Eutyun
ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
  ARMENIA N°94
(ֆրանսահայ ամսագիր)
Հունիս-հուլիս-օգոստոս-սեպտեմբեր 1985թ.
Շապիկն ու կենտրոնական էջերը ամբողջովին նվիրված էին "ԱՐՓԻԱԿԱՆ" էպիկական քնարերգությանը:
Գրախոսականը` Aix en Provence-ի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ`
պրոֆեսոր Ռոբերտ Տերմերգերյանի:             
                                          
 
                                                                                 
                                                                                ¡  ¡  ¡
         
                                                                    
ԱՐՓԻԱԿԱՆ                                                   
                                                      
Հայկական Արեգակ                                     
                                                      (ֆրանսերեն  հոդվածի թարգմանությունը)
   
     Գիրքը հանդիսանում է այն առանցքը, որի շուրջ հյուսվում է հայ մշակութային կալվածքը: Հայ ինքնությունն ու ողջ մեր հիշողությունը արձանագրվել և սերնդից-սերունդ հարատևել են գրքի շնորհիվ, որը հայ գրականության ոսկե դարից ի վեր մեր ժողովրդի կողմից ընդունվել է որպես ամենաարժեքավոր գանձը: Հրաշալի մանրանկարչությունը, որ զարդարում էր միջնադարյան մագաղաթները, լավագույնս վկայում են այն տեղն ու կարևորությունը, որ մեր նախնիք տալիս էին գրքի զորությանը: Այսուհանդերձ, գիրքը չի սահմանափակվում մեր մշակութային հարստության պահպանմամբ և հավաքական հիշողության փոխանցմամբ: Գիրքը նաև հիմնական այն գոյացությունն է, որն արձանագրում է մեր ներկայությունը, մեր կենսունակությունն ու մշակութային արարչագործությունը:  
     Սփյուռքում և մասնավորապես ֆրանսահայության մեջ, մշակութային արարչագործության տարբեր ասպեկտները հաճախ բանավեճերի կենտրոնում են, նշանառելով մեր համայքի գոյատևումն ու ապագան: Բայց երբեք հայ գրքին չի տրվել արժանի ուշադրությունը: Ֆրանսիայում տարեկան հրապարակվող հայ գրքերի քանակը այնքան աննշան է (տարին մեկ-երկու, երբեմն` ոչ մի), որ հայերեն և օրգինալ հատորի լույս տեսնելը ինքնին մշակութային մի իրադարձություն է: Այս առումով, այդպիսի մեկ պարագա է Ալեքսանդր Վարպետյանի «Արփիական-Արևորդյաց Պարը» ստեղծագործության արևերես գալը: Եվ այդ մի շարք պատճառներով:

 

    Ալեքսանդր Վարպետյանը մասնագիտությամբ ճարտարապետ է, և իր գիրքը կառուցված է որպես մի շինություն, վասն որի շինարարը ներդրել է իր ողջ ունակությունները` հասնելու համար իր աշխատության կատարելությանը: Ա.Վարպետյանը միաժամանակ և’ պատվիրատուն է, և’ նախագծողը և’ շինարարը: Ամեն ինչ արված է իր ձեռքերով, խմբագրումը, մանրակերտը, շարվածքը, էջադրումը, պատկերները, տեքստերին կից նկարազարդումները: Եվ այս ամենը այնպիսի խնամքով, չափանիշերով և գեղեցկությամբ, որոնք կազմում են հայ գրքի բուն ավանդույթներին արժանի մի ամբողջություն:   Հեղինակը նախընտրել է իր ստեղծագործությունը անվանել «էպիկական քնարերգություն»: Մենք մեր կողմից բացահայտեցինք ճակատագրի, վհատության և տառապանքի ճիչ, բայց նաև իր ժողովրդի ապրած պատմությամբ ներշնչված հույս:   
     Ըստ էության բովանդակությունը աննկարագրելի է: Հարկ է տեսնել մեր տարեգության ողբերգական տարբեր շրջանները ոգեկոչող պատկերների հաջորդականություն: Էպոպեան պարունակում է յոթ մասեր (պարույրներ): Աշխարհի արարման առաջին մասից` բարի և չար զորությունների, ճշմարտի և կեղծիքի հայտնություններից, որոնք հակամարտում են արարելու համար մոլորակի պատմությունը, մինչև վերջին մասը, որն ավարտվում է լավատեսական երանգով. «իրիկնահովը ինչ-որ մի բարի խորհուրդ է սուլում…», վերապրում ենք մի բուռ հայկական երկրի ցավոտ տարեգրությունը: Խորապես ներշնչված ավանդույթներով, սովորույթներով, կենսափորձով և ժամանակն հաղթահարած առասպելներով, հեղինակը ուրվագծում է տառապանքի, պայքարի, վերածննդյան, ճակատագրի խորհրդանշական տեսարաններ և արծարծում հայ ինքնության և մարդկային պատմության մեջ նրա զբաղեցրած հարցականները: Արդյոք Աստծո նախախնամությո՞ւնն էր կրել այս ողբերգական ճակատագիրը: Այստեղ հեղինակի խորհրդածությունը հասնում է փիլիոսոփայական բարձրագույն չափության: Սիմվոլիկ այս պատկերներնում տեսնում ենք գաղափարների այնպիսի մի առատություն, երևակայության այնպիսի մի պոռթկում, ըստ որի` ինչպես գրում է Սիլվա Կապուտիկյանը. «երբեմն շունչներս կտրվում է գաղափարների այս հեղեղից»:     
 

   Վարպետյանի ձեռագիրը յուրօրինակ ոճ ունի, արձակն ու չափածոն, հանգավորված թե ոչ, հերթափոխվում են: Վստահ, լեզուն ամենահեշտը չէ. լարված ու հաստատուն ճգնանք է անհրաժեշտ ներթափանցելու և ընկալելու համար այս տիեզերքը, որտեղ իշխում է հաճախ անիրական թվացող այդքան սիմվոլիկ մթնոլորտ: Հեղինակը հղկել է իր բառարանը, միմյանց հաջորդում են գրական հազվագյուտ եզրեր ( հաճախ գրաբարյան) և բարբառային ձևեր` վստահաբար միտումնավոր, հասնելու համար տիպիկ հայկական արտահայտչականության:  
   Մեզ կարևոր է թվում ազդարարել, որ գիրքը հրապարակվել է հեղինակի միջոցներով*, ոչ մեկ կազմակերպություն, մշակութային միություն թե հայկական ակումբ չհամաձայեց թեթևացնել այս տաժան հանձնառությունը ( ինչը դառնությամբ արձանագրում է հեղինակը գրքի նախաբանում ): Սակայն ողջ դժվարություններով հանդերձ Ալեքսանդր Վարպետյանը կայացրել է ԻՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ: Նրա հաջողությունը կլինի կատարյալ այն օրը, երբ հայ համայնքի ամեն մի անդամ կկարողանա կարդալ և հասկանալ այն:    
   Այդ օր, հայ սփյուռքը լուծելու մեծ խնդրականներ այլևս չի ունենա:   
   
     Բարի քամի արևորդյաց:                                                                                                
                                                                                                       Ռոբերտ  ՏԵՐՄԵՐԳԵՐՅԱՆ
                                         
   *  Իրականում,  ողջ հայության մեջ Մեծ Եղեռինի 70-ամյակին նվիրված այս միակ ստեղծագործության ընդամենը 1000 օրինակով շքեղ հրապարակման համար հեղինակը, փողոցում հայտնվելու վտանգով, գրավադրել էր իր անձնական բնակարանը, որը բարեբախտաբար փրկվեց հիմնականում տպաքանակի արագ սպառմամբ ...