ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  
  
Վահան Տերյան
  
Հոգևոր Հայաստան (հատված)
Հրապարակագրություն, 1914թ.
 
ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ
       ...
V
       Այդ հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերում:
       Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրանց կյանքը:
       Անվերջ չարչարանքի և գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների և վսեմ մի հավատի պայծառ պատկեր չէ՞ միթե մեր հոգևոր հայրենիքի ասպետ-զավակների կյանքը:
       Եվ եթե այսօր մեկը ոչնչի տեղ է դնում նրանց` այդ ոգու ասպետներին ու միևնույն ժամանակ ծունր է չոքում այսօրվա արյունոտ կռվի հերոսների առջև, ես չեմ հավատում նրան, ես զզվում եմ նրա այդ հրաբորբոք հայրենասիրությունից:
       Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն գեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղե, այլ իր ներսը, իր հոգու խորքը` տեսնելու համար, թե կա՞ արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան և Մուշ և Էրզրումին:
       Իսկ եթե կա, ապա նա չի նստի ծույլ ու անհավատ, այլ կամքի մի գերագույն թափով կձեռնարկե այդ հոգևոր հայրենիքի վերակառուցման:
       Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել:
       Մեր հոգևոր հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի~ ջերմ սեր, որպիսի~ անձնվիրություն, որպիսի~ բուռն ոգևորություն է հարկավոր:
       Քննեցեք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար...Նա չի կենդանանա, նա հոգով միայն կարող է կենդանի լինել: Դատարկ խոսքեր են մեր փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ոչ բելգիացիք են մեծ ազգ, ոչ նորվեգիացիք, մինչդեռ որպիսի~ դյութական անուններ են դրանք, որքա~ն սիրելի ոչ միայն իրանց` այդ երկրների զավակների, այլև մեզ և ուրիշների համար...
       Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել էր մի հայտնի ռուս գրող, ոչ միայն աշխարհագրական սահմանագծերը պիտի փոխեն, ազգերի փոխադարձ հարաբերությունների մի նոր դասավորում ստեղծեն, այլև գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում, մի վճռական փոփոխություն առաջացնեն:
       Եվ հիրավի: Այսօր մեր առջև կատարվող հսկայական անցքերը պիտի անհետ չանցնեն մեր հոգու համար. նրանք իրանց հեղաշրջող ազդեցությունը պիտի ունենան:
       Ես գուշակ լինելու ոչ մի հավակնություն չունեմ: Սակայն ես կուզեի որոշ հետևողականություն գտնել իրերի ընթացքում և որոշ տվյալներից անել բոլոր եզրակացությունները, որ հնարավոր է անել:
       Մեր մեռած կյանքը կարծեք թե այսօր կենդանության նշաններ է ցույց տալիս։ Թող լինեն այդ նշանները տարօրինակ և երբեմն այլանդակ, բայց ես կուզեի վերագրել այդ տարօրինակություններն ու այլանդակությունները անցյալին, կուզեի ենթադրել, որ անցյալի ստվերն է, որ դեռ ընկած է բացվող ապագայի վրա:
       Եթե, իրավ, այդպես է, ապա իր աչքերը Հայաստանի դաշտերին ու սարերին հառած հայությունը պիտի ներշնչվի մի նոր ու առավել բարձր տենչանքով, մի պարզ ու խորին գիտակցությամբ, մի անսասան բաղձանքով կենդանություն ներշնչելու մեր կիսամեռ հոգևոր հայրենիքին, մեր ավերվող ու անդարձ անհետացող հոգևոր Հայաստանին: Չէ՞ որ նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իոկ հոգևոր կորուստն անդառնալի է:
       Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները` դրանք միշտ կան և դրանց դեմ, այո', պետք է կռվել:
       Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն` առանց այդ ավելորդ է և արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջել, քանի որ երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը` այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար։
       Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը:
       Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը:
       Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի և հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մեր հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի և այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը: