ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
Սկզբնաէջ
 
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 6 )

  վարից վեր` ըստ հաջորդական ամսաթվերի
31.10.2009թ.-Պապիս ասածը
27.10.2009թ.-Ոճիր և... պարգև
19.10.2009թ.-Թուրքիա՞ թե՞ Ռուսաստան
15.10.2009թ.-«Հավերժ վերադարձ»
31.10.2009թ.                                                                       ՊԱՊԻՍ ԱՍԱԾԸ
  Դեռ կարգին չէր չորացել ստորև «ՀԱՎԵՐԺ ՎԵՐԱԴԱՐՁ»  ակնարկի թանքը, երբ հայ ԶԼՄ-ներում հայտնվեց հետևյալ հաղորդագրությունը.

ՀՐԱՊԱՐԱԿ http://www.hraparak.am/news.php
 
29 Հոկտեմբեր [19:29] / Քաղաքական   Սկսել են նախապատրաստվել 2012--ի ընտրություններին

Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ հաջորդ տարի՝ 2010 թվականին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել: Նպատակը՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է: Նա կարծում է, որ կկարողանա այնպիսի ուժեղ կուսակցություն ստեղծել, որ որոշ կուսակցություններ ստիպված կլինեն լուծարվել եւ մտնել նորի մեջ: Ինչպես նաեւ դրան կհարեն խորհրդարան մտնելու ցանկություն ունեցող շատ անհատ գործիչներ, որոնք այսօր եւ փող ունեն, եւ հասարակական կշիռ: Ըստ նախնական ծրագրերի՝ այդ կուսակցության ղեկավար կազմը բաղկացած է լինելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանից, որոնք առայժմ խիստ զգուշավոր են իրենց պահում եւ խուսափում են Ռոբերտ Քոչարյանի հետ շփումները թմբկահարելուց, սակայն նաեւ համոզված են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկար կյանք չունի: Մեր աղբյուրները նշում են, որ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի բարեկամանալուց հետո (նրանց զավակների ամուսնությունից) այս տանդեմն արդեն շատ է ուժեղանում, եւ նրանք ինչ-որ ժամանակ հետո անխուսափելիորեն փորձելու են ողջ իշխանությունը վերցնել: Իսկ Ռ. Քոչարյանի ստեղծած կուսակցության քողի տակ դա անելն ավելի քաղաքակիրթ կլինի եւ դրսի աշխարհի կողմից՝ ընդունելի:

     Ի տարբերություն նրանց, մենք «լավատեղյակ աղբյուրներ» չունենք: Մեր հանքային «աղբրակը»
( նաև գաղտուն իմաստով )
ըստ էությունների պարզագույն տրամաբանությունն է: Եվ զարմանում ենք, որ այդ տարրական ու ժառանգական հատկությունից ասես ինչ-որ անեծքով  թե պարզապես զոմբիացմամբ հանկարծ զրկվել են ժամանակակից հայերը:
                      

27.10.2009թ

                                                                        ՈՃԻՐ  ԵՎ… ՊԱՐԳԵՎ

   1999թ. հոկտեմբեր 27: Ուղիղ 10 տարի…

   Այդքան խոսվեց ու գրվեց, եղան պատմական բնորոշումներ ու զուգահեռումներ, բազմաբնույթ հետաքննություններ ու փաստերի փաթույթ ( տե’ս նաև այստեղ.  «Ազգային խաչքար» ), ուղղակի կամ զգուշավոր մեղադրանքներ, պաշտոնական հայ-հայ բացահայտման ու բուն ոճրագործների դատապարտման հայտարարություններ, նույնիսկ գործը ՀԱԱԳԱ-ի միջազգային քրեական դատարան հանձնելու 400 էջանոց ստորագրահավաք: Մինչդեռ, իրողությունը պարզ է  անգամ բուսակենդանական աշխարհին:

   Եվ ի՞նչ: Իրականում` ոչինչ, գոնե նշյալ առումներով, իսկ գոյաբանորեն` ամեն ինչ:

   Ղարաբաղյան հիմնահարցում ոճրագործությունը ոչինչ չտվեց, պարզապես հանգուցալուծումը հետաձգվեց մեկ տասնամյակով, ոչ ավելին: Մինչդեռ, դրա դիմաց Հայաստանը տարածքների փոխարեն վճարեց իր նորածին անկախության կորստով (միևնույնն է, տարածքները  կվերադարձվեն վաղ թե ուշ...), հայ ժողովուրդը` ակամա մեղսակցությամբ, հիվանդագին ջղաձգություններով, վախի համաճարակով, համատարած բարոյալքմամբ ու խրոնիկական բարդութի վերաբորբոքմամբ, քանի-քանի անհատներ` իրենց իսկ կյանքով ու ճակատագրերով …

  Մեկ խոսքով, կրեց հավաքական պատիժը:

  Իսկ պարգև՞ը`  «ծովից-ծով»... փող և իշխանություն, առաջինը բուն ոճրագործներին, ապա մեղսակից շրջանակներին, բայց գերագույնն ու անգնահատելին` նույն Դոստոևսկու Ռուսաստանին !!! (անշուշտ. «Моя милиция меня бережёт»)…

  Ասում են երկրորդ Աշխարհամարտին Ղարաբաղը փառավորվել է մեկ քանի տասնյակ գեներալներով և Սովետական Միության հերոսներով: Արցախյան հերոսամարտից հետո, մեկ քանի ճիվաղ բավական եղան այն փոշիացնելու համար, երրորդ հազարամյակի սկզբին կործանելու հայոց դարակազմիկ զարթոնքը ( «21-րդ դարը մերն էր լինելու»: Բա ո՞նց… ), Հայաստանի հնարավոր այլ մեկ ապագան ու ողջ հայության դարավոր երազանքը, իսկ վերջին քսանամյակը` ներկայացնելու հայոց վերջին երկհազարամյակի ախտաբանական ընդհանուր պատկերն ու խտացված «հիվանդության պատմությունը»…

   Դեռ շատ ժամանակ է անհրաժեշտ ընկալելու համար 1999թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործության բախտորոշ ու թերևս անուղղելի նշանակությունը:

   Շատ քիչ` Ղարաբաղի գլխին անխուսափելի պատիժից հետո…
   Ինչ վերաբերում է
միջազգային հանրությանը ու մեծ տերություններին, ապա նրանք հայոց արժանացրին թումանյանական
«Աղքատի պատվին»:

   Այլևս հայերին խղճալն անգամ դաժանություն է:

    Այսուհանդերձ,  ոճրագործները դարեդար մնալու են նզովյալ, մեղսակից շրջանակներն ու կուսակցությունները` նույնպես, Ռուսաստանը` գալիք սերունդների մեծ խնդրականը,  հարատևումը`  մեծագույն հարցական:

   Այդքանով դարակազմիկ «զոհաբերությունը» կարող է լինել ընդունելի և ուսանելի:

   Տա~ Աստված: 

 

    

19.10.2009թ.

                                                    ԹՈՒՐՔԻԱ՞  ԹԵ՞  ՌՈՒՍԱՍՏԱՆ

   Եթե հարցը շատերին կարող է թվալ տարօրինակ, ավելին` անընդունելի, նույնիսկ` վրդովեցուցիչ, ապա դժվար թե որևէ մեկին պարզ չէ, որ անկախ հայ-թուրքական սահմանի բացումից և անգամ ղարաբաղյան հարցի Ադրբեջանի համար լավագույն լուծումից, հարևանների հետ Հայաստանի փոխհարաբերությունները այլևս մնալու են անվստահելի, Ռուսաստանից կախվածությունը` համարյա անշրջանցելի,
առավել ևս հենց այդ իսկ պատճառով…:  Եվ հենց այս նկատառումներով էլ նա վստահաբար գնում է հարցի նման համարձակ լուծմանը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իր փոխհարաբերությունների բարելավմանը, միաժամանակ նրանց նկատմամբ հայերին սքող հրահրելով անհանգստություն ու թշնամություն, Հայաստանում պահելով կառավարման բոլոր լծակները` քաղաքական, տնտեսական և հատկապես հատուկ  ծառայությունների, իսկ սփյուռքում` գործակալական հսկա մի ցանց: Վերջերս ( 09.09.2009թ., այն էլ աշխարհաքաղաքական հենց այս բուռն խմորումների շրջանում… ), Հայաստանի
եւ Ռուսաստանի այդ ծառայությունների ղեկավարների համատեղ խորհրդակցության նպատակով Երևան ժամանած ՌԴ ФСБ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի գոհունակությունն ու այն հայտարությունը, ըստ որի հայկական գործընկերների հետ համագործակցությունը բարձր ու դեռ հարաճուն մակարդակի վրա է` այլ բան չէր ակնարկում:

  Այս իրավիճակում Հայաստանին այլ ակնկալիք չի մնում, բացի տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռության հեռանկարից և… Թուրքիայի Եվրոպական ընտանիք ընդգրկումից, ինչը կսահմանափակեր կոնֆլիկտների վտանգը և կնվազեցներ ռուսական հովանոցի անհրաժեշտությունը: Իսկ թե այդ ինչո ՞ւ, կարծում ենք նույնպես պարզ է, գոնե քիչ թե շատ տրամաբանողներին: Զի, այդ կնշանակեր պարտավորություններ ստանձնել եվրոպական կառույցների նկատմամբ և հարգել ժողովրդավարական թե այլ համընդհանուր սկզբունքները ( հիշեք վերջերս քրդական գրոհայինների նկատմամբ Թուրքիային թույլատրված խիստ սահմանափակ  հակազդեցությունը… ):

    Արդ, Սև ծովը ձեռք է բերել աշխարհաքաղաքական ավելի ու ավելի աճող կարևորություն

( ռուսական ափը այլևս նվազագույնն է, այնինչ Եվրոմիջերկրական համագործակցության նախագծով Սև ծովը կկարևորվի առավել ), դրանում և տարածաշրջանում Թուրքիան ձեռք է բերում զգալի նշանակություն, ունի տարածքային, վիճակագրական, տնտեսական, քաղաքակրթական, իսկ  Եվրոպայի կազմում` մեծ հեռանկարներ, ազգային փոքրամասնությունների հետ հարցերի կարգավորման անհրաժեշտություն, որոնց համեմատ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը շատ համեստ է: Առավել ևս տարածաշրջանում ամերիկյան և ռուսական գործոնների առկայությամբ: Եվ քանզի Հայաստանի Եվրոպական Տուն մտնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են(«թունավոր թխվածք» ոչ ոք չէր ընդունի` այն էլ ավելի քանի Վրաստանի և Ուկրաինայի պարագաներում… ), ապա Թուրքիայի անդամագրմամբ Եվրոպան ընդհուպ կմերձենա Հայաստանին: Անշուշտ, այդ բոլոր հարցերը չի լուծի, բայց կբացի գոյատևման այլ հեռանկարները, որից օգտվելը կմնա հայերին` ավելի քան այլ մեկ պարագայում: Առավել ևս, որ ըստ համաշխարհային զարգացումների, քաղաքական և քաղաքակրթական սահմանները չեզոքանալու հակումներ ունեն, որից կշահեն առավել կենսունակ էթնիկական համայնքները ( վկա հայ-թուրքական սահմանի հրատապ խնդրականը…):

  Իհարկե, կարելի էր հարցնել թե այս դեպքում ինչո ՞ւ նման խորագիր և մի ՞թե դրա համար անհրաժեշտ է ընտրություն կատարել: Գործնականորեն` ոչ անպատճառ, հոգեբանորեն` այո: Հատկապես հիշելով և անվերջ մտաբերելով, որ միանշանակ ռուսական օրենտացիան հայոց արժեցավ Մեծ Եղեռն ու պատմական հայերնիքի կորուստը, ղարաբաղյան հարցում` անկախության, մնալով հանդերձ ձեռնունայն… Եվ երիցս առավել, որ ռուս-թուրքական թե թուրք-եվրոպական փոխհարաբերությունները բարելավվում են ու դեռ կբարգավաճեն առաց հայերի և ի հեճուկս նրանց, ղարաբաղյան հարցի ու հարակից տարածքների այսպես թե այնպես լուծումը` նույնպես…

                                                                                                       

                                                                                                  Ազատ լրագրող,  23 .09.2009թ.

                                                                                                     
                                                            
ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  
Սույն նկատառումը ևս գրված է նշյալ թվագրությանը, առայժմ դեպքերը զարգանում են հենց այդ ուղղությամբ և ամենայն հավանականությամբ կշարունակեն զարգանալ այդպես: Նկատենք, որ պատմական ու տարածաշրջանային այս բացառիկ իրադարձություններում ՌԴ-ի ձայնը առանձնապես չի լսվում: Նա իր գործն արել էր մինչ այդ և այժամ կարող չեզոք ձևանալ, իսկ ռուսամետ շրջանակներն էլ ամենուր խիստ կազմակերպված ցույցեր բորբոքել…
                                                 
                                                                                                             ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

15.10.2009թ.

                                                                        «ՀԱՎԵՐԺ ՎԵՐԱԴԱՐՁ»

    
Ֆրանսիական Le Figaro թերթը իր 14.09.2009թ. համարում, «Պուտինը պատրաստում է իր վերադարձը Կրեմլ» խորագրով անդրադարձել էր Ново Огарево իր առանձնատանը Վ. Պուտինի միջազգային լրագրողներին ու փորձագետներին տված հարցազրույցին, որում ավելի բաց` քան երբեք, հայտարարել էր 2012թ. նախագահական ընտրություններով Կրեմլում վերաբնակվելու իր որոշման մասին: Ըստ լրագրողի, այդու նա ժպտերես ու ինքնավստահ հաստատել է, որ իր ձեռքում են պահված իշխանության ղեկը, ինչպես նաև իր և… Դ. Մեդվեդևի ապագաները: Վ. Պուտինը հիշեցրել է նաև, որ վերջինիս հետ իշխանության բաժանման հեղինակը ինքն է և պահի ժամանման հետ կարող է վերակրկնել գործողությունը: «Մի՞թե 2008 թ. մրցակցություն կար» - ակնարկել է նա վստահեցնելով. «Չի լինի նաև 2012թ.: Մենք կփոխհամաձայնվենք, որովհետև մեկ արյունից ենք և ալիքի նույն երկարության վրա»

 

   Վ. Պուտինը Ռուսաստանի լիիրավ նախագահն է, Ռուսաստանը` հավատարիմ իր  ավանդույթներին, և այստեղ  արտառոց ոչինչ չկա, բացի մեկ հանգամանքից: Հայաստանը ՌԴ-ի ենթական է ու գորշ տարբերակը,  Ռ. Քոչարյանը` Վ. Պուտինի: Վերջինիս իշխանության նախապատրաստեց, վարչապետ կարգեց և ապա նախագահությունը փոխանցեց Բ. Ելցինը ( բնականաբար անձնական ապահովության և շահադիտական այլ ակնկալիքներով…),  Ռ. Քոչարյանին այլորեն` Լ. Տեր-Պետրոսյանը: Վ. Պուտինը իշխանություն եկավ մոսկովյան բնակելի շենքերի ահաբեկչությամբ և Չեչնիայի երկրորդ պատերազմի հրահրմամբ: Ոչ առանց փոխառնչության, կատարելապես նույն ժամանակահատվածում  Ռ. Քոչարյանը իր չեղյալ իշխանությունը հաստատեց Հոկտեմբեր 27-ի ոճրագործությամբ, երկուսն էլ միևնույն ձեռագրով նախագահեցին երկուական շրջան և իրենց իշխանությունը փոխանցեցին «արյունակից և ալիքի նույն երկարության վրա»  գտնվող զինակիցներին` շարունակելով իրենց ձեռքերում պահել իշխանական լծակներն ու փաստացի ղեկավարել իրենց երկրները: Այն տարբերությամբ, որ Ռ. Քոչարյանին ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց դառնալ ՀՀ վարչապետ, թեև այդ մասին շատ խոսվեց: Իսկ եթե Վ. Պուտինի վերադարձը ակնկալվում էր ու նա այժմ հայտարարում է բացեիբաց, ապա Ռ. Քոչարյանը այդ ակնարկում էր «ամենաերիտասարդ թոշակառու չմնալու»  ենթատեքստով, հանրապետության ներքին ու արտաքին գործերին սքող, բայց վճռական միջամտությամբ (այստեղ ևս ինչպես Վ. Պուտինը, միաժամանակ երբեմն-երբեմն նուրբ փոխքննադատություններով իրենց փոխարինողների հետ…), իսկ վերջերս ղարաբաղյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ արված «ամեն ինչ գնում է ըստ ծրագրի» բազմիմաստ հայտարարությամբ հուշում «ամենայնի ծրագրավորվածության» և իր շատ հնարավոր վերադարձի մասին: Առավել ևս, երբ ղարաբաղյան հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները որպես լիիրավ «տանուտեր» որոշում է Ռուսաստանը, համաձայնեցնելով Արևմուտքի և բանակցող կողմերի հետ:  Մենք արդեն կարծիք էին հայտնել, որ այդ նվաստացուցիչ գործընթացներում Ս. Սարգսյանին տրված է պաշտոնապես իրացնելու ոչ պանծալի այդ առաքելություն, որից հետո ամբողջովին վարկաբեկված նախագահին «սպիտակ ձիու» վրա փոխարինելու կգա Հայաստանի վերարժեվորված «միակ տղամարդը»…

   Բնականաբար հայաստանյան տարբերակում կան նրբերանգներ, քիչ թե շատ ծանրակշիռ ընդդիմություն, խարեզմատիկ և փորձառու լիդեր, բայց ոչ ավելին: Զի, Հայաստանի ապագայի բոլոր լծակները նույնպես մնալու են Ռուսաստանի և Վ. Պուտինի ձեռքերում, իսկ հայոց`միայն «երեք մատ»…

  Բոլոր դեպքերում, 2012 թ. Ռուսաստանում ընտրվելու է նաև Հայաստանի փաստացի «խոզայինը», Հայաստանում` ինչպես 2008 թ., նրա որևէ նախընտրյալը կամ նպատակահարմար թեկնածուն: Եվ այս ամենը ևս 10 տարով, որից հետո «կա’մ էշը կսատկի, կա’մ իշատերը»…

  Այդպես ենք ապրել դարեր` «յոնջայի» հույսով…

                                                                                                                       Ազատ լրագրող,  18.09.2009 թ.

                                                           

                                                            ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
   
Սույն նկատառումը գրված է նշյալ թվագրությանը (տեխնիկական պատճառներով այն ժամանակին հրապարակելու հնարավորություն չկար): Առայժմ դեպքերը զարգանում են հենց այդ ուղղությամբ և դեռ իր առաքելությունը կարգին չսկսած Ս.Սարգսյանը արդեն «քավության նոխազ» է, թե’ իշխանություն ակնկալող քոչարյանական թևի, թե’ իր երբեմնի դաշնակիցների, թե’ ընդդիմության համար և թե’ տխմարացած հասարակության համարյա միակ թիրախը, երբ խաղաթելերը բոլորովին այլ ձեռքերում են: Չի բացառվում, որ այդ խաղի մեջ նա ընդգրկվել է գիտակցաբար և ինչ-որ հատուցման ակնկալիքներով`գուցե նաև հնարավոր վերընտրման: Այս դեպքում ու այդքանից հետո Ռ.Քոչարյանի ակտիվ վերադարձը կարող անհրաժեշտ չլինել: Ի վերջո Մոսկվայի  համար նա հավատարմության գրավական է, ունի Վ.Պուտինի անվերապահ աջակցությունը և շարունակում է պահել իշխանության լծակները: Եվ ամենայն հավանականությամբ հիրավի «ամեն ինչ կգնա ըստ ծրագրի»:  

   Սակայն դրանից  հայոց հասանելիք մատերը չեն ավելանա, ընդհակառակը` կպակասեն:  Կմնա միայն մեկը…աՀՀհ
                                                                      
* * *

  Ընդամենը  մեկ-երկու օր առաջ նաև մեզ հասան ասեկոսներ, թե Հայաստանի հաջորդ նախագահը նախատեսվում է լինել ոչ ավել, ոչ պակաս… Ռ. Քոչարյանի որդին: Դե~հ, եթե Պուտինը սպանված Կադիրովի պատանի որդուն նշանակեց Չեչնիայի նախագահ, իսկ հայոց արքայասպան Անանի որդին վերադարձավ Հայաստան, տխմարացած Տրդատի հետ հայոց եղած-չեղած խելքն էլ առավ, ավերեց բոլոր մեհյաններն ու փառավոր մշակույթը, սրբացավ ու դարեդար հռչակվեց Լուսավորիչ, պատմականորեն արտառոց չի լինի նաև անեկդոտային թվացյալ այս մեկ «շեքսպիրյան» խարդավանքը:
   Այս դեպքում կմնա միայն փոքրիկ «սև խոռոչը»…

                                                                                                                Ժնև, 06.10.2009 թ.
  
 ՀԱՎԵԼՈՒՄ: Այսօր` 10.10.2009 թ., կայացավ «ծրագրի» երկրորդ քայլը` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Հիրավի. «ամեն ինչ գնում է ըստ ծրագրի»: Մնում է վերհիշել երբեմնի մի մխիթարանք և հուսալ, որ «վերջը լավ կլինի»...