ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 23 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի
 
    
21.09.2016թ - Կոնֆուցիականություն
 07.09.2016թ. - BURN OUT
01.05.2016թ.-
Քո էությունը

21.09.2016թ.
  ԿՈՆՖՈՒՑԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  
   
  Բանականությունն է բնորոշում կեցությունը...
                                  
          (Էություն-էիզմ)
      
   ԽՍՀՄ
-ի փուլուզումից հետո, երբ քննարկվում էին դրա պատճառները, մենք մեր դիտակումներից մեկում առաջարկում էինք ամենայն չբարդել սոսկ տնտեսական թե գաղափարական պատճառների վրա: Զի, նույն մարքսիզմ-լենինիզմով թե մաոիզմով հսկա Չինաստանը չփլուզվեց, ավելին՝ ճանաչեց տնտեսական աներևակայելի վերելք՝ ԱՄՆ-ից հետո դառնալով տնտեսական երկրորդ հզորությունն աշխարհում: Պատճառը նախ էթնիկական միատարրությունն էր, երկրորդ՝ նույն գաղափարախոսությամբ հանդերձ էկոնոմիկական ճկուն փոփոխությունները, իսկ առավել կարևորը՝  հավատամքային և բարոյահոգեբանական հասուն ավանդույթները, ի դեմս կոնֆուցիականության և դաոսիզմի: Երկուսն էլ սկզբնավորվել են փոքր-ինչ տարաժամանակ՝  առաջինը  մ.թ.ա  VI դ., երկրորդը՝  Դաոի ուսմունքը՝ մ.թ.ա. V-III դդ ( ավելի ուշ՝ դաոիզմ), բնականաբար մինչ այդ Առաջավոր Ասիայից Մետաքսի ճանապարհով Հեռավոր Արևելք ներթափանցած կրոնափիլիսոփայական համակարգերի ազդեցությամբ: Մի հանգամանք, որ Ռուսաստանն ու հարակից բոլոր հանրապետությունները չունեին, թեև մարքսիզմ-լենինիզմից հետո բոլորն էլ հակվեցին դեպի իրենց հեթանոսական ակունքները:

  Իսկ եթե դաոսիզմը (հիմնադիր՝ Լաո Ցզի, աշխատությունը՝ «Դաո Դե Ցզինը» ( Ուղու և Ճշմարիտ Ուժի կանոնը )  էիզմ-էութենական հիմքով  կրոնափիլիսոփայական ուսմունք էր1, ապա կոնֆուցիականությունը (հիմնադիրը՝ Կոնֆիցիուս, հիմնական աշխատությունը  «Զրուցներ և ասույթներ»)՝  սոցիոբարոյահոգեբանական: Թեև այն ևս պարունակում էր տիեզերաբանական հիմք և տարրեր, այդուհանդերձ առավելաբար բարոյական, կեցական և վարչական նորմերի կանոնակարգում էր: Այն էլ ներէթնիկական կատաղի հակամարտությունների պայմաններում և հենց այդ մեղմելու  նկատառումներով:   
    Իր կենդության օրոք կոնֆուցիականությունը չճանաչվեց, Կոնֆիցիուսը հալածվեց, իր մի խումբ հավատարիմ աշակերտների հետ դարձավ թափառական և մահացավ անհայտության մեջ: Միայն մի քանի դար հետո նրա ուսմունքը անհրաժեշտաբար հետաքրքրեց իշխանական շրջանակներին, ավանդութների հիման վրա գրվեց նրա լեգենդար կենսագրականը, իսկ նրա դրույթներն ու ոգին հազարամյակների ընթացքում կերտեցին չինացու կերպարն ու ինքնությունը, միաժամանակ ներդաշնակելով չինական ցեղային միասնությունները, ամբողջացնելով բազմամիլիոն ազգը և համասփռվելով նաև այլ քաղաքակրթություններ: Եվ այժմ Կոնֆիցիուսի ուսմունքը, 2500 տարի հետո հասել է իր գագաթնակետին, դառնալով չին հասարակության կեցական, բարոյական, կրթա-դաստիարակչական և վարչական կանոնագիրքը, որի պարզագույն դրույթները դասավանդվում են սկսյալ դպրոցից, ապա խորացվում ու կրկնվում ավելի ու ավելի բարձր շրջանակներում և ատյաններում 2( ընտանիք, պետություն, կացութաձև, փոխհարաբերություններ, արժեքային համակարգ ևն  ):  Այն աստիճան, որ արևմուտքը սևեռվել է այդ ֆենոմենի վրա, իսկ վերջերս էլ բրիտանացիները «China, according to Confucius» (ֆրանս.  «La Chine, selon Confucius»  ) խորագրով  վավերագրական մի խորիմաստ կինոնկար էին ստեղծել  այդ երևույթի վերաբերյալ, հաստատելով ժամանակին վերոնշյալ մեր դիտարկումը:

     Եվ ամենաուշագրավը հենց այստեղ է: 1976 թ. վերահաստատվելով մեր ծննդավայր Մարսելում և տրվելով նաև ազգամշակութային գործունեության, մեզ  համար բնականորեն բարձրացավ ինքնության և հայ ժողովրդի ճակատագրի խնդրականը: 1982 թ. այն ամփոփվեց «Սասունցիների պարը» կինոսցենարում, ապա  «Արփիական» («Արևորդյաց Պարը») էպիկական քնարերգությունում (Մարսել 1985թ.): Այն սկսվում էր աշխարհի արարումից և ապա անցնում վերուվարո զարգացումներով, մինչև Եղեռն և հետո, հեռարձակվելով  դեպի ապագա: Այլ խոսքով, վերադարձ դեպի ակունք,  հայ հին մշակույթի, ավանդույթների և համամարդկային մի գերիմաստության որոնումներ, համահունչ «ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում» թեզին: Այսինքն, այն, ինչը առանց մեր տեղեկության Մաո Ցզե-Դունից հետո արդեն պաշտոնապես կատարվում էր Չինաստանում:

    Այդպես, մեկ տասնամյակ հետո դիալեկտիկական հիմքով սաղմնավորվեցին  Էություն-էիզմ ուսմունքը («Էություն», Երևան 1995թ.) և հարակից աշխատությունները: Սակայն, հայոց պարագայում խորն անցյալը հիշողությունից  կատարելապես ջնջվել էր, իսկ ներքին աղերսը դիալեկտիկայի և «գիտական կոմունիզմի» հետ համարյա ոչ-ոք չէր տեսնում: Մինչդեռ, էիզմը իդեալիզմի և մատերիալիզմի բնականոն համադրումն է, «ո՛չ թեիզմ, ո՛չ աթեիզմ, այլ պարզապես էիզմ», ընդունակ վերաճելու և ապահովելու բազմաէթնիկ հասարակության ոգեգաղափարական ներդաշնակությունը: Առավել ևս, որ ըստ «գիտական կոմունիզմի» պատկերացման ապագա մարդու կատարելությունը բարոյապես շատ հեռու չէր Homo spiritus-ից, բացի ոգեղինության խնդրականից, այսինքն՝ էութենական կամ էացած մարդուց: Եվ երկիցս առավել, որ մարքսիզմ-լենինիզմի «սնանկացումից» հետո մտավորական հոծ շրջանակներ տրվեցին արևելյան իմաստությունների և միստիկական ուսմունքների բուռն արծարծումներին և ոգեղինության որոնումներին: Այսինքն այն, ինչը պակասում էր սոսկ մատերիալիզմին և ինչը այսօր ռացիոնալիստական Արևմուտքի  բուռն որոնումներն են, նեյրոբիոլոգիական հետազոտություններից սկսյալ մինչև հին իմաստությունների քջջումները (հուսանք երբևէ հրատարակել «Ձեր գլխուղեղը» դեռևս անտիպ էսսեն, ինչը  հագուրդ է գիտաբանական, հոգեբանական և տիբեթյան բուդդիզմի անսպասելի զուգորդումներով ): Ինչ վերաբերում է ԷՈՒԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգին (ԷՈԳՀ), ապա այն համամարդկային ճանաչողության ընդհանրացումն ու վերացարկումն է, սակայն այս անգամ ամբողջովին տիեզերագիտական ու գիտությունների անվերջ բացահայտվող հիմունքներով: Այսինքն, միաժամանակ ազգային և համամարդկային, ընդունակ համախմբելու թե՛ հայոց ճաքճքած հանրույթը ( ինչը շեշտել էր նաև ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Վ. Համբարձումյանը: Տե՛ս.www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ), թե՛ խորհրդային տրոհված հանրապետությունները և թե՛ գլոբալիզացվող աշխարհը՝ համամարդկային և տիեզերաբանական հիմքով: Քանզի, էվոլյուցիան տանում են հենց այդ տրոհման ու ամբողջացման ուղղությամբ,  ինչպես Տիեզերքն ինքն է զարգանում միաժամանակ պարբերաբար տրոհմամբ և ամբողջացմամբ:

    Ամեն մի բախտորոշ բացահայտում անցնում է հանրաճանաչման երեք փուլ. «չի կարող պատահել», «խելքին մոտ է», «իսկ այդ ո՞վ չգիտեր» ( համարյա ըստ Ա. Շոպենհաուերի...): Նկատի առնելով ամենայնի արագընթաց զարգացումները, չենք կարծում, որ էիզմի երևակման համար կոնֆուցիականության չափ ժամանակ պահանջվի: Այն արդեն մասնակիորեն և աղոտ արծարծվում է գիտական տարբեր տեսություններում և քաղաքակրթություններում, ըստ էիզմի նյութա-երևութական իրականությունից անցնելով ինֆորմացիոն-գաղափարական, ապա ոգե-էութենական իրականություն: Այնպես, ինչպես ֆիզիկական աշխարհում  նյութ-էներգիա-ինֆորմացիա-էություն վիճակները, համահունչ հոգևոր զգայական-բանական-ոգեկան վերաճին: «Կոնվեկցիոն շրջանառությամբ» յուրաքանչյուրը իր դարաշրջաններով (նյութական-գաղափարական-ոգեկան) և  համապատասխան գաղափարաբանությամբ ( ինդուստրիալ-մատերիալիստական, էներգետիկական և ինֆորմացիոն-կիբեռնետիկական: Տե՛ս.www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm):
    Միայն թե այդ բոլորը ակնկալում են հոգևոր և գիտակցական հասունացում, ինչը հայերիս մոտ կատարվում է շատ դանդաղ և ջղաձգումներով:

    Ըստ այդմ, հնարավոր է էիզմը որևէ տարբերակով հաստատվի ավելի նպաստավոր այլուր: Այնպես՝ ինչպես քրիստոնեությունը հաստատվեց ոչ Իսրայելում, սոցիալիզմը՝ կապիտալիստական «թույլ օղակում»: Մինչդեռ, կոնֆուցիականությունը «կոնվեկցիոն շրջանառության» մեկ ցայտուն և ուսանելի օրինակն է, ունակ ներառվելու ԷՈԻԹՅՈՒՆ ոգեգաղափարական համակարգում, ինչպես շատ ուսմունքներ, գիտական տեսություններ թե հավատամքային համակարգեր:
    Ուսանելի, զի առկա է ազգաբանական մեկ հիմնադրույթ. էթնիկական ցանկացած համայնք խմորվում և ձևավորվում է ոգեգաղափարական որևէ համակարգի հիմքով և փլուզվում դրա անէացմամբ (ինչը հայոց պարագան է...): Բավական է մտաբերել պատմական մեծագույն ֆենոմենները, սկսյալ շումերներից, անցնելով եգիպտական թե հունա-հռոմեական քաղաքակրթություններն ու կայացումները, մինչև XX դարի փոթորկալից իրադարձությունները գաղափարական բուռն հագեցվածությամբ: Իսկ ավելի համեստ, բայց ոչ պակաս նշանակալից, հրեական կենսափորձն է, նույնքան կամ թերևս ավելի արդյունավետ, քան՝ կոնֆուցիականությունը: Էիզմը դասվում է քաղաքակրթական ոչ պակաս զորեղ խմորիչների կարգում, առավել ևս լինելով համատիեզերական, խիստ արդիական, համամարդկային և այսքանի հետ՝ նաև ազգային:

    Սակայն, այդ հարկ է նախ ընկալել, յուրացնել և ապա իրացնել, ինչը թերևս այլևս նվաղած հայոց պարագան չէ: Եվ անգամ այսքանն էլ իր ենթաշերտերով և խորհուրդով, ենթադրում ենք շատ-շատերին հասու չի լինի: Մենք էլ այլևս չենք տեսնում թե ինչպե՞ս կարելի էր առավել մատչելի մատուցել...
        Մինչդեռ.
Այն` ինչ ժառանգել են ձեր նախնիք, հարկ է այլորեն վաստակեք ինքներդ:
Հակառակ դեպքում այն երբեք ձերը չի լինի» ( Յ.Վ. Գյոթե ):
        Չինական կենսափորձն ու կոնֆուցիականությունը վկա...

 
   1 «Աշխարհում մեծ է բազմազանությունը, բայց նրանք բոլորն էլ վերադառնում են դեպի իրենց սկիզբը: Վերադարձը դեպի սկիզբը-կոչվում է հանգիստ, իսկ հանգիստը կոչվում է վերադարձ դեպի ԷՈՒԹՅՈՒՆ: Վերադարձը դեպի էություն-կոչվում է մշտականություն...» (պ. 16: «ԴԱՈ ԴԵ ՑԶԻՆ», փոքր-ինչ ավելին. «Տապանաքար», էջ 197 ):

 2  Կոնֆուցիականությունը բարոյահոգեբանական և հասարակական փոխհարաբերությունների տեսանկյունից առանձնապես չի հակասում  մարքսիզմ-լենինիզմ-մաոիզմի «վերնաշենքի» դրույթներին, տեսականորեն մասամբ ներդաշնակելով նաև իշխանություն-հասարակություն փոխհարաբերությանը: Իսկ «բազիսի» խնդրականը չինացիները լուծեցին մեծ ճկունությամբ:
 
 
 
07.09.2016թ.
                                                                                                           
BURN OUT  
      http://www.arte.tv/guide/fr/061653-000-A/hyperconnectes-le-cerveau-en-surcharge
             ( Հուզական այրում, հոգեբանական հյուծվածություն)
   
  Եթե ձեր ցանկապատից անդին չնայեցիք`
           
ձեզ չեք գտնելու ու չեք ճանաչելու,
 չեք տեսնելու ո՛չ արևածագը, ո՛չ մայրամուտը...
         Հասկացություն, որը շրջանառության մեջ է դրվել 1974 թ., բնորոշելու համար ստրեսների հետևանքով առաջացող ախտանշանները: Այսօր, բացի գլխուղեղի վրա էլեկտրոնային ալիքների խիստ մտահոգիչ ազդեցությունից, այն առնչվում է նաև ինֆորմացիոն ծանրաբեռնվածության հետ:   
     Մենք պարբերաբար անդրադառնում ենք մեր՝ ինֆորմացիոն դարաշրջանի դրսևորումներին, որպես նյութ-էներգիա-ինֆորմացիա-էություն հիերարխիկ գոյացությունների կեցական արտացոլանք ( http://www.eutyun.org/S/E/GN/Informacia.htm ):
     Արծարծվող թեման և խնդրականը դրա մեկ և փաստացի ապացույցն է:  
   
    
Արդ, ինֆորմացիոն տեխնոլոգիաները մեր առօրյայից անբաժան են: Աշխարհի կեսը օգտագործում է համակարգիչ և հարակցված է համացանցին, էլ չխոսելով հեռախոսների, սմարտֆոնների, տաբլետների և էլեկտրոնիկ հաղորդակցության այլ ձևերի մասին: Ամեն օր հաղորդվում են 150 միլիարդ էլեկտրոնային գրություններ (Email), որը հավասարազոր է Ֆրանսիայի ազգային գրադարանի 14 000 000 հատորների պարունակությանը (  ընդհանրապես մեկ էջը պարունակում է մոտ 10 000 bit ինֆորմացիա...): Այսօր 2 օրում արտադրվում է այնքան ինֆորմացիա՝ որքան վերջին 2 միլիոն տարիների ընթացքում: Ամենայն ինֆորմատիզացվում է, ներառյալ հենց Բանական մարդը 1: Եվ այն, ինչը կարծեք օժանդակելու էր նրա կայացմանը, իրականում սկսում է ծնել է զանգվածային ստրեսներ և burn out բնորոշված ախտանշանները: Հասարակագետները, սոցիոհոգեբանները և հարակից գիտությունները սկսում են անհանգսատանալ թե արդյոք կդիմանա՞ ժամանակակից մարդը թվայնացած հասարակություններում: Առավել ևս, որ ինֆորմացիոն խոտանը շատ է, ապատեղեկատվությունը՝ նույնպես:  Ըստ սոցիոլեզվաբանական դիտարկումների, մարդկային խոսակցությունների թե հաղորդակցությունների մոտ 75%  անբովանդակ չաչանակություններ են: Իսկ դեզինֆորմացիաները դարձել են ահավոր չարիք:

       Բարեբախտաբար, գլխուղեղը օժտված է ինքնապաշտպանական հատկանիշներով, հասուն ուղեղները՝  ճշմարտությունների զտմամբ: Ըստ այդմ, արգելակում են ոչ անհրաժեշտ ինֆորմացիաների հոսքը, դրանցից ընտրելով իրեն հետաքրքրող և ճշմարտամոտ չափաբաժինը: Սակայն, այդ ամբողջովին չի ապահովում ինֆորմացիոն հեղեղի ներխուժումները մեր գլխուղեղ ու ներաշխարհ: Դրանք մտերիմների թե այլոց հեռաձայներն են, էլեկտ. նամակները, համացանցային տեղեկությունները, գովազդները թե տարաբնույթ լուրերը, որոնցից խուսափելը անհնար է: Իսկ այդ ամենը ծանրաբեռնում են գլխուղեղի աշխատանքը, շեղում  ու թուլացնում ուշադրությունը, հաճախ ապակողմնորոշում,  հանգեցնելով  նաև պսիխոզների, իսկ ամենակարևորը՝ լինելիության իմաստի և նպատակի կորստյան 2: Այս  խնդրականների գոնե մասամբ լուծումը ևս ակնկալվում է տեխնոլոգիաների կատարելագործմամբ:

    Այդպես, ամերիկյան  Tufts  համալսարանում (Massachusetts ) աշխատանքներ են գնում,  մեր գլխուղեղային վիճակի, համակարգիչների և սմարտֆոնների ինֆորմացիոն «ագրեսիան» կարգավորելու վրա: Մի շարք տվյալների մեջ նշանակալի է գլխուղեղում  թթվածնի քանակական օգտագործումը ակտիվ վիճակում ( ճիշտ ինչպես ֆիզիկական այրման պարագայում: Ըստ էիզմի, զուգահեռ ֆենոմեններ տարբեր դրսևորմամբ և ասպարեզներում ): Ըստ այդ ու այլ տվյալների էլեկ. սարքերը ծրագրավորվում են չափավորել ինֆորմացիաների հոսքը, գլխուղեղը ավելորդ չծանրաբեռնելու համար: Այն, ինչը մասամբ բնականորեն անում է գլխուղեղը:     
      Եվ այստեղ է թաղված «շան գլուխը»:

     Այսինքն, ինֆորմացիաների հեղեղից էությունների թորումը: Այդ ակնկալում է ընդհանրացման և վերացարկման ունակություն: Առանց այդ, ամբողջ երկու ժամ ուշադրությամբ դիտած կինոհանդիսատեսը «ինչի՞ մասին էր կինոնկարը» հարցին երկու ժամ և ավելի կարող է բոլոր մանրամասնություններով վերապատմել այն, բայց մի քանի նախադասությամբ ասել բուն էությունը՝ ոչ: Մինչդեռ, դպրոցներում շարադասության աշխատանքներում այս կամ այն հեղինակի թե ստեղծագործության մասին մեզանից պահանջվում էր հակիրճ շարադրել ամենաէականը: Իսկ մենք տեղի-անտեղի զրուցակցից պահանջում ենք խոսել «ըստ էություն»: Բայց կան խառնվածքներ, որոնք ի սկզբանե անտարբեր են մանրուքների թե երկրորդ-չորրորդական հանգամանքների նկատմամբ, կենտրոնանալով ամենակարևոր բովանդակության, իմա՝ ասելիքի էության վրա 3: Նույնը էյդետիզմ կոչված (հուն. eidos-նախագաղափար, էություն...  ) պատկերավոր հիշողության պարագայում, երբ առարկայի կամ իրադարձության ընկալումից հետո էյդետիզմով օժտված անձը ունակ է այն հիշողությամբ վերականգնել ողջ պայծառությամբ և մանրամասնությամբ: Այդ ունակությամբ օժտված են երեխաները և հանճարները, մինչդեռ մեծահասակաների մոտ այդ ունակությունը մարվում է, վստահաբար մասամբ ինֆորմացիոն հեղեղից կամ հյուծվածությունից, թերևս նաև գլխուղեղի թերհասունությունից:

  Էիզմը ակնկալում է բնականորեն զարգացնել հենց այդ ունակությունը, զուգորդումներով, համաբանություններով, ընդհանրացումներով և վերացարկումներով բուն էությունների ընկալմամբ:  Առավել ևս, որ էությունները ճշմարտություններ են 4, իսկ  ինֆորմացիան թե գիտելիքը ինքնին իմաստություն չեն: Հակառակ դեպքում իմաստուններ պիտի դիտվեին հաստափոր հանրագիտարաններն ու գրադարանները: Մինչդեռ, ինֆորմացիան դեռ անհրաժեշտ է մշակել, որն էլ գլխուղեղի հիմնական գործառույթն է: Եվ ի վերջո, տրանսհումանիզմ կոչված երևութը, ըստ որի վասն անմահության փորձ է արվում մարդկային հոգի-ներաշխարհը ամբողջովին թվայնացնել ու հանձնել էլեկտրոնային սարքերին, մոլորության է ( http://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Transumen%201%2014.2014.htm
): Զի, էանալու և անմահանալու են ոչ թե այդ սարքերը, այլ՝  գերմարդու վերաճած արարածները: Էլեկտրոնային ու գալիք այլ տեխնոլոգիաները միմիայն օժանդակելու են դրան: Եվ այդ ճանապարհին արդի ստեղծված էնտրոպիկ խնդրականները ուղղելու են Բանական մարդուն գտնելու գոյատևման ու էացաման նպատակահարմար ուղիներն ու վիճակները 5:    
    Այնպես, ինչպես նյութական աշխարհի էնտրոպիա-քայքայումը լինելիությանը հրահրում է որոնել առավել կայուն ու հարատև գոյավիճակներ և ոգեղինացում  (տե՛ս  աստղիկը 1...):   
     Այսինքն այն, ինչին էլ հակված է էվոլյուցիան և հուշում է էիզմը:

      Այս առումով տվյալ ֆենոմենը ազդարարում է էություն-էիզմի ինքնահաստատումը
                         և էութենական իրականության անխուսափելի ժամանումը...

  
 
 
  
 1 HOMO (IN)-FORMATICUS խորագրով մենք ունենք անտիպ մի էսսե հենց ամենայնի էվոլյուցիոն ինֆորմատիզացման վերաբերյալ: Ըստ էության, այդ գոյաբանական և տիեզերաբանական ֆենոմեն է, ինչը կռահվել է քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկի, Նոբելյան մրցանակի դափնեկիր ( 1933 թ. ), ավստր. ֆիզիկոս  Է. Շրոյդինգերի կողմից,: Ըստ այն. «արարածներս էնտրոպիան վերածում ենք ինֆորմացիայի» («Qu'est-ce que la vie ?»-«Ի՞նչ է կյանքը» -1944թ., տե՛ս նաև «Հայտնություն», Երևան 2006թ., էջ 514 ): 
 
2«Այն նպատակը, որին ձգտում է ամեն մի գոյ, համապատասխանում է նրա էությանը» (Արիստոտել, «Մետաֆիզիկա»: Տե՛ս նախորդ հոդվածում):
   3Ասվում է, որ իր մի գործընկերոջ լաբորատորիայում, որտեղ աշխատանքի ընդունվելու համար քննվում էր ոմն երիտասարդ ֆիզիկոս, ներկա Ա. Էյնշտեյնը հետո գործընկերոջն անդրադարձել է, որ այդ հարցերին ինքնն էլ չէր կարողանա պատասխանել: Զի, ավելորդ է գտնում գլխուղեղը զբաղեցնել ամեն տեսակ ինֆորմացիաներով, երբ դրանք կարելի է ձեռք բերել ծով հանրագիտարաններից ( այսօր Google-ից կամ որոնող այլ ծրագրերից...): Ըստ այդմ, հանճարը նախընտրում էր գլխուղեղը հնարավորինս ազատ պահել երևակայության և ստեղծագործական գործունեության համար: Հիշենք խորհրդային էրուդիտներին, անչափ կարդացած՝ բայց տրամաբանությունից թույլ: Կամ հենց բարձրագույն կրթության ընդունելության քննություններին անգիր արած դիմորդների բարձր թվանիշների, իսկ ուսման ընթացքում ցածր ցուցանիշները (ավելի ուշ ջանացին փոփոխություններ մտցնել )...
     4 Այլ առիթներով նշել ենք, որ ստախոսությունը պահանջում է հոգեէներգետիկ ավելորդ ծախս: Զի, ստելու համար հարկ է նախ ճիշտն իմանալ ու այն շրջանցել, ուշադրություն դարձնելով վրիպումներից, լավ ստելու համար՝ ստեղծագործաբար հորինել: Ստի դեդեկտորները ստեղծված են այդ սկզբունքով:

     
5 Նպատակ- կիբեռնետիկական առումով, ամեն մի ինքնակարգավորվող համակարգի որևէ ալգորիթմով (գործողության նախնական տվյալներ) տրված վիճակ, որը փոփոխվող պայմաններում ստանում, պահպահում է այդ համակարգը: Նպատակահարմարություն- բնական կամ արհեստական համակարգի այնպիսի կառուցվածք և նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածություն, որոնք ապահովում են համակարգի որոշակի վերջնական վիճակը:

   
 
01.05.2016թ.

ՔՈ ԷՈՒԹՅՈՒՆԸ


   
  Եթե ձեր կացարանը պատուհան չունի, ապա այն մութ ու մունջ մրջնանոց է:
Իսկ եթե ձեր գոյությունը տեսլական չունի՝ ապա բնակելի գերեզմանատուն...  
  
   Հոգու կացարանը գլխուղեղն է, ըստ ոմանց՝ մարդու էությունը: Ըստ էիզմի՝ դրա գործառույթը, ինչպես մարմնի մեջ՝ հոգին, գեներատորում՝ էներգիան, դաշնամուրի մեջ՝ երաժշտությունը: Արդ, մի շարք գիտաճյուղեր՝ կենսահոգեբանությունը, ժառանգականությունը, ճանաչողական հոգեբանությունը (Cognitive psychology), նեյրոբիոլոգիան և այլք կենտրոնացած են գլխուղեղի և նրա գործունեության վրա, մասնավորապես՝ բանականության և գիտակցության: Մենք ևս անդրադարձել ենք դրան ( Տես. «Էիզմը և նեյրոգիտությունները». http://www.eutyun.org/S/E/Neyro/Neyro.htm ) և պարբերաբար արծարծում նման թեմաներ:  
 
  
 Այսօր առիթ ունենք թռուցիկ դիտարկելու ևս մեկ քանի հետաքրքիր հանգամանքներ:  
  - Ըստ նոր տեսակետների գիտակցությունը ոչ թե արտաքին աշխարհի պարզ արտացոլանքն է մեր գլխուղեղում՝ այլ մարդկային մտքի «հորինվածքը»: Այնպես, ինչպես աչքն է արտաքին ինֆորմացիան սոսկ փոխանցում գլխուղեղին, որն էլ ըստ իր կատարելության վերակառուցում է արտաքին աշխարհի պատկերը, երբեմն աղճատ, աղոտ կամ անգույն (դալտոնիկներ), երբեմն առավել խորը, հագուրդ և իմաստալից՝ քան երևում է, ինչպես գեղանկարչական բնանկարները կամ խորախորհուրդ վեպը: Նույնը և մեր աշխարհայացքը, որքան թերհաս ՝ այնքան նեղ ու ծանծաղ, ինչպես բարձրակարգ կենդանիների պարագայում: Եվ ընդհակառակը:

 - Ընդունված էր ու հաստատվում է, որ կան խելացիության բազմակի տարատեսակներ: Ըստ այդմ, օրինակ հանճարեղ մաթեմատիկոսը կարող է պարզամիտ լինել այլ մեկ ասպարեզում: Այսինքն, ինչպես տրամվայն իր գծերից դուրս գալ չի կարող, իսկ փորձելուց վթարվում է: Այս առումով ինտելեկտուալ գործակիցը՝ ֆր. QI (անգլ. IQ ), անձի բարձր բանականության չափանիշը չէ:

 - Բանականության չափանիշները շատ ավելի խրթին են և դժվար են սահմանվում: Դրանցից մեկը դատողության դինամիկան է (արագությունը), մյուսը՝ մտազննությունը,  երրորդը՝ խորաթափանցությունը,  ասենք չորրորդ-հինգերորդը՝ զուգորդումներն ու համադրումները ( երևույթների միջև համաբանությունները և սինթեզումները ), այլ մեկը՝ նվազ ջիգերով առավել արդյունքի հասնելը ( մտքի բնական հոսք, առանց մոգոնումների և ջղաձգությունների, ինչպես իմաստությունների կամ հանճարեղ պարզությունների պարագաներում ), առավել կարևորը՝ ընդհանրացման և վերացարկման ունակությունը: Այս բոլորը, հատկապես վերջինս աղերսվում են  էությունների ընկալունակության հետ: Իսկ այդ  գլխուղեղի բարձրագույն գործառույթն է, հատուկ հատկապես հանճարներին:

 - Նշվում է նաև գլխուղեղի ևս մեկ առանձնահատկություն. զուտ բանական ինտելեկտը և ստեղծագործական բանականությունը, որին պակաս ընդունակ են էլեկտրոնային սարքերը: Մինչդեռ, որևէ գիտական ասպարեզի նույնիսկ տիտանը  ընդունակ չէ մեծ բացահայտումների, եթե զուգորդումներ չի գտնում իրականության այլ ասպարեզների հետ: Այլ խոսքով, չունի ամբողջագիտական աշխարհընկալում, ինչը նույնպես էությունների և էիզմի առանձնահատկություններից  է: Այնպես, ինչպես դատողության ընթացքում միաժամանակ գործում-համագործակցում են գլխուղեղի համարյա բոլոր գոտիներն ու կենտրոնները, ինչպես նաև դեռևս անհայտ ոգեշնչումները և ինտուիցիան:

 - Առավել ուշագրավն այն է, որ ըստ տարբեր դիտարկումների անհատական QI-երը ընդհանուր առմամբ նվազել են վերջին 150 տարում և գիտական համոզմունք կա, որ մարդկային QI-երը ինչ-որ սահմանում կանգ են առնելու ( մասամբ արհեստական բանականությունների պատճառով): Մինչդեռ հանրույթների և մարդկության հավաքական բանականությունը կշարունակի հիրավի հրաշքներ գործել:

 -
Ավելին, նկատված է, որ արդի անգլիացիների բանականությունը զիջում է հին հույների բանականությանը, ըստ ոմանց ընդհանրապես արդի մարդկության բանականությունը՝... նախամարդու, թեև արդի Բանական մարդը անհամեմատ ավելին գիտե:
 
   Պարադո՞քս: Ոչ այնքան:
   Բավական է բացել Էություն հատորի նախաբանը (Երևան 1995թ, էջ 11).   «Նախնիք աշխարհն ընկալում էին ամբողջական՝ թեև մակերեսային: Նրանք իրենց համարում էին բնությունից անբաժան ու ջանում ապրել նրա օրենքներով... Ժամանակի ընթացքում այդ ամբողջական աշխարհայացքը տրոհվեց և անսահմանորեն ճյուղավորվեց, ի վերջո հանգեցնելով արդի աշխարհաճանաչողության փշրված խճանկարին» (կրճատումներով: Նախաբանը ամբողջությամբ՝ https://onedrive.live.com/view.aspx?resid=2CB24E641477EDF3!748&app=WordPdf , էջ 9-14):  
   Ու թեև այսօր «կոմպլեքս մտածողության» և համալիր հետազոտությունների ջանքերին՝  առանձին գիտաճյուղերը մնում են օդում, ինչպես հենց վերոնշյալ պարագայում: Զի, ինչպես բոլոր լուրջ գիտնականներն են բողոքում. չկա համընդհանուր և համատիեզերական աշխարհայացք, որը կկարողանար ամբողջացնել տարբեր ասպարեզներում կուտակված նորագույն բացահայտումները,
տիեզերաբանական քիչ թե շատ մատչելի և ճշմարտամոտ հենքի վրա1 :
   Ավելին, մարդկային բանականությունը հենվում է հիմնականում «ռացիոնալ» և սահմանափակ դատողությունների վրա, պակաս տեղ թողնելով աբստրակտ-ինտուիտիվ աշխարհընկալմանը:  Այնինչ, ըստ Ա. Էյնշտեյնի և այլոց՝  բանականությունից ավելի կարևոր և ստեղծագործության նախապայման է երևակայությանը:
    Այստեղից էլ պարադոքս թվացող նախնյաց իմաստությունը և ապշեցուցիչ կռահումները...  
    Ինչ վերաբերում է մարդկային QI-երի սահմանափակմանը, ապա այդ ըստ էիզմի մարդկային եռահարկ՝ զգայական-բանական-ոգեկան (էութենական ) ներաշխարհի բանական ոլորտի վերին սահմանն է, որից անդին Բանական մարդն ու իր բանականությունը թևափոխելու են վերին՝ էութենական իրականություն և ոգեական ոլորտ, Homo sapiens -ը՝ Homo spiritus-ի, գերմարդու կամ եթե կուզեք՝ տիեզերամարդու: Այլ խոսքով՝ կատարյալ ԷԱՑՄԱՆ: Զի, այդ է նրա կոչումն ու «վերջնական վիճակը»2 ...
   Իսկ ինչ վերաբերում է հավաքական բանականության հզորացմանը, ապա այդ նոոսֆերա-ներոլորտի հագեցման դրսևորումներից է, որում մեր անհատական գլխուղեղները հանդես են գալիս որպես առանձին, բայց հարակցված նեյրոններ (սոցիում): Տիեզերքի ընթացիկ ինքնամփոփումը դեպի համընդհանուր «վերջնական վիճակ», այսինքն՝ ելակետային գերԷություն (ըստ էիզմի և «բաբախող տիեզերք» մոդելի... ):

   Մեզ մնում է խորապես ցավել, որ այդպես էլ հնարավորություն չունեցանք հիմնելու ԷՈՒԹՅՈՒՆ գիտահետազոտական տարբեր գիտաճյուղերով և գիտաշխատողներով կոմպլեկտավորված հաստատություն, որը կարող էր լինի այլորակ Axis mundi (Աշխարհի առանցք), ինչպես երբեմնի Գյոբեկլի թեփե-Պորտասարը: Թեև 1990 թ. հիմնադրված ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի սկզբունքը, մուլտիդիսցիպլինար կառույցը և նպատակը այդ էր: Եվ դեռևս անտիպ շատ նյութեր, թերավարտ հետազոտություններ, գիտական «կիսաֆաբրիկատներ» և «հումքերի հավաքածո» մտնելու են «կոնվեկցիոն շրջանառություն», անհայտ թե հաջորդ անգամ ե՞րբ և որտե՞ղ արևերես կելնեն:
  Առավել ևս, որ էթնիկական ցանկացած համայնք թե ազգ կայանում է հավաքական  ներոլորտով, ազգը՝ հատկապես ինքնագիտակցությամբ: Ըստ այդմն էլ, «Բանականությունն է բնորոշում կեցությունը» էիզմի հիմնադրույթներից մեկով, որոշվում է նրա ճակատագիրը: Հակառակ դեպքում այն նման է նյարդային համակարգը կամ գլխուղեղը խաթարված, անկանոն թփրտոցներով կենսահամակարգի... Իսկ անգլուխ, անուղեղ և անկազմակերպ ազգն առանց նպատակի նույնն է՝ ինչ ճանապարհը առանց ուղղության 3: Եվ երիցս առավել, որ հայ ժողովուրդը այլ բնահումք, պատմական ժառանգություն և կայացման ու հարատևման կապիտալ չունի՝ քան իր արարչական զորությունն ու հոգևոր մշակույթը:
 Մինչդեռ, ԽՍՀՄ-ի և գաղափարախոսական ինստիտուտների փլուզումներից հետո քանի՜-քանի՜  իբր ազգային-ռազմավարական հաստատություններ հիմնվեցին փարթամ բյուջեներով և նյութա-տեխնիկական հարուստ միջոցներով, կարճ ժամանակում միմյանց հետևից անպտուղ փոշիանալու համար: Եվ վստահ չենք, որ անգամ տարրական այս իրողությունը մատչելի կլինի մտավորական շատ այրերին, ո՞ւր մնաց
քաղաքական թե պետվարչական շրջանակներին...

      Դառնանք զօղորմի տի տա՜նք, հազար օղորմի՜.
..

 
   1Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, խորհրդային կրթական համակարգը նախատեսում էր տալ դիալեկտիկական հիմքով առավելաբար ընդհանուր գիտելիքների ճանաչողություն, նեղ մասնագիտական խորացումները թողնելով պրակտիկային և անհատների խորացմանը, ինչը ապահովում էր անգամ արևմուտքում ճանաչված «Հոմո սովետիկուսի» բավականին բարձր էրուդիցիան, բայց ցածր մասնագիտական պատրաստականություն և ունակություններ, և ոչ ճկուն երևակայություն ( այդ էլ մատերիալիզմի կաղապարումներով ): Արևմուտքում ճիշտ հակառակն էր, պատրաստավում են բարձրորակ նեղ մասնագիտական ունակություններով կադրեր, անմիջապես ներդրվելու համար գործունեություն՝ առանց մեծ էրուդիցիայի: Այն, ինչը նկատվում է և այսօր հենց բերված օրինակներում: Բնականաբար, լավագույնը «ոսկե միջինն» է, բայց այդ այլ և էիզմի տեսակետից անչափ կարևոր թեմա է:

   2«Այն նպատակը, որին ձգտում է ամեն մի գոյ, համապատասխանում է նրա էությանը» (Արիստոտել, «Մետաֆիզիկա»):

     3 Նպատակ- կիբեռնետիկական առումով, ամեն մի ինքնակարգավորվող համակարգի որևէ ալգորիթմով (գործողության նախնական տվյալներ) տրված վիճակ, որը փոփոխվող պայմաններում ստանում, պահպահում է այդ համակարգը: Նպատակահարմարություն- բնական կամ արհեստական համակարգի այնպիսի կառուցվածք և նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածություն, որոնք ապահովում են համակարգի որոշակի վերջնական վիճակը: