Eutyun
ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ    
 
Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
30/08.2007, Ա.Վարպետյանի պատասխանը "Օվիրի" փաստաթղթին
  
 
ՎԱՐՊԵՏՅԱՆԸ ` ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵ՞Մ
       Այսպես է խորագրել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության «ՀԵՏՔ» էլեկտրոնային թերթը իր զարմանքը (http://www.hetq.am/arm/politics/0708-varpetyan.html, 06.08.2007 թ.), ՀՀ Անձնագրային և Վիզաների Վարչությանն ուղղված իրենց հարցման պատասխանին (25/01-12700, 18.07.07), ըստ որի ֆրանսահայ ազգաբան ու էաբան Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան 2002 թվից շարունակում է արգելվել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի գ և զ ենթակետերի համաձայն : Ըստ այդմ.
       գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի
նպատակն է.
       - վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանողականությունը,
       - իրականացնել ահաբեկչական գործունեություն (և այլն) :
       զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ :
 
       Մեկ խոսքով` համարյա «Ալ Ղայդա»…
      Իրականում Ա. Վարպետյանը հիրավի հիմնադիրն ու նախագահն է «ԷՈՒԹՅՈՒՆ-Ազգային Իմաստության Տաճար» հասարակական կազմակերպության` 15.09.1990 թ. հիմնված երաժշտահան Տիգրան Մանսուրյանի, բանաստեղծ-գեղանկարիչ Արևշատ Ավագյանի, ժառանգաբան Նվարդ Քոչարի, հոգեբան Ա. Նալչաջյանի և երախտաշատ այլոց կողմից, որոնց միացան հանճարեղ Ավետ Տերտերյանը, Արմինե Կալենցը, արվեստաբանության դոկտ. Լուիզա Սամվելյանը, գաղտնագիտության դոկտ. Թ. Սարայդարյանը (ԱՄՆ), աշխարհագրության դոկտ. Ժ. Քոչարյանը (Գերմանիա) և այլք, իսկ իր բարոյական աջակցությունը բերեց հայրենի համարյա ողջ մտավորական ընտրանին: Ահա միայն մի քանի վկայություն.
 
        «…Ինձ թվում է թե այսօր ոչ պակաս ծանր օրեր են մեր ժողովրդի համար, որը նորից մեր մեջ հրահրում է լինել-չլինելու դասական հարցումը : Ուստի այսօր էլ` ամենօրյա ռազմավարություն մշակելու համար, մեր գործիչների, քաղաքագետների, ռազմագետների և այլ մասնագետների համախումբ միտքը զորագրելու հետ միասին, մեզ անհրաժեշտ է նայել դեպի ժամանակի խորքը, նորից ճշտել և հասկանալ թե ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս, և որ գլխավորն է, ո՞ւր ենք գնում և ինչպե՞ս պետք է գնանք :
       Ահա, այս նպատակն է հետապնդել և պետք է հետապնդի ԷՈՒԹՅՈՒՆ միաբանությունը, ներշնչի մեզ զգալ և գոտեպնդվել մեզ սնող արմատների զորավոր կենսունակությամբ, հավատալ նրա նորոգիչ ներուժին` ինչքան էլ հողմերը ճղակտոր անեն նրանց :
       Ահա այս մաղթանքով ես բարի երթ եմ մաղթում նորընծա «Էություն» հանդեսին, և ուզում եմ խոսքս ավարտել հետևյալ բանաստեղծությամբ… » (հատվածաբար) :
                                                 Սիլվա Կապուտիկյան (ստորագրություն) 11.06 .1992 թ.
 
        «ԷՈՒԹՅՈՒՆ ամսագրի լույս տեսնելը ինքնին լույսի մի նոր ճառագայթ է հայ իրականության մեջ, քանզի այն ոչ միայն ջանում է շաղկապել հին ճշմարտությունները նորագույն գիտության հետ` վասն ապագա իմաստության, այլև հանդիսանալու է հայ նոր ոգու և աշխարհայացքի խմորման խնոցին, այդքան անհրաժեշտ հայ իրականության մեջ :
       ԷՈՒԹՅՈՒՆ ամսագրում արծարծվող գաղափարները կարող են սնուցել յուրաքանչյուր ազգային թե քաղաքական գործչի մտածողությունն ու գործողությունները` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Այս առումով այն կարող է ձեռք բերել ավելի խորը համազգային նշանակություն :
       Ամսագիրը անպայման պետք է շարունակելիություն ունենա» :
                     N° 2401-157 , 10.08.1992 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊՐԵԶԻԴԵՆՏ,
                                                 Ակադեմիկոս (ստորագրություն) Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
 
        «…Այս խոսքերիս նպատակը միայն «Էություն» հանդեսն ըստ արժանվույն գնահատելը չէ, այլև մտահոգությունն առ այն, որ այս ինչքան դժվար` նույնքան էլ կարևոր նախաձեռնությունը կամ գործը, աստված մի արասցե, չխորտակվի` դեմ առնելով մեր այսօրվա «խուժան բազարի» վերածված շուկայական հարաբերությունների երևացող և աներևույթ խոր ու խութերին :
       Դրա համար էլ ես կոչ եմ անում Հայրենիքի և մանավանդ Սփյուռքի մեր բոլոր հայերին, որոնք մտահոգ են մեր ժողովրդի ազգային ոգու հզորացման հարցով, թև ու թիկունք կանգնել այս կարևոր գործի հիմնադիր ու ոգեշնչող Ալեքսանդր Վարպետյանին և նրա խանդավառ համախոհներին, որոնց ի սրտե հաջողություն եմ մաղթում» : (հատված)
                                                 Գևորգ ԷՄԻՆ (ստորագրություն) , Երևան, հուլիս 1992 թ.
 
        «Առաջինը, որի մասին կուզենայի խոսել, այդ «Էություն» ամսագրի խմբագիր Ա. Վարպետյանի մասին է, հայ ժողովրդի, Հայաստանը և Սփյուռքը ամբողջացնող ողջ ազգի մեծագույն հայրենասերի մասին :
       Մի մարդ, որն իր գործունեությամբ բոլորիս ստիպում է մտածել` գոյության և մշակույթի, ապագայի ու նրա փրկության խնդրականների վրա: Հայ ոգու փրկությունը դարձավ նրա կյանքի նպատակը: Հոդվածներ, բանախոսություններ, հեռուստատեսային հաղորդումներ, ազգագրական տոնակատարություններ, երկխոսություններ և բանավեճեր…
       Այս ամսագիրը մեր փրկությունն է…» (թարգմանաբար և հատվածաբար)
                                                 Ավետ ՏԵՐՏԵՐՅԱՆ (ստորագրություն), Երևան, 14 հուլիսի 1992 թ.
 
        «…Երբ Էութեան մասին լսեցի, յոյսի կայծ մը ելաւ հոգիէս :
       -Ի վերջոյ-խորհեցայ- հայը պիտի իրագործ է իր ոգեկան էութիւնը իր ազգային իրականութեան մէջ…» :
                                                 Թորգոմ ՍԱՐԱՅԴԱՐՅԱՆ Սեդոնա (ԱՄՆ) , ապրիլ 1991 թ.
 
       Այսքանը դեռ մինչ Էության բուռն գործունեության ծավալումը և գիտա-գաղափարական վաստակը մեկ տասնամյակի ընթացքում, այսինքն` մինչև 1999-2000 թթ : Իսկ այդ ի՞նչ է փոխվել դրանից հետո, որպեսզի Վարպետյանը հանկարծ վտանգ ներկայացներ ՀՀ անվտանգության կամ հասարակական կարգի համար, երբ հայտնի է, որ ո’չ նա, ո’չ Էություն միաբանությունը երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել` ինչպես վկայում են վերոնշյալ «մատենագրությունները»: Ուրեմն, մնում է ընդունել, որ «վտանգը» Էության գաղափարներն են, այսինքն` ազգային ինքնության ու ինքնագիտակցության, հայոց գոնե հոգևոր անկախության, վերածննդյան և հնարավոր հարատևման գերխնդրականները : Բայց դրանք ինչո՞վ կարող էին սպառնալ ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական կարգին, երբ բնականորեն կարծեք թե պիտի լիներ ճիշտ ընդհակառակը: Կատարյալ աբսո՞ւրդ:
      Բայց գուցե ոչ մի աբսուրդ էլ չկա` այլ կա հակամետ այլ մեկ տրամաբանություն, եթե միայն հարցնենք թե այդ ո՞ր «պետական անվտանգությանն ու հասարակական կարգին» է սպառնում Վարպետյանը, հատկապես ինչո՞ւ հենց 1999-2000 թթ հետո, և տարիներ ի վեր բազում հարցումներին «նպատակահարմար չէ» անհեթեթ թվացյալ պատճառաբանության փոխարեն (այդ ո՞ր «նպատակին»…) ինչո՞ւ հենց հիմա այս որոշակի պատասխանը… : Իսկ եթե նկատի առնենք նաև հայրենիքից արտաքսումից ի վեր անաչառ մտավորականության և լրատվամիջոցների բարոյական բուռն աջակցությունը Վարպետյանին, ապա «սպառնալիքը» թերևս դառնա կռահելի՞…
      Այլ խոսքով ոմանք հիրավի վախենում են սեփական ստվերից, այսինքն` իրենց հակադրությունից, իսկ ավելի ստույգ` արեգակնային ճշմարտությունից…
      Ասում են ճիշտ հարցը պատասխանի կեսն է, տվյալ դեպքում` այս հարցականների մեջ:
      Եվ քանզի խուսափում ենք մտնել քաղաքական ճահճուտ, թվացյալ «առեղծվածի» այս լուսաբանումը թողնում ենք ընթերցողներին, վստահ, որ «ջրհորի հատակից ճշմարտությունը» երբևէ արևերես կելնի: