ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԱԽՏ
              Կցանկանայինք մի քանի հարց ուղղել որոշակի անձանց: Անուններ չենք տա, բայց հարցերի մեջ դրանց հասցեատերերը լավ էլ կճանաչեն իրենց: Ու քանի որ վստահաբար այդ հարցերը անպատասխան պիտի մնային հասցեատերերի կողմից` ինքներս էլ որոշակիորեն կպատասխանենք դրանց:

            Մեզ միշտ հետաքրքրել է այն, թե մեր ամենաբարձր իշխանական ու չինովնիկական անձինք իրենց խելքի, հմտությունների և ունակությունների քանի՞ տոկոսն են օգտագործում իրենց բուն գործառույթները իրականացնելու համար:  Թեև այստեղ հարցնելու բան էլ չկա. պետք է միայն արձանագրել` իրենց կարողությունների առնվազն 90 տոկոսը նրանք ծախսում են իրենց իսկ կարիերիստական ու վերարտադրողական հարցերը լուծելու համար:  Այդ 90-ն էլ դեռ քիչ ենք ասում, որպեսզի որևէ հնարավորություն չունենան հերքելու: Մի ճշտում էլ` վերոնշյալը ամենևին չի նշանակում, որ տվյալ անձանց խելքի, հմտությունների և ունակությունների մասին շատ բարձր կարծիք կա, իսկ ամենացավալին այն է, որ եղածի 10 տոկոսն էլ չի ծառայում ըստ նշանակության:

            Այդ ի՞նչ չբացահայտված ձգողական ուժի են տիրապետում մեր իշխանական կուսակցությունները, որ մեր հանրության “էլիտային” մշտապես անհաղթահարելի ուժով ձգում են դեպի իրենց:  Մի քիչ ֆիզիկա գիտենք, բայց բնության մեջ այդպիսի ուժ մեզ հայտնի չէ… գուցե՞ լավ դեպք է, որ մեր գիտնականները զբաղվեն այս երևույթով` ով գիտի, գուցե՞ մեծագույն հայտնագործություն անեն գիտության մեջ ու էլ ավելի մեծացնեն հայոց առանց այդ էլ մեծ ու անհերքելի փառքը ամբողջ աշխարհում… թե՞ այդպես չէ, մի՞ թե ամենախելոքը, ամենաուժեղը, ամենաազնիվը հայերը չեն, մի՞ թե աշխարհը հայերը չեն կառավարում, մի՞ թե աշխարհի թագավորների կեսից ավելին իրենց մեջ հայի արյուն չունեն, ու ինչքա՞ն բան ունեն հայերից սովորելու այդ թերզարգացած անգլիացին, ֆրանսիացին, գերմանացին, ռուսը, հրեան ու ճապոնացին: Իմիջիայլոց` այդ “էլիտա” (կամ` “էլիտար”)  բառը ամենևին էլ մեր պիտակավորումը չէ. դա որոշակի մարդկային տեսակի կողմից իրենց կամ իրենց արտադրանքին տրված բնորոշումն է:  Օրինակները շատ են, բայց հիշատակենք այդ “գլուխգործոցներից” միայն մեկը` “էլիտար երշիկ` անարատ հայ տավարի մսից”…  ա’յո, այսպիսի տխմար նախադասություններ ոչ միայն կազմվում են, այլև ի լուր աշխարհի հեռարձակվում հեռուստատեսությամբ:

            Ընդդիմադիր կուսակցությունները ինչո՞ւ են այսպիսի խեղճ ու կրակ վիճակում`  շատ մեղմ ենք արտահայտվում, քանզի գեղեցիկ չէ թույլերին լրացուցիչ անգամ հիշեցնելը, որ իրենք թույլ են: Այս էլ իհարկե չէինք ասի, եթե նրանցից շատերի մոտ տարածված չլիներ այդչափ պոռոտախոսությունը: Եվ իրոք անհասկանալի է, թե դա ինչու է այդպես, ու չգտնելով պատասխան, արդեն կարող ենք էզոթերիկ բաներ մտածել. գուցե՞ իշխանությունները մի “մոգ” կամ “շաման” են վարձել ու կախարդելով` անիծե՞լ են “ընդդիմություն” բառը: Այո, բայց եթե հարցը ընդամենը բառի մեջ է, կարելի է փոխարինել այն չէ՞` այնքա~ն բառեր կան… օրինակ, ի՞նչ վատ է` “փայմուրություն”: Նույն տրամաբանությամբ շարունակելով, “իշխանություն-ընդդիմություն” հարաբերությունը կարելի էր փոխարինել “փայտվություն-փայմուրություն” հարաբերությամբ, ինչը անշուշտ, ավելի ճշգրիտ կարտացոլեր իրերի բնույթը:

            Պակաս գոռոզամիտ, ինքնաբավ ու ինքնանպատակ չի մեր արդի մտավորականությունը…  ա’յո, նաև` մտավորականությունը: Այստեղ ցավն առանձնահատուկ մեծ է, ու ավելի լավ է շատ բան չավելացնենք… և ամենևին դյուրին չի լինի պատասխանել այն մարդկանց, ովքեր կհարցնեն. “Այդ դեպքում այս խոսքերն ինչի՞ համար են գրվում և ո՞ւմ են ուղղված”:

            Շատ կուզեինք ասել, որ բարվոք է վիճակը հոգևորականության շրջանում,  ու գուցե նրանցից գա մեր “բուժումն ու փրկությունը”… ավա~ղ, չենք կարող. բժշկի կարիք ունեցողը ինչպե՞ս բժշկի ուրիշներին:

           Այդ ինչո՞ւ եվրոպացին, ամերիկացին կամ չինացին ու նաև ռուսը, պիտի բարձր կարծիք կազմեն հայ ազգի մասին: Նրանք ո՞ւմ հետ են շփվում, ինչի՞ հետ են առնչվում, ի՞նչ են տեսնում իրենց աչքերով… խեղճ եվրոպացին հո չի՞ գալու Հայաստան, ընկնի դռնեդուռ, բոլորի հետ շփվի ու նոր միայն կարծիք կազմի այս ազգի մասին: Ու փառք աստծո, որ այդպես չեն կարող անել, քանզի ցավով արձանագրում ենք, որ դրանից կարծիքը հայ ազգի մասին չէր բարձրանա… վախենանք` նույնիսկ ցածրանար:

           Իհարկե կարող են ոմանք ընդդիմանալ, ասելով որ մենք տվել ենք Մաշտոց, Նարեկացի, Սայաթ-Նովա, Թումանյան, … իհարկե տվել ենք, սակայն բոլոր այդպես ասողները թող գնան իրենց իսկ թվարկած մեծերի գործերը նորից ուշադիր կարդան, եթե իհարկե երբևէ կարդացել են: Հենց այդ մեծերն են ամեն ձևով ու ամեն լեզվով բազմիցս զգուշացրել, որ այս ազգը ներսից է փչացած ու շարունակում է փչանալ, ու ոչ մի Արտաքին միջոց, ոչ մի Եվրոմիություն, ոչ մի Արիական ծագումնաբանական տեսություն ու առավել ևս` ոչ մի Ազատ շուկա կամ Ռուսական կայսերատիրություն մեզ չի փրկի… հիվանդությունը ներսից է` ներսն էլ պետք է բուժել:

            Մի թե տարրական չէ այն ճշմարտությունը, որ հիվանդությունը բուժելիս նախ պետք է բուժել պատճառը` նոր զբաղվել հետևանքներով: Անընդունելի է այն կարծիքը, որ մեր ազգը ծեր է. հիվանդ` ա'յո, բայց ո'չ ծեր… քանզի ազգը դա հոգևոր գոյացության պես մի բան է` այն կարող է կործանվել, բայց ծերանալ` երբեք: Վերլուծելով շատ երևույթներ, կարելի է դաժան հետևություն անել, որ այս ամենը հետևանք են մեր հանրության բացառիկ բթացման ու այլասերման… բայց փառք աստծո, սրանք էլ չեն հիմնապատճառը ամեն ինչի, այլապես ոչ մի բուժում մեզ չէր փրկի: Մեր Բթությունն ու Այլասերությունը հետևանք են մեր ազգի տևական Ստրկամտության… Ազատագրում, Ազատագրում Ստրկամտությունից` ահա ինչն է պակասում յուրաքանչյուրիս և բոլորիս` ազգովի, ահա թե ինչից պետք է սկսել ամեն մի բուժում: Կարողացանք սպանել մեր միջի ստրուկին` ազատագրման հնարավորությունը կստանանք, չկարողացանք` խոսքերն ավելորդ են ...

            Հնարավոր թյուրիմացությունները կանխելու համար մի քանի հավելում. այն, որ ասվում է բթացում, ոչ մի կապ չունի ո’չ քառակուսի հավասարում լուծելու և ո’չ էլ ոտանավոր արտասանելու ունակության հետ, իսկ այլասերություն ասվածն էլ չի նշանակում անպայման սեռական այլասերություն, շատ ավելի վտանգավոր այլասերություններ էլ կան: Ինչ մնում է ստրկամտության պարագային, հուսով ենք, որ ոչ մեկը չի մտածում, որ եթե մեկը ունի որևէ դրոշ և օրհներգ ունեցող երկրի անձնագիր, ապա դա բավարար է, որ տվյալ մարդը, ու առավել ևս` տվյալ երկիրը ներկայացնող ամբողջ ազգը, լինի ազատամիտ:

            Այնպես որ` "կոսմետիկ" միջոցառումներով որևէ էական արդյունքի հասնել հնարավոր չէ: Անհրաժեշտ է ախտորոշել բուն հիմնախնդիրները, մշակել ու մշտապես կատարելագործել դրանց լուծման հստակ մեթոդոլոգիա և որ շատ կարևոր է` լինել հաստատակամ ու հետևողական:
  Մ. Ս. 10 դեկտեմբերի 2007 թ.