել չէր կարողանում:

    Վերջապես սկսեց խոսել՝ ձայնին արհեստական հեգնանք խառնելով.– Ուրեմն դու ուզում ես մո՞գ դառնալ:
    – Այո,– անվրդով ասաց Էրվինը:
    – Այսպես կոչված մութ ուժերի, կախարդության սպասավոր, այնպես չէ՞։
    – Ճիշտ այդպես:
      Ֆրիդրիխը վերստին լռեց: Այնպիսի լռություն էր, որ լսվում էին հարևան սենյակի ժամացույցի զարկերը:
     Հետո նա ասաց.– Գիտե՞ս, որ դրանով իսկ դու քո կապերը խզում ես իսկական և լրջմիտ գիտության հետ, ինչպես նաև հրաժարվում ես ինձ հետ ունեցած բարեկամությունից:
  – Հուսով եմ՝ ոչ,– եղավ Էրվինի պատասխանը:– Ի՞նչ խոսք, եթե այդպես է դուրս գալիս՝ ի՞նչ կարող եմ ես անել:

  Ֆրիդրիխը պոռթկալով բղավեց.– Ինչպե՞ս թե ինչ կարող ես անել: Պետք է գրողի ծոցը նետես այդ զվարճախաղը, հրաժարվես այդ սարսափելի ու անիմաստ կախարդանքներին հավատալուց, հրաժարվես մեկընդմիշտ և անվերադարձ: Դու դա պետք է անես, եթե միայն ուզում ես իմ համակրանքը շահել:
    Էրվինը դեռ շարունակում էր ժպտալ, թեև այժմ արդեն նա էլ այլևս ուրախ չէր երևում:
  – Դու այնպես ես խոսում,– ասաց նա այնպես կամացուկ, որ Ֆրիդրիխի զայրացած ձայնի ելևէջներն իր հուշիկ ասված խոսքերի ընթացքում, թվում է դեռ չէին մարել ու արձագանքվում էին,– այնպես ես խոսում, Ֆրիդրիխ, կարծես իմ կամքից է կախված, թե այս պահիս ես ինչ ընտրություն կանեմ: Դա այդպես չէ: Ընտրություն կատարելու ես ոչ մի հնարավորություն չունեմ: Ես չէ, որ մոգությունն եմ ընտրել: Նա է ինձ ընտրել:

   Ֆրիդրիխը խորը հոգոց հանեց.– Այդ դեպքում մնաս բարով,– հանդարտ ասաց նա և վեր կացավ՝ առանց ձեռքն անգամ խոսակցին մեկնելու:
   – Այդպես չեղավ,– այժմ արդեն բարձրաձայն բացականչեց էրվինը,– Օ, ոչ, դու այդպես չպետք է ինձանից հեռանաս: Պատկերացրու մի պահ, որ մեզանից մեկը շուտով մահանալու է, և դա այդպես է, ու մենք պետք է հրաժեշտ տանք իրարու:
   – Բայց, Էրվին, մեզանից ո՞ր մեկն է լինելու այդ մահացողը:
   – Այսօր թող դա ես լինեմ, բարեկամ: Ով ցանկանում է նորածին լինել, նա պետք է մեռնելուն պատրաստ լինի:
  
 Մեկ անգամ էլ Ֆրիդրիխը մոտեցավ պատից կախված թերթոնին և կարդաց ներսին ու դրսին վերաբերող ասույթը:
   – Դե լավ,– ասաց նա վերջապես,– դու իրավացի ես, չարժե իրարից նեղացած բաժանվել: Կանեմ ասածիդ պես: Ես ընդունում եմ, որ մեզանից մեկը մահանալու է: Ես էլ կարող եմ այդ մահացողը լինել: Մինչև հրաժեշտ տալը ես քեզանից մի վերջին խնդրանք ունեմ:
   – Սիրով,– ասաց Էրվինը:– Ասա, խնդրեմ, թե հրաժեշտից առաջ ինչով կարող եմ քեզ ծառայել:
 
 – Ես պետք է կրկնեմ իմ առաջին հարցը, որը և իմ խնդրանքն է. բացատրիր ինձ այդ ասույթը՝ ինչպես ինքդ ես հասկանում:

     Էրվինը կարճ ժամանակ անց, սթափվեց և, այնուհետև, խոսեց.

  Ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ: Սրա կրոնական իմաստը պետք է որ քեզ հայտնի լինի. Աստված ամենուր է: Այն հոգու մեջ է ու նաև՝ բնության մեջ: Ամեն ինչ Աստծով է ներծծված, քանի որ Աստված ինքը ամբողջն է: Առաջներում մենք դա կոչում էինք պանթեիզմ: Այժմ՝ փիլիսոփայական իմաստը․ դուրս և ներս, արտաքին և ներքին բաժանումը մեր մտածողությանը հատուկ է, բայց ոչ անհրաժեշտ: Մեր հոգու համար, սակայն, մի հնարավորություն կա պահված՝ հետ քաշվել, նահանջել այն սահմաններից ներս, որը մենք ենք գծել նրա համար, դա մյուս իրականությունն է՝ անդրաշխարհը: Այս երկու հակադիր աշխարհների ետևում, որից և գոյավորվում է մեր աշխարհը, նոր, բոլորովին ուրիշ իմացություններ են սկիզբ առնում: Սակայն, սիրելի բարեկամ, ես պետք է քեզ խոստովանեմ հետևյալը, այն պահից սկսած, երբ իմ մտածելակերպը փոփոխություններ կրեց, ինձ համար ոչ մի բառ կամ արտահայտություն այլևս միանշանակ կերպով գոյություն չունի, յուրաքանչյուր բառ տասնյակ, հարյուրավոր իմաստներ է պարունակում: Հենց այստեղից էլ սկսում է այն, ինչից դու վախենում ես՝ մոգությունը:

   Ֆրիդրիխը ճակատը կնճռոտեց և ուզում էր նրան ընդհատել, սակայն Էրվինը հանգստացնող հայացքով նրա կողմը նայեց և հնչուն ձայնով շարունակեց.– Թույլ տուր ինձ քեզ մի առարկայական օրինակ բերեմ: Իմ մոտից ինչ-որ բան վերցրու, ցանկացած առարկա, և թեթևակիորեն զննիր այն, այդժամ ներսի ու դրսի մասին արտահայտությունը իր բազմաթիվ իմաստներից մեկը կպարզի քո առաջ:
  
Նա իր շուրջը նայեց, պատի քիվից կախ ընկած մի փոքրիկ ջնարակված կավե արձանիկ վերցրեց ու մեկնեց Ֆրիդրիխին՝ ասելով.

   – Վերցրու այս քեզ հետ որպես իմ հրաժեշտի նվերը: Երբ այս առարկան, որը հիմա քո ձեռքն եմ տալիս, դադարի քեզանից դուրս լինելուց և քո մեջ հայտնվի, կրկին եկ ինձ մոտ: Իսկ եթե քեզանից դուրս մնա, այնպես, ինչպես հիմա է, ուրեմն և մեր այս հրաժեշտը թող հավիտյանս երկարի:

  Ֆրիդրիխը դեռ շատ բան էր ուզում ասել, սակայն Էրվինը ձեռքը նրան մեկնեց, սեղմեց այն և այնպիսի մի կեցվածքով մնաս բարով ասաց, որ խոսելու այլևս ոչ մի տեղ չէր թողնում:
 
  Ֆրիդրիխը իջավ աստիճաններով (ի՜նչ ահռելիորեն շատ ժամանակ էր անցել այն պահից, երբ ինքը բարձրանում էր այս աստիճաններով), նա քայլում էր փողոցներով՝ ուղղություն վերցրած դեպի տուն, փոքրիկ կավաշեն արձանիկը ձեռքին, շվարած ու ներքնապես դժբախտ: Իր տան առջև կանգ առավ, ոխակալ չարությամբ մի պահ թափահարեց բռունցքը, որի մեջ արձանիկն էր պահում, և հանկարծ մեծ հաճույք զգաց այդ ծիծաղելի իրը գետնի վրա ջարդուփշուր անելու մտքից: Սակայն բանը դրան չհասավ, շրթունքները կծեց և մտավ իր բնակարանը: Նա երբեք այսպես հուզված, հակադիր զգացմունքների բախումից այսքան ճնշված չէր եղել:
   
 
Նա սկսեց տեղ որոնել իր բարեկամի նվերի համար և արձանիկը տեղադրեց գրապահարաններից մեկի վերին դարակի վրա: Առայժմ թող այդտեղ մնար:
  
Օրվա ընթացքում երբեմն-երբեմն նրան էր նայում՝ երկար մտածելով այդ իրի և նրա հայտնության հանգամանքների մասին, գլուխ կոտրելով այն իմաստի առթիվ, որ այդ անմիտ առարկան պետք է իր համար ունենար: Դա մի փոքրիկ արձանիկ էր՝ մարդու կամ աստծու կամ ինչ-որ կուռքի, երկու, դեմքերով, այնպես, ինչպես հռոմեական Յանուս աստվածն էր, բավական կոպտորեն կատարված կավաշեն մի աշխատանք, որն ասես ծածկված լիներ մի տեսակ վառված ու ճաքճքած ջնարակի շերտով: Այդ փոքրիկ քանդակը կոպիտ ու անորակ շինվածքի տպավորություն էր թողնում, դա հաստատապես հռոմեական կամ հունական շրջանի աշխատանք չէր, ավելի շուտ աֆրիկյան կամ հարավային ծովի կղզիաբնակ ինչ-որ մի հետամնաց ու կիսավայրենի ժողովրդի արտադրանք պետք է լիներ: Երկու դեմքերին էլ, որ կատարելապես նման էին իրար, մի տեսակ բութ, ծույլ և ասես քմծիծաղ տվող ժպիտ էր խաղում, դա ուղղակի զզվելի էր և նման էր այն այլանդակ գաճաճին, որի դեմքին մշտապես ինչ-որ ապուշ ու չարախինդ ժպիտ էր շռայլորեն գծագրվում:

   Ֆրիդրիխը ոչ մի կերպ չէր կարողանում ընտելանալ այդ արձանիկին: Այն իր համար ամբողջովին տհաճ էր ու ատելի, կարծես իր ճամփին կանգնած լիներ և անհանգստացնում էր իրեն: Մյուս օրն արդեն նա այն ցած բերեց և դրեց վառարանի վրա, մեկ ուրիշ օր էլ վերցրեց ու խցկեց պահարաններից մեկի մեջ: Անընդհատ նա իր աչքին էր գալիս, ասես ճեղքելով առաջ անցնում, սառն ու անմիտ հայացքով ժպտում էր նրան, իրեն կարևոր մի բան երևակայում, ձգտում ուշադրության արժանանալ։ Մի երկու-երեք շաբաթ անց նա այն վերցրեց և տեղադրեց նախասրահում՝ Իտալիայում կատարված լուսանկարների և զվարճալի, փոքրիկ հուշանվերների միջև, որոնք սփռված էին շուրջբոլորը և որոնց վրա ոչ ոք երբեք ուշադրություն չէր դարձնում: Այժմ կուռքի արձանիկը հազվադեպ պահերի էր նրա անչքովն ընկնում, երբ դուրս էր գալիս կամ տուն վերադառնում, այդժամ նա շտապով անցնում էր նրա կողքով՝ առանց երբևէ նրան մոտիկից տեսնելու: Բայց և այնպես, եթե նույնիսկ կողքովն էլ չէր անցնում, այդ իրը շարունակ անհանգստացնում էր իրեն: Այդ ապակու կտորի, երկու դեմքանի այդ վիժվածքի հայտնվելուն պես իր կյանք ներխուժեցին անախորժություններն ու տառապալից ապրումները:

   Օրերից մի օր Էլ, շաբաթներ անց, կարճատև ուղևորությունից տուն էր վերադառնում ( նման էսքկուրսիաներ այժմ նա հաճախ էր ձեռնարկում, ինչ-որ խարդավանքներ նրան ասես անընդհատ հետապնդելիս լինեին), մտավ իր բնակարանը, անցավ նախասրահով, հանդիպեց աղախնուն, ընթերցեց նամակները, որ իրեն էին սպասում: Բայց անհանգիստ էր ու ցրված, ասես ինչ-որ կարևոր բան մոռացած լիներ: Ոչ մի գիրք չգրավեց նրան, ոչ մի աթոռի վրա հանգիստ չգտավ: Սկսեց ուշի-ուշով զննել իրեն, մեծ ճիգ թափեց հիշելու համար, թե դա ի՞նչ կարող էր նշանակել: Ինչ-որ կարևոր բան էր բաց թողել: Անախորժություն էր ունեցել: Վնասակար բան հո չէ՞ր կերել: Կարծես գուշակեց ու գտավ, հանկարծ մտաբերեց, որ այդ անհանգստացնող զգացումը բնակարանի նախասրահը մտնելիս էր իրեն պաշարել: Նա շտապեց դեպի այնտեղ և, ակամայից, ոչ այս, ոչ այն, հայացքով սկսեց որոնել կավե արձանիկը:

   Տարօրինակ մի սարսուռ անցավ մաշկի վրայով, երբ այլևս կուռքին տեսնել չկարողացավ: Այն անհետացել էր: Չկար: Նա հո չէ՞ր կարող իր կավաշեն ոտքերի վրա բարձրանալ կամ փախչել: Գուցե նաև ինչ-որ կախարդանք նրան վերստին ետ էր կանչել այնտեղ, որտեղից եկել էր:

     Ֆրիդրիխն իրեն հավաքեց, քմծիծաղ տվեց, հանդիմանանքով տարուբերեց գլուխը իր անհանգստության առթիվ: Հետո, խաղաղվելով, սենյակով մեկ սկսեց որոնել այն: Երբ ոչինչ չգտավ՝ կանչեց աղախնուն: Նա եկավ, շփոթված էր ու հանցանքն ընդունողի տեսքով խոստովանեց, որ այդ իրը սենյակն հավաքելիս ընկել էր իր ձեռքից:
 
– Որտե՞ղ է:
    Այն այլևս չկար: Այդ փոքրիկ իրը, որ շատ ամուր էր թվում, նա այնքան հաճախ էր իր ձեռքերում պահել, բայց այն այժմ մանր կտորտանքների ու բեկորների էր վերածվել, այնպես, որ հնարավոր չէր վերաշինել: Նրան ցույց տրվեցին ջնարակված զանգվածի կտորտանքները, որ ասես իրեն ծաղրելիս լինեին, ապա նորից մի կողմ նետվեցին:

    Ֆրիդրիխը ազատ արձակեց աղախնուն և ժպտաց: Դրա դեմ նա ոչինչ չուներ: Մի կուռքի պատճառով աստծո առաջ մեղա գալու խնդիր չկար: Այդ ճիվաղը այլևս գոյություն չուներ, հիմա պետք է որ ինքը հանգստանար: Ա՛յ եթե ինքը հենց այն ժամանակ, առաջին իսկ օրերին, այն ջարդուփշուր արած լիներ… Ի՜նչ տառապանքներ էր նա կրել այս ամբողջ ընթացքում… Ինչպես էր այդ ծույլ, այդ օտարոտի, նենգամիտ ու չար, այդ դիվային կուռքիկը իրեն ծաղրուծանակի ենթարկել… Իսկ այժմ, երբ այն արդեն հեռու էր, նա հո կարո՞ղ էր ինքն իրեն խոստովանել. ինքը վախենում էր նրանից, իսկապես և անկեղծորեն ասած վախենում էր այդ կավե աստվածիկից։ Միթե նա այն ամենի խորհրդանիշն ու ազդանշանը չէր, ինչը ատելի ու անտանելի էր իր՝ Ֆրիդրիխի համար, ինչը նա վնասակար ու թշնամական էր համարում, և որի դեմ դեռ վաղուցվանից էր կռիվ տալիս, բոլոր այն սնոտիապաշտությունների, խավարի ուժերի, բոլոր կարգի խղճի ու հոգեկան բռնությունների խորհրդանիշը: Արդյո՞ք, հենց նա չէր ներկայացնում բոլոր այն սարսափելի ուժերին, որոնց ստորգետնյա խառնակություններն ու սադրիչ գործողությունները երբեմն-երբեմն իրենց զգալ էին տալիս այն հեռու թվացող երկրաշարժերի, քաղաքակրթության մոտալուտ վախճանի ու սպառնալիքի պես աշխարհի գլխին կախված քաոսի դրսևորումներով: Արդյո՞ք, այդ նողկալի արձանիկը չէր իրենից խլել իր բարեկամին, ոչ միայն խլել, այլև թշնամի դարձրել: Եվ հիմա, այս պահից սկսած այդ իրը չկար: Անհետացել էր: Ոչնչացել: Ցնդել էր: Այսպես այնքան լավ էր, շատ ավելի լավ, քան եթե ինքն անձամբ նրան ջարդուփշուր արած լիներ: Այսպես նա մտածեց կամ գուցե ասաց, և սովորականի պես տրվեց իր զբաղմունքներին:

 
Բայց դա ասես մի կատարյալ անեծք լիներ: Այժմ բոլոր այն տեղերում, ուր նա սովորություն ուներ հանդիպելու այդ ծիծաղելի արձանիկին, ուր նախասրահի սեղանի սովորական անկյունում տեղադրված նրա տեսքը իրեն աստիճանաբար, կարելի է ասել, ինչ-որ չափով նաև մտերմիկ էր դարձել, գուցե նաև անտարբերության աստիճան ընտանի, այժմ նրա բացակայությունը սկսել էր իրեն տանջել: Այո, նրա պակասն իրեն զգալ էր տալիս, ինչքան ավելի հաճախ էր նա այդ տարածքով անցնում-դառնում, ուր այդ իրն էր սովորաբար գտնվում, նա այլևս ուրիշ բան չէր տեսնում, բացի դատարկ մնացած տեղից, և այդ դատարկությունը ասես ծավալվում էր, ընդարձակվում և օտարոտի զգացումներով ու զարհուրանքով լցնում ողջ սենյակը:

   Ավելի ու ավելի վատ օրեր ու էլ ավելի սարսափազդու գիշերներ սկսեցին Ֆրիդրիխի համար: Նա այլևս չէր կարողանում նախասրահի միջով անցնել ու չմտածել երկու երեսանի կուռքի մասին, չզգալ նրա պակասը, իր մտքերի կապվածությունը նրա հետ: Դա նրա համար մի տանջալի հարկադրանք դարձավ: Եվ երկար ժամանակ, ոչ միայն այն որոշակի պահերին, երբ ինքը անցնում էր այդ սենյակով, նա մշտապես պաշարված էր լինում այդ հարկադրանքով: Դա անտանելի էր… Այնպես, ինչպես այն դատարկված սեղանի հատվածից էր դատարկությունն ու ամայությունը ճառագում, այդպես էլ այդ հարկադիր մտքերն էին իր ներսից շողարձակում՝ ողջ մնացյալը դուրս մղելով նրա միջից, խժռելով իր ներսը, այնտեղ ևս ամեն ինչ լցնելով նույն դատարկությամբ ու ամայության ոգով:

  
Մշտապես ամենայն պարզորոշությամբ նա իր աչքերի առաջ պատկերացնում էր այդ արձանիկը, և այժմ արդեն նրա համար վերջնականապես պարզ էր, ինչքան էլ դա անհեթեթ լիներ, որ նրա կորուստը իրեն լրջորեն մտահոգում էր: Այն նրան պատկերանում էր իր ողջ գարշելիությամբ ու բարբարոս տեսքով, իր դատարկ ու նենգամիտ ժպիտով, երկու դեմքերով հանդերձ, նույնիսկ պատահում էր, որ ինքը, ասես հարկադրաբար, բերանը ծամածռելով փորձում էր ընդօրինակել նրա այն զզվելիորեն ատելի ժպիտը: Նրան մշտապես հետապնդում էր այն հարցը, թե արդյո՞ք, իսկապե՞ս արձանիկի երկու դեմքերը կատարելապես նման էին իրար: Արդյո՞ք նրանցից մեկը, արտաքին ինչ-ինչ անհարթությունների և ջնարակե մակերևույթին նկատվող խորդուբորդությունների պատճառով, բոլորովին մի այլ արտահայտություն չուներ, ինչ-որ հարցական մի հայացք, Սֆինքսին հիշեցնող մի բան: Եվ ինչ ահավոր ու արտառոց գունավորում ուներ այդ ապակեփայլ զանգվածըայն կանաչ էր ու կապույտ, մոխրագույն ու կարմիր, այդ ջնարակված մակերեսը այժմ նա ավելի ու ավելի հաճախ էր այլ իրերի մեջ վերագտնում, արևի ճառագայթներով ողողված պատուհանի մեջ, թաց սալահատակի հայելում:

  
Այդ ջնարակված զանգվածի մասին նա շատ էր մտածում, անգամ գիշերները: Հանկարծ նույնիսկ մտածեց, թե ինչ տարօրինակ, օտարոտի ու անբարեհունչ, ավելի շուտ խորթ ու չարագուշակ բառ էր այդ «ջնարակ» կոչվածը… Նա տրոհում էր այդ բառը, և այն զզվելիորեն բաժան-բաժան էր լինում, մի անգամ նույնիսկ փորձեց հակառակ ուղղությամբ այն կարդալ: «Կարանջ» ստացվեց: Սատանան գիտի, թե այժմ արդեն ինչ կնշանակեր այդ բառի նոր հնչողությունը: «Կարանջ» բառն իրեն հաստատապես ծանոթ թվաց, նա այն շատ լավ գիտեր, այն ինչ-որ թշնամական, չարամիտ իմաստ էր արտահայտում, դա մի կրկնակ նշանակություն ունեցող գարշելի ու վրդովեցուցիչ բառ էր: Երկար ժամանակ գլուխ էր կոտրում դրա վրա, վերջապես գլխի ընկավ, որ կարանջ կոչվածը իրեն մի գրքի մասին էր հիշեցնում, որը նա տարիներ առաջ մի ուղևորության ժամանակ էր գնել ու ընթերցել, այն իրեն սարսափեցրել էր, տանջել և, սակայն, ինչ-որ ծածուկ կերպով հմայել, գիրքը կոչվում էր «Իշխանուհի Կարանչոտտի»: Այդ արձանիկի, ջնարակի, կապույտի, կանաչի, ժպիտի հետ կապված ամեն ինչ կարծես մի անեծք լիներ, այն սոսկ թշնամանք էր նշանակում, խայթում էր ու տանջում, թունավորում ամեն ինչ… Եվ ինչ տարօրինակ կերպով իր երբեմնի բարեկամ Էրվինը այն ժամանակ ժպտաց իրեն, երբ արձանիկը իր ձեռքն էր տալիս… Ի՜նչ արտառոց ժպիտ էր այն, տարօրինակորեն բազմանշանակ ու թշնամական:
   Ֆրիդրիխը օրեր շարունակ վճռականորեն և ոչ առանց հաջողության պաշտպանվում էր իր մտքերի այդ հարկադրական գրոհումներից: Նա պարզորոշ զգում էր վտանգը՝ ինքը չէր ուզում խելագարվել: Օ, ոչ, ավելի լավ է մեռներ: Կարևորը բանականությունը պահպանելն էր: Ապրելը պարտադիր չէր: Նա մտածեց, որ գուցե այդ մոգություն կոչվածն էլ հենց սա էր, և ուրեմն Էրվինը այդ արձանիկի օգնությամբ ինչ-ինչ ձևերով կախարդել էր իրեն, և ինքը այժմ որպես զոհ, որպես բանականության ու գիտության ճշմարիտ պաշտպան, մութ ուժերի դեմ պայքարելով՝ ընկնում էր անհավասար կռվում: Բայց, եթե դա այդպես էր, և եթե ինքը հակված էր դրա հնարավորությունն իսկ ընդունելու և այդպես էր մտածում, նշանակում է մոգությունն իսկապես գոյություն ուներ, հետևաբար նաև կախարդություն կոչվածը: Հազար անգամ ոչ, ավելի լավ է մեռներ:   
   Բժշկի ցուցումով նա հաճախակի զբոսանքներ էր կատարում ու լոգանք ընդունում, երբեմն նույնիսկ երեկոյան կողմ զվարճալիքներ էր փնտրում իջևանատներից մեկում: Բայց դա շատ քիչ էր օգնում: Նա հայհոյում էր Էրվինին, նզովում ինքն իրեն:

   Իր առաջվա սովորության համաձայն, մի գիշեր էլ շատ շուտ անկողին մտավ և արթուն վիճակում անհանգիստ շուռումուռ էր գալիս՝ չկարողանալով քուն մտնել: Նա իրեն չափազանց վատառողջ էր զգում ու սարսափահար: Ուզում էր խորհրդածել, ուզում էր մխիթարություն գտնել, ջանում էր իր համար ինչ-որ նախադասություններ արտասանել, բարեմիտ նախադասություններ, խաղաղացնող ու մխիթարիչ, հանգիստ ու պարզություն բերող այնպիսի քաջալերիչ արտահայտություններ մտմտալ, ինչպես օրինակ «երկու անգամ երկու հավասար է չորսի»: Ոչինչ մտաբերել չկարողացավ, սակայն, կիսախելագար հոգեվիճակի մեջ, կակազելով հնչյուններ ու վանկեր էր արտաբերում, շրթունքների վրա աստիճանաբար բառեր էին կազմվում և առանց իմաստը հասկանալու՝ նա իր համար բազմիցս կրկնում էր այն պստլիկ արտահայտությունը, որ չգիտես որտեղից գոյավորվել էր իր ներսում: Թոթովելով նա կարծես այն դուրս էր կորզում իր միջից, դրանով ասես խլացնելով ու թմրեցնելով իր շուրջբոլորը, կարծես նպատակ ունենալով վերստին վերադառնալու և դիպչելու կորուսյալ քնի սահմանին, թվում է դա պետք է մի պատվար լիներ՝ եզերելու համար այն նեղլիկ, բարալիկ ճամփան, որ անցնում էր անդունդի վրայով:   

  Բայց հանկարծ, մինչ նա բարձրաձայն ինչ-որ բան էր ասում, նրա մրմնջախոս թոթովանքները թափանցեցին իր գիտակցության մեջ: Դրանք ծանոթ էին իրեն և մոտավորապես այսպես էին հնչում. «Այո, այժմ դու իմ ներսում ես»  (այսինքն՝ երևույթ-գոյությունը անհետացել ու տեղը զիջել էր հասկացության թե գաղափարի, այսինքն՝ էության...Ծ.Մ.): Վայրկենապես նա ըմբռնեց ասվածը: Նա հասկացավ, թէ ինչ էր դա նշանակում, դա կավաշեն կուռքին էր վերաբերում, և ինքն այժմ, այս խավար ու մութ գիշերվա ժամին, ճիշտ և ճիշտ նույն բանն էր զգում, ինչ Էրվինն էր իր առաջ արտասանել այն սարսափելի օրը. այժմ այս արձանիկը, որ այն ժամանակ նա արհամարհական կերպով բռնել էր մատների մեջ, այլևս ոչ թե իրենից դուրս էր գտնվում, այլ հենց իր ներսում էր… «Որովհետև այն, ինչ դրսում է, այն ներսում է»:   

  Ասվածից վեր թռչելով՝ նա կարծես զգաց, թե սառցի ու կրակի ինչ-որ հոսանքներ են իր վրա գրոհում: Երկիրը շրջանաձև պտույտներ էր գործում իր շուրջը, խելագարի նման մոլորակներն իր վրա էին հառել իրենց աչքերը: Նա պատառոտում էր իր վրայի զգեստները, հետո վառեց լույսը, լքեց անկողինն ու տունը և ողջ գիշերն անդադար վազում էր Էրվինի տան ուղղությամբ: Այստեղ նա տեսավ, որ իրեն քաջ հայտնի աշխատասենյակի պատուհանի ետնամասում լույս էր վառվում, տան դուռը կողպված չէր, ամեն ինչ կարծես իր գալուն էր սպասում: Նա գրոհով վերցրեց սանդուղքը: Ամբողջապես փայլատակելով մտավ Էրվինի աշխատասենյակը, դողդղացող ձեռքերը հենեց սեղանին: Էրվինը նստած էր աղոտ լույս արձակող լուսամփոփի դիմաց, մտածկոտ, ժպիտը դեմքին:
    Էրվինը բարեկամաբար վեր կացավ տեղից.– Դու եկար: Լավ է:
     – Դու ինձ սպասո՞ւմ էիր,– շշնջաց Ֆրիդրիխը:
     – Դու շատ լավ էլ գիտես, որ ես քեզ սպասում էի այն պահից սկսած, երբ դու այստեղից հեռացար և քեզ հետ տարար իմ փոքրիկ նվերը: Արդյո՞ք, պատահեց այն, ինչ այն ժամանակ ասել էի:

    Ֆրիդրիխը ցածրաձայն պատասխանեց.– Կատարվեց: Կուռքի արձանիկը այժմ իմ ներսում է: Բայց ես այդ բանը երկար տանել չեմ կարող (
այլ խոսքով արձանիկը «թվայնացել» է, դարձել վիրտուալ գոյացություն: Ծ.Մ.):
  
– Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել,– հարցրեց Էրվինը:  
   – Չգիտեմ: Արա, ինչպես կամենում ես: Ինձ մի քիչ էլ պատմիր քո մոգության մասին: Ասա ինձ, խնդրում եմ, ինչպե՞ս կարող է այդ կուռքը նորից իմ միջից դուրս գալ:

   Էրվինը ձեռքը դրեց բարեկամի ուսին: Նա Ֆրիդրիխին մի թիկնաթոռ առաջարկեց, վերջինս ընկղմվեց նրա մեջ:
Հետո նա իր սրտաբաց խոսքն ուղղեց Ֆրիդրիխին՝ շարունակելով ժպտալ և համարյա մայրական ձայնով ասաց.
  – Կուռքը նորից քո միջից դուրս կգա: Հավատա ինձ: Հավատա ինքդ քեզ: Դու սովորել ես նրան հավատալ: Այժմ սովորիր սիրել նրան։ Նա քո ներսում է, բայց նա դեռևս մահացած է, նա քեզ համար դեռևս մի ուրվական է: Արթնացրու նրան, խոսիր հետը, հարցեր տուր… Նա հենց դու ես որ կաս: Այլևս մի ատիր նրան, մի վախեցիր նրանից, նրան մի տանջիր: Եվ ինչպե՞ս ես դու այդ խեղճ կուռքին տանջահար արել, չէ՞ որ նա հենց ինքդ էիր: Ինչպե՞ս ես ինքդ քեզ, տանջել…
   – Դա՞ է դեպի մոգություն տանող ճանապարհը,– հարցրեց Ֆրիդրիխը: Նա խորը ընկղմվեց թիկնաթոռի մեջ, կարծես ծերացած լիներ, ձայնն էլ մեղմացել էր:

  Էրվինը շարունակեց.– Դա է ճանապարհը, և ամենադժվարին քայլը համարիր, որ դու արդեն կատարել ես: Դու քո սեփական փորձով ես համոզվել, դրսինը կարող է ներսին դառնալ, արտաքինը՝ ներքին (
երևույթը դառնալ էությունը և ընդհակառակը...Ծ.Մ.  ) : Դու եղել ես իրար հակադիր երկու բևեռների այնկողմում: Այն քեզ որպես դժոխք է պատկերացել, հավատա, բարեկամ, որ դա հենց երկինքն է, որ կա… Այսպիսով, քո առջևում ընկածը երկինքն է: Ահա, տես, թե որն է մոգությունը, ներսն ու դուրսը իրար են միախառնվում, բայց ոչ թե հարկադրաբար, ոչ թե հիվանդագին կերպով, ինչպես դու էիր փորձում անել, այլ ազատորեն, ինքնակամ: Ոգեկոչիր անցյալը, ոգեկոչիր ապագան, երկուսն էլ քո մեջ են: Դու մինչև այսօր քո ներսի ստրուկն ես եղել: Սովորիր նրա տերը դառնալ: Սա՛ է մոգությունը:

                                                                            

   Ըստ էության, ենթատեքստում «փիլիսոփայության հիմնական հարցն»  է կամ կռվախնձորը: Իդեալիզմի և մատերիալիզմի հակամարտությունը: Այլորեն՝ երևույթ և էություն փոխհարաբերությունը:
   Ըստ Հովհաննու ավետարանի. «Ի սկզբանե էր Բանը», իմա՝ պլատոնյան էյդոս-նախագաղափարը կամ հայոց էությունը: Այսինքն, այն տրված էր պայմանականորեն «դրսից» (այլորեն՝ վերուստ ): «Ներսից» -պնդում են մատերիալիստները, միտքն ու հոգին համարելով նյութի բարձրագույն վիճակ: Ըստ էիզմի «և՛ դրսից, և՛ ներսից», այնպես՝ ինչպես մենք ներշնչում ենք «դրսից» և արտաշնչում «ներսից» ( «Էություն», Երևան 1995 թ.):  Զի, «Երևույթը այդ երևակված էությունն է, էությունը՝ չերևակված երևույթը (իմա՝ վիրտուալ կամ պոտենցիալ): Ըստ այդմ էլ էիզմը իդեալիզմի և մատերիալիզմի բնականոն համադրումն է. «ո՛չ թեիզմ, ո՛չ աթեիզմ, այլ պարզապես էիզմ» (ավելի հանգամանալից տե՛ս. «Էություն», էջ 625-626  կամ  www.eutyun.org/S/E/G-Eutyun/07-04.htm ):
 
  
Սակայն, տվյալ նովելում կա նաև էիզմի այլ մեկ պոստուլատի աղոտ ակնարկը:
Այն, մարդակային հոգի-ներաշխարհը բնորոշում է եռահարկ, կազմված զգայական-բանական-ոգեկան ոլորտներից, որոնց կեցության մեջ համապատասխանում են արվեստները, գիտությունները և հավատամքները: Համահունչ մոլորակի ֆիզիոսֆերա-բիոսֆերա-նոոսֆերա (մտոլորտ կամ ներոլորտ) եռահարկ բաղադրության: Դրա պես մարդկային հոգի-ներաշխարհի էվոլյուցիան ընթանում է զգայական-բանական-ոգեկան վերաճով, կեցությունը՝ երևութական-գաղափափարական- էութենական: Այսինքն՝ նյութականից-աննյութական: Ըստ Հերման Հեսսեի՝  «դրսից» դեպի «ներս» կամ ներաշխարհ: Տվյալ դեպքում զգայական-երևութական-նյութականից դեպի գաղափարական-աննյութական, արդի բնորոշմամբ՝ ինֆորմացիոն:  Այնպես՝ ինչպես «կոնվեկցիոն շրջանառության մեջ» (երկրաչափորեն՝ դիալեկտիկական պարույր ) ինդուստրիալ-մատերիալիստական դարաշրջանին հաջորդեց էներգետիկ-միջուկային, իսկ այժմ՝ ինֆորմացիոն-կիբեռնետիկական դարաշրջանը, յուրաքանչյուրը իր աշխարհայացքային փիլիսոփայության գերակայությամբ ( տե՛ս. www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm ): Այլ խոսքով,  աշխարհը ներշրջվում է, ինչպես «կոնվեկցիոն շրջանառությամբ» գոլորշիանում է եռացող ջուրը, անցնելով պինդ-հեղուկ և գազային վիճակներ, մոլորակը՝ նոոսֆերա-ներոլորտի, իսկ Բանական մարդը՝  հոգևոր
Homo spiritus-ի, այլորեն՝ գերմարդու, եթե կուզեք՝ տիեզերամարդու կամ աստվածամարդու, այլ խոսքով՝ կատարյալ էացման, կիբեռնետիկորեն՝ «վերջնական վիճակի»: Արդի «տրանսհումանիզմ» գործընթացները դրանց մեկ, թեև անորոշ աստիճանն են (տե՛ս այստեղ «Տրանսհումանիզմ» ակնարկը. www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Transumen%201%2014.2014.htm ): Եվ այդ ամենը գիտական, ավելին՝ մոտ ապագայում առավել էաբանական հիմունքներով:
  
Հերման Հեսսի «Ներս և դուրս» նովելը անցումային այդ միջանկյալ փուլի նկարագրության փորձ է՝ պարզամտական «մոգություն» կամ «ճանաչողության նոր ուսմունք» բնորոշմամբ և Արևելք-Արևմուտք աշխարհընկալումների հակամարտությամբ ու համադրմամբ:
Բոլոր դեպքերում ժամանակի համար բավականին առաջադեմ:

  Հ
ետաքրքիր է Էրվինի կավե արձանիկի երկդիմությունը, ինչպես հռոմեական Յանուս աստծո (Նկ.2), իսկ մինչ այդ՝ շումերա-աքադական Էա-Հայա իմաստության ծովաստծո Իսիմուդ երկդեմ դեսպանը  (Նկ.1): Դրանց նախատիպերն են աջ և ձախ պտտվող սվաստիկաները, հնդարիական Յամա-Յամի դիցազույգը, չին. Յին-Յան իգական-արական միմյանց հաջորդող սկզբունքները և Էության հակադիր երկու «է»-ը, ինչը արտացոլվել է Էության խորհրդանիշում (Նկ. 4): Այս դիցամոտիվներից է սերվում «հակադրությունների պայքարի և միասնության» դիալեկտիկական օրինաչափությունը:
   Այս բոլորի մասին Հ. Հեսսեն կարող էր իմանալ թե՛ հնդկական և թե՛ այլևս արդեն եվրոպական աղբյուրներից, ինչպես «ներս և դրսի» գաղափարը: Այսուհանդերձ, նա Էություն հասկացությանը դեռ չէր հասել, թեև Է. Հուսեռլի էյդետիկա ուսմունքը խմորումների մեջ էր: Այն էիզմի միայն մեկ «փեղկն» էր, էքզիստենցիալիստական «ներսից» տեսանկյունով:   
   Ահա, ինչպիսի իմաստասիրական շերտեր կարող են ունենալ սոսկ գրական թվացյալ գործերը, ոչ միշտ հասու բանասերներին: Հ. Հեսսեի փիլիսոփայական նովելում դիտարկվում է էիզմի ընդամենը մեկ դրույթը, այն էլ այսքան խրթին թվացյալ: Իրականում էիզմի տեսանկյունից այն շատ ավելի պարզ է ու մատչելի:  
    Մնում է այս ֆոնի վրա ընկալել էիզմի ընդգրկումը, խորությունը և նմանակությունը համամարդկային իմացականության և դրա զարգացման մեջ...






Նկ.1. 





Նկ.2.





Նկ.3
  
            

Նկ.1: Շումերա-աքքադ. իմաստության Էա-Հայա ծովաստվածը (ձախից) և նրա երկդեմ Իսիմուդ դեսպանը (աջից: Աքքադ. կնքադրոշմ, Ք.ա. 3-րդ հզ 2-րդ կես): Նկ.2: Հռոմեական Յանուս երկդեմ արեգակնային մուտք ու ելքի աստվածությունը:  Նկ.3: Հակադիր զույգ  հայ միջնադարյան մատենագրության մեջ:
Նկ.4: ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի  խորհրդանիշը:

   

                                Ալեքսանդր Վարպետյան                                                Մարսել, 13 հոկտեմբեր 2016 թ.