Eutyun
ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
                               ԷՈՒԹՅՈՒՆ-ԷԻԶՄ                                                                                           
 
 
   

                             ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ՎԻՃԱԿ

                                                               (Էութենական կամ «Է» գիտակցություն )
                                                                                                    «Այն նպատակը, որին ձգտում է ամեն մի գոյ,
                                                                 
                 համապատասխանում է նրա էությանը»
(Արիստոտել):

     Գիտակցություն, ենթագիտակցություն, անգիտակցություն, ինքնագիտակցություն, գեր/վերգիտակցություն, «Քրիշնա գիտակցություն», «Գայա գիտակցություն» և նման բնորոշումները վերաբերում են գիտակցության տարբեր մակարդակներին (ըստ որոշ հոգեբանների դրանք իբր 8 են, գլխուղեղում համապատասխան գոտիներով), տարբեր ձևավորումներին ու նաև որդեգրած աշխարհայացքին, գաղափարախոսությանը կամ հավատամքային համակարգին: Եվ որքան էլ դրանք պայմանավորված են բանականությամբ, այդուհանդերձ տարբեր են դրանից, համապատասխանելով բանականության տարաչափ մակարդակներին: Այդպես, պարզագույն բանականությամբ օժտված են բարձրակարգ կենդանիներն ու մինչև 3 տարեկան երեխաները, սակայն գիտակցությամբ՝  ոչ:
     Նույնը նաև գիտակցության վերաբերյալ: Օրինակ, հոգեբանության մեջ ինքնագիտակցությունը բնորոշվում է որպես սովորական գիտակցությունից վեր հասունության այլ մեկ աստիճան: Զի, տարրական գիտակցություն ունենում են անգամ ավագ մանուկները, մինչդեռ ինքնագիտակցություն՝  հասուն անհատներն ու համայնքները (օրինակ, ազգ  բարձրագույն կարգավիճակը պայմանավորող «ազգային ինքնագիտակցությունը», մինչդեռ «կոլեկտիվ ենթագիտակցությամբ օժտված են բոլորը ): Այն ակնկալում է սեփական անձի հանգամանալից գիտակցումը այլոց, բնության կամ տիեզերքի հետ հարաբերակցություններում: Մինչդեռ, ի տարբերություն ենթագիտակցության, գերգիտակցությունը ակնկալում է այլազան ինֆորմացիաների չգիտակցված տիրապետում, ինչը կարող է դրսևորվել բնազդի, կանխազգացության կամ ինտուիցիոն կռահումների ձևով: Զի, մենք միշտ էլ ավելին «գիտենք» կամ ընկալում են մեր ընդունիչները՝  քան գիտակցում ենք: Այսինքն՝  այն  թափանցում է բանականության թե գիտակցության ոլորտ:

   Ինչ վերաբերում է խորագրին, ապա այն նեղ իմաստով և որոշ դեպքերում օգտագործվում է որպես գիտակցության կամ ուշադրության մտասևեռում այս կամ այն երևույթի վրա, դատողական միտումնավոր շեղումներ թե հակադարձումներ, իսկ ավելի ընդհանուր՝  աշխարհընկալման այլ մեկ տեսակետ կամ մակարդակ: Հասկանալի է, որ վերոնշյալ բոլոր բնորոշումներն էլ կարող են որակվել որպես գիտակցության փոփոխված վիճակներ, ըստ էության կապված մարդու և մասնավորապես նրա հոգևոր ու բանական էվոլյուցիայի հետ:
   Ըստ էիզմի, երևութական, գաղափարական և էութենական իրականությունները ակնկալում են գիտակցության տարբեր, վերաճային և փոփոխված վիճակներ, համապատասխան հոգևոր եռահարկ կառույցի զգայական-բանական-ոգեկան հասունությանը (այս բնորոշման մեջ բնազդներն անտեսվում են, որպես անգամ  կենդանիներին տրված հատկանիշներ ): Ինչպես հոգևոր եռահարկ ոլորտները, երևութական, գաղափարական և էութենական իրականությունները  ռուսական «մատրիոշկաների», ֆիզիկական չափությունների թե սոխագլխի կճեպների պես ներամփոփված են միմյանց մեջ, բայց ընկալվում են որպես միասնական, ուստի դժվար են զանազանվում: Այնինչ, էիզմը ակնկալում է գիտակցության այլ մեկ վիճակ ու մակարդակ և համապատասխանում վերին՝  եռահարկ հոգեկառուցվածքի ոգեկան ոլորտին և էութենական իրականությանը: Այստեղ անհրաժեշտ են հանգամանալից գոնե մի քանի մեկնություններ:

    Հայտնի է, որ նյարդաբանությունը գլխուղեղի աջ կիսագնդին վերագրում է զգայնականության, ինտուիցիայի, ստեղծագործական ընդունակությունների, աշխարհի ամբողջական ընկալման, այլասիրության, ոգեղինության ու նման հատկանիշներ, իսկ ձախ կիսագնդին՝ լեզվի, վերլուծական տրամաբանության, հաշվարկների, իսկ ընդհանրապես՝  իբր ռեալիզմ, պրագմատիզմ ու էգոցենտրիզմ:    
   Այնինչ, արդի նեյրոհոգեբանությունը արևմտյան քաղաքակրթությունները բնորոշում է առավելաբար դոմինանտ ձախ կիսագնդի արտադրանք, իսկ հին ու արևելյան քաղաքակրթությունները՝  ռեցեսիվ աջ կիսագնդի: Հասկանալիորեն դրանց համապատասխանում են որոշակի հավաքական գիտակցություններ: Ըստ որում, արևմտյան քաղաքակրթությունները բնորոշվում են որպես առաջատար ու զարգացած: Սակայն նկատի առնելով ժամանակակից մարդու խիստ «ուրբանիզացումը», տեխնոկրատացումը, ինֆորմատիզացումը, պրագմատիզմը և կեցական, տնտեսական ու հոգեբանական լուրջ ու հիվանդագին խնդիրները, արդ կոչ է արվում հավասարակշռել գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերը, իմա՝  համադրել արևմտյան և արևելյան, այդու նաև հին և նոր քաղաքակրթությունները: Եվ այդ վասն Բանական մարդու ու նրա կեցության ոգեղինացման, բնականոն հարաբերակցության, անհատ-հասարակություն, բնության ու տիեզերքի հետ ներդաշնակության ու ամբողջացման: Մի հանգամանք, ինչը դիալեկտիկական պարույրի կամ «կոնվեկցիոն շրջանառության» բերումով կատարվել է պարբերաբար, և արդ ընթանում է ինքնաբերաբար: Այդու, բնականաբար գիտակցության այլ մեկ, վերաճային, իմա՝  փոփոխված վիճակի ձևավորմամբ: Ըստ այդմ, գլխուղեղի աջ կիսագնդի գործառույթը և համապատասխան արևելյան քաղաքակրթությունները որակվում են որպես մարդկության մանկություն, իսկ արևմտյան քաղաքակրթությունները՝  երիտասարդական տարիք և զգայականից  բանականության վերաճ:
 
 
  Որքան էլ ճշմարտամոտ, այստեղ կան լուրջ թերիմացություններ: Զի, գլխուղեղի  կիսագնդերին համապատասխան մարդկային հոգևոր կառույցը ընդունվում է որպես միայն երկոլոտ, անտեսելով երրորդ՝ ոգեկան ոլորտը, իր համապատախան էութենական իրականությամբ: Այդուհանդերձ, մարդու գլխուղեղում արդի նեյրոբիոլոգիան որոնում է «ոգեղինության գեղձը» կամ գոտիները: Ըստ մեզ, այն չի գտնվի: Զի, որքան էլ հոգևոր վերելքների ընթացքում ակտիվանում են գլխուղեղի որոշ տիրույթներ, բուն ոգեղինությունը հավակնում է լինել աջ և ձախ կիսագնդերի համադրմամբ ֆունկցիա-գործառույթ: Այնպես, ինչպես էլեկտրոէներգիան՝ գեներատորներում կամ երաժշտությունը դաշնամուրների մեջ, սակայն միմիայն դրանց գործունեության ընթացքում: Առանց այդ դրանք այնտեղ կարծեք գոյություն չունեն կամ կան  որպես «պոտենցիալ»: Այնինչ, կեցության մեջ հոգևոր եռոլոտ զգայական-բանական-ոգեկան կառույցը արտահայտվում է ի դեմս արվեստների, գիտությունների և հավատամքների: Ըստ որում, մարդկային հոգեգործունեությունը հիմնականում ձևավորել են հավատամքները !!! ( իմա՝ «Ի սկզբանէ էր...ոգի-Էությունը»: 12000 ամյա մարդկային առաջին քարակերտ կառույց, Գյոբեկլի թեփե հսկա տաճարը վկա)...                                    

   Այսու, բացատրվում են նախնյաց շատ դիպուկ տիեզերական կռահումները, ինտուիտիվ, առանց բարձրագույն մաթեմատիկայի կամ ժամանակակից գիտությունների իմացության, ինչպես նաև արդի գիտական պրպտումներում ինտուիցիայի անժխտելի դերը: Իսկ ընդհանրապես, արվեստի գլուխգործոցների զգայականորեն հագուրդ, բանականորեն իմաստուն և ոգեղինորեն աստվածային անխախտելի ամբողջականությունը, ըստ հոգի-ներաշխարհի եռոլոտ կառույցի:  
   Ահա, վերոնշյալ բոլոր առումներով, գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերի և արևելյան ու արևմտյան քաղաքակրթությունների ներդաշնակումը ոչ այնքան պարզ համադրում է՝ որքան ըստ այդմ հոգևոր էվիլյուցիոն վերաճ, բանականությունը՝  նրա միջանկյալ աստիճանը, համապատասխան դիալեկտիկական պարույրին կամ «կոնվեկցիոն շրջանառությանը»: Ըստ այդմ, հոգևոր վերաճը դեպի ոգեկան ոլորտ և էութենական իրականություն անխախտելիորեն անցնում է բանական ոլորտի ընդմիջով: Այլ խոսքով, նոր ոգեղինությունը և համապատասխան էութենական իրականությունն ու գիտակցությունը ակնկալում են բարձր ինտելեկտուլիզմ, էրուդիցիա և գիտաբանական բազա: Նույնը նաև իրենց սպառած հավատամքային համակարգերի պարագայում, ինչպիսինը ակնարկում էր իրեն «խորապես հավատավոր անհավատ» համարող Ա. Էյնշտեյնը, ակնկալիք հավատամքը անվանելով ինչ-որ առեղծվածային «տիեզերական կրոն»:  

   Փորձենք այս ամենը ներկայացնել ավելի մատչելի և իրական օրինակներով:  
   Մատերիալիզմի խիստ բանական հիմքով մարքսիզմը արևմտյան քաղաքակրթության ծնունդ էր, հիմնված անգլիական տնտեսագիտության, ֆրանսիական ուտոպիստական սոցիալիզմի և գերմանական կլասիկ փիլիսոփայության վրա: Այսուհանդերձ, տարբերակվում էին տնտեսահասարակական «Բազիս» և հոգևոր «Վերնաշենք» ինստանցիաները, վերջինս՝ «հասարակական գիտակցության որոշ ձևերով» (Կ. Մարքս):  Ըստ այդմ, ստեղծվեց հավատամքները ժխտող համապատասխան գաղափարախոսություն, հասարակություն, լավ թե վատ քաղաքակրթություն և համապատասխան գիտակցություն, ձգտելով Homo sovetikus-ին դաստիարակել ապագա «կոմունիստական մարդու» կերպարով ու գիտակցությամբ ( երևույթը այլաբանորեն բնորոշվում էր որպես «ուղեղների լվացք» ): Եվ որքան էլ առաջադեմ Homo sovetikus-ը էրուդիտ էր, բանական ու գիտական, ժխտելով հանդերձ հավատամքը ձեռք էր բերել որոշ ոգեղինություն, առավելաբար հոգեբարոյական երանգավորմամբ: Այսինքն այն, ինչին օրինաչափորեն պիտի հասցներ վերին բանականությունը, գաղափարական իրականությունն ու մատերիալիստական գիտակցությունը, հասնելով մինչև վերին ոգեղինության ստորին սահմանագիծ: Եվ բնականաբար այդ համակարգը պիտի փլուզվեր, ոչ այնքան սոսկ տնտեսական կամ էթնիկական պատճառներով, որքան «ընկեր թե պարոն X»-ի իբր ոչ բավարար հասունության: Մինչդեռ, նախ նույն հասարկությունը դիմացել էր տնտեսա-կեցական շատ ավելի ծանր պայմաններին, իսկ համակարգի փլուզումը իրականացրին ոչ այնքան զանգվածները՝  որքան հենց ըմբոստացած մտավորականությունը, որը կորցրել էր հավատ այդքան խոստացյալ «լուսավոր ապագայի» նկատմամբ: Մինչդեռ, նյութապաշտական գաղափարաբանությամբ այդ հասարակարգը սկզբունքորեն ավելի ոգեկան էր՝  քան իդեալիստական գաղափարաբանությամբ նյութապաշտական Արևմուտքը: Եվ ոչ պատահականորեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գրական շուկան հեղեղվեց էզոթերիկ, արևելյան հավատամքների ու իմաստությունների ծով գրականությամբ, միմյանց հետևից սկսեցին լույս տեսնել «Կրոն և գիտություն» և նման հանդեսներ, մինչդեռ երբեմնի կուսակցական համակարգը միանգամից... «քրիստոնեացավ»:                     

  Նկատենք, որ անգամ Արևմուտքում ոչ սակավաթիվ գիտական այրեր, գիտության մեջ վերին ոգեղինություն չգտնելով թաքուն-բացահայտ հակվում էին դեպի հավատամքները: Մինչդեռ Վատիկանը և անգամ տիբեթյան բուդդիզմը ի դեմս անձամբ Դալայ-լամայի (XIV-րդ) «սիլի-բիլի» են անում գիտական աշխարհի հետ, իսկ արևմտյան և երբեմնի համայնավարական հասարակություններում ինքնաբերաբար փորձեր են արվում ձևավորելու գիտահավատամքային նոր համակարգեր (դիանետիկա, սիանտոլոգիա, ինչպես շատ ավելի վաղ թեոսոֆիան, անտրոպոսոֆիան և այլեր ): Զուգահեռաբար փորձվում է գերիշխող կրոնների և էզոթերիկ տարբեր դպրոցների համադրմամբ ստեղծել համամարդկային ու ժամանակակից նոր մի կրոն:

  Այս ամենը ոչ այլ ինչ են, քան՝  համամարդկային հոգևոր հասունացման, գիտության և կրոնների հակադրության չեզոքացման կամ գոնե մերձեցման, միաժամանակ արևելք-արևմուտք, իդեալիզմ-մատերիալիզմ դիալեկտիկական համադրման և ընթացող գլոբալիզացիա-ամբողջացման հետ կապված, ժամանակակից մարդու հոգևոր պահանջներին համապատասխան նոր մեկ աշխարհայացքի և համապատասխան գիտակցության խմորումներ: Պատմական նման գործընթացներ մեծ և փոքր շրջաններով կատարվել են պարբերաբար: Այդպիսի բուռն մի շրջան էր մ.թ.ա. 7>6-րդ դարերում միանգամից մի շարք հավատամքային համակարգերի՝  հինդուիզմի, բուդդայականության, հուդայականության, զրադաշտականության, միհրականության, դաոսիզմի, կոնֆիցիուսականության, ինչպես նաև հունական անտիկ փիլիսոփայության և արևելյան մատերիալիստական այլ հոսանքների սաղմնավորումները: Նկատենք, որ նման «հավատամքային շքերթ» հաճախ չի լինում: Միայն դրանից 5-6 դարեր հետո ծնվեց քրիստոնեությունը, մոտավորապես այդքան էլ մինչև մահմեդականության սկիզբը, բնականաբար բոլորն էլ իրենց համապատասխան աշխարհայացքով և հավաքական գիտակցությամբ:      

   Այժմ, նոր հազարամյակի և Ջրհոս դարաշրջանի նախաշեմին, գիտությունների և մասնավորպես տիեզերագիտության բուռն զարգացմամբ, հանուր մարդկության հոգևոր հասունացմամբ և հատկապես զարգացած երկրներում հավատամքների զգալի խամրմամբ, առաջացել է ժամանակակից մարդու պահանջներին հարիր նոր մի աշխարհայացքի և գիտահավատամքային համակարգի բնականոն անհրաժեշտություն: Եվ ինչպես վերևում նշվեց, ինքնաբերաբար կամ էվոլյուցիայի բերումով նման բոլոր խմորումները դրա դրսևորումներն են: Զուտ գիտական առումով արդեն որոշ ժամանակ է, ինչ որոնվում է ինչ-որ Theory of evrithing - Ամենայն Ստեղծի Տեսություն, սակայն միմիայն ֆիզիկական տիեզերքի վերաբերյալ: Բազմաթիվ այլ պրպտումների մեջ, Էություն-էիզմ բնորոշմամբ, 1995թ. այդպիսի տեսություն հրապարակեց հենց «ԷՈՒԹՅՈՒՆ» -Ազգային Իմաստության Տաճարը: Այն համադրում է դիցահավատամքային հնագույն համակարգերը, անցնելով անտիկ, դասական և ժամանակակից փիլիսոփայություններից մինչև գիտական, ամենատարբեր և ամենավերջին բացահայտումները: Էություն-էիզմը իր հիմքում ունի բուն հայկական և մ.թ.ա.3>2-րդ հհ ողջ Առաջավոր Ասիայում համատարած Է(Էություն )-Էա-Հայա իմաստուն, ձկնակերպ ծովաստվածության դիցահամակարգը իր տարբերակներով, որոնց ածանցյալներն են համամարդկային համարյա բոլոր նշանակալից կրոնները և անգամ փիլիսոփայական հասկացությունները ( հնդկ. Բրահման, չին. Դաոն, պլատոնյան «էյդոս»-նախագաղափարները, արիստոտելյան կվինտեսենցիա- հնգէությունը և նրա Էություն (և երևույթ) հիմնական կատեգորիան, էզոթերիկ Essence-Էություն-Հայր Աստվածը, Է. Հուսեռլի «էյդետիկա» և անգամ ժամանակակից Essence ամերիկյան հոսանքը): Այսուհանդերձ, այն որպես Է-Էություն Հայր Աստված և գերաստված մնացել է միմիայն հայ առաքելական եկեղեցում, որպես դեռևս Մեծամորյան և այլ ժայռապատկերներին դաջված զուտ ազգային ժառանգություն: Մինչդեռ, 1995թ. հրապարակումից հետո Էություն-էիզմ ուսմունքը շարունակում է ամրագրվել, հաստատվել, լրացվել, խորանալ ու ընդլայնվել գիտական և տիեզերագիտական ամեն մի բացահայտման հետ, անվերջ առաջ ընկնելով դրանցից և համաշխարհային նման ու բավականին մերձակից որոնումներից:                                                                                

   Էիզմը առանց որևէ ջղաձգության ու բռնի «ամուսնության» լուծել է դարեր ի վեր իդեալիզմի և մատերիալիզմի կռվախնձոր «փիլիսոփայության հիմնական հարցը»: Ո՛չ թեիզմ, ո՛չ աթեիզմ՝ այլ պարզապես էիզմ: Դրանց ընդհանուր հայտարարը: Այն մշտապես հին և տիեզերքի հետ անվերջ վերանորոգվող գիտահավատամքային բաց համակարգ է, ֆիզիկական տիեզերքի հետ համադրելով այդքան անտեսված ու դժվար պատկերացվող հոգևոր Տիեզերքը (այն ևս կարծեք չկա, ինչպես երաժշտությունը՝ դաշնամուրի մեջ, կամ գաղափարները մեր գլխուղեղում...  ): Այնպես՝  ինչպես մարդկային մարմինն ու հոգին, հոգի-ներաշխարհի եռահարկ զգայական-բանական-ոգեկան ոլորտները, համապատասխան երևութական-գաղափարական-էութենական իրականությունները կամ երկրի ֆիզիոսֆերա-բիոսֆերա (կենսոլորտ )-նոոսֆերա (ներոլոտ ) նույնպես եռահարկ կառույցը:
 

    Բնականաբար, այդպիսի դարակազմիկ աշխարհայացք միանգամից չէր կարող ընդունվել, երբ այդքան մարդասիրական ու մատչելի քրիստոնեությունը 6 դար պահանջեց որպես ձևավորված կրոն հաստատվելու համար, և երբ արդեն  արագացված ժամանակներում ու տնտեսա-հասարակական նպաստավոր պայմաններում «Կապիտալ»-ից և «եվրոպական ուրվականից» հետո 1847թ. Մարքս-Էնգելսի կողմից հիմնված կոմունիստական կուսակցությունը (Կոմունիստների միությունը ) 5 տարի հետո լուծարվեց «ժամանակների ոչ հասունության» պատճառով, կյանք առնելու համար կես դար հետո: Բնականաբար, տվյալ դեպքում այդպիսի դարակազմիկ աշխարհայացք ակնկալում է համապատասխան գաղափարախոսություն, հասարակարգ, գիտակցությունը կամ՝ լայն առումով, նոր մի «գիտակցության փոփոխված վիճակ», ինչը ավանդույթների պահպանողական հզոր իներցիայի առկայությամբ լայն զանգվածների համար դեռևս վաղ է: Այդուհանդերձ, հասուն անհատների ու շրջանակների համար բավականին հասու: Հատկապես նկատի առնելով զարգացած երկրներում համամարդկային նման բուռն խմորումներն ու գիտակցական հասունացումները:   
   Ուստի, այստեղ մենք պիտի կարողանանք գոնե ուրվագծել այդ «գիտակցության փոփոխված վիճակի» մոտավոր բնութագիրը և մի քանի առանձնահատկությունները, ինչպես նաև ջանալ մեկնաբանել, թե ի՞նչ կարող է այն տալ Բանական մարդուն և մարդկությանը:   

   Նախ ջանանք հարաբերակցության կարգով լուսաբանել վերջին հանգամանքը:      
   Իսկ ի՞նչ են տվել մարդուն և մարդկությանը հոգևոր էվոլյուցիան և համապատասխանաբար նրանց անձնական և հավաքական «գիտակցության փոփոխված վիճակները»: Ավելի որոշակի՝ միջագետքային, հին հունա-հռոմեական, հնդարիական, չինական թե այլ հոգևոր ձեռքբերումներն ու իմաստությունները, միջնադարյան Վերածնունդը, դասական փիլիսոփայությունը և ի վերջո գիտությունների հարաճուն բացահայտումները, իրենց «գիտակցությունների փոփոխված վիճակներով»:

  Առավել ցայտուն ներկայացնելու համար՝  նեանդերթալցուց մինչև Homo sapinens և Homo sapiens sapiens: Բնականաբար՝  այլ կեցաձևեր, լինելիության ավելի ու ավելի գունեղ, բովանդակալից ու արարչական իմաստավորում: Զի «Կեցությունն է բնորոշում բանականությունը» էնգելսյան թեզը ճիշտ է թերհաս գոյաձևերի համար, մինչդեռ հասունների համար այդ «Բանականությունն է բնորոշում կեցությունը»: Ավելի ստույգ՝ գիտակցությունը:   
   Տարակուսանքից վեր է, որ բանականորեն հասուն և գիտակից անձինք ոչ միայն առավել արդյունավետ են կազմակերպում իրենց կյանքը՝  այլև առավել իմաստալից և հոգեբանորեն անհամեմատ հագուրդ: Վիճակագրորեն հաստատված է նաև, որ ցածր IQ  ( ինտելեկտուլ գործակից ) ունեցող անձինք ավելի դժբախտ են լինում, թեև ընդունված է, որ հիմարները պակաս են տառապում ու պակաս դժբախտ են: Մինչդեռ, հարուստ ներաշխարհով օժտված անհատները մեկ կենսաժամանակում կարող են 7 կյանք ապրել, այն էլ առավել բովանդակալից, հագուրդ, արարչական ու բերկրալի: Այնպես՝ ինչպես մարդկային մարմնի և գլխուղեղի էվոլյուցիան չի ընթացել ծավալների մեծացմամբ, այլ ներշրջմամբ ու բովանդակության կատարելագործմամբ: Մարմնի պարագայում՝ գլխուղեղի, գլխուղեղի պարագայում՝  կազմաբանության ( ծալքեր, կորտեքսներ), իսկ ավելին՝  նեյրոնների ու դրանց հարակցությունների: Եվ ոչ պատահականորեն արդի նեյրոբիոլոգիան մարդու գլխուղեղը բնորոշում է որպես նրա էությունը (իրականում՝ ֆունկցիա-գործառույթը. www.eutyun.org/S/E/Neyro/Neyro.htm):     
   Որոշ հարաբերականությամբ նույնը կարելի է ասել նաև զարգացած հասարակությունների և ազգերի մասին, որոնք գտնվելով հանդերձ գլխուղեղի ձախ կիսագնդի տիրապետության տակ և սոցիոհոգեբանական ջղաձգություններում, էվոլյուցիայի բերումով, ինքնաբերաբար ու գիտակցաբար հակվում են դեպի ոգեղինություն, հոգևոր և արևելյան արժեքներ ու իմաստություններ: Իսկ այդ ամենը ակնկալում են թե՛ նոր աշխարհայացք և թե՛ նոր «գիտակցության փոփոխված վիճակ»:        
  Իսկ եթե այսքանից հետո փորձենք «ի՞նչ կարող է տալ մարդուն «Է» կամ էութենական գիտակցությունը» հարցին տալ առավելագույնս պարզ պատասխան, ապա պիտի հարցն հակադարձեինք այսպես. իսկ ի՞նչ կտար Ճոննաթան ճային աերոդինամիկայի օրենքների, համառ իր ջանքերի իմաստի և սքող հնարավորությունների գիտակցումը....     
  Եվ հենց այդ է հավակնում լինել Էություն-էիզմ ուսմունքի և «Է» էութենական գիտակցության պարագան:            
    Այժմ, ավելի որոշակիորեն դրա մի քանի առանձնահատկությունների վերաբերյալ:   
     ա) -  Էութենական գիտակցությունը ակնկալում է հոգևոր այն բոլոր բարձրագույն հատկանիշները, որոնք մարդկությունը ձեռք է բերել էվոլյուցիոն ձիգ հազարամյակների ընթացքում: Սակայն, առավել գիտակցված, համադրված, մեկ աստիճան բարձր և որակական նոր հատկանիշներով: Հարկ է նշել, որ դրանք նախ դրսևորվում են հատուկենտ անհատների մոտ, մինչև ավելի ու ավելի զանգվածաբար արտահայտվելը, ինչպես օրինակ տաղանդը, հասուն բանականությունը, ստեղծագործական ունակությունները թե քաղաքակրթական որակները ( կամ համաբանորեն բնական «նմուշային» գոյաձևերն ու արտադրական մոդելները... ): Եվ միշտ չէ, որ դրանք գիտակցվում են, ինչպես Homo sapinens-ը և անգամ ժամանակակից  մարդը չեն գիտակցում, որ վաղուց թևակոխել են գաղափարական իրականություն և արդ հիմնականում գոյում են այդ իրականության մեջ (ավելին տե՛ս «Հայտնություն» հատորում, Երևան-2006 թ.): 

     բ) - Եթե «Քրիշնա գիտակցությունը» հիմված է bhakti yoga-ի և սևեռված է Աստծո սիրո վրա («Բհագավատ գիտա»), ամբողջովին ոգեղեն է, ոգեղինության 4 սյուներով ( վշտակցություն, զսպավածություն, ճշմարտասիրություն և անաղարտություն), իսկ գիտական և էկոլոգիական հիմքերով արդ առաջարկող «Գայա գիտակցությունը» քարոզում է Երկիր-մարդ միասնությունը (Գայա-հուն. երկրաստվածուհի, Այա նախամոր հոլովմամբ...), ապա «Է» կամ էութենական գիտակցությունը որդեգրել է «Մենք ու Տիեզերքը մի ենք» համատիեզերական սկզբունքը: Այլ մեկ բնորոշմամբ.          
  «Տիեզերքը արարել է մեզ՝  մենք վերարարում ենք Տիեզերքը»:                        

   Սակայն ի տարբերություն արդ այդքան որոնվող ու հորջորջվող, առավելաբար ինտուիտիվ, էզոթերիկ ու սոսկ հավատամքային հոսանքների, կամ որոնվող համամարդկային մեկ համադրված կրոնի, «Է» կամ էութենական գիտակցությունը արմատապես հենված է բազմաճյուղ-բազմաբնույթ գիտությունների և մասնավորպես արդի տիեզերագիտության ու դեռ «տեսական ֆիզիկայի» վրա, այդուհանդերձ պահպանելով վերին՝  գիտակցված ոգեղինության բոլոր հատկանիշները:     
   Այն են. ֆիզիկական և հոգևոր Տիեզերքի ամբողջագիտական իմացության, հոգևոր եռահարկ ոլորտների, մարդկային ողջ կենսափորձի և ամենայնի ընդհանրական ընկալումը: Ըստ որում, այդ ամենը մարդու, բնության և տիեզերքի հարաճուն ճանաչողությանը զուգահեռ և համապատասխանաբար «գիտակցության փոփոխվող վիճակներով», մինչև մարդու և տիեզերքի կիբեռնետիկական՝ ըստ համակարգերի նպատակահարմարության, ենթադրյալ «վերջնական վիճակը»:  
    Վերոնշյալ առումներով, բարձր գիտակցությամբ օժտված գոյակը էութենական սկզբունքով է ընկալում թե՛ մարդկային ու համամարդկային բոլոր գործընթացները, դեռևս անկատար մարդկային զեղումները, զանգվածային  հակամարտությունները, անհատական կամ երկրային աղետները, և թե՛ գաղափարական, աշխարհայացքային կամ հավատամքային տարաձայնությունները, որպես պարբերական տարանջատում-ամբողջացումներով, տարբերակում-ընդհանրացումներով, առաջընթաց-նահանջներով «ֆլուկտուացիոն» խմորումներ և համատիեզերական մեկ գերթեմայի ընթացիկ «վարիացիաներ»: Իսկ այդ նրան օժտում է հանդուրժողականությամբ, ողջամտությամբ, վստահությամբ, լավատեսությամբ և հավատով ապագայի, մարդկության «վերջնական վիճակի» և ընդհանրապես «Աստծո ծրագրի» ու հոգևոր արժեքների նկատմամբ: Եվ այդ, ոչ թե սոսկ ներքին կամ ինտուիտիվ հավատով՝  այլև ճանաչողությամբ, վերլուծա-տրամաբանական դատողականությամբ և համատիեզերական գիտակցությամբ:   

   գ) -«Է» գիտակցությունը բնականորեն համադրում է նաև արդ այդքան որոնյալ գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերի գործառույթները, սակայն «մեկ պարույր» կամ «շրջապտույտ» բարձր, որպես ակնկալիք ապագա «գերմարդու» կամ պարզապես Homo spiritus-ի սաղմնավորում (ավելի հանգամանալից՝ առայժմ անտիպ «Ձեր գլխուղեղը» տրակտատում ): Այն միաժամանակ վերառում է գենետիկական ինֆորմացիաները և «կոլետիվ ենթագիտակցությունը», ամրագրում ինքնությունը, ինքնագիտակցությունը և թափանցում գերգիտակցություն, մոդելավորելով տաղանդավոր, գիտակից, բնազանց համարվող բազում և այլազան ունակությունների տեր անհատներ: Հանգամանք, ինչը ապահովում է նրանց հասարակական կայացումը և հոգևոր էացումը տիեզերական «վերջնական վիճակի» ճանապարհին: Մասամբ համաձայն Քրիստոսի «ես եմ և՛ճանապարհը, և՛ ճշմարտությունը, և՛ կյանքը» դոկտրինային՝ առանց քրիստոնեությանը հարելու կամ սկզբունքորեն այն ընդունելու պայմանի: 

   դ) - Այս ամենը ենթադրում են արարչագործություն: Այսինքն, Աստծո «արհեստի» ավելի ու ավելի յուրացում, այսինքն աննկատ «աստվածացում» կամ գալիք գերմարդու թե աստվածամարդու սաղմնավորում, մինչև «վերջնական վիճակ», այսինքն՝  վերին գերԷության մեջ տարրալուծումը: Գիտակից ստեղծագործողներին քաջ հայտնի է, որ մինչև երևակվելը ցանկացած արարչագործություն նախ սկսվում է ինչ-որ միգամածություններից, այսինքն՝  ստեղծագործության էությունից: Այն, ինչն էլ  կազմելու է դրա հիմքը, բուն իմաստն ու բովանդակությունը, խորհուրդը խորին և ինֆորմացիոն-էներգետիկ զորությունը: Իսկ դրա գիտակցում էլ ստեղծագործողին հաղորդում է ներշնչանք, ինքնավստահություն նպաստում առավել դիպուկ, նպատակային ու արդյունավետ օգտագործելու իր արարչական ունակությունները, առանց ծախսվելու չորրորդական մանրուքների և երևութական պատրանքների վրա: Ու նաև այս առումով է Աստված ( կամ եթե կուզեք Տիեզերքը) մարդուն ստեղծել ոչ թե իր պատկերով ( իմա՝  երևույթով)՝ այլ  հենց իր աստվածային էությամբ: Այստեղից էլ այլորեն միկրոկոսմոս-մակրոկոսմոս զուգորդումն ու համաբանությունը և «տիեզերամարդ» թե «աստվածամարդ» բնորոշումները ( նախնիք այդ տիեզերքն էին պատկերացնում մարդու կերպարանքով, որտեղից բնական տարրերի ու կուռքերի պաշտամունքից հետո մարդակերպ աստվածությունների ծնունդը... ):   

  ե) - «Է» կամ էութենական գիտակցությունը ակնկալում է միաժամանակ թե՛ բնության և սեփական ուժերի առավել տիրապետում և թե՛ ազատագրում, ինչպես ազատագրում է ակնկալում ճանաչողությունը: Զի, ինչպես դիպուկ նկատվել է, մենք ընտրում և վերահսկում ենք այն՝  ինչը գիտակցում ենք, իսկ այն ամենն ինչը չենք գիտակցում՝ տիրապետում և վերահսկում է մեզ: Այս առումներով ազատագրում նաև երևութական ու անցողիկ գայթակղություններից, կեցական մանրուքներից, սպառողական ծուղակներից, առօրեական քաշքշուկներից, մարդկային փոքրոգություններից թե սոսկ հոգեբանական ջղաձգումներից, Ճոննաթան ճայի պես լինելությունից վերցնելու համար բուն էականը, բովանդակալիցը, արժեքավորն ու բերկրալիցը: Զի, «Որքան շատ ենք վազում հանգամանքների հետևից՝  այնքան դրանք հետապնդում են մեզ»: Մինչդեռ գոյության լավագույն պարագաները հաճախ տրվում են անվարձահատույց, ինչպես արեգակը, բնությունը, սերը, արվեստները, իմացական բերկրանքը, հոգևոր բարձրագույն արժեքները և հենց դրանց գիտակցությունը: Զի, հույզերն ու ապրումները գիտակցության ոլորտում ուժգնություն, թանձրություն և իմաստավորում են ստանում ( հմմտ. տարբեր տարիքներում մեր կենսափորձը տարաչափ գիտակցությամբ) հոգեբանական ազատագրումը՝  ինքնատիրապետելու, դրանց զտելու, տեսակավորելու և արժևորելու կարողություն:   

  զ) – Էութենական իրականությունում բնազանցական թվացյալ մի շարք հանգամանքներ լիովին դառնում են իրական, առավել՝  քան երևութական իրականությունում: Զի, այն հիրավի պատրանքային է, ինչպես համոզված էին հին հնդիկները, այն անվանելով «մայա» և ինչպես արդ վստահեցնում է նեյրոբիոլոգիան: Այսու, ապագա մարդու առջև բացվում են բոլորովին նոր հորիզոններ, վիրտուալ համարվող իրողություններ և լինելիության անսպասելի հնարավորություններ, առավելաբար հոգևոր ասպարեզում, տարածաժամանակային չափություններից և անէացման դատապարտված նյութական տիեզերքից անդին: Այնպես, ինչպես «Հոգևոր սերն ու ընկերը առավել հարատև են՝ քան այսաշխարհիկ իրականությունում»:    
   Կամ ինչպես հոգևոր «ապտակն» է առավել ծանր՝ քան ֆիզիկականը, կորստյան  գիտակցումը ավելի տառապալի՝  քան կորուստն ինքը: Ինչպես նաև հիշողությունը, բանականությունն ու ինֆորմացիաները հաճախ ավելի կարևորն են ու երկարակյաց՝  քան բուն անձինք թե դրանց նյութական մարմնավորումները ( հմմտ. «Cogito, ergo sum-Մտածում եմ, ուրեմն՝  կամ» դեկարտյան կամ աստվածաշնչյան «Մտքով շնացար՝ շնացար մարմնով» սկզբունքները): Դրանք այսօր էլ ընդունված են որոշ շրջանակների կողմից: Այսուհանդերձ, դրանց գիտական հիմնավորումները խոստանում են արմատապես վերափոխել մեր գիտակցությունն ու նետվել գալիքին ընդառաջ:                                                                                                                                         
   Այդ ևս էվոլյուցիոն «ճանապարհ» է, ըստ փիլիսոփայական Փոքր Կենցաղ (ձև)-Իդիէլ (ձև և բովանդակություն) և զուտ Իդեալ (բովանդակություն) վերաճային սկզբունքի:     

  
    է) - Հիերարխիկ էությունները հենց տարաստիճան ճշմարտություններն  են  ( www.eutyun.org/S/E/Verite/
V_090224_Verite.htm  ), իսկ ճշմարտությունները ոչ միայն վերին արժեքներ՝ այլև ամենայն կարգավորող ու ներդաշնակող տիեզերական օրինաչափություններ և զորություններ: Այնպես, ինչպես միջագետքյան իմաստության Էա-Հայա ծովաստծո Մե էություն-զորությունները, որոնցով իբր կառավարվում են աշխարհն ու ամենայն: Զի, հարաբերական ճշմարտությունների բազմությունում կա միայն մեկ Բացարձակ ճշմարտություն. դեռևս մահկանացուներիս միայն մասամբ մատչելի համատիեզերական իրականությունը: Մնացյալը դրա մասնակի կամ տարբերակային ածանցյալներն ու հոլովումներն են: Տիրապետել ավելի ու ավելի էական ճշմարտություններին ցանկացած անհատի, էթնոսի թե հասարակության համար նշանակում է տիրապետել տիեզերական խորհուրդներին, զորություններին, օրինաչափությունների, և ոչ միայն սեփական  կայացման ու էացման բանալիներին, այլև այլոց ու թերհաս գոյաձևերի ճակատագրերին: Իսկ գիտակցել այդ ինքնին ինքնավստահություն է, հասունություն, բայց նաև պատասխանատվություն սեփական անձի, մարդկության, վերին արժեքների ու վերմարդկային իրականությունների նկատմամբ, կամ եթե կուզեք՝  Բարձյալի:      
   Ահա, այս առումներով ևս Քրիստոսի «...ե՛ս եմ ճշմարտությունը» դոկտրինայի խորհուրդը ստանում իր խորը իմաստը (այսինքն՝ Է-ն կամ էությունը, ինչպես Հովհաննու «Հայտնություն»-ում. («...Տէր Աստուած, դու որ Է-ն ես...», Յայտ. Դ, 9 ):     

    թ) - Եվ ի վերջո հենց այս է ավետարանական կամ պարզապես «կյանքը», որն հայերենում ստուգաբանվում է «կ՛եա» պարզականով ձկնակերպ Էա-Հայա ծովաստծո դիցանունից, այն՝  երբեմնի Այա նախամոր, ինչպես հոմերոսյան Այա>Գայա>Գեյա երկրաստվածուհու պարագայում (այլ մեկ զուգահեռը՝  Եվա...):   Գիտակցել այս ամենը, նշանակում է գտնել լինելության իմաստը, խորհուրդն ու բերկրանքը, տեղը այս հիասքանչ մոլորակի ու նաև նույնքան առեղծվածային Տիեզերքի մեջ, պատռել ծննդյան ու մահվան, տարածության ու ժամանակի փակագծերը, միաձուլվել նախնյաց ու գալիք սերունդներին, սեփական էթնոսին ու մարդկությանը, անցյալին ու ապագային, բնությանն ու Տիեզերքին, դեպի հավերժություն, «վերջնական վիճակ», առ Հայր Աստված կամ հենց գերԷություն, փնջվել ու տարրալուծվել նրա մեջ, մինչև նոր մի վերսկսում ու տիեզերական նոր մի Վերածնունդ, ավելի բովանդակալից, առավել առեղծվածային, առավել հիասքանչ ու հեքիաթային...    
   Մեկ խոսքով «Է» կամ էութենական գիտակցությունը մեկ կամ մի քանի աստիճան ավելի բարձր է՝ քան սոսկ ինքնագիտակցությունը, Քրիշնա, Գայա թե այլ գիտակցությունները, այսուհանդերձ ներառելով դրանց հիմնավոր հանգամանքները, և մեկ աստիճան ցածր՝  քան նույնիսկ վիճարկվող գերգիտակցությունը, այդուհանդերձ գրավելով դրա որոշ տիրույթները:

   
Բնականաբար այս ամենը ակնկալում են բարձրագույն և նույնպես հարաճուն ինետելեկտուլ բազա և հոգևոր վերելք, իրենց առօրեական թե պարբերական տատանումներով, կեցական և հոգևոր ռեժիմներով: Այդ չի կարող միմիայն ընտրյալների համար լինել՝ այլ նաև քիչ թե շատ հասուն բոլոր մահկանացուների, ինչպես օրինակ լայն զանգվածների համար քրիստոնեությունը,  առանց քրիստոնեական խորհուրդների խորն իմացության կամ Չապաևը՝  առանց 1–ին թե 3-րդ ինտերնացիոնալների տարբերակման: Բոլոր դեպքերում մնում է այդ գիտակցության ընդհանուր ոգու և էության առկայությունը կամ «մթնոլորտը», ինչպես բնազդաբար ընկալվող տիեզերական օրինաչափությունները: Պարզ է, այդ հիմնականում գալիք հասարակությունների զարգացած պայմաններում: Մինչ այդ և ինչպես միշտ, «Է» կամ էութենական գիտակցությունը կարող է լինել անհատների և հասուն որոշ շրջանակների աշխարհայացքն ու կացութաձևը, որպես թթխմոր ծառայելով հանուր հասունացմանը:      
   Եվ այս ամենը ոչ միայն անհատների ու ողջ մարդկության համար, այլև էթնիկական համայնքների ու մասնավորպես ազգային փոքրամասնությունների, որոնք ի վերջո իրենց շանսն ու լիարժեք տեղը կարող են գտել համընդհանուր կայացման ու էացման մեջ: Եվ այդ հենց գլոբալիզացման պայմաներում, որը անցումային  ջղաձգումներով հանդերձ, հենց ամբողջացման գործընթաց է: Իսկ հոգևոր հասունության, քաղաքակիրթ ու բարձր գիտակցության պայմաններում անհատ-հասարակություն, հավատամքային թե միջէթնիկական հակամարտությունները մեղմանում են, կեղծիքները կրճատվում ճշմարտության գերակայությամբ, անձնական շահերը նահանջում հօգուտ ընդհանուր բարօրության, այլասիրության, հոգևոր վերին արժեքների ու լինելիության անաղարտ բերկրանքի:     
   Այսինքն, այն՝ ինչը երազել ու ինչին միշտ էլ ձգտել է մարդկությունը էվոլյուցիոն ձիգ գործընթացներում, ջղաձգվելով ամեն մի փոփոխության հետ, ինչպես ավտոմեքենայի շարժիչը արագությունների կամ կենսահամակարգերը գարնանային և աշնանային անցումներում:   
  Այսինքն, այն ինչը կատարվում է նաև հենց այսօր, սակայն առանց կամ սոսկ մասնակի գիտակցությամբ: Էութենական կամ պարզապես «Է» գիտակցությունը լրացնում է այդ բացը, որպես դիալեկտիկական պարույրի, «կոնվեկցիոն շրջանառության» կամ պարզապես էվոլյուցիայի ընթացիկ վերելք, որպես էութենական իրականության անցաթուղթ:  
    Երանի՜ նրանց, ովքեր արդեն ունեն այն ու այդ գիտակցությունը:  
    Երանի՜ նաև նրանց, ովքեր այդ ճանապարհին են:  
    Եվ նույնպես երանի՜ նրանց, ովքեր դեռ պիտի գան ու անցնեն այս ճանապարհով:   
   Քանզի, հիրավի այս է. «Ե՛վ ճանապարհը, և՛ ճշմարտությունը, և՛ կյանքը», սակայն արդեն գիտակցված, գիտականորեն հիմնավոր, բանականորեն ըմբռնելի ու քայլ առ քայլ տեսանելի: Եվ հենց այս է գիտակցության փոփոխված նորօրյա վիճակը:   
    Եվ հենց այս է էութենական կամ «Է» գիտակցությունը:  Դեռևս 1995թ. հրապարակված «ԷՈՒԹՅՈՒՆ» իմաստախոսական հատորը (էիզմ), շրջադարձելով մռայլ հին ասույթ, մենք ավարտել էինք հետևյալ վերաձևակերպմամբ.
      Կյանքն իմացյալ անմահություն է, կյանքը չիմացյալ ՝ մահ:       
     Արդ, այն լրացնում և վերաիմաստավորում ենք որպես.        

     Գիտակցված կյանքը անհունություն է, չգիտակցված կյանքը՝  պատրանք:
                                                                    
   
                             
  ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ  

   
«Է» էութենական գիտակցության վերաբերյալ վերոշարադրյալը միմիայն հակիրճ ակնարկ է, թվարկյալ մի քանի առանձնահատկությունները՝  միայն համառոտ ուրվագծեր, ըստ անհրաժեշտության առավել հանգամանալից դիտարկումների ակնկալիքով: Այսուհանդերձ, հույս ունենք, որ այսքանն անգամ գոնե մոտավոր պատկերացում է տալիս Էություն-էիզմի աշխարհայացքի և ըստ այդմ որոշակի «գիտակցության փոփոխված վիճակի» էության մասին: Անշուշտ, այն չի կարող փոխարինել բուն ուսմունքին, որին հանգամանալից ծանոթանալուց հետո միայն կբացահայտվեն «Է» գիտակցության բոլոր մանրամասները, ողջ նշանակությունն ու ընձեռնվող հնարավորությունները: Տարաչափորեն և մասնակի, այդ արդեն ոմանց որդեգրած սկզբունքներն են, թեև ըստ էության ոչ խորապես գիտակցված:    
  

    Ինչ վերաբերում է սույն տրակտատին, ապա այն շատ այլոց մեջ  ինքն է էիզմի ընթացիկ լրացումների, ընդլայման և խորացման անչափ համեստ մեկ հանգույցը: Անշուշտ նախատեսվում է անհամեմատ շատ ավելին: Զի, որպես համամարդկային ճանաչողության դարակազմիկ համադրում, էիզմը ակնկալում է զուտ էութենական տեսանկյունից վերանայել մարդկային ողջ աշխարհաճանաչողությունը ամենատարբեր ասպարեզներում: Այնպես, ինչպես եղել է ցայսօր և շատ մոտավորապես ինչպես 20-րդ դարի մտածող, նորօրյա ֆենոմենոլոգիայի և էյդետիկայի հիմնադիր գերմ. Է. Հուսեռլի «էյդետիկ ռեդուկցիայի», իմա՝  էյդետիկական զեղչումների, ավելի պարզ՝  երևութական իրականության «պղտոր ջրերից» զուտ էություն-էյդոսների զտման պարագայում ( հուն. eidos-նախագաղափար, էություն հասկացությունից ): Այն տարբերությամբ, որ Է. Հուսեռլի ուսմունքը սոսկ հումանիտար-մտահայեցողական է, չունի գիտա-տիեզերաբանական հիմք և դիտարկում է միայն տիեզերական արարչության երկրորդ՝  էվոլյուցիոն հատվածը սկսյալ պատմական իրավիճակից, առանց մինչ այդ Մեծ Պայթյունից հետո զարգացումները նկատի առնելու ( այդ մասը ընդունված է անվանել ինվոլյուցիա, այսինքն՝  նահանջ, անկում կամ հետաճ ելակետային Եզակիություն-գերԷություն վիճակից, որին ըստ «բաբախող Տիեզերք» մոդելի վերադառնալու է ամենայն, որպես ըստ հինդուիզմի «Մահայուգա» ցիկլի «վերջնական վիճակ»):     
    Այս դեռ բոլորը չէ: Ակնարկվեց, որ «Է» էութենական գիտակցությունը, որպես նորապես փոփոխված վիճակ նպաստելու է նաև էթնիկական համայնքների և ազգային փոքրամասնությունների կայացմանն ու էացմանը: Եվ այդ մասնավորապես ճակատագրական անկումով անհետացման դատապարտված հայոց համար: Դատապարտված, զի այն կորցրել է ոչ միայն ազգ կարգավիճակին անհրաժեշտ պայման ազգային ինքնագիտակցությունը՝ այլև ընդհանրապես հավաքական գիտակցությունը: Ինչպես ըստ էիզմի մեկ ասացվածքի.
     «Ազգերը մեռնում են տխմարությունից»
        կամ ըստ արևմտահայ այլ մեկ ասույթի.                                                   
      «Աստուած մէկու մը հոգին առնելէ յառաջ նախ խելքը կ՛առնէ»:

    
Բացատրվենք:    
      Մարդկային բանականությունը գլխուղեղային նեյրոնների գործունեության ու նրանց հարակցությունների արդյունք է, որոնք հիմնականում կազմավորվում են նորածինների աշխարհ գալուց հետո: Այժմ նեյրոկենսաբանությանը հայտնի է, որ ինֆորմացիաները պահվում են ոչ թե նեյրոններում՝ այլ դրանց հարակցություններում, ինչպես առանձին տառերով բառեր ու նախադասություններ կամ առանձին ձայնանիշերով երաժշտություն հյուսելու պարագաներում: Ըստ որում, առանձնակի նշանակություն  ունեն նեյրոնային հարակցությունների քանակն ու հյուսվածքները, որոնք ապահովում են գլխուղեղային ակտիվ, զգայական-բանական-ոգեկան համադրված և արարչական գործունեություն: Այլ խոսքով՝  հոգևոր բոլոր ունակությունները, տաղանդը, հանճարեղությունը և իհարկե տարաստիճան գիտակցությունները, որոնք ամեն մի բացահայտումից, նոր ինֆորմացիներից և գիտակցության փոփոխությունից նոր հարակցություններ են կազմում:  
     Ահա, նեյրոնների և հատկապես նրանց հարակցությունների քայքայման պարագայում մարդը կորցնում է իր այդ ունակություններն ու հատկանիշները, մինչև «խելքի առնվելն» ու «տխմարանալը», կամ ինչպես վնասված նյարդային համակարգով կենդանիների քաոտիկ շարժումների պարագայում: Մի հանգամանք, որը նկատվում է որոշ հիվանդությունների՝  մասնավորապես ծերացման ընթացքում:  
   Մոտավորպես նույնն է կատարվում նաև էթնիկական համայնքների և ընդհանրապես հասարակությունների հետ, որոնք տարբեր պատճառներով կորցնում են անհատ-«նեյրոնների» հարակցություններն ու հավաքական ինքնագիտակցությունը, պահպանելով հանդերձ հանճարեղության անհատական դրսևորումներ: Այնպես, ինչպես վնասված կամ ծերացած գլխուղեղներում մտքի փայլատակումները ( նման մի իրավիճակում էր Լենինը կյանքի վերջին շրջանում, կաթվածահար, բայց շատ աշխատունակ գլխուղեղի դեռևս առողջ որոշ գոտիների շնորհիվ ):   

   Եվ ահա, հենց այս է նաև 12000 ամյա հայ էթնոսի ու դեռ պատմական անբարենպաստ պայմաններում հավաքական գիտակցությունն ու ինքնագիտակցությունը կորցրած, արդեն ազգույթի կարգավիճակում գտնվող հայոց պարագան: Եվ այս առումով, փրկարար միակ «թերապիան»  հենց «Է» գիտակցությունն է: Առավել ևս, որ Է-Էություն-էիզմը բուն ազգային աշխարհայացք է, գենետիկորեն գրանցված հայոց «ֆենոֆոնդում», միաժամանակ լինելով համամարդկային և արդ տիեզերագիտորեն կատարելապես հիմնավորված: Եվ երիցս առավել, որ կապը գենետիկական ինֆորմացիների հետ ամրագրում է անհատի ինքնությունն ու ինքնագիտակցությունը, ներշնչում անցյալի ընկալումը  բ) կետում նշված էութենական սկզբունքով, առանց Վարդանանքով կամ «բարոյական հաղթանակներով մխիթարվելու»  ազատագրում պատմական բարդույթներից, ժամանակակից հային օժտում ինքնավստահությամբ, սեփական աշխարհայացքով և այդքան անհրաժեշտ հոգևոր անկախությամբ, բացելով լինելության, կայացման ու էացման անսպասելի հորիզոններ ու հնարավորություններ..                                                                             .  
   
    Այստեղ ավելին ասելը անհարիր է, բայց հուսանք հայ էթնոսի նման հավաքական և մասնավորապես «Է» գիտակցությամբ օժտվածության պարագայում նրա առջև բացվող հիրավի վերածննդյան, կայացման ու էացման այդ հնարավորությունները կռահելի կլինեն խորաթափանց ոմանց: Առավել ևս, նկատի առնելով գաղափարամերձ  անհատների ու շրջանակների «նեյրոնային հարակցումները» գաղափարական ընդհանուր «գորգահենքի» վրա, գիտակցական մի շարք վերոնշյալ առանձնահատկությունները և դրանց աստիճանական իրագործումները ( կաթկթող  «ձեթային շրջանակների» տարածման սկզբունքով ), հայության աշխարհագրորեն և գաղափարապես պառակտված, բզկտված ու կաթվածահար պայմաններում:    

   Ահա, այս մեկ առումով, սույն տրակտատը կազմում է «ԷԱԿԱՆՔ» -Ազգ և նոր հազարամյակ» քառհատոր նախածրագրի մեկ համեստ հանգույցը, այդու էլ առայժմ ոչ ենթակա հանգամանալից հրապարակման («Էականք», հատոր 1 , Երևան 2002թ., «Հայտնություն», հ.3, Երևան 2006թ.: «Միջօրեական», հ.2 և «Ձիու քայլ», հ. 4- անտիպ, առայժմ ու թերևս երբևէ ոչ ենթակա հրապարակման):  Այս հանգամանքի վերաբերյալ ևս, նույն նկատառումներով ակնարկվեց շատ քիչ, բայց բավականին կռահելի: Մնում է միայն ավելացնել դասական դարձած հայտնի ասույթը.
                                                
                                                                 ՃԱՆԱՉԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ ԵՎ «Է՛ի» -ՈՉ ԱՎԵԼԻ…


                                                                                                                       Հինալի կղզյակ, 7 հոկտեմբերի 2012թ.