ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ    
 
Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
22/08.2007, Ազգային անվտանգության հասկացողությունը ՀՀ-ում
  
         Այս նյութը գրվել էր մամուլում հրապարակելու նպատակով, սակայն որոշ պատճառներով դա չարվեց: Այստեղ այն ներկայացվում է նախնական տարբերակի փոքրիկ փոփոխություններով:
 
  
        Իրականությունը այնքան բազմաշերտ է և հարաբերական, որ շատ դժվար է միանշանակ որակումներ տալ որոշ երևույթների: Նման մի բարդ ու անհասկանալի իրավիճակի հետ բախում եղավ վերջին ամիսների ընթացքում: Եւ քանի որ այդ հարցը իր մանրամասներով ու նրբություններով դեռ մինչև վերջ պարզված չէ, ապա առայժմ կխուսափենք հստակ գնահատականներ տալուց և կբերենք միայն մի քանի փաստեր, որոնց հիման վրա էլ կկատարենք որոշ հետևություններ:
        Արդեն հինգ տարուց ավել է, ինչ արգելվում է մեծանուն ազգամշակութային գործիչ Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան: Բաց թողնելով բազմաթիվ մանրամասնություններ թվարկենք վերջին ժամանակաշրջանում ՀՀ մի քանի պետական կառույցների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած առնչություններից որոշ նյութեր:
  
        ՀՀ ազգային հեռուստատեսություն, 2007.07.
        Փորձ արվեց հասնել նրան, որ Հ1-ով մի կարճատև հաղորդում հեռարձակվի` նվիրված Ա.Վարպետյանին: Սակայն նրա անունը լսելուն պես միանգամից ասվեց (ի դեպ` Հ1-ում բավականին բարձր պաշտոնյայի կողմից), որ դա բացառված է և անիմաստ է դրա մասին խոսելը: Փաստեր չենք տրամադրում, սակայն Հ1-ը կարող է հակառակն ապացուցել` Վարպետյանին նվիրված մի 20 րոպեանոց հաղորդում հեռարձակելով… այդ դեպքում պաշտոնապես ու հաճույքով ներողություն կխնդրենք:
  
        ՀՀ Գիտության և Կրթության նախարար Լ.Մկրտչյան, ԱԶԳ էլեկտրոնային օրաթերթ, 2007.07.09.
        “...Չեմ կարծում, որ նմանատիպ վերաբերմունք կամ նմանատիպ քաղաքականություն առկա է մեր երկրում...”:
  
        ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչության պետի տեղակալ Ս.Աղաջանյան, պաշտոնական պատասխան “Հետաքննող Լրագրողներ”-ի նախագահ Է.Բաղդասարյանին, 2007.07.18 ( http://www.hetq.am/arm/politics/0708-varpetyan.html ).
        2002թ.-ից սկսած Ֆրանսիայի քաղաքացի Ա.Վարպետյանի ՀՀ կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև նրան ՀՀ հրավերի դիմումները մերժվել են “ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին” ՀՀ նախկին օրենքի 9-րդ հոդվածի և 25-րդ հոդվածի 12-րդ պարբերության պահանջների համաձայն: Համաձայն 2007թ.-ի փետրվարի 4-ին ուժի մեջ մտած “Օտարերկրացիների մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի գ և զ ենթակետերի պահանջների, ներկայումս Ա.Վարպետյանին մուտքի վիզա տրամադրելու հարցը վերանայել հնարավոր չէ:
        Նշենք, որ ոստիկանության պատասխանում մատնանշված օրենսդրական կետերը վերաբերվում են բացառապես պետական անվտանգությանը և հասարակական կարգին սպառնացող վտանգներին:
  
        ՀՀ ԱԺ նախագահ Տ.Թորոսյան, անձնական հանդիպում, 2007.07.26.
        ԱԺ նախագահի մոտ ընդունելության ժամանակ, նա ասաց, որ տեղյակ չէ այդ գործից և խոստացավ առաջիկայում պարզել մանրամասները ու տեղյակ պահել: Իմիջիայլոց, ԱԺ նախագահի մասին մինչ այդ էլ բարձր կարծիք կար և պատահական չէր, որ հենց նրան էր դիմվել այդ հարցով, սակայն զրույցի ընթացքում նրա ցուցաբերած բացառիկ անկեղծությունն ու փոխվստահությունն անչափ զարմացրեց` միմիայն դրական առումով: Բայց պետք է շեշտել, որ խիստ տարօրինակ էր Տ.Թորոսյանի անտեղյակությունը: Իսկ թե ինչու նա այս մի քանի ամսվա ընթացքում չպատասխանեց` կարելի է միայն ենթադրություններ անել:
  
        ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյան, ԱԶԳ էլեկտրոնային օրաթերթ, 2007.07.31.
        “ Մենք դիմել ենք արտգործնախարարություն, հարցն ուսումնասիրել են և ասել, որ իրենք, հաշվի առնելով մյուս գերատեսչությունների կարծիքը, Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան նպատակահարմար չեն համարում: Նա կարող է մուտք գործել երկիր, բայց հատուկ կացությունը նրա համար նպատակահարմար չեն համարել ” :
  
         Վերոնշյալ փաստերից ընթերցողը ինքը կարող է կատարել համապատասխան հետևություններ, սակայն մի քանի բան այնուամենայնիվ մատնանշենք:
        Բացի այն, որ և’ ոստիկանության, և’ օմբուդսմենի պատասխաններում, ըստ մեզ, առկա են ոչ լիարժեքորեն կոռեկտ իրավաբանական ձևակերպումներ, նրանց պատասխանները ակնհայտ հակասություն ունեն իրար հետ, որն ինքնին արդեն խիստ անթույլատրելի է, հաշվի առնելով այդ կառույցների բացառիկ կարևորությունը պետության կյանքում: Նշենք, որ Վարպետյանին բազմաթիվ մերժումներ են արվել, այդ թվում` մի քանի ամիս առաջ մերժվել է նրան մի սովորական հրավերի հայցը(բոլոր մերժումների փաստաթղթերը առկա են) ու այս ֆոնի վրա շատ տարօրինակ է հնչում օմբուդսմենի “նա կարող է մուտք գործել երկիր” արտահայտությունը:
        Անդրադառնանք օմբուդսմենի արգործնախարարությանը արված հղմանը: Նախ կարծում ենք, որ օմբուդսմենին արտգործնախարարության նման պատասխանը չպետք է բավարարեր, հատկապես, որ նախկին օմբուդսմեն Լ.Ալավերդյանը ուսումնասիրել և լիովին այլ որակի գնահատականներ էր տվել այս գործին: Իսկ այն, որ արտգործնախարարությունը մեջբերել է “գերատեսչությունների կարծիքներ” և “նպատակահարմարություն” հասկացությունները` արդեն չափազանց է. այդ ո՞ր օրվանից ընդամենը կարծիքների հիման վրա կամ ըստ նպատակահարմարության այսպիսի որոշումներ են ընդունվում: Իսկ ո՞ւր մնաց մեր սահմանադրությունը, իսկ ո՞ւր մնացին մարդու իրավունքները… Ու ընդհանրապես, այդ ո՞ր գերատեսչությունների մասին է խոսքը: Ու եթե դիմվում էր գերատեսչություններին, ապա մի՞ թե առաջիններից մեկը չպետք է դիմվեր հենց Գիտության և Կրթության Նախարարությանը, քանզի Վարպետյանը հիմնականում որպես գիտնական և գաղափարախոս է հայտնի հանրությանը, և ժամանակավոր կացության նախկին կարգավիճակները նրան անվճար տրվել են այդ և Մշակույթի Նախարարության միջնորդություններով: Բայց արի ու տես, որ չեն դիմել` այլապես նախարար Լ.Մկրտչյանը այդ հարցում բացարձակ անտեղյակության մեջ չէր լինի:
        Իսկ այն, որ ոստիկանությունը հստակորեն ասում է, որ Վարպետյանը երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում ու չի բերում փաստարկներ` բացառիկ անհեթեթություն է: Ի՞նչ եք կարծում, եթե չեն բերվում փաստեր, ապա սովորական քաղաքացին ավելի շատ ո՞ւմ կհավատա` ոստիկանական չինովնիկներին, թե ասենք` Վ.Համբարձումյանին, Փարաջանովին, Գառզուին, Ա.Տերտերյանին, Շիրազին, և այլն… այսպիսի հզորագույն անունների շարքը շատ երկար կարող էինք շարունակել: Բերենք միայն ՀՀ ԳԱ պրեզիդենտ, հռչակավոր գիտնական ու մեծ հայրենասեր Վ.Համբարձումյանի 10-08-1992թ.-ի 2401-157 փաստաթղթից միայն մեկ նախադասություն.
“Էություն ամսագրի լույս տեսնելը ինքնին լույսի մի նոր ճառագայթ է
հայ իրականության մեջ, քանզի այն ոչ միայն ջանում է շաղկապել
հին ճշմարտությունները նորագույն գիտության հետ վասն ապագա իմաստության,
այլև հանդիսանում է հայ նոր ոգու և աշխարհայացքի խմորման խնոցին,
այդքան անհրաժեշտ հայ իրականության արդի փակուղում”: 
         Իսկ ի՞նչ էր “Էություն” ամսագիրը: Դա “Էություն Ազգային Իմաստության Տաճար” հասարակական կազմակերպության ամսագիրն էր, որը իշխանությունների անտարբերության պատճառով այլևս դադարեց լույս տեսնելուց… Իսկ ովքե՞ր էին այդ կազմակերպության հիմնադիրները: Հիմնական ոգեշնչողն ու կազմակերպիչը դա Վարպետյանն էր` բոլորը գիտեն: Իսկ հիմնադիր և հիմնական անդամներից նշենք թեկուզ միայն մի քանիսի անունները` Ավետ Տերտերյան, Տիգրան Մանսուրյան, Արմինե Կալենց, Ա.Ավագյան, Ա.Նալչաջյան: Այսինքն այնպիսի անուններ, որ ավելորդ է անգամ որևէ մեկնաբանությունը:
        Սիրելի ընթերցող, ի՞նչ ես կարծում, հիմա ո՞վ է սպառնում այս երկրի ազգային անվտանգությանը: Ունի՞ այս երկիրը տեր, թե` ոչ: Մենք հեռու ենք այն մտքից, որ այս ամենի նախաձեռնողն ու իրականացնողն անձամբ երկրի նախագահն է, բայց կարծում ենք, որ նա շատ արագ պետք է մտցնի հստակեցումներ, տա պարզաբանումներ և հետևի, որ խստորեն պատժվեն մեղավորները:
        Իսկ մենք կարող ենք պնդել, որ ոչ թե Վարպետյանն է սպառնում մեր երկրի անվտանգությանը, այլ` հենց այս առաջին հայացքից անհեթեթ ու առեղծվածային գործի սանձազերծողներն ու հովանավորներն են սպառնում: Իսկ եթե այդպես չէ` թող ապացուցեն այդ: