ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ԶՈՒԳԱՀԵՌ ՏԻԵԶԵՐՔ  

ԿՐԵԱՑԻՈՆԻ՞ԶՄ ԹԵ՞ ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆԻԶՄ
14/02.2008թ.
 
  
          Հավատամքներից փիլիսոփայության տարանջատումից ի վեր, և զուգահեռ թեիզմ-աթեիզմ հակադրության ու իդեալիզմ - մատերիալիզմ «փիլիսոփայության հիմնական հարցի», գիտությունների զարգացմամբ սկզբնավորվեց նաև կրեացիոնիզմ (բառ. արարչականություն, ըստ Աստվածաշնչի) և էվոլյուցիոնիզմ (ըստ դարվինիզմի) տիեզերածնական աշխարհայացքների սուր հակամարտությունը: Վերջերս այն նոր ու փոթորկուն թափ է ստացել արևմտյան քաղաքակրթություններում, որտեղ ԱՄՆ-ի 70% հարում է կրեացիոնիզմին, իսկ Եվրոպայում արդեն վարակել է ազգաբնակչության 45% , թափանցելով անգամ դպրոցներ ու հոգևոր-մշակութային աշխարհ: Այդ հանգամանքը խիստ անհանգստացել է համաեվրոպական բարձր մտավորականությանը, որտեղ կրոնը բաժանված է պետությունից, կեցությունը հիմնականում աշխարհիկ է, իսկ փիլիսոփայական միտքը` գերազանցապես գիտական-մատերիալիստական, ինչպես սկզբնավորվել ու զարգացել է հատկապես 18-19-րդ դդ «ինդուստրիալ հեղափոխությունից» հետո:
        Իսկ ինչո՞վ է բացատրվում երրորդ հազարամյակի սկզբին կրեացիոնիզմի այսպիսի բուռն վերհառնումը պրագմատիզմի, գիտությունների, բարձրագույն տեխնոլոգիաների, կլոնաժավորումների դարում, և այն էլ քաղաքակրթորեն հասուն ու սպառողական հասարակություններում: Պատճառները մի քանիսն են:
        Նախ, դասական գիտությունները չկարողացան բացահայտել տիեզերածնության և կյանքի գաղտնիքը: Երկրորդ. նույն նյութապաշտական բարեկեցության մեջ օրեցօր աճում են հոգևոր պահանջներն ու լինելության իմաստավորման գիտակցությունը: Երրորդ, դարվինիզմի էվոլյուցիոն տեսությունը սահմանափակվեց կենսաբանական գոյաձևերով, առանց դրանք առնչելու անօրգանական աշխարհի զարգացումների հետ, թեև այդ այսօր գիտականորեն հաստատված և լրջորեն ուսումնասիրվում է: Չորրորդ. աստվածաշնչային ծագումնաբանությունը հազարամյակներ ի վեր խարխսվել է արևմտյան աշխարհընկալման մեջ, և այն` թեև զարտուղիներով, ջանում է վերահաստատվել, շահարկելով գիտական բացահայտումներն ու փիլիսոփայական մտքի նորագույն խմորումները: Եվ վերջապես հինգերորդ. այս բոլորի հետ կան նաև քաղաքականորեն ու տնտեսապես շահագրգիռ շրջանակներ (կրեացիոնիզմի տարածման մեջ ներդրվում են միլիարդներ, իսկ համասփռումը ԱՄՆ-ից ինքնին «քաղաքակրթական էքսպանսիայի» դրսևորումներից մեկն է):
        Այդպես, կրեացիոնիստները վերանայել են աստվածաշնչյան հիմադրույթները, յոթօրյա արարչությունը մեկնաբանվում է որպես լոկ պայմանական այլաբանություն, իսկ աշխարհաստեղծումը` որպես Եհովա աստծո «արարչագործական ծրագրի» աստիճանական երևակում: Այստեղ անշուշտ կա էվոլյուցիայի հեռավոր գաղափարը, բայց առավելապես արդի տիեզերագիտական վարկածները, կապված նախաստեղծ Եզակիության, Բիգ-Բանգի, ֆիզիկական աշխարհի և կենդանի գոյաձևերի առաջացման հետ, դրանք հարմարեցնելով աստվածաշնչյան դրույթներին (թեև ըստ այդ տվյալների նոյյան տապանում դժվար թե դինոզավրեր տեղավորվեին… ): Իսկ ըստ էության, այն կամա-ակամա հակվում է յուրացնելու նաև ԷՈՒԹՅԱՆ սկզբունքները կամ վերաճելու հենց դրան, թեև այլ անվամբ, ձևակերպմամբ ու բոլորովին այլ նկրտումներով…
        Զի, ով քիչ թե շատ ծանոթ է էիզմ-Էություն ուսմունքին, անմիջապես կանդրադառնա, որ այս բոլորն ու դեռ շատ ավելին, առանց բանական աճպարարությունների ու ջղաձգության լուծված են այդ իմաստախոսության մեջ, որը ոչ միայն թեիզմ-աթեիզմ հակադրության ընդհանուր հայտարարն է, այլև` իդեալիզմի ու մատերիալիզմի, բոլոր հավատամքային համակարգերի, գիտական տեսությունների ու փիլիսոփայական հոսանքների , և ընդհանրապես` համամարդկային ճանաչողության: Զի, հանդիսանում է դրա ու այդ բոլորի համադրումը, սկսյալ տիեզերածնական նախնադարյան պատկերացումներից մինչև գիտական ամենավերջին բացահայտումները:
        Այսուհանդերձ,ամենադժվարը հավատալն ու դեռ ընդունելը այն է , որ այդ ուսմունքը կարող էր ծնվել արդի հայ «ղալբցած» անդաստանում, այն էլ անհայտ ու հայրենիքից վտարված մի հայորդու կողմից, երբ հայությունը կորցրել է ոչ միայն հիշողությունը` այլև հանճարեղ նախնյաց իմաստությունը և հենց առեղծվածային Է տառի և ԷՈՒԹՅՈՒՆ գերհասկացության խորհուրդը, որոնք էլ հանդիսանում են էիզմ-Էություն զուտ ազգային և միաժամանակ համամարդկային ուսմունքի հիմքը*
        1995 թ. իր հրապարակումից ի վեր(տե'ս` "Էություն" հատորը), այն օրըստօրէ ամրագրվում գիտական նորանոր բացահայտումներով, որոնք 2006 թ. «Գիրն զԷ անուն ԱՅ» ( իմա` Աստծոյ, տե'ս` "Հայտնություն" հատորը) միջանկյալ հատորում ամփոփվելուց շատ չանցած, պահանջում են վերաճային նոր մի շարադրանք: Աստծո կամքով մենք դեռ այստեղ և սույն կայքի «ԷՈՒԹՅՈՒՆ ոգե-գաղափարական համակարգ» բաժնում պարբերաբար կանդրադառնանք այս թեմաներին և կներկայացնենք նորանոր բացահայտումներ համաշխարհային մտքի զարգացումներից: Սակայն.
ԲԱԽՏՆ ՀԱՃԱԽ Է ԾԵԾՈՒՄ ՄԵՐ ԴՈՒՌԸ, ԲԱՅՑ ԱՅԴ ՄԵՆՔ ՏԱՆԸ ՉԵՆՔ…
 
  
      *    Վերջերս «ՀԵՏՔ» էլեկտ. թերթի մի բանավեճում, ոմն խիստ պարզամիտ ու հավակնոտ «էրուդիտ» չգիտեր անգամ, որ կա էաբանություն փիլիսոփայական ուղղությունը (այն դեռ էիզմ չէ… ), իսկ դրա իմաստը ըմբռնելու համար հարցնում էր այլալեզու հոմանիշները և շատերի պես շփոթում գոյությունն ու էությունը, երբ առաջինը երևույթ է ու երևակված էություն, երկրորդը` Եզակիություն վիճակի հետ զուգորդվող խիստ վերացական ու անմեկնելի գերհասկացություն ( բանավեճը տե’ս http://www.hetq.am/arm/politics/7530/, «ՀԵՏՔ», 04.02.2008 թ., «Ի՞նչ տարբերություն» հոդվածի տակ):
    Հայ իրականությունում այս իրավիճակը անգամ «զուգահեռ Տիեզերք» չէ` այլ բանական նույն կառույցի ստորին ու վերին հարկերի շերտավորումներ, իսկ կրեացիոնիզմն ու էվոլյուցիոնիզմը` Հայաստանից առայժմ շատ հեռու, նաև զուգահեռ աշխարհընկալումներ: