Սկզբնաէջ
     
            ՀՐԵԱՅԻ ԱՆՈՒՆՆ Է ՀՌՉԱԿՎԵԼ,
                         ԲԱՅՑ ՀԱՅՆ Է ՀԱՅԻՆ ԽԱՆԴՈՒՄ:
         ԹՈՒՐՔԻ ԱՆՈՒՆՆ Է ՀՈՐՋՈՐՋՎԵԼ,
                        ԲԱՅՑ ՀԱՅՆ Է ԻՐ ՏՈՒՆԸ ՔԱՆԴՈՒՄ:
        ՌՈՒՍԻ ԱՆՈՒՆՆ Է ՀՈԼՈՎՎԵԼ,
                        ԲԱՅՑ ՀԱՅՆ Է ԻՐ ՀՈԳԻՆ ԲԱՆՏՈՒՄ:
        ՀԱՅԻ ԲԱԽՏՆ Է ՀՈՇՈՏՎԵԼ,
                        ԲԱՅՑ ԻՆՔՆ Է ԻՐԵՆ ՍՊԱՆԴՈՒՄ...

                                      ( «ԻՆՉՈՒԹՅՈՒՆ» հատորի բնաբանը, Ա.Վ.)



                                               ԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԽՆԴՐԱԿԱՆՆԵՐ 

             
                                                    Իշխանությունները հայելում են տվյալ հասարակության բարքերը,                                                                                                                կուսակցությունները` խնդրականները,                                                                ազգային կուսակցությունները` էթնիկական հանրույթի բնութագիրը…

  Ժամանակ առ ժամանակ դրանց մասին խոսվում է, սակայն որպես միայն կարգախոս, ինչպես «Ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում»  պաթետիկ հորջորջումը` առանց անդրադառնալու հենց այդ խնդրականներին կամ անգամ ճանաչելու դրանք: Իսկ որո՞ նք են ազգային գերխնդրականները և ընդհանրապես ի՞նչն է գերխնդրական:

   Նայած ո՞ւմ համար, այծերի համար` կանաչին, այլոց համար`«կանաչ թուղթը», մյուսների համար` իշխանությունը, փառքը, ստեղծագործելը կամ թեկուզ պարզ մարդկային լինելությունը, իսկ ծայրահեղ իրավիճակում մեկ կտոր հացն անգամ կարող է գերխնդրական դառնալ: Իսկ, եթե ըստ Արիստոտելի. «Չենք ապրում ուտելու համար, այլ ուտում ենք վասն ապրելու», ապա այդ ևս չի ասում, իսկ ինչո՞ւ ենք ապրում, երբ ապրում է նաև ողջ բուսակենդանական աշխարհը, իր տարաբնույթ ու ստորակարգված խնդրականներով: Ուրեմն ազգային գերխնդրական հարցականի ինչությունը հարկ է որոնել «ազգ-ազգային» ենթակայի մեջ, ավելի ստույգ` նրա էության:  Եվ քանզի ազգը անձերի հավաքականություն է, և անգամ ստուգաբանորեն ազգ եզրը անձի  հոգնակին (Հ. Աճառյան),  ապա կարող ենք համաբանել ու զուգահեռել ազգի  ու անձի  գերխնդրականները, նաև արիստոտելյան ասույթի պարագայում:

  Ըստ Գ. Նժդեհի. «Ցեղը ավելի շատ հոգի է` քան կավ», ազգ  հասկացության փոխարեն օգտագործելով ցեղ 
եզր, որը էթնիկական հանրույթի մեկ ճյուղն է, ինչպես տոհմը կամ տոհմացեղային միությունները: Մինչդեռ, գիտական սահմանմամբ և ի տարբերություն դրանց ու անգամ ժողովուրդ գոյացության, ազգը  ակնկալում է արենակցական կապեր, այսինքն` ընդհանուր ծագում, հանուր կենսատարածք, տնտեսություն, կացութաձև, լեզու, հոգեբանություն, մշակույթ և պետություն, իսկ որպես սոցիալ-էթնիկական պատմականորեն զարգացած բարձրագույն ձև` նաև ինքնագիտակցությունը ( նորից ինչպես հասուն անհատները…):  Այս պայմաններից որևէ մեկի բացակայությունը տվյալ հանրույթը իջեցնում է ազգույթ, էթնիկական խումբ, ցեղ կամ առանց էթնիկական որոշակիության ժողովուրդ թե  պարզապես հասարակություն կարգավիճակներին: Նկատենք, որ վերոնշյալ հատկանիշներ  ունեին նաև տոտեմական տոհմերը, սակայն թույլ արտահայտությամբ ու սաղմնային մակարդակի վրա ( կենսատարածք, նախանձախնդիր ինքնություն, տոտեմական հավատամք, ինքնանվանում, որսա-հավաքչական տնտեսություն, կեցական ավանդույթներ ևն):
 
  Այնինչ, ազգ  կարգավիճակը պայմանավորված է հիմնականում նրա բարձրագույն առանձնահատկությամբ` հոգևոր հասունությամբ, բարձր գիտակցությամբ ու մասնավորապես գերադրական ինքնագիտակցությամբ
( նորից ինչպես հասուն անհատների պարագայում ), որը պատճառահետևանքային շղթայում հանդես է գալիս և’ որպես էվոլյուցիոն հետևանք, և’ առաջմղիչ սկզբնապատճառ: Ի տարբերություն ցածր կամ թերհաս գոյաձևերի, այդ  է ապահովում  ազգերի մնացյալ պայմանները` կենսատարածքից  մինչ պետություն, բայց առավելաբար հոգևոր հատկանիշները, այսինքն` լեզուն, հոգեբանությունը, մշակույթը և բարոյական նորմերը, այդու նաև քաղաքակրթության, բարեկեցության, ազատության աստիճանները, ողջ ճակատագիրն ու ապագան: Դրանք փոխկապակցված են, և որքան հասուն են անձը թե համայնքը` այնքան զարգացած են նաև նրանց հոգևոր հատկանիշները և հետևաբար կեցական-գոյաբանական պայմաններն ու կառույցները, յուրաքանչյուրն իր խնդրականներով ու առաջնահերթ գերխնդրականներով: Այդ իրողությունը ցայտուն պատկերավորվում է զարգացած ազգերի օրինակով, որոնց տնտեսա-հասարակական ու քաղաքակրթական ձեռքբերումները պայմանավորված են բարձր մշակույթով և հոգևոր հասունությամբ1, ինչպես  ֆրանսիացին է իրավացիորեն հոխորտում. «Նավթ չունենք, բայց ունենք գաղափարներ»:

  1 Երբեք չմոռանալ, որ անհատական թե հավաքական մշակույթը հոգևոր արժանիքների նյութականացած արտացոլանքն է: Նույնը նաև, գիտության ու բարձր տեխնոլոգիաներով զինված տնտեսության առումով: Հասկանալիորեն, նախապատմական համայնքներում բեթհովեններ թե էյնշտեյններ լինել չէին կարող:

 
2 Այս թվարկումներում բարոյականությունը, արդարությունը թե դեմոկրատիան սոցիոհոգեբանական գործոններ են, մարելու համար հասարակական լարումները և բարօրության հետ ապահովելու համար ազգի հոգևոր վերաճը: Ուստի, չպետք է հակադրվեն ազգային գերխնդրականներին` այլ դիտվեն որպես դրանց անհրաժեշտ պայմաններ, ինչպես ցանկացած առողջ ընտանիքում կամ հասարակություններում:

    Առավել մատչելի` ժողովուրդը ազգի հավաքական մարմինն է, ազգը` տվյալ մարմին-«կավ»-ժողովրդի հավաքական հոգի-ներաշխարհը, որի դրսևորումներն են լեզուն, մշակույթն ու հոգեգործունեության բոլոր ասպարեզները, նորից ինչպես անձ-ազգ, ստեղծագործող-ստեղծագործություն կամ կնիք-կնքադրոշմ համաբանություններում: Այսինքն ու այլ մեկ սահմանմամբ` ժողովուրդը քանակ է, ազգը` որակ: Եվ քանզի ըստ դիալեկտիկայի երրորդ օրենքի էվոլյուցիան զարգանում է «քանակականից որակականի» վերաճման սկզբունքով, ապա համապատասխանորեն էթնիկական հանրույթները տոտեմական տոհմերից սկսյալ զարգացել ու շարունակում են զարգանալ ազգ  սոցիո-էթնիկական կարգավիճակի ուղղությամբ, իսկ որպես որակ` ձգտում էացման, հարատևման ու հավերժացման ( նորից ինչպես բոլոր անհատներ), այնինչ գոյատևման ընթացքում` կայացման: Այդպես, ըստ գոյություն  և էություն  տարբեր իրականությունների. «Կայանում են կեցության մեջ, էանում` ներաշխարհում»,  ըստ այդմ որոնելով ավելի ու ավելի հակաէնտրոպիկ ու հավերժության ձգտող գոյավիճակներ: Հենց դրանք էլ հանդիսանում են ազգային գերխնդրականները:

  Ահա, այս հակիրճ ու անհրաժեշտ պարզաբանումներից հետո, արդեն կարող ենք փոքր-ինչ  հանգամանալից անդրադառնալ ազգային գերխնդրականներին, դրանք տարբերելով զուտ կեցական, սոցիո-տնտեսական թե քաղաքական խնդրականներից:  Ուրեմն որո՞նք են ազգային գերխնդրականները և ինչպիսի՞նն է դրանց առաջնայնությունը ըստ ստորակարգման:
  Արդ, պատասխանը գալիս է ինքնաբերաբար. բոլոր այն խնդրականները, որոնք անհրաժեշտ են նախ ազգերի կայացման, իսկ ավելին` հարատևման, էացման ու հավերժացման համար: Առաջին պարագայում խնդրականները նույնպես պարզ են- սերնդաճ, կենսատարածք, տնտեսություն,  ռազմաքաղաքական գործոններ, պետական կառուցվածք, կեցական ու հասարակական բարենպաստ պայմաններ, ինքնություն, մշակույթ և գեներատիվ պոտենցիալ2: Այսինքն այն, ինչն ունեն բոլոր կայացած հասարակությունները կամ դրան ձգտող ազգ-պետությունները: Այսուհանդերձ, աշխարհաքաղաքական հարափոփոխ պայմաններում  հարատևման համար դրանք բավական չեն: Վկա ԽՍՀՄ-ի փլուզումը և դրա հետ հարակից հանրապետությունների, ազգերի ու էթնոսների ճակատագրերը, այդ թվում հենց Ռուսաստանի:

   Եվ արդեն այստեղ ինքնաբացահայտվում են ազգային գերխնդրականները, ինչպես այդժամ շրջանառություն մտած «Ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում»  կարգակոչը: Այլ մեկ օրինակը Գ. Նժդեհն է, որը ռազմաքաղաքական բուռն փորձություններից հետո հանգեց ազգային գերխնդրականների հրամայականին, դրանք հակիրճ ներկայացնելով. «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին և միակ խաղաթուղթը վերադաստիարակությունն է»  էական սահմանմամբ: Եվ ընդհանրապես, նրա ողջ գաղափարաբանությունը հիմնականում վերաբերում է ազգային գերխնդրականներին և տասնամյակների մոռացությունից հետո  օրինաչափորեն վերառվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այսինքն`փակուղային իրավիճակում:
  
    Պակաս խորախորհուրդ չէ նաև այլոց կենսափորձը: Ինչպես ԽՍՀՄ-ի պարագայում, օսմանյան կայսրության փլուզման հետ հառնեցին ազգային գերխնդրականներ, որոնք մեծ հաջողությամբ լուծեց հիրավի ազգաշինարար Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը, ձեռնարկելով ոչ միայն քաղաքակրթական բարեփոխումներ` այլև ազգի արմատական ձևավորումը (մինչ այդ թուրքերը կոչվում էին պարզապես «օսմանլը» պատմա-քաղաքական բնորոշմամբ):  Այլ մեկ օրինակ անշուշտ հրեաներն են, որոնք որպես ազգ ձևավորվեցին մեկ աստվածության ու սեփական կրոնի հիմքով ( իմա` բառացի ցեղակրոնության), պետականության ու հայրենիքի կորստից հետո հարատևեցին հիմնականում դրա շնորհիվ, ստեղծեցին ազգային գաղափարախոսություն (այսինքն` ազգային գերխնդրականների հիմունքներ ու որոշակի ծրագիր), 2000 տարի հետո հայրենք վերագտան, և արդ` լինելով հանդերձ նաև համասփյուռ, շարունակում են ղեկավարվել ազգային գերխնդրականներով ու կարծեք գտել են կայացման ու հարատևման իրենց ուղին: Եվ այդ ոչ թե քանական գերազանցության` այլ որակական:
   Ահա մեկ ակնառու օրինակ, որ ազգը ոչ թե քանակ` այլ որակ է, ինչպես հաճախ փոքրամարմին ու անգամ ֆիզիկապես ոչ քաջառողջ հանճարները:

   ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հայ իրականության մեջ, բացի Գ. Նժդեհի ու վերոնշյալ կարգակոչի վերարծարծումներից,  ինքնաբերաբար ծնվեցին ազգային գերխնդրականներով մտահոգ հասարակական գիտահետազոտական հաստատությունները, այդ թվում առաջինը ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարը, թեև այն որպես «Հարատևման Ուխտ» ընկերակցություն սփյուռքում արդեն սաղմավորվել էր ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ, 80-ական թվականներին, կոչված լուծումներ գտնելու սփյուռքահայության ճակատագրին: Անկանխատեսելի իրադարձությունները ցույց տվին, որ նույնիսկ հայրենիքի թվացյալ ապահովության պարագայում, գոյատևման մարտահրավերներ ու ազգային գերխնդրականներ ուներ ողջ հայությունը:

   Ստացվում է, որ ազգային գերխնդրականները  ինքնաբերաբար հարկադրվում են խնդրահարույց իրավիճակներում, մինչ այդ վարագուրվելով, անտեսվելով կամ հետաձգվելով առօրյա պահանջների ու հանգամանքնեի հրատապությամբ, նորից ինչպես անհատների պարագայում: Սակայն հասուն անհատները ի սկզբանե գիտակցում են թե «ինչ են ուզում», օժտվում են հեռահար տեսլականներով ու նշանառում անձնական գերխնդրականներ, բնականաբար անհամեմատ մեծացնելով դրանց երբևէ հասնելու շանսերը:
   Անշուշտ, մարդկության մեծամասնությունը նման խնդրականներ չունի (ո~ւր մնաց ազգային գերխնդրականներ ), ապրում է որովհետև ծնվել է, անում է այն` ինչ թելադրում են առօրյա հրամայականներն ու լինելությունը, և անիծելով իր ճակատագիրն ու «մարդկային վիճակը» աշխարհը լքում է այն հույսով ու մխիթարանքով, որ մահից անդին գոնե կա «երկնային արքայություն»: Մնացյալը գոյում է ըստ պահանջի,  յուրաքանչյուրն իր «գերխնդրականներով», չիրականացման դեպքում դրանք փոխանցում զավակներին, այդու էլ  ձևավորվում են կեցությունն ու համապատասխան կառույցները, ջրմուղ-կոյուղու վարչություններից սկսյալ մինչ պետություն ու պետ-հասարակական մարմիններ ( բայց ոչ անպատճառ գլուխ ու դեռ գլխուղեղ…):
   Վերջիններս լուծում են հիմնականում կեցական ու քաղաքական հարցեր, իսկ հոգևոր ու մասամբ զուտ ազգային խնդրականները ինքնաբերաբար մնում են համապատասխան կառույցների առաքելությունը, ինչպես հավատամքային, մշակութային, գիտական թե կրթական: Պետությունը կոչված է միայն համակարգելու ու ապահովելու այդ բոլորի արդյունավետ գոյությունն ու գործունեությունը: Իսկ եթե այն ազգային գերխնդրականներով չի զբաղվում, ապա մնում է միայն որպես բարձրակարգ ջրմուղ-կոյուղու վարչություն:

     Այդ դեպքում, ո՞վ է զբաղվում կամ զբաղվելու ազգային բուն գերխնդրականներով, երբ հոգևոր կառույցները ստանձնում են միայն դրանց առաձին բաղադրիչների առաքելությունը, այն էլ շատ հաճախ առանց ազգային որևէ բնույթի կամ նշանակության:
    Տիեզերաբանորեն և Բիգ Բանգից հետո` էվոլյուցիոն իներցիան, կենսափիլիսոփայորեն` բնությունը, իր «բնական ընտրության» հարկադրանքով, կենսաբանորեն` բնազդները, գոյաբանորեն ու ոչ անպաճտառ գիտակցված` հանրույթների քրմական թե «բրահմայական» դասն ու հոգևոր բացառիկ առաջնորդները, կամ եթե կուզեք մտավորականության կարկառուն ներկայացուցիչները, երջանիկ դեպքերում` պետ-հասարակական մեծ այրերը, ինչպես Մովսեսը, հուն. մեծ փիլիսոփաները (Պլատոն, Արիստոտել և այլք ), ֆրանս. կայսր Շառլըմայնը (9-րդ դ., հայտնի նաև որպես մշակութային բարեփոխիչ և «Եվրոպայի հայր»),  Պետրոս Առաջինը, Աթաթյուրքը ( ոչ պատահականորեն «թուրքերի հայր» մականվամբ)  ու նման սուր անհատականություններ:  Հայոց մեջ. Տիգրան Մեծը ( նա եղել է նաև Անահիտ աստվածուհու քրմապետ, իսկ Անահիտ դիցամայրը. «որով կեայ եւ զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց »…  ), Մ.Խորենացին (ճիշտ ժամանակին կռահեց պատմության, ինքնաճանաչման ու ինքնագիտակցության գերկարևորությունը),  Մ. Մաշտոցը` Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթևի աջակցությամբ (գիրն ու լեզուն որպես ազգի կայացման ու գոյատևման անշրջանցելի կռվան), Խ.Աբովյանը ( լուսավորությունը որպես ազգի նախապայման ու գերխնդրական), Ղ.Ալիշանը, Դ. Վարուժանն ու այլ «մեհենականներ» (ազգային հիշողության ու ինքնության ոգեկոչում),  երևելի թե պակաս նման այրեր ու գաղափարաբաններ, մինչև հիշատակյալ Գ. Նժդեհը:
   Ցավոք, հարկ է նշել,  որ թեև պատմական ծանր փորձությունների ու հենց հրատապ խնդիրների պատճառով ազգային գերխնդրականները հիմնականում անտեսվել են (մասամբ նաև զուտ ազգային աշխարհայացքի բացակայության պատճառով ), որի ակնառու հետևանքն է հայոց հենց անկումային ճակատագիրը:   

   Անդրադառնանք, որ հրեաները եղեռնի հետ հայրենիք վերագտան` հայերը եղեռնի հետ հայրենիք կորցրին: Օսմանյան կայսրության փլուզումից չփրկվեց միայն Հայաստանը, խորհրդային կայսրության փլուզումից` նույնպես: Դեռ ավելին, այդքան երազած անկախացումից ի վեր հայրենիքից արտագաղթել են այնքան շունչ` որքան … եղեռնից հետո (մոտ մեկ միլիոնից ավելի),  իսկ այժմ հայության արդեն 2/3-րդը ապրում է արտերկրում:  Եվ այսքանի հետ, անցյալ դարի միակ հայ գաղափարաբան Գ.Նժդեհը ժամանակին ժխտվեց միաժամանակ 4 դասական կուսակցությունների կողմից, հալածվեց ու փտեց բանտերում (այդ թվում` հայրենի), իսկ ավելի ուշ աճյունը գաղտնի բերվեց Հայաստան ու ցայսօր անգամ տեղ չի գտել հայրենի Պանթեոնում, թեկուզ անվանի դերասանների կողքին (գետինը մտեք, վա~յ նժդեհականներ)…
 
   Նույնը վերջին քսանամյակում: Որքան էլ ազգային գերխնդրականները ինքնապարտադրվում ու ջանում էին գտնել արմատական լուծումներ, դրանք պետական մակարդակով անտեսվեցին իբր «հիմա դրա ժամանակը չէ» պատճառաբանությամբ3, իսկ` ինչպես դիպուկ նկատվել է (տե’ս այստեղ «Ագային փրկության ծրագիր»  և http://hetq.am/am/politics/ararat-stepanyan/ ), Հայոց Համազգային շարժումը բնավ ազգային-ազատագրական չէր` այլ միայն ազատագրական ու քաղաքական  (ավա~ղ, նույնը նաև հիմա ՀԱԿ-ը ), էլ չխոսելով 1999 թ. հոկտեմբեր 27-ի պետական աննախադեպ ոճրագործության մասին4, որից հետո պետական արժանավոր այրերի հետ վերջնականապես թաղվեցին ազգային գերխնդրականներն ու «սիզիպոսյան քարը» վերադարձավ ելակետ, Հայաստանը` «տիրոջ» գիրկը,  իսկ հայ ժողովուրդը` դարավոր քնախտի ու մղձավանջի: Եվ այդ այնժամ, երբ ՀՀ առաջին նախագահը արևելագետ էր ու բավականին գրագետ քաղաքական գործիչ5, իսկ արդի իշխող կուսակցությունն ու բանասեր նախագահը հավակնում են լինել նժդեհական…

 3 Հ. Սահյանի քաղցրիկ խոսքերով. «Մենք այդպես էլ չիմացանք, թե մեր ուզած ժամանակը ե՞րբ է գալիս ժամանակին», մինչդեռ մեր չուզած ժամանակը միշտ էլ վրա է հասնում ժամանակից շուտ...

 4 Որքան էլ ջանք թափվի ծածկելու ու մոռացության տալու պատմական այդ արտառոց ոճրագործությունը,
ազգի գիտակցության ու ենթագիտակցության շերտերում  այն մնալու է հարյուրամյակներ, ինչպես ֆիզիկական բռնաբարությունը անհատի ողջ կյանքում, դառնալով ներքին ջղաձգությունների ու պսիխոզների մշտական պատճառ:
 
 5  
Ըստ նրա, այս սերնդի պարտականությունը պետության վերակառուցումն էր: Վերակառուցվեց, սակայն շուտով պարզվեց, որ այն լինելով հանդերձ «ազգ» կարգավիճակի բաղադրիչը կարող է ոչ միայն ազգային չլինել` այլև դառնալ այլոց դրածոն ու հակազգային, ինչպես «ազգային» կոչեցյալ անվտանգությունը, կամ բացարձակապես կապ չունենալ ազգի հետ, ինչպես ազգային բանկը, ազգային ակադեմիան, ազգային բանակը, «ազգային» հորջորջվող շատ այլ հաստատություններ ու պետական կառույցներ, որոնց «ազգային» որակումը օգտագործվում է «պետական» իմաստով: Այս դեպքում այն տեղադրելով «ազգային պետություն» ձևակերպման մեջ կունենանք «պետական պետականություն» անհեթեթությունը: Եվ ահա, որտեղ է անհրաժեշտ «ազգ» կարգավիճակի բարձրագույն հատկանիշ`
ինքնագիտակցությունը, ինչն էլ հենց հասկանալիորեն չի տրվում  ու չի տրվելու ենթակա էթնոսներին…

 6 Անձը` քարը գլուխը, երևույթն է հանցագործություն ազգի դեմ, հասարակական անտարբերությունը` հանուր անպատվություն: Սակայն այդքան ոճիրների, նենգությունների ու տկարամտությունների մեջ, այդ ևս հարկ է համարել ախտաբանական սինդրոմ, այդու էլ բնականոն:

         Անդրադառնանք նաև, որ ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի հիմնադիր, հայոց արիական և 12000-ամյա ծագումաբանության, բուն ազգային ու համամարդկային Էություն-էիզմ ուսմունքի և «Ազգ ու նոր հազարամյակ» քառահատոր նախածրագրի, այսինքն` ազգային բուն գերխնդրականների հեղինակը նույնպես վտարվեց հայրենքից ու դեռ հալածվեց սփյուռքում կգբեական  հզոր ցանցի ու նրանց «հայրենասեր» սպասավորների կողմից6:  Որ, այդքանից հետո, տվյալ խիստ խնդրահարույց իրավիճակում ազգային գերխնդրականների անգամ լուսաբանման անհրաժեշտությունը ինքնին խոսում է հայ հանրույթի ինքնագիտակցական աստիճանի, բարոյահոգեբանական վիճակի ու ոգե-գաղափարական սնանկության  մասին, երբ հայրենի հեռուստաալիքներից չեն իջնում երևելի զվարճաբան-«յալանչիները», քաղաքական «փահլևաններն» ու դրանցից ավելի հարգված «շոու-բիզնեսի» աստղերը, իսկ տպագրական ԶԼՄ-ները հեղեղված են «մշակութաբանների» թե քաղաքան մեկնաբանների «էրուդիտ» չաչանակություններով:
    Բնականաբար նրանց, այդ քնաբերներից բթացած ու առօրեկան հոգսերից կքված զանգվածի համար ազգային գերխնդրականները խնդիր չեն, այս մեկնությունը` «զիզի-բիզի» մտքեր կամ հայրենասիրական այդքան «կենացներից» մեկը, մի կերպ «յոլա» գնալով առանց այդ և մխիթարվելով «այսքան ապրել ենք, էլի կապրենք»  ինքնաներշնչանքով:
    Այո’, հիրավի հենց այդպես էլ ապրել ենք վերջին երկհազարամյակում, օրը օրին, տատանողական վերուվարումներով, բայց հաստատուն անկմամբ, մինչև եղեռնի երախ: Այդպես, հայոց Ճակատագիրը ներկայանում է որպես բարձիթող ազգային գերխնդրականների ճշգրիտ արտացոլանքը: Այդպես շարունակում ենք ապրել և այսօր, մեր ավանդական ստրկամտությամբ, դավ ու խարդավանքերով, խրոնիկական թերարժեքությամբ, հասարակական ջղաձգություններով, ինքնախաբեությամբ, պսիխոզային «հաց ու հանդեսով», մանրախնդիր կենցաղով ու ինքնահոշոտումներով, առանց որևէ տեսլականի, բայց «21-րդ դարը մերն է լինելու»  հոխորտանքով, երբ հազարամյակային բուն մարտահրավերները անգղների պես թևածում են են Շագրենի կաշու չափ սմքած հայրենիքի երկնակամարում, իսկ առավել ճակատագրական փորձությունները դեռևս առջևում են…
    Եվ այս ամենը վերստին ազգային գերխնդրականների անտեսման հետևանքով: Պատրաստ չէինք ( իսկ այդ ե՞րբ ենք պատրաստ եղել)  ու չենք էլ պատրաստվում պատրաստվել: Իսկ հուսալ թե այլք կամ «մեծ եղբայրը» կզբաղվեն հայոց ազգային գերխնդրականներով, մեղմ ասած հորթուկի հույս է, երբ նրանց գոյությունը հազվադեպ է ավարտվում բնական մահով:
   
  Եվ ահա, երբ քսանամյա վերուվարումներից հետո Հայաստանն ու ողջ հայությունը վերստին հայտնվել են  կատարելապես անելանելի, խուճապային, չասելու համար օրհասական իրավիճակում, օրինաչափորեն վերստին լսվում են «ազգային փրկության ծրագրերի» ծղրտոցներ, սակայն վերստին առանց ազգային գերխնդրականների, երբ դրանք ու հայությունը հարկ էր նախապատրաստել մինչև աշխարհաքաղաքական այս վերջին փորձությունները, կամ գոնե նախատեսել դրանից հետո:
  Զի, անկախ այս խրթին իրավիճակի ելքից, թեկուզ կորուստներով հնարավոր քիչ թե շատ խաղաղ պայմաններից,  որքան էլ վերստին անտեսվեն ազգային գերխնդրականները,  դրանք մնալու են անշրջանցելի և հայությունը մշտապես բախվելու է փակուղային յուրաքանչյուր` սակայն ավելի ու ավելի խրթին, մինչև անշրջելի ու հոգևարային իրավիճակներում: Զի.     

         Եթե շատ վազեցիք հանգամանքների հետևից, հանգամանքները ձեզ անվերջ կհետապնդեն,                                                                            նույնիսկ մինչև «երկնային արքայություն»     

         Այս տխուր իրավիճակում խոհեմությունը կարծես հորդորում է.              

         Եթե բավականին հասուն չես` Աստծո գործերին մի խառնվիր,
                  Եթե բավականի հասուն ես` մարդկանց,
                          Իսկ եթե մի քիչ կամ գոնե հայի վերջին խելքն ունես` հայոց…


                                        Բայց թե որքանով է խոհեմությունը խոհեմ…

         Ալեքսադր Արորդի Վարպետյան                                                               Մարսել, 02.12.2009 թ.

                                                                              ¡  ¡  ¡

                                                                    ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ    

       Բնավ չէինք ուզենա ու թերևս համարձակություն չէինք ունենա այս մասին բարձրաձայնել, ինչը նման է անբուժելի հիվանդին ճշմարտությունը հայտնելուն: Բայց թե, հավատավորը  պարտավոր է մարտնչել գոնե վասն արժանապատիվ ավարտի, նվիրյալը` հանուն իր իդեալների, իսկ առողջապահական դեoնտոլոգիան պարտադրում է բուժումը շարունակել մինչև հիվանդի վախճանը, զի միշտ էլ հնարավոր են անկանխատեսելի շրջադարձեր, իսկ հայոց պարագայում` նոր սերունդների մեջ դեռևս առողջ ու կենսունակ անհատներ: Քանզի.
    Եթե «Հույսը վերջինն է մահանում», ապա ոգին անմահ է:
    Եվ ի վերջո ազգը «միջուկային» որակ է և էություն, ունակ խտանալու և գոյատևելու հասուն անհատների մեջ, իսկ բարենպաստ պայմաններում վերստին փոխակերպվելու թեկուզ սահմանափակ քանակի, ինչպես առողջ սերմերը կամ ինչպես նյութ-էներգիա հարաբերակցության պարագայում: Վերջիվերջո, արդի իրավիճակում հայությունը երբեք մեծաքանակ չի կարող դառնալ, ոչ անգամ «միլիարդատեր» ազգ, ունենալ «միլիոնանոց» բանակ կամ լայնատարած հայրենիք: Սակայն կարող է կայանալ, էանալ ու հավերժանալ հենց որպես որակ, շնորհիվ իր ժառանգական շնորհի` ազգային տաղանդի ու իմաստության` ֆրանսիացու նշյալ սկզբունքի համաբանությամբ:
   Ուստի, մի սպասեք, որ այս գիտակցությանը հասնեն բոլոր միաժամանակ, առավել ևս, որ նյութական զանգվածում էներգիան խտացած է հենց միջուկում, ոգին` մի բուռ «սրբազան խենթերի» մեջ, ազգային որակը` հասուն, գիտակից ու ոգեղեն անհատականությունների...
   Մնացյալը կգա սեփական իներցիայով:
   Որպես զուտ ազգային ու միաժամանակ համամարդկային ուսմունք, Էություն-էիզմը և ողջ ԷՈԳ համակարգը ինչ-որ նախախնամությամբ հեղինակվել էր հենց այդ առաքելությամբ, նախ հայոց մեջ «բնական ընտրության» ակնկալիքով, միաժամանակ հատուցելով.                                                      
                                                     Աստծոնը` մարդկությանը,
                                                     Էությունը` նվիրյալներին …


            Ով ականջ ունի` կլսի, ով աչք ունի` կտեսնի, ով միտք ունի` կմտմտա,                                                                                                   իսկ ով այլևս ոչինչ չունի` կգտնի

P.S.- Որպես լրացուցիչ հավաստում Էություն-էիզմ ուսմունքի ինքնարարիչ ու անժխտելի,  ճշմարտացիության և ազգային գերխնդրականներում անշրջանցելի անհրաժեշտության,
բացառության կարգով հավանաբար շուտով կհրապարակենք գիտական ևս մեկ նորագույն հիմնավորում, այս անգամ նեյրոգիտությունների ասպարեզում:
      Հավանաբար` քանզի դեռ երկմտում ենք, բացառության կարգով` զի.
      Մարգարիտները խոզերի առջև նետելը այնքան վտանգավոր չէ` որքան բորենիների.                                                                                 որից սրվում են նրանց ատամները…