Սկզբնաէջ
     
 
 

ՀԱՅՈՑ ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱԿԱՆԸ



( Տե'ս նաև երբեմնի  Ա1+ հեռուստաալիքով հարցազրույցը )

        Թեև հայոց արիականության հետ առնչության վերաբերյալ տարբեր ակնարկներ եղել են վաղուց (տե’ս հատոր «Ինքնություն», «Արիական խավը... » հոդվածը, էջ 274-281 ): Սակայն, հակառակ ասեկոսների, ուրացումների ու յուրացումների, հայոց արիական ծագման տեսությունն ու արիականությունը արդի հայ իրականություն ներմուծել ենք մենք !!!` նախ «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» մենագրությամբ և ապա մի շարք հոդվածներով, էսսեներով, ռադիոհեռուստատեսային ելույթներով ու բանախոսություններով 1 ( տե'ս այստեղ Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցը ): Ի սկզբանե մտավախություն կար, որ այն կարող էր սնել բարդույթավորված հայոց սնապարծությունը, շահարկվել քաղաքականորեն և ստանալ նացիոնալ-սոցիալիստական երանգավորում: Մտավախություն, ինչը` ոմանց քինոտ հայացքների ներքո, արտահայտեցինք 2000 թ. գարնանը, ՀՀ ԳԱԱ նախագահական սրահում կազմակերպված արիականության վերաբերյալ պատմամշակութային I-ին գիտաժողովին` որպես «հայարիականության հայր» մեզ «շնորհված» ողջույնի խոսքում ( տե՛ս. www.youtube.com/watch?v=mtOtFgVHd3A ): Ըստ այդմ, արիականությունը համեմատելով դեպի Արեգակ նետված այն քարի հետ, որը օժտված չլինելով բավարար հոգևոր զորությամբ, կարող է հետ ընկնել նետողի թե այլոց կառափներին ( մինչդեռ բավարար զորությամբ հաղթահարելով երկրի ձգողությունը` Արեգակի վրա... ), մենք կոչեցինք լրջության ու պատասխանատվության, մաղթելով, որ իտալո- գերմանական ձախողումներից հետո երրորդ, հայկական փորձը լինի ոգեղեն ու արարչական: Ավա~ղ, մեր և ոմանց մտավախությունները իրականացան, արիականությունը հայոց մեջ ստացավ բացառիկ գավառական բնույթ և քաղաքականորեն շահարկվեց, իսկ «քարն» առաջինը ընկավ հենց մեր գլխին... Մինչդեռ, մենք` ի դեմս արիականության, ակնկալում էինք երբեմնի արիական համայնքների արժեքային բարձր համակարգը ( բավական է ծանոթանալ գոնե «Մանուի օրենքներ»-ին, կամ հասկանալ միջնադարյան վերջին ասպետ-արիացու Դոն-Կիխոտի ողբերգական վիճակը... ), տիեզերաշունչ իմաստություն, հին ու նորոգ բարձրագույն քաղաքակրթություն, հոգևոր «արիստոկրատիա» ( հենց «արի» արմատով հուն. aristos-լավագույն բառից ) և «ազնանց ջինսին» վայել հայ ազնվապետություն:

        Այժմ, երբ «արցախյան ժայռաբեկորն» էլ ընկել է ողջ Հայաստանի գլխին, ամրագրվել կայուն «ավազակապետություն» ու համապատասխան բարքեր, շատերը հասկանալիորեն հարցականի տակ են դնում հայոց արիական ծագումն ու արիականության բնույթը: Ուստի հարկ ենք համարում մեկ ընթացիկ մի քանի ճշտումներ արձանագրել:

       - Նախ, ծանոթ չլինելով խնդրո պատմամշակութային բուն էությանը, կատարյալ մեծամասնությունը շարունակում է արիականությունը ընկալել տխրահռչակ նացիոնալ-սոցիալիստական պրիզմայով, որով ապականվեց նաև հայոց ու բյուր ժողովուրդների սրբագույն խորհրդանիշ սվաստիկա-կեռխաչը (այդ թվում` հրեաների: Նկ. 1): Ռուս. НTB հեռուստալիքի ահաբեկված մի լրագրողուհու հետ բանավեճում ներկայացրինք այդ հանգամանքը, այն զուգորդելով միջնադարյան ինկվիզիցիայի ու դրա «մահվան առաջին արդյունաբերության» հետ, որում բուն քրիստոնեությունը բնավ մեղավոր չէ (այն թեև տուժեց, բայց շարունակում է մնալ համամարդկային արժեք...), ինչպես ստալինյան «գուլագներում» մեղավոր չեն Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը: Զի, ամեն մի զորություն` ինչպես միջուկային էներգիան կամ ընդհանրապես գիտությունը, կարող են օգտագործվել թե’ արարչական նպատակներով և թե’ ավերչական: Մեր լրագրուհին փոքր-ինչ համոզվելով եզրահանգեց, որ ֆաշիզմից մի քանի տասնամյակներ հետո արիականությունն արծարծելը այդուհանդերձ վաղ է: Մենք ամփոփեցինք, որ նա և շատ այլք կարող են սպասել ևս 200 կամ 4000 տարի...

       - Երկրորդ: Բացի վերոնշյալ մենագրությունից մենք «Ծննդոց-Այա» տեսությամբ (էջ 438) ապացուցել էինք, որ վաղնջագույն այական սպերէթնոսից հնդեվրոպական և դրանում արիական հանրույթը հետևանք էր երկրագործությունից անասնապահության, այդու մայրիշխանությունից հայրիշխանության և լուսնապաշտությունից արևապաշտության աստիճանական անցման, զուգահեռ իգական աստվածությունների գերիշխանությունից` արական աստվածների գերակայության, հաճախ պահպանելով նույն պաշտոններն ու անգամ դիցանունները, ինչպես երկրամայր Այա և ծովաստված Էա-Հայայի պարագայում:

        Պատմական մի գործընթաց, որով ըստ նախամոր երկրագործ և լուսնապաշտ այ-հայերի մեջ ձևավորվեցին Ար-Արա արեգակնային դիցանվամբ ար-մենները ( բառ. Ար և հնխ. *man-մարդ, իմա` արևորդիներ, ինչպես թուրք-մեն կամ Թոմ-սոն, Սամ-սոն, անգլ. son, ռուս. сын-որդի...), ճիշտ ինչպես հնդկական այու և արիա ցեղերի և համանուն լուսնապաշտական և արևապաշտական դինաստիաների պարագաներում 2 :

        Եզրաբանորեն այդ անվանումներն առաջացել են այ-այր-ար և այա-այրիա (զենդերեն)-արիա լծորդումներով: Էթնիկապես` նույն, կեցա-մշակութապես` տարբեր այդ համայնքներն ապրել են զուգահեռ, երկրագործական հարթավայրերում և անասնապահական լեռնագոտիներում, ունեցել հողատարածքների համար պարբերական ընդհարումներ (մեկ արձագանքը` Աբելի և Կայենի առասպելը Աստվածաշնչում, այլ մեկը` արևապաշտ պանդավաների և լուսնապաշտ կաուրավաների հակամարտությունը հնդկ. «Մահաբհարատա» էպոսում և այլ ավանդույթներում ), իսկ կիսաքոչվոր հայ անասնապահ արմենները հնդիրանական ու հնդեվրոպական այլ ցեղերի հետ առավելաբար գաղթել ու տարածել են արմեն ցեղանունը, որով այլք ճանաչում են հայերին, մինչդեռ տեղաբնիկները շարունակել են իրենց կոչել նախամոր այ-այա դիցանվամբ` հայեր, ինչպես մի շարք հինավուրց ցեղեր 3 ( սկյութ. Այնիանա, հնդկ. Այու և Հայհա, չին. Այնի և ճապ. Այներ, տունգո-մանջուր. Այամ և այլ ցեղանուններ): Գենետիկական նույն հիմքերով, բայց էթնոհոգեբանական տարբերություններով հայոց մեջ ևս առկա են այդ վերապրուկները:


       - Եվ ևս մեկ կարևոր նկատառում: Իր սաղմնավորման շրջանում «արի» բնորոշումը առանձնապես չի ունեցել ցեղանվան կամ պատվանման արժեք, այն ձեռք է բերվել պատմական նշանակալից իրադարձությունների ընթացքում, որով էլ վերստին անտեսվում են պատմամշակութային ակունքներն ու հեղինակները: Այդպես, նախ հնդիրանական ցեղերը մրցակցելով սկսեցին իրենց հռչակել զտարյուն արիացիներ, իսկ այլոց` «անարիներ», ինչպես հազարամյակներ հետո` գերմանացիները, և դեռ ողջ հնդեվրոպական լեզվաընտանիքը բնորոշելով որպես... գերմանո-հնդկական :

        Այդպիսի թյուրիմացություններով ու շեղումներով առատ է արևելագիտությունը, որոնցից են ոչ հնդեվրոպական համարվող հաթերի և հնդեվ. նույնանուն խեթ-հիթիթների, հնդեվ. ֆիլիստինցի-փղշտացի և սեմ. պաղեստինցիների, այլ մեկը` թոխարների և այլոց պարագաները:


       - Թեև սաղմնավորվելով էթնիկական որոշակի միջավայրում, արիականությունը առավելաբար մնում է պատմամշակութային և բարոյահոգեբանական արժեք, որը որդեգրել են նաև ոչ հնդեվրոպական մի շարք այլ ժողովուրդներ: Այն ոչ միայն հունա-հայա-հնդիրանական ավանդույթների` այլև հունա-հռոմեական, սլավոնա-սկանդինավյան ու նաև արդի համամարդկային քաղաքակրթության հիմքերում է` թեև տարաչափորեն արտահայտված տարբեր էթնիկական իրականություններում: Այդպես, քարթվելական լեզվաընտանիքին պատկանող վրացիները էթնոհոգեբանորեն, կեցականորեն ու բարքերով այսօր առավել արիական են` քան առավելաբար երկրագործների հետնորդներ հայերը (ոչ պատահականորեն անասնապահ քրդերը հայերին ցայսօր կոչում են ֆլա-հողագործ 4... ), վերջիններս` երբեմնի Aria տարածքից արցախցիները 5, որոնց մեջ թաթարա-մոնղոլական տարրի ոչ արիական նկարագիրը ակնհայտ է առանց ԴՆԹ մոլեկուլի վերլուծության ( վկա` կենսաբանորեն «մոնղոլոիդ» Ջորի Բալայանն ու բարոյահոգեբանորեն «արցախյան կլանը», իրենց նենգամտությամբ ու ոճրագործություններով... ):

       - Եվ վերջապես էթնիկական ծագումնաբանությամբ արիացիներ են նաև քրդերը, աֆղանները, բոշաները, թափառական մի շարք ցեղախմբեր և անգամ այսօր Եվրոպայի գլխացավանք ռոմերը: Այսինքն` նրանք, որոնց գերմանական նացիստները հայեր հետ նույնպես ծրագրել էին ոչնչացնել, որպես ոչ արիական ժողովուրդները: Շնորհիվ գիտական մի քանի հետազոտությունների հայերը փրկվեցին այդ «սև ցուցակից» (Նկ.2 ), սակայն այդպես էլ որպես արիականներ չվերականգնվեցին և ի դեմս «պզոնների», «ռոբիկների» թե այլ թափթփուկների այսօր աշխարհի թերևս ամենագռեհիկ ժողովուրդներից մեկն են:

        Այն աստիճան, որ ոչ միայն արիացի բնորոշմանը` այլև դժվար է հավատալ արդի հայոց հայությանը: Դժվար է հավատալ, որ միջնադարյան հրաշալի ճարտարապետությունը, շարականները, հայրենները, ողջ փառահեղ մշակույթը հայկական է, որ Մաշտոցի, Նարեկացու,Կոմիտասի ու նման բացառիկ հանճարները եղել են հայեր ( մեկ օրինակը` Մ. Խորենացու «Ողբ »-ը...): Առավել ևս շատերի համար տարակուսելի է, որ հայոց նախնիք կարող էին ստեղծել ու համասփռել գերհանճարեղ Է-Էություն աշխարհայացքն ու արարել «Սասնա Ծռերի» պես խորախորհուրդ ու բացառիկ մի տիեզերավեպ, որոնցով կարող էր հպարտանալ ցանկացած ազգ ու քաղաքակրթություն: Այնպես` ինչպես պարզամիտներին դժվար է պատկերացնել, որ փտող մի կոճղեզ ժամանակին եղել է հսկա, պտղառատ ու բյուրհազարամյա մի կաղնի թե ընկուզենի, իսկ այն` այական սուպերէթնոսում սաղմնավորվել մեկ աննշան կորիզից, ինչպես արդի անգլո-սաքսոններն ու աշխարհակալ անգլերենը` գերմանական աննշան ցեղերից ու մեկ շյուղային բարբառից ( նախապես, ենթադրելի է` Հայկ. լեռնաշխարհի Angle-Angel [անգղ թե հրեշտակ...]-Անգղյա տնից...):

        Բայց թե ծերանում ու նվաղում են նաև ազգերը, անհատների պես վարակվում մի քանի բացիլներից , իսկ չբուժվելու թե «չվիրաբուժվելու» դեպքում մահանում փտախտից: Սակայն, ի տարբերություն անհատների, ազգերը` որոշ պայմանների ապահովությամբ, կարող են նաև վերակազմավորվել մի բուռ անհատներից, ինչպես ողջ մի անտառ` մեկ թե մի քանի կորիզներից: Թե այդ ինչպե՞ս` այլ խնդիր է, մի դեպքում` կենսաբանության, մյուս դեպքում` ազգաբանության, ինչին էլ կոչված էր
«ԷՈՒԹՅՈՒՆ» ԱԶԳԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԸ ...

        Չենք կարծում, որ այսօր իրականացվող սահմռկելի ծրագրերով հանդերձ, հայոց օրհասական ժամը հնչել է, եթե ասորիները 2500 տարի պետականություն կորցնելուց հետո դեռևս գոյում են, իսկ աշխարհասփյուռ հրեաները` 3000 տարի հետո բառացիորեն վերածնվեցին ու դեռ եղեռնի հետ պետականությունը վերագտան...

ԱՆՄԵԿՆԵԼԻ Է ԽՈՐՀՈՒՐԴԸ ԽՈՐԻՆ,
ԱՆՄԵԿՆԵԼԻ` ԲԱՅՑ ՄԱՏՉԵԼԻ ...
   
        Նկ. 1: «Հրեաները իրենց ոսկու առջև, որպես վաշխառուներ»` իրենց խորհրդանիշ Դավթի աստղի ու կեռխաչ-սվաստիկայի ներքո ( «Il était une fois la France» , Paris -1987, էջ 103):
    Նկ. 2: Բելգիայում 1941 թ. ոմն հայորդու տրված անձնաթուղթ: Կարմիրով ընդգծված է. «d’origine armenienne (aryeinne)- « ծագմամբ` հայ (արիացի)» ( ֆրանսերեն): Սնապարծության պատճառներ չկան, առավել ևս` նացիզմի: Խորհելու թե խպնելու` թերևս...
 

  
1   Ցավոք , անգամ երախտաշատ Մ. Գավուքչյանը անմիջական կապ չի տեսնում «ար» դիցարմատի և «արի» եզրի միջև, երբ այ-այր-ար լծորդումը ինչպես նշվեց, արտացոլվել է հենց ավեստ. ayria >սանս. aria արտահայտչաձևերում, իսկ ինքը առնչում է Արի-Արու բաղադրիչով անձնանուններ, ինչպես Ari-a, Ari-Kumme, Ari-Šen, Ari-huha, Ari-nu ևն, որոնցից շատերը խուռիական են (տե'ս նրա «Արմենիա, Սուբարտու և Սումեր», էջ 43, 176 ):

   2   Պրոֆ. Աստ. Խաչատրյանը իր «Հայաստանի սեպագրական շրջանի պատմություն» աշխատության մեջ (Յերեվան-1933) նշում է. «Հայաստանի բնակչության մեկ հին խավը կազմում էր այս հին քաղաքակիրթ մեծ ժողովուրդը ( իմա` արիական: Ծ.Մ.), որը միևնույն ժամանակ Արմենիայի և առաջին նախաուրարտյան խավն է եղել»: Իսկ հռոմեացի պատմաբան Սեքստոս Ռուփոսը արիացիներին համարում է «Գեղեցկագոյն կողմն հայոց» (տե’ս «Ինքնություն» հատորը, էջ 275):

   3   Ելնելով հնդիրանական «արիներ» ինքնահռչակումից, պատմիչ Եղիշեն արձանագրեց . «Արիք, արեաց-Այսպէս կոչէին զինքեանս պարսիք եւ մարք, իսկ զօտարազգիս` անարիս ...», ինչը մնաց որպես հայոց ոչ արիականության իբր վկայություն: Այո', սակայն պարսիկները հնդարիներին նույնպես կոչում էին «անարիս» ( իմա`ոչ արիացի), ու դեռ ի տարբերություն իրենց սրբազան «ահուրի» (Ահուրա-մազդա )` «ասուր»-դևեր (նույն հ>ս լծորդմամբ, ինչպես Հուրիա-Սուրիա, հաոմա-սոմա): Իսկ այդ հուշում է նաև միջագետքային ասսուրների հետ ինչ-ինչ առնչություններ, որոնց բաղադրիչ մասն էին խուռիներն ու սուբարիները, իսկ ըստ արևելագետ M. Götze-ի և G. Contenau- ի վկայության. «...ասորեստանյան քաղաքակրթությունը ժառանգություն էր մնացել հուրրիներից» (G. Contenau «La civilisation
des Hittites et Hurrites du Mitanni», Paris-1948, էջ 60-84):

   4  
Կենտ այս իրողությունը ինքնին վկայում է հայոց մայրիշխանական ծագումնաբանությունը վաղնջագույն Այ-Այա նախամոր «արգանդից»` դեռևս «նեոլիթյան հեղափոխության» նախօրերին, իմա` Ք.ա. 10 հզ-ից:

   5   Ըստ պարսիկ պատմաբան Է. Ռեզայի, երբեմնի Այրզրբեյջանը զբաղեցրել են արիական իյր-այր ցեղերը, որոնք թողել են նաև «ատր»-կրակ արմատով Ատրպատական տեղանունը ( հմմտ. նաև հուրրի-հուր և այր-այրել կրակապաշտական զուգահեռները: «Ազարբայջան և Առան», Երեւան-1994):

Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                                    Մարսել, 7 հունվարի 2011 թ.