ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
 

Նախագահական ընտրություններ 2008  


Թեկնածուների տեսակետներն ու մոտեցումները
    30/01.2008թ.
  
Առանձնացնելով ու թվարկելով մի շարք հիմնահարցեր, կներկայացնենք թեկնածուների "թեմատիկ" դիրքորոշումները: Բնականաբար այս տարանջատումը խիստ պայմանական է և բոլոր հարցերն էլ սերտորեն փոխկապակցված են, բայց հուսանք, որ այս ձևը առավել դյուրին կդարձնի թեկնածուների բուն տեսակետների ու մոտեցումների համեմատական վերլուծությունը: Մինչ քարոզարշավի ավարտը այս էջը մշտապես կթարմացվի:
1. Գիտակցություն, բարոյականություն, գաղափարախոսություն
2. Մարդու իրավունքներ, ազատություն
3. Օրենքի իշխանություն, արդարություն
4. Կրթություն, դաստիարակություն
5. Պաշտպանունակություն, բանակ
6. Արտաքին դիվանագիտություն
7. Սփյուռք, ազգային ինքնակազմակերպում
8. Տնտեսություն
9. Սոցիալական հարցեր, կենսամակարդակ
10. Մշակույթ
11. Արցախյան հիմնախնդիր
12. Հոկտեմբերի 27-ի բացահայտում
 
Տարբերակվում է կառավարման երկու ձև` կառավարում ըստ վարչական և ըստ բարոյական օրենքների ու ավանդույթների: Առաջինը անընդունելի է, քանի որ վարչական օրենքներով կամ բռնությամբ հնարավոր չէ կարգավորել մարդկային հարաբերությունները, հնարավոր չէ պահպանել բարոյական արժեքները: Ընդհակառակը, եթե մարդիկ կառավարվում են բարոյական օրենքներով ու ավանդույթներով, ապա հասարակության մեջ հաստատվում է խաղաղություն, արդարություն և մարդիկ էլ պահպանում են իրենց բարոյական դիմագիծը:
  Կոնֆուցիոս
  
Իդեալական է կառավարման այն ձևը, որը մտածում է բոլորի բարիքի մասին: Այդպիսի պետությունը պետք է կարողանա, նախ, ապահովել հասարակության կառավարումը և մարդկանց դաստիարակությունը, երկրորդ, իրեն պաշտպանի թշնամական հարձակումներից, երրորդ, մարդկանց ապահովի նյութական բարիքներով, չորորդ, դրա հիմքում պետք է ընկած լինի արդարության սկզբունքը, այսինքն` պետք է լինի աշխատանքի բաժանում և յուրաքանչյուր մարդ իր գործունեությամբ նպաստի պետության բագավաճմանը: Պետությունը պետք է նման լինի կենդանի օրգանիզմի, որտեղ յուրաքանչյուր մարդ իր գործունեությամբ նպաստի պետության բարգավաճմանը:
  Պլատոն
Այստեղ պարզապես զետեղում ենք քաղվածքներ թեկնածուների նախընտրական ծրագրերից, ելույթներից և հարցազրույցներից:
Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, նպատակահարմար ենք գտնում հիմնականում ներկայացնել
Լ.Տեր-Պետրոսյանի, Վ.Մանուկյանի, Ս.Սարգսյանի, Վ.Հովհաննիսյանի և Ա.Բաղդասարյանի տեսակետները:
Մնացած թեկնածուների տեսակետներից միայն առավել ուշագրավները կներկայացնենք:
Թեկնածուների մեծամասնության ծրագրերի մեջ նկատելի են շատ հստակ նմանություններ և կրկնություններ,
ինչը արդեն իսկ նշանակում է, որ ընտրողներն ամենևին ծրագրերի մեջ չէ, որ ընտրություն են կատարելու:
Իհարկե մենք էլ լավ հասկանում ենք, որ կարևորը միայն գեղեցիկ ձևակերպումներն ու խոսքերը չեն,
կարևոր է` ո՞վ է ասողը և որքանո՞վ է ունակ ու անկեղծ. և նաև` ի՞նչ է թաքնված յուրաքանչյուրի խոսքերի ետևում...
Գիտակցություն, բարոյականություն, գաղափարախոսություն Վերածնունդ ակնկալող հայը այլևս կարող է սերմնաբողբոջել
միայն իր ու իրականության ընդերքում և բարգավաճել`
նախ էութենական իրականությունում:
  Ալեքսանդր Վարպետյան

Լ.Տեր-Պետրոսյան
*       Համազգային ողբերգություն ապրած համարյա բոլոր ժողովուրդներն ու պետություններն էլ այդ ողբերգությունը դարձրել են ոչ թե հուսալքության կամ թերարժեքության, այլ ապաքինման ու հզորացման գործոն։ Նրանք իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն ամոքելու իրենց վերքերը, ազատվելու պատմական բարդույթներից, այլև վերածնունդ ապրելու ու դասվելու աշխարհի ամենակենսունակ ու ծաղկուն պետությունների շարքը։ Ի՞նչ է մեզ խանգարում՝ շարունակ ողբալու, աշխարհից դժգոհելու և արդարություն մուրալու փոխարեն, հետևել այդ ազգերի օրինակին։ Մինչև չհաղթահարենք զոհի հոգեբանությունը, մինչև չազատվենք անցյալի բարդույթներից, մինչև չնայենք դեպի ապագա՝ մենք ժամանակակից ու կենսունակ ազգ չենք կարող դառնալ։ Այդ հոգեբանությունը հաղթահարելու միակ միջոցը Հայաստան երկրի շենացումն ու հզորացումն է՝ երկիր, որն այսօր գտնվում է բորենիների ձեռքում։ Պատմությունը հպարտության աղբյուր է շատ ազգերի համար, բայց պատմական բեռը՝ անցանկալի կապանք։

*       Քոչարյանական ռեժիմի գործունեության ամենացավալի հետևանքներից մեկն, ակներևաբար, երկրում ստեղծված անառողջ բարոյական մթնոլորտն է։ Անկախության առաջին տասնամյակի ոգևորության, ազատության, հպարտության զգացումը փոխարինվել է վախի, ստրկամտության, հուսահատության, ատելության զգացումով։ Բարքերի անկումը հասել է այն աստիճանի, որ այլևս հասարակական չարիք չեն դիտվում քաղքենիությունը, կաշառակերությունը, ընչաքաղցությունը, սուտը, մատնությունը, կարիերիզմը և ստորաքարշությունը։ Ռեժիմի անբարո գործունեության արդյունքում առաջին պլան են մղվել մարդ-արարածի ամենաստորին բնազդները։ Դրանով ահռելի հարված է հասցվել ազնվության, արդարության, պարկեշտության, ինքնազոհության վերաբերյալ մեր ժողովրդի մոտ ավանդաբար ձևավորված պատկերացումներին։ Ժողովուրդը կորցրել է հավատը պետական ինստիտուտների, օրենքի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, մինչև իսկ բարոյական հեղինակությունների նկատմամբ։

*       Ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը գլխավորապես տուժել է իր կառավարիչների տգիտությունից, անհեռատեսությունից ու արկածախնդրությունից։ Մինչդեռ ողջամտությունը երբեք նրան վնաս չի բերել։

*       Երբ մարդն այսօր ավելի վատ է ապրում, քան երեկ, ոչ մի տրամաբանական բացատրություն չի կարող գոհացնել նրան։ Հետևաբար, ինչպիսի առարկայական և բանական փաստարկներ էլ բերվեն իրականության փոփոխության անխուսափելիության մասին, միևնույն է, «կորուսյալ դրախտի» հուշը կամ պատրանքը դեռ երկար դրոշմված է մնալու մեր քաղաքացիներից շատերի մտապատկերում։ Սա այն ծանր, բայց միաժամանակ պատվավոր խաչն է, որ հավերժ կրելու են Հայաստանի Հանրապետության հիմնադիր և բարեփոխիչ առաջնորդները։

*       Բայց ցավալին միայն այն չէ, որ այդ խնդիրները մինչ օրս լուծված չեն։ Ավելի ցավալի է դրանց լուծման հեռանկարի բացակայությունը և մարդկանց պատած հուսալքությունը։ Դա հատուկ է ոչ միայն ժողովրդական լայն զանգվածներին, այլև նյութապես քիչ թե շատ ապահով խավերին, որոնց նույնպես չի լքում անհուսության և անպաշտպանության զգացողությունը։ Այնպես որ, «վերագտյալ դրախտի» երազանքի իրականացումն առայժմ շարունակում է մնալ որպես անհնարին թվացող հրաշք կամ ուտոպիա։

*       Անգամ պաշտոնական տվյալների համաձայն՝ արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլև շարունակում է պահպանվել տարեկան շուրջ 25.000 մարդու սահմաններում։ Վերացել է մարդկանց բնական կապվածությունը հայրենի հողին։ Հայրենիքը, տունը, նույնիսկ ընտանիքը լքելու երևույթը դարձել է առօրյա ու սովորական։

*       Ցավալի է նշել, որ անկախության 17-րդ տարում Հայաստանի հասարակությունը հարկադրված է վերադառնալ քաղաքական և սոցիալ-տնտեսական բնույթի այնպիսի խնդիրների արծարծմանը, որոնք վաղուց պետք է գտած լինեին իրենց լուծումը։ Խոսքը վերաբերում է Անկախության շարժման գաղափարախոսության և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմքում դրված հիմնարար սկզբունքներին, այն է՝ իշխանության ճյուղերի հավասարակշռություն, օրենքի գերակայություն, ժողովրդավարական ազատությունների ապահովում, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանություն, շուկայական տնտեսակարգի արմատավորում, քաղաքացիական հասարակության ձևավորում և այլն։ Թեև այս ամենը հստակորեն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքում, սակայն իրականությունը դեռևս շատ հեռու է արդիական պետության նրա հռչակած գաղափարախոսությունից։ Ուստի զարմանալի չպետք է թվա, որ նախագահի պաշտոնում իմ գործունեության ծրագրի առաջնահերթությունները, մանրամասնություններով հանդերձ, հանգելու են վերը նշված հիմնարար սկզբունք-ների վերահաստատմանը։ Դրա անհրաժեշտությունը բխում է նրանից, որ այդ սկզբունքների կիրառումը, դժբախտաբար, նույնքան այժմեական և հրատապ է այսօր, որքան տասնյոթ տարի առաջ։

*       Ցանկացած ընտրություն եթե ոչ անպայման պառակտում, ապա որոշակի լարվածություն է առաջացնում հասարակության մեջ։ Ուստի ապագա նախագահից պահանջվում է իր գործունեության առաջին իսկ օրվանից լուրջ քայլեր ձեռնարկել այդ լարվածությունը մեղմելու և հանդուրժողականության ու ազգային համախմբման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ հաղթանակի պարագայում ես անշեղորեն առաջնորդվելու եմ այդ գիտակցությամբ։


Վ.Մանուկյան
*       Պետք է ապացուցենք, որ ուզում ենք դուրս գալ «ուշացած» ազգերի շարքից, որոնք չեն կարողացել ժամանակակից պետություն կառուցել: Ազգային և ժամանակակից պետության առկայություն, ահա’ «համաշխարհային ազգ» հասկացության բանաձևն ու չափանիշը: Մենք էլ կարող ենք դասվել համաշխարային ազգերի շարքը: Ուղղակի պետք է հավատալ ու տեր կանգնել սեփական ուժերին: Գնահատել հաղթանակներն ու քայլել առաջ: Ուրեմն «Եկեք տեր կանգնենք մեր երկրին, մեր հաղթանակներին»:
*       Ամեն մի արդյունավետ աշխատող համակարգի հիմքում ընկած են որոշակի փիլիսոփայական, գաղափարական սկզբունքներ, որոնք ընդունվում են ժողովրդի հիմնական մասի կողմից՝ դառնալով ոչ պարտադրված դոմինանտ նրա մտածողության մեջ։ Եվրոպական համակարգի հետևում ընկած է դարավոր պայքար, ընկած է Վերածննունդը, ռեֆորմացիայի շարժումը, Ֆրանսիական հեղափոխությունը, 1848 թ. եվրոպական հեղափոխությունները, և դրանց գաղափարների վրա է հիմնված ներկա եվրոպական համակարգը։ Եվ պետք է հասկանալ, որ ոչ մի մեխանիկական ճանապարհ չկա՝ ուրիշներից վերցնել լավ Սահմանադրություն, լավ օրենքներ և դառնալ լավ երկրիր։ Այդպես չի լինում: Նորից կրկնենք, որ արդյունավետ գործող համակարգի մոդելի հիմքում միշտ էլ լինում են դոմինանտ գաղափարներ, որոնք չեն պարտադրվում, սակայն ժողովրդի մեծամասնությունը դրանք իր սեփականն է համարում: Եթե գնում ենք միայն մարդ փոխելու, եթե ժողովուրդը համախբված չէ ինչ-որ գաղափարի շուրջը, այն գաղափարի, որը մեր մտքում դոմինանտ է, պարտություն ենք կրելու: Ոչ թե հաղթելու ենք ու ծուղակն ենք ընկնելու, այլ ուղղակի չենք հաղթելու: Որովհետև աշխարհում ամենամեծ ուժը, որ կարողանում է ժողովրդին ոտքի բարձրացնել և փոխել կյանքը, մտքի մեջ արմատացած դոմինանտ գաղափարներն են:

*       ... մարդիկ անձնական շահեր հետապնդելով` միասնական ոգևորության, միասնական թիմի զգացողության էլեմենտներ եթե չունենան, չեն կարող առաջ գնալ:

*       Անգլիացիներն այսպիսի խոսք ունեն. «Մենք ունենք ամենահզոր 2 զենքը` մեկը ժողովրդի պատմությունն է, մյուսը` միջուկային զենքը»:

*       Սովորական կոշկակարը շատ պրագմատիկ է. ինքն ասում է` կոշիկը կարում եմ, ընտանիքս պահում եմ, ապուշություն է մտածել դառնալ դոկտոր կամ ակադեմիկոս: Դա կամ կստացվի, կամ ավելի շուտ չի ստացվի: Բայց մեկ ուրիշն այդ «ռոմանտիզմը» իրականացնում է: Նույնպիսի պրագմատիկ էր Սալվադոր Դալին, երբ ինքը նկարում էր նկարներ ու թվում էր, որ ոչ մեկին պետք է դուր չգար, բայց պարզվեց, որ ինքը համաշխարհային նկարիչ է: Դրա համար, իհարկե, քաղաքականության մեջ անհրաժեշտ է պրագմատիզմ, բայց եթե հետևում չկան երազանքներ, իդեալներ, ապա դա պարզունակ իրատեսություն է, կոշկակարի իրատեսություն:

*        Հայ մարդը նվիրված է իր ազգային ավանդական արժեքներին. ուզում է ապրել հայկական ավանդույթներով, հայկական նիստուկացով, ուզում է մասնակցել ազգային խնդիրների լուծմանը։ Բայց հայերը նաև ձգտում են և կարողանում են համագործակցել մյուս ժողովուրդների հետ, և դա հայերի շատ կարևոր առանձնահատկությունն է: Թերևս ամենահանդուրժող ու համագործակցող ժողովուրդն ենք, բայց նաև ուզում ենք մյուսների հետ խաղաղ մրցակցության պայմաններում զգալ մեզ որպես թիմի անդամ և հպարտանալ այդ թիմի յուրաքանչյուր հաղթանակով։

*       Պրագմատիզմը պահանջում է գործել հնարավորի սահմաններում, բայց սահմանները մեծ մասամբ ոչ ոքի հայտնի չեն, ենթակա չեն հաշվարկման, և եթե բարդ խնդիր է լուծվում, ապա փորձի հիման վրա պետք է համարձակվել հասնելու այդ սահմանին: Հաճախ պարզվում է, որ ենթադրվող սահմանը կարելի է հեռացնել` այդպիսով ընդլայնելով հնարավորի տիրույթը: Բայց այդպիսի ճանապարհը` ենթադրվող հնարավորի սահմանները տեղաշարժող, քաղաքական գործիչներից մեծ վարպետություն և ինտուիցիա է պահանջում, ինչպես նաև` վճռականություն, հավատ և փորձառություն: Հաշվարկված հնարավորին կարող է հասնել ամեն մեկը:

*       Երբ հրաժարվում ես ազգայինից, չի գործում ազատության գաղափարը, հրաժարվում ես ազատության գաղափարից` չի գործում ազգայինը: Դրանք շատ սերտ շաղկապված են: Եվ եթե մոդել ենք կառուցում, եթե կրթության ծրագիր ենք ներկայացնում, առողջապահության, գյուղատնտեսության ծրագիր ենք ներկայացնում ապա միշտ պետք է հաշվի առնենք այս երկու բաղադրիչները:

*       Կարո՞ղ է մեկ կուսակցություն իրականացնել պետությոն մոդել: Բացառվում է: Եթե այդ մոդելը չդառնա դոմինանտ հասարակության մեջ, եթե հասարակությունը չհամախմբվի այդ գաղափարի շուրջը, այդ խնդիրը լուծել հնարավոր չի լինի: ... ես ասում եմ` եկեք հավաքվենք գաղափարների շուրջը:

*       Մենք հաղթանակ տարանք 1988 թ., որովհետև համախմբված էինք ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջը: Մենք հաղթանակ կարող ենք ունենալ, եթե համախմբվենք պարզ, հասկանալի գաղափարների շուրջը, որոնք գծագրված են ամեն մի հայի հոգում ու մտքում:

*       88-ին սկիզբ առած համաժողովրդական շարժումը ապացուցեց, որ մարդկային որակների, ռեսուրսների առումով մեր ժողովուրդը խնդիրներ չունի: Հետևաբար ներկա անմխիթար վիճակի գլխավոր պատճառը պետք է փնտրել պետական կառավարման համակարգի հակաժողովրդավարական կառուցվածքի, դրա անբավարար լեգիտիմության ու կառավարիչների ապաշնորհ գործունեության մեջ: Հաստատված պետական և հասարակական համակարգը դարձել է մեր երկրի զարգացման, նրա առջև ծառացած խնդիրներն արդյունավետ լուծելու հնարավորության գլխավոր խոչընդոտը:

*       Պետությունը և քաղաքացին գլխավոր արժեքն են: Բայց պետությունը իրական արժեք է ստանում այն դեպքում, երբ գործում է ազատ քաղաքացիների կամքի արտահայտման հիման վրա: Ազատ քաղաքացին այն կարևոր գործոնն է, որը մեզ հնարավորություն կտա շարունակական զարգացում ապահովել և տեղ գրավել համաշխարհային առաջադեմ երկրների շարքում:

*       21-րդ դարի տեղեկատվական դարաշրջանի բնույթն այնպիսին է, որ ժամանակակից աշխարհն արդեն վաղուց անցել է ազգային-ազատագրական պայքարի փուլը, կառուցել ազգային պետություն ու այժմ նախաձեռնել գլոբալ ինտեգրացիոն գործընթացների իրականացումը:


Ս.Սարգսյան
*       Անցնելով դժվարությունների և փորձությունների միջով մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր հաջողությունների միակ գրավականը մեր ժողովուրդն է:

*       Հանրապետության ապագա նախագահը պետք է իր ջանքերն ուղղի արդիականացված տնտեսական, գիտական, մշակութային և քաղաքական համագործակցության կենտրոնների ձևավորմանը:

*       Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո և ներողամտության մթնոլորտ:

*       Ամուր, բազմազավակ, ավանդական հայ ընտանիքը հինգ տարի հետո տեսնում եմ որպես օրինաչափություն:

*       Այսօրվա մեր անելիքների առանցքն է պետականության ամրապնդումը, այնպիսի հասարակության կայացումը, որը հիմնվում է բազմակարծության, անխտրականության, հանդուրժողականության, արդարության ու համերաշխության վրա:

*       Այսօր առավելապես պետք է կենտրոնանանք ապագայի վրա, չփոշիացնենք մեր կարողություններն անցյալի բացթողումների և սխալների վերաբերյալ անհարկի բանավեճերում, այլ համագործակցենք ու կառուցողական երկխոսություն ծավալենք այն նպատակների և խնդիրների շուրջ, որոնք վերաբերում են մեր ազգային-պետական առաջնահերթություններին և միտված են ապագայի կերտմանը:

*       Մեր ռազմավարական նպատակն է այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները և օգտագործելով համաշխարհային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները:

*       Որպես Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր` առաջնորդվել ոչ միայն ընթացիկ համապետական խնդիրների, այլև հեռանկարային, ռազմավարական մոտեցումների ու հիմնահարցերի առաջադրման և լուծման տրամաբանությամբ:

*       Մեր երկրի զարգացման հիմնական երաշխիքը մեր ժողովրդի հոգևոր միասնությունն է, ինչը ենթադրում է համագործակցության և վստահության անհրաժեշտ մթնոլորտի ձևավորում: Քաղաքացիական հասարակություն կառուցելու լավագույն մոտեցումը տվել է Ներսես Շնորհալին. «Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում և սեր` ամեն ինչում»:


Վ.Հովհաննիսյան
*       Մեր պետության առաջ կանգնած արտաքին և ներքին սպառնալիքները, նրա առաջընթացի անհրաժեշտությամբ թելադրված մարտահրավերները, ինչպես նաև Սահմանադրության և իրական կյանքի անհամապատասխանությունը պահանջում են ծանրակշիռ և լայնամասշտաբ համակարգային փոփոխություններ: Մենք պետք է ստեղծենք թռիչքաձև, կայուն զարգացման նախադրյալներ: Մենք պարտավոր ենք նոր ու թարմ շունչ հաղորդել կյանքի բոլոր ոլորտներին: Հայ մարդը պետք է լիարժեքորեն հավատա իր և իր ընտանիքի վաղվա օրվան, պետք է մասնակից դառնա այդ ապագայի կերտմանը:

*       Իմ նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում համակարգային փոփոխությունների միջոցով, առողջ ուժերի աջակցությամբ կառուցել Ազատ քաղաքացիների Արդար երկիր: Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ինձ համար բացարձակ արժեքներ են: Միայն բոլորիս ուժերի մեկտեղումով կարող ենք մեր նախնիների երազանքին, մեզ ու մեր զավակներին արժանի հայրենիք ունենալ:

*       Հայաստանի Հանրապետությունը համայն հայության հայրենիքն է:

*       Հայության միասնականության և համախմբման համար ամենամեծ ազդեցությունը ունենալու են դրական այն տեղաշարժերն ու գործընթացները, որոնք պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության հասարակական կյանքում: Հայաստանը պետք է դառնա հայ մարդու երազանքների երկիրը: Հայությունը պետք է համոզված լինի արդարության, իրավահավասարության սկզբունքների վրա հիմնված, բարոյական, ազգային և համամարդկային բարձր արժեքներով և ստեղծագործ աշխատանքային կյանքով ապրող հասարակություն ստեղծելու հարցում պետության վճռականության մեջ:

*       Իշխանությունը պետք է հեղինակություն ունենա։ Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ «հեղինակություն» բառը շատ է հեռացել իր բուն իմաստից։ Կեղծ հեղինակություններով լեցուն է վերջին տասնամյակների մեր պատմությունը։ Իսկ այսօր այդ բառն այնպես է կապվել հանցագործ աշխարհի ու վարվելակերպի հետ, որ սկսել է ասոցիացվել միայն դժվարարտասանելի մականունների և մտազուրկ դեմքերի հետ, որոնց կրողներն իրենք իրենց հռչակելով մեր ժողովրդի հեղինակություններ՝ ամրապնդում և օրինականացնում են իրենց դիրքերը պետության հովանավորության ներքո։


Ա.Բաղդասարյան
*       Ծավալվեց վհուկների որսից շատ քիչ տարբեղվող մի գործընթաց, որի արդյունքում բիրտ ճնշումների արդյունքների ներքո մեզանից հեռացան մի քանի գործարարներ, նաև հաշված պատեհապաշտներ, որոնք նույն հաջողությամբ կարող են հեռանալ իշխանությունից, ոչ թե իշխանափոխության , այլ իշխանության նավի փոքրիկ տատանման դեպքում անգամ, որովհետև շատերին առաջնորդում է սեփական ունեցվածքը պահելու ձգտումը: Հետզհետե Հայաստանում սկսվեց խրախուսվել դավաճանությունը, քարոզվել չարչիությունը, շահամոլությունը, բանսարկությունը, անպատիվ ու պատեհապաշտական արժեքները:

*       Այսօր Հայաստանը փոխվում է, փոխվում են մարդիկ, փոխվում են բարքերը և ցավալին այն է, որ փոփոխությունների մեջ գերակշռում է հավատի հետևողական հետընթացը, ինչն ուղեկցվում է ազգային արժեհամակարգի խարխլմամբ ու նահանջով:

*       Այսօր Հայաստանում բարոյական արժեքները խիստ նահանջ են ապրել: Շատերի համար ազգ, հայրենիք, ազգային խնդիրները հետին պլան մղվեցին և այսօր մեր հասարակությունը բարոյական վերածննդի կարիք ունի: Խնդիր, որ նախ և առաջ պետք է մտահոգի իշխանությանը, խնդիր, որ պետք է մտահոգի մեր հասարակությանը և կարևոր է մեր ազգային արժեքների, արժանապատվության և առաջընթացի համար:

*       Հայտնի է, որ փողը լավ ծառա է, բայց վատ` տեր: փողով գնված հավատն ու իշխանությունը, ճնշումներով ու փշալարերով ստացած քվեները, ստով ու երեսպաշտությամբ փողարկվող ճշմարտությունը ոչ միայն երկար ճանապարհ չեն կարող անցնել, այլ նաև այդ ճանապարհին այնպիսի բարոյական աղետներ կարող են բերել, որոնք վերականգնելու համար տևական ժամանակ և շատ ջանքեր կպահանջվեն:

*       Սակայն ես հավատում եմ, որ բարու և հավատի արժեքների կիրառումները խորապես ներկայացված են մեր ազգային նկարագրի մեջ: Դրա համար էլ հավատն առ աստված, հավատը ընտանեկան արժեքների, մարդասիրության և բարեսիրության մեջ տեղակայված է մեր ազգային գենոֆոնդում: Ի վերջո մեր ազատությունը գալիս է Աստծո նկատմամբ տարած մեր հաստատուն հավատից:

*       Մեր նախահայրերը միշտ կամավոր ծնկի են եկել Աստծո առաջ, մինչդեռ նրանք ծնկի չեն եկել բռնակալների առաջ: Աղետի և սպառնալիքի ժամանակ, փրկության համար միշտ դիմել են Աստծուն: Երբ բերքն առատ է եղել, առաջին բանը, որ արել են` Աստծուն շնորհակալություն հայտնելն է եղել: Հավատն առ աստված այսօր մեր ժողովրդի ամենազոր ուժն է, որ երբևէ եղել է: Մենք, որպես ազգ, երբեք չպետք է մոռանանք ուժի այս աղբյուրի մասին:

*       Ապագայի պոռթկումը դա ազատությունն է, ուրեմն նաև` առաջընթացի և վերելքի պոռթկումն է: Հասարակական խաղաղության երաշխիքը դա ազգային զարթոնքն է և ժողովրդավարական իշխանությունը: Եվ հենց սա է պատճառը, որ մենք ասում ենք. «Հայաստան, բաց արա քո աչքերը»: Մենք համոզված ենք, որ Հայաստանն ապագայի երկիր պետք է լինի: Երբեմն դժվարությունները մարդիկ համեմատում են մայրամուտի հետ, մինչդեռ դա ընդամենը մեծ ուղևորության ճանապարհի ժամանակավոր մի արգելք է, որը վճռականություն պետք է ունենանք և որը անհրաժեշտ է հաղթահարել:

*       Մարդկանց մի մասը ապրում է ապագայի նկատմամբ ունեցած հավատով ու ակնկալիքներով, որ այն լավն է լինելու: Մինչդեռ մյուսները վախենում են ապագայից մտավախություն ունենալով, որ անցյալի ձախողումները կարող են կրկնվել: Մենք չպետք է վախենանք մեր ապագայից, մենք պետք է պայքարենք մեր ապագայի համար: Այսօր աշխարհում տեղի ունեցող պայքարում որոշիչը ռումբերը և հրթիռները չեն լինելու, այլ քաղաքական կամքը, նոր և մրցունակ գաղափարները, հոգևոր վճռականության փորձարկումը, արժեքները, որ մենք ունենք, այն հավատը, որ մենք փայփայում ենք և այն իդեալները, որոնց նվիրված ենք:

*       Ոչ ոք չի կարող հերքել ժողորդավարության և ազատ մրցակցության հաջողությունը, բայց որոշ մարդիկ կատաղում և կռվում են դրա դեմ: Ու հակազդեցության և դիմադրության հիմնական աղբյուրներից մեկը բարեփոխումների մերժման կամ սեփական շահերին հարմարեցնելու արդեն իրեն սպառած գաղափարախոսությունն է: Բարեփոխումները զարգացող և հաստատվող աշխարհում այլևս այլընտարնք չունեն: Եվ ինչքան արագ ու վճռական լինենք այնքան ավելի լավ:

*       Մեր առջև ծառացած բարդ խնդիրներին անդրադառնալու համար, մենք պետք է գործենք բարի կամքի և միմյանց հանդեպ հարգանքի ոգով, և իմ կողմից` ես դա կանեմ: Հաջորդ որոշիչ տարում մենք ընտրություններ կկատարենք, որոնք կորոշեն մեր երկրի ապագան և բնույթը, մենք ընտրություն կկատարենք ձևավորելու մեր զարգացումը առաջնորդվելով զարգացող տնտեսությամբ կամ մեզ հետ կպահենք առևտրից և հնարավորություններից, նպաստելով կլանային տնտեսությանը և խոչընդոտելով ազատ մրցակցությունը:

*       Ազգային վերածնունդը և ազատ ժողովրդավարական երկիր ստեղծելը համընդհանուր արժեքային մի համակարգ է, որը չի պատկանում որևէ քաղաքական ճամբարի: Դրա պաշտպանները չեն կարող հստակ բաժանվել ձախերի և աջերի, ժողովրդավարների և պահպանողականների, ամերիկացիների ու եվրոպացիների:

*       Հարկ է գիտակցել, որ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի իշխանությունը ոչ ամերիկյան, ոչ եվրոպական և ոչ էլ ռուսական են: Դրանք համակարգային և համամարդկային արժեքներ են: Եվ ցանկացած վայրում ու ցանկացած ժամանակ տրվում է ընտրելու հնարավորություն, իսկ ընտրությունը մեկն է` ազատություն, թե փակ հասարակություն, օրենքի թե գաղտնի ոստիկանության իշխանություն, արդար, ժողովրդավարական ընտրություն, թե փողի և վարչական ճնշումներով ընտրություն: Ի վերջո, ինչպիսի ընտրություններ ունենանք այնպիսի էլ նախագահ ու երկիր ենք ունենալու առաջիկայում:

*       Մենք հասել ենք այն պահի մեր պատմության մեջ, երբ կուսակցական և քաղաքական դիրքորոշումները արդիական են այսօր: Զարգացման վաղվա փիլիսոփայությունն է կարևոր: Փոքր մարդիկ բարձր ձայնով դատապարտում են` ասելով, քիչը լավ է մեզ համար: Նրանք ստեղծում են վախ և անորոշություն մեր մեջ: Միլիոնավոր հայեր, հատկապես, մեր ուստրերն ու դուստրերը, փնտրում են մի բան, որին կարող են հավատալ: Պետք է հնարավորը անել, որ հավատի սով չլինի այսօր այս երկրում: Մարդիկ տենչում են մի անգամ ևս հպարտ լինել իրենց երկրով և հպարտ իրենցով: Եվ ամեն պատճառ կա հպարտ լինելու: Մենք պետք է հնարավորը անենք, որ մարդիկ կարողանան հաջողություն ունենալ իրենց երկրում, որովհետև այնքան շատ բան կա այս երկրում հպարտանալու համար:


Տ.Կարապետյան
*       Ես դեմ եմ ծայրահեղ բևեռներին: Անհրաժեշտ է ստեղծել բարի դաշտ:
Մարդու իրավունքներ, ազատություն Տգիտության պատճառով հայերը մոռացել են
ազատության ու լուսավորության վեհ գաղափարները:
  Հովսեփ Էմին

Լ.Տեր-Պետրոսյան
*       ... այլընտրանքը մեկն է՝ վստահել այնպիսի իշխանության, որը երկիրն առաջնորդի հակառակ ուղղությամբ, այսինքն՝ դեմքով շրջվի դեպի մարդը, քաղաքացին և ժողովուրդը։

*       Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի իրականացնելիք առաջնահերթ խնդիրներից են.
  –  Լիարժեք ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատության երաշխավորումը, բազմակուսակցականության և պառլամենտարիզմի վերջնական արմատավորումը,
  –  Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը:

*       Ծրագրվոմ է մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստատությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների իրական և արդյունավետ հակակշռի:


Վ.Մանուկյան
*       Հայը մարդը սիրում է ազատություն: Նայենք պատմությունը, և կտեսնենք, որ նա միշտ պայքարել է իր ազգային և անհատական ազատության համար: Ուրիշ երկրներում էլ, Հնդկաստանից մինչև Հունգարիա, բոլոր ազատագրական պայքարների մեջ հայերը եղել են առաջին դիրքերում: Ազատության ձգտման շնորհիվ է կառուցվում ժողովրդավարական պետությունը, որտեղ մարդը հնարավորություն է ստանում ապրել ազատ, օրենքով պաշտպանված լինել իշխանությունների ոտնձգություններից, շփվել աշխարհի հետ, հպարտ ապրել որպես ազատ քաղաքացի: Դա դոմինանտ է, և ցանկացած մեկը, որը ասի և պարտադրի, թե հանուն իր ազգային ինչ-ինչ մտապատկերի, բոլորս մժեղի պես պարտավոր ենք լծվել այդ մի սայլին և առաջ տանել, չարաչար կսխալվի։ Դա անարդյունավետ ճանապարհ է։

*       Հայաստանը պետք է իրոք ազատ երկիր լինի, ժողովրդավարական, ազատ երկիր: Այն ձեռներեց մարդիկ, որոնք գնում են ամերիկաներում և ռուսաստաններում գործել, կարող են այստեղ գործ անել: Տվեք հային ազատություն, կտեսնեք` ինչ թափով զարգացում կլինի բոլոր ասպարեզներում: Մարդիկ ինչքան հպարտ կլինեն, ինչքան անձնազոհ կլինեն իրենց հայրենիքի նկատմամբ:

*       Նախագահը պարտավոր է նաև նպաստավոր պայմաններ ստեղծել կուսակցությունների զարգացման համար, որոնք ժողովրդավարական պետության կարևորագույն մեխանիզմ են. անկախ այն հանգամանքից, թե կուսակցությունն ինչ գաղափարախոսություն է կրում, կամ իշխանության, թե ընդդիմության մեջ է:


Ս.Սարգսյան
*       Մեր երկրում քաղաքական զարգացումները պետք է հիմնվեն մարդու արժանապատվության, ազատության, հավասարության երաշխավորման, իրավունքի գերակայության հաստատման, ժողովրդավարության ապահովման սկզբունքների վրա:

*       Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, գերակայողը` նրա անօտարելի իրավունքները:


Վ.Հովհաննիսյան
*       Մրցունակ պետության երաշխիքը ազատ քաղաքացին և արդար համակարգի հիման վրա կազմակերպված հասարակությունն են: Ուստի մեր պետականության հզորացման, ազգային նպատակների իրականացման համար ժողովրդավարության կայացումը և քաղաքացիական հասարակության ձևավորումը այլընտրանք չունեն: Իսկ իրական ժողովրդավարության հաստատումը և քաղաքացիական հասարակության կայացումը անհրաժեշտաբար ենթադրում են մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող քաղաքական, տնտեսական և սոցիալական գործուն մեխանիզմների ձևավորում, պետական կառավարմանը հասարակության լայն շրջանակների մասնակցության ապահովում:


Ա.Բաղդասարյան
*       Այսպես է իրականացվում վարչակարգի ունակությունը` հսկելու այն, ինչ ընթերցվում է, ասվում և խոսվում, իսկ առողջ քննադատությունն ու ազատ խոսքը սվիններով է ընդունվում: Հարկ է ընդունել, սակայն, որ այս ժամանակներն այլևս անցել են, որովհետև հարկադրաբար այլևս անհնար է ուղեղների լվացման զանգվածային գործընթաց իրականացնել, իսկ երևութական այս դիմակահանդես -փառատոնին մասնակցողներից շատերին անտարակույս երկդիմի են, որովհետև գոյատևելու համար պարզապես կատարում են գերիշխող գաղափարախոսության պահանջները:

*       Մենք պետք է դրսևորենք նաև իդեալիզմ և խիզախություն. իդեալիզմ, որովհետև շատերի համար ազատ ընտրությունը նման է քաղաքական բլեֆի, և խիզախություն, որովհետև այն անհրաժեշտ է պոռթկում կատարելու դեպի վաղվա օրը, պոռթկում հանուն ազատության և ազատ, ժողովրդավարական ընտրությունների պորթկում` պայքարելու բոլոր հնարավոր և անհնարին մեթոդներով պահելու ազատ մարդկանց տրված քվեները և հավաքական «Ոչ» ասելու բռնաճնշումներին և փողի ուժով ձևավորվող իշխանությանը:

*       Մարդն ի ծնե ազատ է և, իբրև, քաղաքակրթական մեծագույն արժեք, պետք է ապրի ազատ, և նրա իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Զարգացած հասարակություններում մարդու և քաղաքացու ազատությունների և իրավունքների պաշտպանությունը, արդարադատության ապահովումը պետության, պետական և քաղաքականհաստատությունների կարևորագույն խնդիրներից է: Աշխարհում գլոբալ գործընթացների զարգացումներին զուգահեռ մարդու և քաղաքացու ազատությունները և իրավունքները երաշխավորվում են նաև միջազգային իրավական նորմերով և միջազգային արդարադատության ինստիտուտներով: Հայաստանում, սակայն, գործում է ոչ թե օրենքի իշխանություն, այլ` իշխանության օրենքը, որը պարբերաբար ոտնահարում է մարդկանց իրավունքները և արժանապատվությունը:
Օրենքի իշխանություն, արդարություն Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն
օրենքի և մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:
  Գարեգին Նժդեհ

Լ.Տեր-Պետրոսյան
*       1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում ձևավորված ավազակախումբը, աստիճանաբար վերացնելով իր գոյությանն սպառնացող բոլոր հակակշիռները, իր ձեռքում է կենտրոնացրել ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր և դատական իշխանությունները՝ Հայաստանը վերածելով թաթար-մոնղոլական տիպի խանության, որը կառավարվում է ոչ թե Սահմանադրությամբ և օրենքներով, այլ բացարձակ միապետի անառարկելի կամքով և քրեական աշխարհի կանոններով։

*       Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի իրականացնելիք առաջնահերթ խնդիրներից են.
  –  Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է՝ իշխանության ձևավորումը բացառապես ազատ ընտրությունների միջոցով,
  –  Ներկա բրգաձև ավազակապետական համակարգի կազմաքանդումը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների անկախության և հավասարության ապահովումը:

*       Ծրագրվում է իրականացնել հետևյալ հրատապ միջոցառումները.
  –  Օրենքի առջև մարդկանց հավասարության և դատարանների լիակատար անկախության ապահովում՝ բացառելով իշխանության մյուս թևերի կողմից դատավորների վրա գործադրվող որևէ ճնշում,
  –  Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարարությունների, քրեական և տնտեսական հանցագործությունների դեմ,
  –  Բնակչության ձեռքում գտնվող ապօրինի զենքի և զինամթերքի կարգավորված առգրավում, կազմակերպված հանցագործություններին, մանավանդ զինված ավազակախմբերի գործունեությանը վերաբերող օրենսդրության խստացում,
  –  Առանձնահատուկ վերաբերմունքի դրսևորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի և գազի ներկրման հետ կապված մեքենայությունների, սեփականաշնորհման բնագավառում տեղի ունեցած չարաշահումների բացահայտման նկատմամբ,
  –  Հետևողական աշխատանք ներկա իշխանությունների և նրանց հովանավորությունը վայելող որոշ ընկերությունների կողմից ժողովրդից հափշտակված գումարները պետական գանձարան վերադարձնելու և դրանք գլխավորապես բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը ծառայեցնելու ուղղությամբ,
  –  Ակտիվ մասնակցություն տեռորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առևտրի (թրաֆիկինգ) դեմ միջազգային հանրության կողմից հայտարարված անհաշտ պայքարին,
  –  Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրինականության լիարժեք գործադրում, վհուկների որսի և սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում:


Վ.Մանուկյան
*       Հռչակվել է ժողովրդավարություն, բայց ընտրությունները` ժողովրդավարության ամենահիմնական մեխանիզմը, որը պետք է ապահովեր ժողովրդի իշխանությունը, բացարձակապես չի գործում: Իշխանությունը մի խումբ մարդկանց ձեռքում է, որոնք անում են, ինչ ուզում են: Դատական համակարգ չկա, այն իշխող խմբի սպասարկողն է: Համատարած կոռուպցիա է` վերից վար, ամբողջ պետական ապարատը, ամբողջ հասարակությունը թաթախված է դրա մեջ:

*       Եթե մինչ այդ կոռուպցիա կար և բավականին խորն էր, ապա այժմ այն համակարգ է դարձել: Ծավալուն աշխատանքներ են արվում. ճանապարհներ ու շենքեր են կառուցվում, նախարարություններ են աշխատում, և ամեն ինչի հիմքում կոռուպցիան է ընկած: Կոռուպցիան հանես` պետական ապարատը կփլվի: Այսինքն` կոռուպցիան ոչ թե ժամանակավոր մի բան է, այլ դրա վրա է կառուցված ամբողջ աշխատանքը, պետական բոլոր մեխանիզմները կառուցված են հենց այդ կոռուպցիայի վրա:

*       Չի կարող լինել ազատություն, եթե չկա անկախ դատարան՝ անկախ գործադիր իշխանությունից: Նաև օրենքների համակարգը, որը թույլ չի տա, որ դատավորները կոռումպացված լինեն: Որովհետև կարող են անկախ լինել իշխանությունից, բայց` կոռումպացված: Դա օրենքներով պետք է կարգավորել:

*       Կոռուպցիայի և պաշտոնյաների չարաշահումների դեմ պայքարի շրջանակներում կիրառել հետխորհրդային Էստոնիայի փորձը, երբ պետական մարմինների հետ շփումն իրականացվում է վիրտուալ` էլեկտրոնային հաղորդակցության միջոցով (բիզնեսի գրանցում, հարկային հաշվետվությունների ներկայացում, լիցենզիայի ձեռքբերում և այլն):


Ս.Սարգսյան
*       Նախորդ` բարդ և հակասական 15 տարիների ընթացքում մեզ հաջողվեց կառուցել ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա խարսխված անկախ պետականություն: Այսօրվա խնդիրն է պետականության ամրապնդումը, արդարության, համերաշխության և օրինականության մթնոլորտի ձևավորումը:

*       Կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, մրցակցային անհավասար պայմանները բացառելու համար անհրաժեշտ է հոգեբանական բարդույթի հաղթահարում և բոլորիս կողմից անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորում վերը նշված երևույթների նկատմամբ:

*       Հարկերից խուսափելը, կաշառակերությունը պետք է դիտվեն անպատվաբեր և հանրության կողմից դատապարտելի երևույթ: Մենք չպետք է հաշվի առնենք բարեկամական կապերը և ընկեր, բարեկամ, կուսակից չհամարենք այն մարդկանց, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից և հանդուրժելու են այս արատավոր երևույթը: Մեզանում պետք է գերիշխի այն գիտակցությունը, որ դա պետությունը քայքայող ամենալուրջ հիվանդությունն է:

*       Մենք իրավապահ մարմիններից պահանջելու ենք էապես խստացնել պայքարը կոռուպցիայի դեմ և հանրային քննարկումների առարկա ենք դարձնելու բացահայտված հանցագործությունները: Այս առումով դատախազության, ոստիկանության, հարկային և մաքսային մարմինների գործունեությունը պետք է դառնա առավել թափանցիկ: Թափանցիկությունն է ապահովելու, որ այս խստությունը միևնույն ժամանակ արդարացի լինի:

*       Հայաստանում, որին մենք ձգտում ենք, բոլորը հավասար են լինելու օրենքի առջև: Պետության ու քաղաքացիների միջև արհեստական պատնեշներ չեն լինելու:

*       Հայաստանը, որին մենք ձգտում ենք, ունենալու է իր քաղաքացիների վստահությունը վայելող իշխանություն:


Վ.Հովհաննիսյան
*       Մեր երկրում օրենքն ու իրական կյանքը չեն համընկնում։ Եվ ուրեմն՝ մեր երկրում ընտրություն է՝ ապրել տիրապետողի՞ օրենքի տակ, թե՞ օրենքի տիրապետության տակ։ Դաշնակցությունը ընտրում է երկրորդը։ Վերջապես, իշխանությունը պետք է կազմակերպի իրավունքի, օրենքի իրականացումը, և ինքն էլ իր հերթին պետք է ստեղծվի որպես իրավունքի իրականացման արդյունք։

*       Հակակոռուպցիոն պայքար։ Երբ տարիներ առաջ մեր կուսակցությունը բարձրացրեց այդ պայքարի դրոշը, շատ բարձրաստիճան անձինք հայտարարում էին, որ Հայաստանում նման երևույթ չկա։ Կոալիցիոն գործընկերների հետ բանակցություններում մեր կողմից ցուցաբերած համառության ու հետևողականության արդյունքում վերաբերմունքը հարցի նկատմամբ սկսեց փոխվել թե՛ հասարակության, թե՛ իշխանության մեջ։ Հայաստանն անդամակցեց ԳՐԵԿՈ-ին, վերջապես որդեգրվեց հակակոռուպցիոն ռազմավարություն, և ստեղծվեց Հակակոռուպցիոն խորհուրդ։ Բայց ինչպե՞ս ստեղծվեց։ Կառավարության կազմում, այսինքն՝ այն մարմնի կազմում, որն էլ պետք է խորհրդի վերահսկման հիմնական օբյեկտը լիներ։ Մինչդեռ մենք պահանջում էինք անկախ խորհրդի ստեղծում։ Եվ կռտած լիազորություններով մոնիտորինգային խումբը չէր կարող փրկել վիճակը։

*       Արմատ առնելով տնտեսությունից և սերտաճելով իշխանության հետ՝ մենաշնորհները վաղուց դադարել են միայն տնտեսական երևույթ լինելուց։ Դրանք որոշիչ ազդեցություն ունեն հասարակության կենսագործունեության բոլոր կողմերի վրա՝ սկսած պետական-սահմանադրական կարգից մինչև հասարակության արժեքային համակարգը, մշակույթը և բարոյական ոլորտը։ Ծախսելով զգալի միջոցներ և գործի դնելով իր տրամադրության տակ եղած վարչական հսկայական ռեսուրսը՝ այդ խավը պարբերաբար վերարտադրում է ինքն իրեն՝ արգելակելով քաղաքական համակարգի կայացման գործընթացը։

*       Իշխանություն ունեցող դրամատերերի խմբավորումները հաճախ իրենց վեր են դասում օրինականությունից և երկրի պետական կարգից, արհամարհում են մարդկային ազատությունների ընդունված նորմերը, արգելակում են ժողովրդավարական մշակույթի ձևավորումը՝ ընտրությունների ժամանակ գնելով տնտեսապես անազատ ընտրողների քվեները։ Շահագրգռված չլինելով տնտեսավարման արդյունավետ մեթոդների ներդրմամբ՝ իրենց անվերահսկելի տնտեսական գործունեությամբ վտանգավոր չափերի են հասցնում սոցիալական բևեռացումը՝ բացառելով հասարակական համերաշխության հասնելու որևէ հնարավորություն։


Ա.Բաղդասարյան
*       Անազատ և անարդար հասարակությունը դա անազատ և անարդար իշխանության արդյունք է, այն իշխանության, որ ծնվում է ոչ ժողովրդից, այլ նույն իշխանությունից, որի բովանդակությունը վերջին տասնհինգ տարիներին այդպես էլ չփոխվեց: Այդ իսկ պատճառով էլ մենք այսօր ունենք երևութական մի երկիր,, ուր հռչակվում է ժողովրդավարություն, բայց իրականում բանտարկվում է ազատ խոսքը, ուր հռչակվում է անկախ դատական իշխանություն, բայց վերահսկվում է արդարադատությունը, ուր հռչակվում է ազատ տնտեսական մրցակցություն, բայց շահութաբեր ոլորտները բաժանվում է կլանային խմբավորումների միջև, ուր խոսվում է արդար ընտրություններով ստացած քվեների մասին, բայց ամբողջ երկրում աճուրդի են հանվում աղքատության մատնված ժողովրդի քվեները, ուր խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց անպատիժ են նում բոլորին տեսանելի ու հայտնի կոռուպցիոն հայրերը, որ բազմել են պետական կառույցները եկամտի աղբյուր դարձրած առանձին ոլորտներում:

*       Աճող կոռուպցիայի, ծաղկող կաշառակերության և շարունակական աճող ստվերային տնտեսության ահռելի ծավալները, պետական ունեցվածքի զանգվածային կողոպուտը, օրեցօր բազմացող անօրինականությունների և կլանային խմբավորումների անպարկեշտ հաղթարշավը հարձակում են գործել երկրի սահմանադրական կարգի վրա:

*       Մենք համոզված ենք, որ չի կարելի ստեղծել մրցակցային շուկա, առանց կոռուպցիայի դեմ իրական պայքարի, չի կարելի օգնել սոցիալապես կարիքավոր մարդկանց , եթե արտոնյալները հարկեր չեն վճարում, չի կարող լինել օրենքի իշխանություն, եթե օրենքը իշխանության համար արտոնություն է, ժողովրդի համար` դագանակ:


Ա.Մելիքյան
*       Հայաստանում գործող կոռուպցիոն կառավարման համակարգի գործողության պայմաններում անօրինականություններն ու բռնությունները միագամայն հնարավոր են: Համակարգը հարկավոր է փոխել:
Կրթություն, դաստիարակություն Հայ աշակերտներ ընդունող որևէ վարժարան`
պարտական է Հայության ապագան փրկելու աշխատիլ:
Դարերե ի վեր այլասերումի ենթարկված ժողովուրդ մը
հարկ է ազատագրել` անոր վրայեն թոթափելով
իր ցեղային հատկությունները կրծող կարգ մը ժանգեր:
  Դանիել Վարուժան

Վ.Մանուկյան
*       ... պարզվում է, եթե մեկը լավ է աշխատում, դա դեռ բավական չի: Եթե ինքը Թումանյան չի կարդացել, եթե ինքը Դիկկենս չի կարդացել, ապա, ի զարմանս ինձ, այդ մարդը աշխատանքի մեջ թերություններ է ունենում:

*       Եթե խնդիր ենք դնում այս հողի վրա մի կերպ ապրել, ապա կրթական համակարգը մեզ համար կարևոր բան չէ: Խորհրդային միությունում ունեինք լավ գիտական և կրթական համակարգ: Ինչո՞ւ, որովհետև Խորհրդային միությունը` որպես կայսրություն, մեծ հավակնություններ ուներ, պայքարում էր աշխարհի հետ և հասկանում էր, որ այդ պայքարում շատ կարևոր են կրթությունն ու գիտությունը: Միությունը օգտագործում էր մեզ, մենք էլ օգտվում էինք նրանից, ունեին փայլուն գիտական և կրթական համակարգ: Եթե մեր մտքում ունենք այն գաղափարը, որ մի թիմ ենք, որ համագործակցելով մյուս ժողովուրդների, մյուս պետությունների հետ` նաև մրցում ենք նրանց հետ, ապա դարձյալ առաջանում է այդ անհրաժեշտությունը: Առաջ ընկնելու համար այդ ոլորտները պետք է զարգացնել: Այդ է մեր ճանապարհը:

*       Գիտության ու կրթության ոլորտում անհրաժեշտ է այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որի արդյունքում մեր պետության բոլոր հիմնական համակարգերը կդառնան մրցունակ և արդյունավետ: Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը չի կարող կայանալ առանց գիտակրթական նոր համակարգերի:


Ս.Սարգսյան
*       Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում մրցակցությունում հաղթելու գրավականը մտավոր կարողություններն են, գիտելիքների ստեղծումն ու ընդլայնումը: Մենք պետք է ունենանք միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան կրթական համակարգ: Այս խնդրի լուծումն է այն բանալին, որը կառավարության համար բացելու է բոլոր զարգացումների դռները:

*       Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը և գիտելիքը լինելու են ամենամեծ պահանջարկ վայելող արժեքը:

*       Պետության գործառույթները զգալիորեն փոխվում են: «21-րդ դարում ունենալ կրթության ցածր մակարդակ նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ»:


Վ.Հովհաննիսյան
*       Անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող, համակողմանի զարգացած, ինքնակազմակերպման ընդունակ, հայրենասիրության և մարդասիրության ոգով դաստիարակված քաղաքացիների կրթական իրավունքի իրացումը` ներառյալ որակյալ գիտելիքներ տվող, միջազգային չափանիշները լիովին բավարարող կրթական համակարգի ձևավորումը, կրթության մատչելիությունն ու շարունակականությունը:


Ա.Բաղդասարյան
*       Հայաստանի ապագան մեծապես պայմանավորված է մարդկային ներուժի կրթական և ստեղծագործական հնարավորությունների զարգացմամբ: Այս ոլորտի հրատապ խնդիրներից են.
  -  կրթության համակարգի զարգացման համալիր ծրագրի ռազմավարական մշակում, ՙԿրթության զարգացման պետական ծրագրի՚ իրականացում, կրթության բնագավառում կատարվող պետական ներդրումների տարեկան պարբերական աճ` մինչև բյուջեի 4.5 տոկոսը,
  -  սեփականաշնորհման արգելքի պահպանումը մանկապարտեզների, դպրոցների, ուսումնարանների, քոլեջների, բուհերի և գիտական հաստատությունների համար,
  -  նախադպրոցական կրթական համակարգի վերականգնումը և մատչելիության ապահովումը յուրաքանչյուր ընտանիքի համար,
  -  առաջին դասարանից երկու օտար լեզուների և համակարգչային գիտելիքների ուսուցումը,
  -  դպրոցների նյութատեխնիկական բազայի վերականգնումն ու հարստացումը, ուսումնամեթոդական ծրագրերի արդիականացումը, համակարգչային և ինտերնետային ցանցի ձևավորումը,
...
Պաշտպանունակություն, բանակ Ժողովուրդ հայոց, քու ազատությունդ քու ձեռքդ է
ամեն բանե առաջ. Քու սեփական ուժիդ, քու զենքիդ մեջ:
  Խրիմյան Հայրիկ

Լ.Տեր-Պետրոսյան
*       Անհրաժեշտ է բացառել իրավապահ մարմինների և բանակի՝ քաղաքականության մեջ ներքաշվածության գոյություն ունեցող պրակտիկայն:

*       Ծրագրում եմ առ 1-ը հունվարի 2005 թ. դրությամբ զինվորական ծառայությունից խուսափած և արտասահմանում ապաստանած շուրջ քսան հազար երիտասարդների նկատմամբ համաներման կիրառում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում զինված ուժերի զգալի կրճատում և աստիճանական անցում պայմանագրային ծառայության:


Վ.Մանուկյան
*       Ծավալուն նախապատրաստական աշխատանքների իրագործմամբ, հնարավորինս սեղմ ժամկետներում, նվազեցնելով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մինչև 1-1,5 տարի, կազմավորել պրոֆեսիոնալ բանակ` զուգահեռաբար ստեղծելով բնակչության զինվորական պատրաստվածությունն ապահովող համակարգ: Լուրջ ուշադրության կարոտ են զորակոչիկների ռազմահայրենասիրական դաստիարակության, զինծառայության գրավչության, բանակում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի հաստատման խնդիրները:

*       Պետք է հասկանալ, որ այժմյան «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը շատ փխրուն է: Մենք փաստացի Ադրբեջանի հետ սառը պատերազմի մեջ ենք: Ռազմական մրցակցությունը տեղափոխվել է տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտ:


Ս.Սարգսյան
*       Տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը թելադրում է կարգաբերված, արդյունավետ պաշտպանության և անվտանգության համակարգ ունենալու անհրաժեշտություն: Այդ համակարգի գլխավոր, բայց ոչ միակ օղակը բանակն է:


Վ.Հովհաննիսյան
*       Երկրի անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման տեսանկյունից չափազանց կարևոր է ժողովրդավարական վերահսկողության ներքո` քաղաքացիական տարրի մասնակցությամբ, մարտունակ զինված ուժերի կայացումը:

*       Անընդունելի է զինված ուժերի քաղաքականացումը, նեղ հատվածական շահերի հետապնդումը, որոնք հանգեցնում են բանակում տիրող բացասական բարքերի ձևավորմանը և բանակից ժողովրդի խորթացմանը:

*       Անհրաժեշտություն է հայկական ռազմական մշակույթի ձևավորումը: Բանակաշինության գործում պետք է հաղթահարել կարծրատիպերով առաջնորդվելու սովորությունը. կիրառել նոր մեթոդներ, համարձակ և անսպասելի լուծումներ, ինչը հնարավորություն կտա հաղթական խաղաղությամբ ավարտել մեզ պարտադրված պատերազմը:

*       Անհրաժեշտ եմ համարում մի շարք համալիր միջոցառումներ, մասնավորապես.
  -  զինապարտությունը, պետություն-քաղաքացի նոր հարաբերությունների ձևավորմամբ, պետք է ընկալվի և կիրառվի իբրև նախազորակոչային պատրաստության, պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորում գտնվելու ամբողջական շղթա,
  -  պարտադիր և պրոֆեսիոնալ ծառայությունների ճկուն համադրություն` պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ներդրմամբ,
  -  արտակարգ իրավիճակներում տնտեսության անհրաժեշտ զորաշարժային նախապատրաստության համապատասխանեցում տնտեսավարման շուկայական հարաբերություններին,
  -  սահմանամերձ տարածքների և ենթակառուցվածքների առաջանցիկ զարգացում` ռազմավարական նպատակներին համապատասխան,
  -  ռազմահայրենասիրական և գաղափարական դաստիարակություն: Երիտասարդը բանակ պետք է զորակոչվի ամբողջապես գիտակցելով իր առաքելությունը, իսկ ծառայությունից հետո վերադառնա որպես հասարակության լիարժեք, ակտիվ և առողջ անդամ,
  -  զինծառայողների, զոհվածների ընտանիքների, պատերազմի հաշմանդամների, վետերանների սոցիալական խնդիրների ամբողջական լուծում,
  -  զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում` Հայրենիքին ծառայելու արժանավայել պայմանների ստեղծմամբ:


Ա.Բաղդասարյան
*       Հայաստանի Հանրապետության համար պաշտպանությունը և անվտանգության ապահովումը կարևորագույն խնդիրներ են: Այս առնչությամբ անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնք միտված են.
  -  զինված ուժերի անընդհատական արդիականացմանը և մարտունակության բարձրացմանը,
  -  բանակում կոռուպցիայի վերացմանը և զինծառայողների միջև գրեթե համատարած բնույթ կրող ոչ կանոնակարգային հարաբերությունների վերացմանը,
  -  երկրի պաշպանության համար ժողովրդագրական բացասական միտումների չեզոքացմանը:

*       Պաշտպանության ոլորտում անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը` միաժամանակ պահպանելով անհատական գործընկերության գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումները.
  -  ավելացնել բանակում պրոֆեսիոնալ և պայմանագրային հիմունքներով զինծառայողների թվաքանակը` վերջնական նպատակ ունենալով լրիվ պրոֆեսիոնալ բանակի կազմավորումը, տարածաշրջանային սպառնալիքների վերացմանը զուգընթաց,
  -  հանրապետության ԲՈՒՀ-երում վերաբացել ռազմական ամբիոնները, որը հնարավորություն կընձեռնի ուսանողներին ստանալ համապատասխան գիտելիքներ` անհրաժեշտության դեպքում հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար,
  -  քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողություն հաստատել անվտանգության ոլորտի նկատմամբ,
  -  անմիջապես ստեղծել զինծառայողների, հատկապես շարքայինների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ:
Արտաքին դիվանագիտություն Ըստ Ա.Էյնշտեյնի. "Կատուն անգամ ստեղծում է մուկ բռնելու
իր տեսությունը": Բնականաբար մուկն էլ` իր փրկության:
  Ալեքսանդր Վարպետյան

Լ.Տեր-Պետրոսյան
*       Վարչախմբի գործունեությունը համարյա նույնքան խոցելի և վնասակար է նաև արտաքին քաղաքականության բնագավառում։ Անցած տասը տարիների ընթացքում միջազգային հանրությունը և տարածաշրջանի երկրները Հայաստանից չեն ստացել ոչ մի դրական ազդակ։ Ըստ էության, որևէ առաջընթաց չի արձանագրվել, իսկ որոշ դեպքերում ետընթաց է տեղի ունեցել արտաքին քաղաքականության այնպիսի կենսական և հրատապ խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երկրի քաղաքական և տնտեսական մեկուսացման հաղթահարումը, հաղորդակցության ուղիների շրջափակման վերացումը, Հայաստանի ներգրավումը միջազգային և տարածաշրջանային տնտեսական ծրագրերում, հայ-թուրքական հարաբերությունների կառուցումը և այլն։ Հայաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ են անպատասխանատվությունը, իրավիճակայնությունը, անհետևողականությունը և համակարգավորվածության բացակայությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, փաստորեն, վերածվել է միջազգային ասպարեզում վարչախմբի քարոզչության առաքելությամբ օժտված գովազդային ընկերության։

*       Ի՞նչ կարիք կար ներքաշվել գործընթացների մեջ, որոնք կախված չեն Հայաստանի կամքից, կամ հավակնել դերակատարումների, որոնք վեր են նրա հնարավորություններից։ Այդպիսի անխոհեմության ամենավառ օրինակն է մեր միջամտությունը Եվրոմիության և Թուրքիայի հարաբերությունների կառուցման գործընթացին։ Մի՞թե հասկանալի չէ, որ Հայաստանը ո՛չ կարող է նպաստել, ո՛չ էլ խոչընդոտել Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական Միությանը։ Մեր ի՞նչ գործն էր, ուրեմն, նամակներ հղել Բրյուսել՝ պահանջելով չսկսել Եվրոմիություն-Թուրքիա բանակցությունները կամ վերջինիս առջև նախապայման դնել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մեզ համար ո՞րն է գլխավոր՝ պատշաճ կերպով չձևակերպված մի սկզբունք, թե՞ Հայաստանի կոնկրետ պետական շահը։ Եվրոպան, եթե ցանկանար, այդ նախապայմանը կդներ առանց մեր խնդրանքի, և հավատացած եղեք, այդպես էլ վարվել է։ Եթե Եվրոմիությունն այսօր տարբեր պատրվակներով ձգձգում է Թուրքիայի հետ բանակցությունները և նորանոր պայմաններ առաջարկում նրան, դա ընդամենը նշանակում է, որ առայժմ պատրաստ չէ իր կազմում ընդգրկել այդ երկիրը։ Երբ պատրաստ լինի, կբավարարվի Թուրքիայի բացատրություններով և մի կողմ կդնի սուր տարաձայնությունները, այդ թվում՝ Ցեղասպանության հարցը։

*       Ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանն ունի իր ըմբռնումն ու օրակարգը, Սփյուռքն՝ իրենը։ Հայաստանը չի կարող և իրավունք չունի Սփյուռքին թելադրել իր ըմբռնումն ու օրակարգը։ Աշխարհացրիվ հայ ժողովրդի զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու և ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա և նրանցից պահանջելու՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին։ Թուրքիան նախ՝ չպետք է Հայաստանը շփոթի Սփյուռքի հետ, և երկրորդ՝ չպետք է դժգոհի վերջինիս պահվածքից, քանի որ Սփյուռքը Ցեղասպանության հետևանքն է։ Թող Ցեղասպանություն չաներ՝ Սփյուռք չէր լինի։

*       Մենք իրավունք չունենք այլևս կրկնել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական մտքի ճակատագրական սխալը և հայ-թուրքական հարաբերություններում ապավինել երրորդ ուժի։ Այդպիսի քաղաքականության ողբերգական հետևանքները հայտնի են բոլորին։ Դա քաղաքականություն էլ չէ, այլ խեղճի, որբի, անզորի հոգեբանություն։ Երբ ուժ չունես պատժելու քո հակառակորդին, հրճվում ես, որ նրան պատժում են ուրիշները։ Ոգևորվում ես, որ տարբեր երկրներ Թուրքիային վերաբերող աննպաստ որոշումներ են կայացնում։ Եվ վերջապես, ցնծում ես, որ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը պարտվում է մի այլ հավաքականի։ Մեզանից յուրաքանչյուրը մանուկ հասակում ապրած պետք է լինի այդ հոգեվիճակը։ Երբ քեզ ծեծում էին, ու դու անզոր էիր, ուրախանում էիր, որ մի ուրիշը ծեծում է քեզ ծեծողին։ Երեխան՝ հասկացանք, հասարակ մարդը՝ հասկացանք, իսկ մի՞թե պետական այրն իրավունք ունի առաջնորդվել այս հոգեբանությամբ։

*       Հայաստանի նոր իշխանությունների առջև կանգնած խնդիրների շարքում իրենց կարևորությամբ առանձնանում են.
  –  Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ և կառուցողական դիվանագիտության վերականգնումը, աշխարհի բոլոր երկրների հետ բարեկամության և փոխշահավետ համագործակցության ձգտումը,
  –  Միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունների կատարումը, նախկինում կնքված միջպետական բոլոր պայմանագրերի նկատմամբ հավատարմության վերահավաստումը,
  –  Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կառուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ,
  –  Հայաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացման հաղթահարումը, միջազգային և տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը,
  –  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քաղաքական կամքի դրսևորումը, հանդես գալով արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության և հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։

*       Հակամարտություններ ունեցող փոքրամասնությունները կարողանում են նորմալ համագործակցել, եթե կա մի ավելի մեծ պետական վերահսկողություն, ինչպես Ռուսաստանն էր, ինչպես շահական Իրանն էր, ինչպես հետո Խորհրդային Միությունն էր: Շատ ճիշտ է: Բայց ես չեմ կարծում, որ ժողովուրդները չեն փոխվում, չեն աճում: Չի կարելի պատմական բեռը փաթաթել ժամանակակից ազգերի վրա, չի կարելի այսօրվա Թուրքիան նույնացնել երիտթուրքերի ժամանակի Թուրքիայի հետ, չի կարելի այսօրվա Ադրբեջանը, որի հետ թեև հարաբերությունները սրված են Ղարաբաղի հարցով, նույնացնել մուսավաթական Ադրբեջանի հետ: Ժողովուրդներն աճում են, զարգանում են, ավելի իրատեսական են դառնում: Նույն զուգահեռը կարելի է տանել ավելի զարգացած պետությունների միջև: Ինչու չեք հիշում Ֆրանսիան և Գերմանիան: 1805 թվականից սկսած մինչև 1945 թվականը այդ պետությունները չորս անգամ պատերազմել են իրար դեմ, եղել են ամենաթունդ թշնամիներ, իսկ այսօր աշխարհում չեք գտնի որևէ ուրիշ երկու երկիր, որոնք այդքան սերտորեն համագործակցեն իրար հետ: Ինչո՞ւ եք կարծում, թե մենք չենք կարող Թուրքիայի և Ադրբեջանի հետ նույն ձևով համագործակցել:


Վ.Մանուկյան
*       Այն տարածքներում, որտեղ պետություններն հակամարտության մեջ են, ցանկացած լուծում ժամանակավոր է: Իսկ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ բոլոր պետությունները հակամարտությունների մեջ են: Ոչ մի խնդիր չէր լուծվի հին Եվրոպայում, լինի Պրուսիայի հարցը, Դանցինգի թե Էլզաս-Լոթարինգիայի հարց: Երկու համաշխարհային պատերազմ եղավ: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո առաջացավ Միացյալ Եվրոպայի ծրագիրը, և այդ ծրագրի մեջ այդ բոլոր հարցերը լուծում գտան: Ուրեմն մենք ամենից շատ ենք շահագրգռված, որ այս տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներ սկսվեն: Կովկասի լեռներից մինչև Պարսից ծոց: Պատկերացրեք մի տարածք, որտեղ կա Աբխազիայի հարց, Օսեթիայի հարց, Ղարաբաղի հարց, Պաղեստին-Իսրայելի հարց, հայոց ցեղասպանության ճանաչման հարց, Իրանի և Արևմուտքի հարց: Բայց մի՞թե ֆանտաստիկ չէր թվում նույնանման ծրագիրը Եվրոպայում, երբ այն ներկայացվեց: Այնտեղ էլ ժողովուրդներ էին, որոնք իրարից հող էին խլում ու իրար դեմ կռվում: Բայց ծրագիրն իրականացավ: Մեր առաքելությունն այդ է այս տարածաշրջանում. հետևողականորեն շարունակելով Եվրոմիության անդամ դառնալու գործընթացը, միաժամանակ նախաձեռնել մի նախագիծ, մի պատկերացում, որը շահագրգռի, օգտավետ լինի այս տարածաշրջանի բոլոր պետությունների, ժողովուրդների համար: Դա տասնյակ տարիների աշխատանք է: Բայց առանց այդ աշխատանքի մեր տարածաշրջանում ցանկացած առանցքային հարցի լուծում լինելու է ժամանակավոր:


*       Եվրոմիությանն անդամակցելը պետք է դիտվի ՀՀ-ի արտաքին (նաև ներքին) քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը: Անհրաժեշտ է լիարժեք իրականացնել ինչպես ԵԽ-ի առջև ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, այնպես էլ ԵՄ-ՀՀ Եվրոպական հարևանության գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումները` հավատարիմ մնալով դրանց բովանդակությանը:

*       Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունները պետք է զարգացնել ռազմական, սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտա-կրթական և այլ ոլորտներում: ՀՀ-ն և ՌԴ-ն մշտապես պետք է ունենան հատուկ հարաբերություններ` անկախ անվտանգության համակարգերից:

*       ՀՀ-ն պետք է ակտիվ արտաքին քաղաքականություն վարի` նպաստելով տարածաշրջանային ինտեգրացիային, նաև խորացնելով բազմաբնույթ հարաբերությունները Արևելքի մեր հարևանների` հատկապես Իրանի և Արաբական երկրների հետ:

*       ՀՀ-ն պետք է անշեղորեն իրականացնի միջազգայնորեն ստանձնած բոլոր պարտավորությունները, ակտիվ մասնակցություն ունենա միջազգային համընդհանուր մարտահրավերների, մասնավորապես` ահաբեկչության դեմ պայքարում:

*       Անհրաժեշտ է խորացնել Վրաստանի հետ փոխշահավետ և գործընկերային հարաբերությունները: ՀՀ-ն մշտապես պետք է ուշադրության կենտրոնում պահի վիրահայության խնդիրները: Միջազգային իրավական նորմերը հաշվի առնելով` պետք է Վրաստանի հետ բանակցությունների միջոցով փորձել լուծում տալ Ջավախքում հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի հարցին: Վրաստանի հետ կնքվելիք մեծ միջպետական պայմանագրի շրջանակում խորացնել ՀՀ-Ջավախք կապերը գիտական, կրթական և մշակութային ոլորտներում:

*       Բարելավել հայ-թուրքական հարաբերությունները` հասնելով սահմանների բացմանը: Այդ խնդրի լուծումը, սակայն, չպետք է իրականացվի ազգային խնդիրների և արժանապատվության ոտնահարման գնով:

*       ՀՀ դեսպանությունների միջոցով ապահովել արտերկրում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների լիարժեք պաշտպանությունը:


Ս.Սարգսյան
*       Անցած տարիների ձեռք բերած փորձն ու հաջողությունները մեզ թույլ են տալիս պնդել, որ Հայաստանը չի ենթարկվելու Թուրքիայի և Ադրբեջանի շանտաժին և շարունակելու է հավատարիմ մնալ առանց նախապայմանների միջպետական հարաբերություններ հաստատելու իր մոտեցմանը` համարելով, որ դա միակ ճանապարհն է ոչ միայն փոխշահավետ գործակցության, այլև առկա խնդիրների լուծման համար:

*       Մեր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ և նախաձեռնող` ապահովելով Հայաստանի ազդեցիկ մասնակցությունը միջազգային և հատկապես տարածաշրջանային գործընթացներին

*       Անհրաժեշտ է բազմակողմ և միջպետական երկկողմ հարաբերությունների ընդլայնում ու խորացում, դրանց ներդաշնակ համադրում, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի այլ երկրների հետ քաղաքական, տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության աճի, մշակութային համագործակցության խթանման համար:

*       Անհրաժեշտ է միջազգային կառույցներին անդամակցության շարունակում և համագործակցության խորացում` ինտեգրման գործընթացի հիմքում դնելով մեր երկրի քաղաքական, տնտեսական և այլ բնույթի շահերի պաշտպանության առաջնայնությունը:

*       Մենք պետք է կառուցենք բնականոն հարաբերություններ մեր հարևան պետությունների հետ: Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում` համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո՛չ ԼՂ հակամարտության հետ կապված և ոչ էլ այլ նախապայմաններ:


Վ.Հովհաննիսյան
*       Անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը գերազանցապես վարել է արտաքին թելադրանքներին արձագանքելու քաղաքականություն:

*       Այսօր` տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տեղաշարժերի ծավալման ու խորացման պայմաններում, դերակատար տերությունները փորձում են ուղղորդել և հունավորել Հայաստանի արտաքին քաղաքականությունը իրենց սեփական` հիմնականում մեկը մյուսին հակադրվող շահերով` կաշկանդելով մեր դիվանագիտությունը Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացով:

*       Գերտերությունների դիմակայությունը տարածաշրջանում առաջացրել է օրեցօր սրվող մրցակցություն, հատկապես` հարավկովկասյան պետությունների միջև: Տարածաշրջանային մրցակցությունում հաղթելու համար ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելն անհրաժեշտություն է և հրամայական: Այս պայմաններում հիշյալ ուժերի հետ փոխհարաբերությունները կառուցելու եմ մեր շահերի շուրջ համաձայնության հասնելու միջոցով:

*       Արդյունավետ մրցակցության համար ընթացող պայքարում սեփական ինքնությունն ու քաղաքական դիմագիծը պահպանելու, միջազգային թատերաբեմում Հայաստանն արժանապատվորեն ներկայացնելու համար մեր պետությունից պահանջվում է ուժերի գերլարում, կշռադատված, նախահարձակ ու պահանջատիրական արտաքին քաղաքականություն: Տարածաշրջանում և նրա հարևանությամբ ընթացող քաղաքական և ռազմական իրադարձությունները, իրենց շահերը հետապնդող ուժային կենտրոնների դիմակայությունը և սպասվող աշխարհաքաղաքական տեղաշարժերն առավել ևս թելադրում են, որ արտաքին քաղաքականությունն ուղղված լինի հայ ժողովրդի կենսական պահանջներից բխող ռազմավարական խնդիրների իրականացմանը, մեր պետության զարգացմանն ու հզորացմանը:

*       Արտաքին քաղաքական հարաբերություններում անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես ազգային շահերով` առանց տուրք տալու այս կամ այն կուսակցության, սոցիալական դասի կամ պետական-քաղաքական գործչի մղումներին: Նման արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտ ենթահող կլինի երկրում քաղաքական և տնտեսական համակարգերի բարեփոխումը` հիմնված ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքների վրա:

*       Հայաստանի Հանրապետության ներքին կյանքում մեր առաջարկած համակարգային փոփոխությունները կապահովեն լուրջ նախադրյալներ ինչպես տարածաշրջանային քաղաքական և տնտեսական, այնպես էլ երկրի աշխարհաքաղաքական մրցունակության ապահովման համար: Հայաստանի առաջնահերթություններից է եվրոինտեգրման գործընթացների խորացումը` ապահովելով երկրի համապատասխանեցումը Եվրոմիության չափանիշներին:

*       Թուրքիայի հետ հարաբերությունները մնում են չկարգավորված, քանի որ այս պետությունը շարունակում է Հայաստանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, հայ-թուրքական սահմանը բացելու դիմաց նախապայմաններ է ներկայացնում: Երկկողմ հարաբերություններ կառուցելու նման ոճը անընդունելի է: Հայաստանը պետք է բարձրացնի Թուրքիայի թշնամական վերաբերմունքի, հայ-թուրքական սահմանի և Հայոց Ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցերը միջազգային ատյաններում: Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերով Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում վերջին տարիներին ձեռք բերված արդյունքները հիմք են տալիս այս ուղղությամբ աշխատանք կատարել նաև թուրք հասարակության հետ:

*       Վրաստանի հետ բարիդրացիական հաբերությունների ձևավորումը լավ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար մի շարք առաջնային խնդիրների լուծման համար: Հայ-վրացական հարաբերությունները կարևոր են ինչպես տարածաշրջանում անվտանգության ապահովման և կայունության պահպանման, հարավկովկասյան երկրների եվրոինտեգրման գործընթացների խորացման, այնպես էլ երկկողմ փոխշահավետ համագործակցության և Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Հաշվի առնելով Ջավախքի առանձնահատուկ պայմանները և նման հարցերում միջազգային փորձը` Հայաստանը պետք է ջանք գործադրի հարևան Վրաստանի հետ երկկողմ համաձայնագրեր կնքելու` Ջավախքի և հարակից շրջաններում ավանդաբար ապրող հայությանը տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում աջակցելու համար:

*       Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի ծանրակշիռ դերակատարներից է: Այս երկրի հավասարակշռված քաղաքականությունը նպաստում է Հարավային Կովկասում կայունության պահպանմանը: Հայաստան-Իրան հարաբերություններում էներգետիկ, առևտրատնտեսական, տրանսպորտային հաղորդակցության բնագավառներում համագործակցության զարգացման լայն հնարավորություններ կան, որոնք թույլ են տալիս մշակել և իրականացնել ռազմավարական ծրագրեր:


Ա.Բաղդասարյան
*       Հայաստանի Հանրապետության համար, որը փոքր երկիր է, գտնվում է խիստ բարդ տարածաշրջանում և պետք է հայանպաստ լուծում տա Լեռնային Ղարաբաղի խնդրին, ակտիվ, դիմամիկ և նախաձեռնողական ճկուն արտաքին քաղաքականությունն ուղղակի հրամայական է: Սակայն մեր երկիրը հիմնականում պարզապես արձագանքում է Հայաստանին առնչվող այս կամ այն իրադարձությանը: Նման քաղաքականությունն արդեն չի ընկալվում Հայաստանի արտաքին քաղաքական գործընկերների շրջանում, որոնք ակնկալում են հստակ դիրքորոշումներ: Այս ամենի հետևանքով մենք հայտնվել ենք տարածաշրջանային մեկուսացման մեջ` դուրս մնալով, քիչ, թե շատ կարևոր բոլոր ծրագրերից (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղ, Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցում, ինչի շինարարության պայմանագիրն արդեն ստորագրվել է): Մեր արտաքին քաղաքականությունը պետք է որդեգրի հետևյալ մոտեցումները.
  -  մշակել և ընդունել ՀՀ արտաքին քաղաքական դոկտրինը,
  -  միջազգային հարաբերությունների և իրավունքի փոփոխման ժամանակաշրջանում Հայաստանը պետք է պարբերաբար հանդես գա նոր նախաձեռնություններով` փորձելով համաշխարհային գործընթացները դարձնել առավել նպաստավոր երկրի համար,
  -  անհրաժեշտ է բարձրացնել Սփյուռքի հետ համագործակցության աստիճանը` ավելացնելով օգտակար գործողության գործակիցը,
  -  Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի անդամակցությունը Եվրոպական միությանը: Ակնհայտ է, որ սա երկարաժամկետ ծրագիր է և չի կարող իրականություն դառնալ մի քանի տարիների ընթացքում, սակայն Հայաստանը պետք է հստակորեն ընթանա այս ճանապարհով, որն, առաջին հերթին, նշանակում է բոլոր ոլորտներում լուրջ բարեփոխումների իրականացում, որպեսզի մեր երկիրն ավելի ու ավելի մոտենա Եվրոպական միությանն անդամակցության չափանիշերին,Հայաստանը լիիրավ պետք է ներգրավվի տարածաշրջանային էներգետիկ և կոմունիկացիոն նախագծերում,
  -  Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է զարգացնի իր ռազմավարական հարաբերությունները: Երկու երկրների գործընկերային հարաբերությունները պետք է հենվեն իրավահավասարության, բարեկամության և փոխադարձ շահերի վրա,
  -  ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է խորացվեն` կառուցվելով բարեկամության և գործընկերության հիման վրա,
  -  Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի հետ պետք է խորացնել հարաբերությունները, զարգացնել տնտեսական համագործակցությունը,
  -  խորհրդարանական և հասարակական դիվանագիտության ակտիվացումը կարող է ծառայել երկրի շահերին,
  -  հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը` առանց նախապայմանների և սահմանի բացումը, Կարս-յումրի երկաթուղու վերագործարկումը կարևոր են ինչպես երկու երկրների, այնպես էլ` տարածաշրջանի համար,
  -  Եվրոպական միության հետ իրականացվող նոր հարևանության ծրագիրը, ինչպես նաև Եվրոատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների խորացումը, համաձայնեցված անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության քաղաքական համակարգի զարգացման, անվտանգության մեխանիզմների արդիականացման և ժողովրդավարության կառուցման համար: Ժողովրդավարության կայացումը Հայաստանում կամրապնդի մեր դիրքերը միջազգային հարաբերություններում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններում:
Սփյուռք, ազգային ինքնակազմակերպում Հարկավոր է, այո, ազգովին ասպարեզ գալ, հարկավոր է ստեղծել
մի հեղինակավոր մարմին, որպեսզի մեր ժողովրդի ճակատագիրը
հանձնված չլինի պատահական ուժերի ղեկավարության:
  Վահան Տերյան

Լ.Տեր-Պետրոսյան
*       Սփյուռքը հարակա ինքնուրույն գոյություն է. դրա հետ պետք է հաշտվել, դա կա և դա չի փոխվի: Հայաստանը ուրիշ ինքնություն է: Հայաստանը հավաքականություն է, սփյուռքը հավաքականություն չէ, այլ գաղութների մի արշիպելագ: Յուրաքանչյուր գաղութ ունի իր շահերը, իր մշակույթը, պետության հետ հարաբերվելու իր կանոնները, այնպես որ չի կարելի այս երկու ինքնությունները դնել հավասար նժարի վրա: Մեկը՝ ասացի` հավաքականություն է, մյուսը՝ արշիպելագ: Հավաքականությունը ունի իր ընտրովի իշխանությունը, ունի իր միասնական որոշումներ կայացնելու մեխանիզմը: Հայաստանը կարող է խոսել որպես մեկ սուբյեկտ: Սփյուռքը չի կարող: Դա մեր դժբախտությունն է: Դա սփյուռքի խնդիրն է` ինքնակազմավորվել և գտնել այն ձևը, որ կարողանա Հայաստանի հետ խոսել որպես մեկ սուբյեկտ, որը այսօր, ինձ թվում է, շատ հեռու իրականություն դառնալու կարող խնդիր է, շատ հեռու:

*       Հայաստանի պարտքն է պահպանել, հզորացնել սփյուռքի ինքնությունը` մասնավորապես հոգևոր, մշակութային, կրթական գործերում: Սփյուռքը մեզանից տնտեսապես ավելի հզոր է, ուստի նյութական օգնության կարիք չունի, ունի մշակութային հաղորդակցության, կրթական և հոգևոր կարիքներ: Հոգևորը, փառք Աստծո, Մայր աթոռ սուրբ Էջմիածինն է: Հայրենի մշակույթին, նույնպես կարելի է ասել, սփյուռքը մասնակից է դառնում` ցուցահանդեսների, հյուրախաղերի միջոցով և այլն: Ինչ վերաբերում է կրթությանը, այստեղ լուրջ գործ կա, որովհետև Հայաստանը, կարծում եմ, առայժմ շատ քիչ բան է անում սփյուռքում հայկական կրթությունը, հայոց լեզուն պահպանելու ուղղությամբ: Ուրիշ բան Հայաստանը չի կարող անել սփյուռքի համար: Հավելյալ միայն այն, որ սփյուռքին կարող է տալ հպարտություն, սփյուռքին կարող է տալ ոգի, որ Հայաստանը կա, Հայաստանը ոգեղեն, զարգացող պետություն է: Ինչ վերաբերում նրան, թե է սփյուռքն ինչ կարող է մեզ տալ, ապա սփյուռքի նշանակությունը Հայաստանի համար հայրենասիրական ճառերը չեն, ճաշկերույթներն ու հանգանակությունները չեն: Սփյուռքի նպաստը մենք պետք է գնահատենք ըստ այնմ, թե ինչ է արել սփյուռքը` ամբողջապես և յուրաքանչյուր գաղութ, Հայաստանի տնտեսության զարգացման, պետականության ամրապնդման և նրա միջազգային հեղինակության բարձրացման առումով:


Վ.Մանուկյան
*       Մի ազգ, որը միասնական էր, մի ազգ, որ համախմբված հաղթել էր Ղարաբաղի պատերազմում, հանկարծ սկսեց հայաստանցի-ղարաբաղցի բանաձևով մտածել:

*       Հայն ուզում է լինել այս պետության լիարժեք քաղաքացի, բայց ուզում է նաև զգալ համաշխարհային հայության անդամ: Եվ այն, թե թող սփյուռքը ինչ-որ ձևով կազմակերպվի, հետո կնստենք, իրար հետ կխոսենք, ճիշտ չէ: Հայերի մեծ մասը ապրում է դրսում և այնտեղ կարողանում են համագործակցել միմյանց հետ, հպարտանում են Հայաստանով, ուզում են ընդհանուր գործեր անել: Սահմանափակվել միայն պետությունով, նշանակում է հայ ժողովրդի` դարերի ընթացքում կուտակած ներուժը դեն շպրտել:

*       Մենք ունենք աշխարհով մեկ սփռված հայություն, որի գումարային ֆինանսական կարողությունները և ազդեցությունը համեմատելի են Բաքվի նավթի գործոնի հետ: Եթե այդ հնարավորությունները գործի մեջ չդնես, տանուլ ես տալու: Մինչև ժամանակը մենք մեր օգտին չդարձնենք, ոչ մի բանակցություն Ադրբեջանի կողմից իրական չի լինելու: Լինելու է խաբեություն: Մի ժամանակ` պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը համոզված էր, որ կհաղթի, մերոնց հետ բանակցություններ էր վարում Ստոկհոլմում, տարբեր վայրերում: Բայց դա խորամանկություն էր իր կողմից, քանի որ Ադրբեջանը համոզված էր, որ պատերազմում հաղթելու է: Պատերազմում մենք հաղթեցինք և պարտադրեցինք, որ գնա բանակցությունների: Պատկերավոր ձևով կարելի է ասել, որ այժմ, մի կողմից, Հայաստանի ու Ղարաբաղի, մյուս կողմից՝ Ադրբեջանի միջև «սառը պատերազմի» պես մի բան է ընթանում: Ո՞վ կհաղթի այդ սառը պատերազմում: Միայն մեր հաջողությունն այս «սառը պատերազմում» բանակցությունները կդարձնի իրական, և այդ հարցը արդար լուծում կստանա։

*       Հայաստանի քաղաքացիների և աշխարհասփյուռ հայերի ուժերի համախմբմամբ է միայն հնարավոր մեր ազգային իղձերի իրականացումը: Մենք գտնվում ենք այնպիսի աշխարհաքաղաքական միջավայրում, և ընդհանրապես համաշխարհային այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որ առանց համայն հայության ջանքերը համախմբելու` հնարավոր չի լինի լուծել մեր առջև ծառացած խնդիրները:


Ս.Սարգսյան
*       Արտաքին մարտահրավերների հարթությունից դուրս բերված խնդիրները ուրվագծում են մեր զարգացման հիմքերը. այն է` ուժեղ պետություն, որը համայն հայությանն է և ուժեղ աշխարհասփյուռ հայություն, որի Մայր հայրենիքը Հայաստանն է: Մարտահրավերներին պատասխանելու մեր գլխավոր հնարավորությունը համայն հայության ներուժն է:

*       Աշխարհով մեկ սփռված հայերի զգալի մասի քաղաքական, մշակութային, տնտեսական հետաքրքրությունների կենտրոնը Մայր հայրենիքն է: Աշխարհասփյուռ հայությունն իրապես շահագրգռված է Հայաստանի զարգացմամբ, ինչը նշանակում է, որ այսուհետ հնարավոր չէ մշակել և իրականացնել որևէ գլոբալ ծրագիր` առանց այս գործոնը հաշվի առնելու:

*       Տեղեկատվության և կապի ժամանակակից տեխնոլոգիաների բացառիկ հնարավորությունների կիրառում` միջազգային գործակցության և համայն հայության համախմբվածության ու համագործակցության համար, ինչն էլ կբազմապատկի մեր մրցակցային առավելությունները:


Վ.Հովհաննիսյան
*       Հզոր, ժողովրդավար Հայաստանի և կազմակերպված Սփյուռքի միասնական ներուժը Հայոց պետությունն ու հայությունը աշխարհում առավել ազդեցիկ գործոն դարձնելու երաշխիքն են:

*       Հայաստան-Սփյուռք բարդ և բազմակողմանի հարաբերությունները կանոնակարգել, դրանց զարգացման դինամիկան ուսումնասիրել և ուղղորդել պետք է ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակներով` հստակ սահմանազատելով դրանց խնդիրները և գործառույթները: Այս առումով կարևորագույն քայլ կլինի Սփյուռքի և հայրենադարձության նախարարության ստեղծումը:

*       Հայաստանի Հանրապետության Նախագահը պետք է հետամուտ լինի.
  -  Սփյուռքից Հայաստան ներգաղթի համալիր ծրագրի մշակմանն ու իրագործմանը,
  -  Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների համագործակցությանը, ինչը չափազանց կարևոր է ազգային հոգևոր-մշակութային միասնականության տեսանկյունից: Հետագայում կարող են նախադրյալներ ստեղծվել Հայ Առաքելական Եկեղեցին մեկ միասնական կառույցով օժտելու համար,
  -  Հայաստանի և Սփյուռքի տեղեկատվական միջոցների բազմակողմանի համագործակցությանը, համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծմանը,
  -  Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի մասնակցության խրախուսմանը և Սփյուռքից իրական ներդրումների ներգրավմանը:

*       Հայաստանի Հանրապետությունը, գործելով այլ երկրների հետ ունեցած միջազգային պայմանագրերի շրջագծում, ելնելով ազգային փոքրամասնությունների միջազգայնորեն ճանաչված կրթական-մշակութային իրավունքներից, պետք է նպաստի.
  -  հայկական համայնքների առավելագույն ինքնակազմակերպմանը և համայնքների միասնականության ամրապնդմանը` հայոց լեզվի, հայկական մշակույթի և կրթության հենքի վրա,
  -  հայկական քաղաքական, մշակութային և տնտեսական լոբբինգի հզորացմանը` ի շահ համազգային խնդիրների լուծման:


Ա.Բաղդասարյան
*       Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և այդ հարաբերությունների իրական զարգացումներն այն ներուժն են, որը Հայաստանի համար կարող է փոխհատուցել նավթային և գազային ռազմավարական ռեսուրսների բացակայությունը և ոչ նպաստավոր աշխարհագրական դիրքը: Այսօր չի գործում Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների երկարաժամկետ զարգացման համալիր հայեցակարգ: Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է.
  -  ստեղծել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները զարգացնող նախարարություն,
  -  ստեղծել բոլոր մակարդակներով ազգային ներուժը համադրող մեխանիզմներ,
...

*       Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի համասփյուռ հայությանը լեզվի պահպանման և ուսուցման, հայոց լեզվի և պատմության սփյուռքահայ մասնագետների պատրաստման, Հայաստանի բուհերում սփյուռքահայ ուսանողների քանակի ավելացման հարցերում` որպես առաջին քայլ այս ճանապարհին ստեղծելով ՙՀամահայկական էլեկտրոնային համալսարան, որ կարող է նորագույն տեխնոլոգիաների հիման վրա դառնալ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման կարևորագույն մի մեխանիզմ:
Տնտեսություն Մեռած է այն հավատը, որին գործեր չեն հետևում:
  Ներսես Շնորհալի

Լ.Տեր-Պետրոսյան
*       Քոչարյանական ռեժիմի գործունեության ծանրագույն հետևանքը Հայաստանի տնտեսական համակարգի ձևախեղումն է։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ, և ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ։ Օրուգիշեր թմբկահարվող լիբերալ տնտեսությունը մեր երկրում սոսկ ֆիկցիա է, քանի որ տնտեսական բնագավառում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերություններով, այլ իշխանությունը բռնազավթած խունտայի կամքով ու հրահանգներով։

*       Շատերի, այդ թվում՝ պրոֆեսիոնալ տնտեսագետների կողմից փաստվում է, որ Հայաստանի տնտեսության մի զգալի հատված ստվերային է։ Իմ կարծիքով, սակայն, սա պարզ և ֆիմիզմ կամ մեղմասացություն է։ Գուցե ասածս կարող է պարադոքսալ հնչել, բայց ես պնդում եմ, որ մեր երկրում իրականում ստվերային տնտեսություն չկա։ Ստվերայինն այն տնտեսությունն է, որը տարբեր պատճառներով դուրս է մնում իշխանության վերահսկողության սահմաններից, և այդ երևույթն այս կամ այն չափով առկա է բոլոր, այդ թվում՝ ամենազարգացած և օրինապահ երկրներում։ Մինչդեռ Հայաստանի իշխանական համակարգն այնքան կազմակերպված ու հզոր է, որ նրա հսկողությունից ոչինչ չի վրիպում, այսինքն՝ հանցավոր տնտեսական գործունեության բոլոր դրսևորումները կառավարվում են նրա կողմից։ Հետևաբար, սա ոչ թե ստվերային տնտեսություն է, այլ համատարած թալան կամ պետական ռեկետ, որի պատճառով Հայաստանում գոյանում է երկու բյուջե՝ մեկը պաշտոնապես հայտարարվածը, մյուսը՝ իշխանությունների գրպանում հայտնվածը։ Ընդ որում՝ դատելով հաշվարկներից, երկրորդ բյուջեն անհամեմատ ավելի մեծ է առաջինից։

*       Սեփականաշնորհման բնագավառում ներկա իշխանությունների կատարած ամենամեծ հանցանքը տնտեսության համարյա լիակատար մոնոպոլիզացիան է, ինչի պատճառով գրեթե վերացման եզրին է հասել փոքր բիզնեսը։ Միջին խավը ներկայացնող ձեռնարկատերերի և գործարարների մեծ մասը, վաղուց արդեն կորցնելով իր անկախությունը, ընկել է մեծածախ առևտրով զբաղվող մենաշնորհային ընկերությունների ցանցը։

*       Իշխանությունների վարած արատավոր տնտեսական քաղաքականության հետևանքով հիմնովին խախտված են շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը և սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը։ Տնտեսական բնագավառում Հայաստանում ամեն ինչ կարգավորվում է ոչ թե շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ, այլ իշխանությունը բռնազավթած փոքրաթիվ անձանց հրահանգներով, որոնք բոլորն էլ, առանց բացառության, հանցագործության տարր են պարունակում։

*       Հայաստանի տնտեսության ամենակործանարար խեղումը նրա համատարած մոնոպոլիզացիան է, որի պատճառով երկրի հարստության կեսից ավելին հայտնվել է շուրջ 40 ընտանիքի ձեռքում։

*       Օտարերկրյա փորձագետների գնահատմամբ՝ այսօրվա վիճակով պետական բյուջեի հարկային եկամուտների միայն 22 %-ն է վճարվում խոշոր ձեռներեցների կողմից, մինչդեռ պետք է կազմեր դրանց 75 %-ը։ Դա նշանակում է, որ հարկային բեռը հիմնականում ընկնում է մանր և միջին ձեռնարկատերերի ու գործարարների ուսերին։

*       Հայաստանի հաջորդ իշխանությունների առջև կանգնած գլխավոր մարտահրավերը արդյունաբերության զարգացման խթանումն ու բնակչության կենսամակարդակի որակական փոփոխության ապահովումն է, ինչին նախատեսվում է հասնել հետևյալ սկզբունքային միջոցառումների իրականացման շնորհիվ.
  –  Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարեփոխումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավելի ճիշտ, պետական ռեկետի վերացում,
  –  Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետևողական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում և սեփականության անձեռնմխելիության երաշխավորում,
  –  Օրինականության և լիակատար թափանցիկության ապահովում սեփականաշնորհման, պետական գույքի և հողի վաճառքի, աճուրդների և տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման և շինարարական աշխատանքների թույլտվության հարցերում,
  –  Հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդլայնում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, «Պարզեցված հարկի օրենքի» գործադրման շարունակում, պետության կողմից հարկային կանխավճարների և ավելացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում,
  –  Հակամենաշնորհային քաղաքականության հետևողական իրագործում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման և մենաշնորհային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախատեսված խիստ պատժամիջոցների կիրառում,
  –  Արտադրության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով, մասնավորապես, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում և դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաև շահութահարկից կանխավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը և ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ,
  –  Պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես, ինֆորմացիոն և տելեկոմունիկացիոն բնագավառներում գործող արտադրությունների և մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաև՝ արագագործ և մատչելի ինտերնետային ցանցի համատարած ներդրման գործում,
  –  Գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, որոնց տակ ենթադրվում են՝ այդ տնտեսությունների ֆինանսավորման կազմակերպման, ագրոսպասարկման, ոռոգման, գյուղմթերքների վերամշակման և իրացման համակարգերը. որպես գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ նախատեսվում են՝ պետության մասնակցությամբ գյուղացիական տնտեսությունների բերքի պարտադիր ապահովագրումը, ներմուծվող սերմնացուի վրա ավելացված արժեքի հարկի տարածման վերացումը և դիզելային վառելիքի ազատումը ակցիզային հարկից, ինչպես նաև՝ պետության կողմից պարբերական աջակցության ցուցաբերումը սերմնացուի, պարարտանյութերի, տոհմային հոտի ձեռքբերման գործում,
  –  Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդլայնում՝ ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորությունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեության խթանում։

*       Հայաստանն ընդամենը երեք միլիոնանոց շուկա է, իսկ միայն Վրաստանի և Ադրբեջանի հետ դառնում է 15 միլիոնանոց շուկա: Այսօր Հայաստանի արդյունաբերությունը խեղդվում է ուղղակի: «Ջերմուկը», «Բջնին», հայկական ծխախոտը այսօր կարող էր տասնյակ անգամ ավելի շատ վաճառվել Ադրբեջանում, քան Հայաստանում: Միայն մի օրինակ` Հայաստանում շատ լավ ոչխարաբուծություն կար, Ադրբեջանը այդքան լեռներ չուներ, և ահա Հայաստանում արտադրված ամբողջ բուրդը իրացվում էր Ադրբեջանում: Մեր «ցեխավիկների» նույնիսկ ոչ այնքան որակյալ արտադրանքը համարյա ամբողջությամբ տարվում էր Նախիջևան, Կիրովաբադ: Իհարկե, հիմա ժամանակները փոխվել են, արտադրությունն ուրիշ պահանջներ ունի, բայց գլխավորը ճանապարհներն են և շուկան: Աշխարհի բոլոր հզոր պետությունները, անցյալում անգամ` Հռոմ, Մակեդոնական կայսրություն, Արաբական խալիֆաթ, Բյուզանդիա, հզորացել են բացառապես ճանապարհների և արտաքին աշխարհի հետ բաց հարաբերությունների շնորհիվ: Աշխարհի տնտեսության, ցանկացած արդյունաբերության հիմքը առևտուրն է, ուրիշ ոչինչ:


Վ.Մանուկյան
*       Փոքր և միջին բիզնեսը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում բիզնեսի ողնաշարն է: Շատ զարգացած երկրներում, ընդհուպ Միացյալ Նահանգներում, աշխատատեղերի մոտ 40-70 %-ն ապահովում է փոքր և միջին բիզնեսը: Եվ ամենամեծ խնամքով պետք է վերաբերվել դրան:

*       Եթե անկախ պետություն ենք դարձել, եթե պետություն ենք կառուցում, որտեղ պետք է ձևավորվի տնտեսական ու ֆինանսական էլիտա, որը հետագայում վճռական դեր է խաղալու իշխանությունը փոխելու կամ իշխանություն պահելու խնդրում, ապա այդ էլիտան պետք է ձևավորվի միայն յուրայիններից: Ահա թե ինչու սեփականաշնորհման ամբողջ գործընթացը կատարվեց ոչ թե մրցակցային սկզբունքով, սեփականությունը շնորհվեց ոչ թե այն արժանիներին, ովքեր ի վիճակի էին աշխատեցնել և զարգացնել այն, այլ տրվեց միայն յուրային մարդկանց: Կաբինետներում նստած` թուղթ ու գրիչով որոշում էին` այս գործարանը սրան, այն մեկը` նրան:

*       Մոնոպոլիաները մենաշնորհները կարելի է վերացնել՝ անցնելով քվոտաների տենդերների, այսինքն՝ որոշակի քանակները բաց մրցութային վաճառքի միջոցով տարբեր ընկերությունների:

*       Մեր երկրի տնտեսական համակարգն իր կառուցվածքով կիսակապիտալիստական-կիսաֆեոդալական բնույթ ունի: Բոլոր խոշոր ֆինանսական հոսքերը վերահսկվում են իշխանության մեջ գտնվող մի խումբ մարդկանց կողմից: Հայաստանի տնտեսության ստվերի փականը նախևառաջ կարգավորվում է երկրի սահմաններում` մաքսային կետերում: Իշխանությունը, այսպես կոչված մեկ պատուհանի սկզբունքով, մաքսային կետերի միջոցով, ստվերային ռենտա է հավաքում բոլոր գործարար շրջանակներից: Այստեղ է հենց թաքնված ստվերային տնտեսության սկզբնաղբյուրը: Այստեղից է սկիզբ առնում ապագա մենաշնորհների համակարգը` հիմնված ներմուծման վրա:

*       Մեզանում շատ հաճախ շփոթում են տնտեսության իրական և անվանական աճերը: Վերջին տարիներին, իրոք, արձանագրվում է ՀՆԱ անվանական աճ: Վիճակագրական ցուցանիշները տպավորիչ են` երկնիշ տնտեսական աճ, բյուջեի ծավալների աճ, շինարարության աշխուժացում և այլն: Բայց սրանց զուգահեռ, տարօրինակ կերպով, պահպանվում է բնակչության աղքատության բավական բարձր մակարդակը, խորանում է սոցիալական բևեռացումը. հարուստների նեղ շերտն էլ ավելի է հարստանում, իսկ աղքատների բանակում իրական տեղաշարժ գերթե չկա, եթե չասենք հակառակը: Տնտեսության իրական հատվածում տարեցտարի անկման միտումներ են նկատվում: Մտահոգիչ է տնտեսական աճի որակական կողմը: Եվ եթե փորձենք բացել տնտեսական աճի ներքին կառուցվածքը, ապա պարզ կդառնա, որ այն հիմնականում ապահովվել է շինարարության ու ծառայությունների ոլորտի միջոցով: Բայց նույնիսկ այս ոլորտներում 2006թ. համեմատ 2007թ. որոշակի անկում է գրանցվել:

*       Իրականում մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը դրսից ուղարկվող գումարներն են` գումարած շինարարական ոլորտում «Լինսի» և մի քանի այլ ծրագրերով ներդրվող գումարները, որոնք տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ են ապահովում: Ահա և հայկական տնտեսական «հրաշքի» գաղտնիքը: Այսինքն` մեր պետությունը դարձել է «թոշակառու»` այն առումով, որ քիչ արտադրելով` ավելացնում ենք համախառն սպառումը: Որքան շատ ենք «թոշակ» ստանում, այնքան շատ ենք սպառում, և այնքան ավելի է արժևորվում դրամը: Որքան շատ է արժևորվում դրամը, այնքան շատ ենք դրսից գումարներ ստանում և այդպես շարունակ: Սա արդեն նմանվում է թմրամոլի վարքագծին: Իսկ թե թմրամոլի վերջն ինչ է, բոլորս էլ գիտենք:

*       Իրականացնել «էժան» և «երկար» փողի դրամավարկային քաղաքականություն` մատչելի և երկարաժամկետ դարձնելով վարկային միջոցները: Դրամաշրջանառության թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակով ընդլայնել անկանխիկ քարտային համակարգը:

*       Եթե ընդհանուր տնտեսական կյանքում պետությունը պետք է առաջնորդվի «մի խանգարիր» կարգախոսով, ապա որոշ հեռանկարային ոլորտներում (օրինակ` ինֆորմացիոն և իննովացիոն տեխնոլոգիաներ) պետք է նախաձեռնի դրանց ներդրմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի ստեղծումը` շահավետ պայմաններ ապահովելով անհրաժեշտ ներդրումների համար:

*       Գյուղատնտեսական մասնավոր մանր հողատարածքների անհրաժեշտ խոշորացումը իրագործել մանր տնտեսությունների կոոպերացիայի միջոցով` շահագրգռելով երկարաժամկետ և ցածր տոկոսով գյուղատնտեսական վարկերի ձեռքբերման հնարավորությամբ: Պետությունը պետք է մշակի գյուղատնտեսական ապրանքների ներքին շուկայի պաշտպանության մեխանիզմներ` միաժամանակ բարենպաստ պայմաններ ստեղծելով դրանց արտահանման համար: Գյուղատնտեսական բարեփոխումները և նոր ագրարային տեխնոլոգիաները գյուղական տնտեսությունները պետք է բնամթերային արտադրողից դարձնեն ապրանքային արտադրող:


Ս.Սարգսյան
*       Ազատական և մրցակցության վրա հիմնված տնտեսության պարագայում էական նշանակություն ունի միջազգային և մասնավորապես, եվրոպական ինտեգրացումը: Այն ունի երեք հարթություն:
  -  Առաջին, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար միջազգային լավագույն փորձի և ստանդարտների ներդրում, ինչը մի կողմից բարձրացնում է նրանց գործունեության արդյունավետությունը, մյուս կողմից խթանում հարաբերությունները արտասահմանյան գործընկերների հետ, այդ թվում` ստեղծելով մեխանիզմներ արտերկրում նրանց շահերի պաշտպանության համար:
  -  Երկրորդ, միջպետական երկկողմ հարաբերությունների ընդլայնում և խորացում, ինչը պետք է հեշտացնի ապրանքաշրջանառությունը, ծառայությունների մատուցումը, մշակութային համագործակցությունը: Հայ-ռուսական հարաբերությունները այս հարթության լավագույն դրսևորումներից մեկն է:
  -  Երրորդը միջազգային կառույցներին անդամակցությունն է և համագործակցության խորացումը` ինտեգրման միջավայրում երկրի քաղաքական, տնտեսական և այլ բնույթի շահերի պաշտպանության նպատակով: Համոզված եմ` մեր արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքը, որը բխում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից` երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ներդաշնակ համադրումն է:

*       Հանրապետության նախագահը պետք է ձևավորի համագործակցության այնպիսի միջավայր, որ ցանկացած կարող ուժ հնարավորութուն ունենա մասնակիցը լինելու մեր տնտեսական զարգացումներին:

*       Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է ճանաչվի որպես ազատ մրցակցային միջավայրում գործարարության և ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր:

*       Տնտեսության կարգավորումը չպետք է խոչընդոտի բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, այլ` ընդհակառակը, պետք է ծառայի հավասար պայմանների ապահովման, զարգացման աջակցության և ռիսկերի նվազեցման նպատակներին:

*       Մենք շարունակելու ենք աջակցել համաշխարհային չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը` ներդրումներ կատարելով նորաստեղծ ընկերություններում և ֆինանսական օգնություն ցուցաբերելով արագացված աճի փուլում գտնվող փոքր և միջին ձեռնարկություններին:

*       Խրախուսվելու է կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը տնտեսության իրական հատվածում: Պետական մասնակցությամբ ձեռնարկությունները պարտադիր կերպով կներդնեն կորպորատիվ կառավարման լավագույն չափորոշիչները: Պետությունը մշտապես խթանելու է թափանցիկ աշխատող ձեռնարկությունների զարգացումը` նպատակ ունենալով բարձրացնել հասարակության վստահությունը բիզնեսի նկատմամբ:

*       Գյուղատնտեսության արդյունաբերականացումը և արտադրություն-վերամշակում-շուկա շղթայի լիարժեք գործարկումը հնարավորություն կտան այդ ճյուղում ապահովել գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամուտների աճ:

*       Հայաստանի ֆինանսական համակարգը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու իրական ներուժ ունի: Ստոկհոլմի բորսայի մուտքը Հայաստան դրա վառ ապացույցն է: Համատեղ գործողությունների ծրագրի իրագործումը լուրջ նախադրյալներ կապահովի դրված նպատակին հասնելու համար:


Վ.Հովհաննիսյան
*       Տնտեսական համակարգը պետք է հիմնվի ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքների վրա: Պետությունը լիարժեք կերպով կարող է գործել միայն այն դեպքում, երբ պետական-իրավական կարգի հետ կենսագործվում է նաև համարժեք տնտեսական կարգ: Այդպիսի տնտեսական կարգի հիմնական տարրը մրցակցությունն է. միայն մրցակցությունը կարող է ապահովել շուկայական համակարգի արդյունավետությունը և երաշխավորել մարդու անհատական իրավունքներն ու ազատությունները: Հայաստանում մրցակցային տնտեսական կարգի հաստատումը լինելու է իմ առաջնահերթ խնդիրը:

*       Մրցակցային տնտեսական կարգը կարող է կառուցվել միայն այն դեպքում, երբ շուկայական հարաբերությունների բոլոր մասնակիցները զրկվեն շուկայական կանոնները փոխելու հնարավորությունից: Մրցակցային կարգը ապահովող համալիր, փոխկապակցված և երկարաժամկետ տնտեսական քաղաքականության իրականացման հիմքում ընկած են լինելու մրցակցային շուկայի սկզբունքները:

*       Պետությունը չպետք է ամբողջությամբ դուրս մնա տնտեսական գործընթացներից և անհրաժեշտության դեպքում միջոցներ պիտի ձեռնարկի մրցակցային մեխանիզմի բացասական հետևանքները և խափանումները շտկելու համար:

*       Առաջնահերթություն է բնակչության տնտեսական ակտիվության բարձրացումը և արտադրական ժողովրդավարության հաստատումը` բնակչությանը տարբեր ձեռնարկատիրական նախաձեռնություններում ներգրավելու, տարածքային հարաբերական առավելությունների ու մասնագիտացման սկզբունքների հիման վրա փոքր ու միջին գործարարության զարգացումը:


Ա.Բաղդասարյան
*       Վերջերս հրապարակվեց համաշխարհային մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը զիջում իր բոլոր հարևաններին աշխարհի 131 երկրների թվում գրավելով 93-րդ տեղը: Թե Թուրքիան, թե Վրաստանը և թե Ադրբեջանն իրենց ցուցանիշներով գերազանցում են մեզ: Նույնը վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածությանը, որտեղ մենք կրկին վերջինն ենք տարածաշրջանում` զբաղեցնելով 96-րդ տեղը, առևտրային շուկաների արդյունավետությամբ 104-րդը, իսկ ֆինանասական շուկայի կատարելության տեսանկյունից 110-րդ տեղը: Այսինքն սա է իրականությունը, այլ ոչ թե շարունակ թմբկահարվող տնտեսական աճը և տարբեր ոլորտներում տարաշրջանային առաջատար հայտարարելու կոչերը:

*       Գյուղատնտեսությանն անհրաժեշտ է պետական աջակցություն: Առանցքային խնդիր է նաև գյուղացիներին ցածր տոկոսադրույքներով տրամադրել` տրակտորներ, կոմբայններ և այլ գյուղմեքենաներ, սերմացու, տնկանյութ, պարարտանյութեր և թունաքիմիկատներ:

*       Ձևավորելու համար մրցունակ և հզոր արդյունաբերություն և, հետևաբար, տնտեսություն, անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ, որոնք առաջին հերթին պայմանավորված են քաղաքական որոշումներով: Նախ և առաջ անհրաժեշտ է հստակորեն ձևակերպել և քաղաքականապես ամրագրել այն գաղափարը, որ Հայաստանը եղել է և հետագայում պետք է լինի արդյունաբերական երկիր, միաժամանակ ապահովելով գյուղատնտեսության և ինտելեկտուալ ծառայությունների առաջատար զարգացումը: Ըստ էության, բանալին գտնվում է 2 կարևոր գերակայություններում` ինտելեկտուալ շուկայի զարգացում և արտահանման խթանում, սրանք երկուսն էլ փոխկապակցված են:

*       Հարկային համակարգի բարեփոխման կարևորագույն խնդիր է հարկերի իջեցումը և տնտեսության առավել ազատականացումը:

*       Այսօր Հայաստանի Հանրապետությունում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրների լուծման բանալին նախ և առաջ տնտեսության զարգացումն է: Մեր երկրի տնտեսական զարգացումը հնարավոր կլինի միայն դեպի ժամանակակից, գիտատար նոր տնտեսության անցման սահուն, սակայն արագընթաց մեխանիզմների ներդրման դեպքում: Անհրաժեշտ է համադրել տնտեսական արդիականացման ավանդական և նորարարական ուղղությունները:
Սոցիալական հարցեր, կենսամակարդակ Խեղճ աղքատը դառը դատի,- դատարկ նըստի... Է~յ, աշխարհ.
Էլ ինչո՞ւ ես քարը թողնում քարի վըրա, քար-աշխա'րհ...
  Ավետիք Իսահակյան

Լ.Տեր-Պետրոսյան
*       Ժողովրդի մեծամասնության համար օրվա հրամայականը ոչ թե պայծառ ապագան է, որքան էլ վարդագույն այն լինի, այլ այսօր ևեթ գոնե նորմալ երկիր ունենալը։ Ի՞նչ է պատկերացնում հայ մարդը՝ նորմալ երկիր ասելով, կամ ինչի՞ մասին է նա գրեթե անդադար երազում։ Որքան էլ տխուր է, ո՛չ ամենևին հարստության, ճոխության, պերճանքի կամ ճամփորդության, այլ մարդկային ամենատարրական կարիքների բավարարման մասին։

*       Բնակչության ցածր կենսամակարդակը, իշխանությունների թմբկահարած տնտեսական աճի երկնիշ ցուցանիշների և Երևանի կենտրոնի տպավորիչ կառուցապատման իրողություններին հակառակ, շարունակում է մնալ Հայաստանի առջև ծառացած ամենամտահոգիչ սոցիալական խնդիրը։ Առավել անհանգստացնող է մանավանդ այն հանգամանքը, որ սոցիալական բևեռացումը ոչ թե մեղմանում, այլ գնալով խորանում է, այսինքն՝ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ ավելի աղքատանում։ Չնայած աշխատավարձերը, թոշակները և նպաստները ժամանակ առ ժամանակ բարձրացվում են, բայց վերջին տարիների ընթացքում արձանագրված սղաճի պատճառով ժողովրդի դրամական եկամուտների մեծացման էֆեկտը հավասարվում է զրոյի։

*       Սոցիալական դրությունը ծանր է մանավանդ մարզային քաղաքներում և գյուղական վայրերում, որոնց բնակչությունը մատնված է լիակատար թշվառության ու ամենօրյա գոյապայքարի։ ... Մի խոսքով, կիսադատարկ գյուղեր, լքված տներ, ցաքուցրիվ ընտանիքներ, վերացող դպրոցներ. ահա սա է քոչարյանա-սերժական շրջանի Հայաստանի իրական պատկերը, և ոչ թե Երևանի կենտրոնի շքեղ խանութները, ճոխ ռեստորանները և ժամանակակից բնակարանները, որոնցից օգտվում է բնակչության ոչ ավելի, քան հինգ տոկոսը։

*       Հայաստանի նոր իշխանությունների գործունեության հիմքում ընկած են լինելու աղքատության վերացման, զբաղվածության և ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առաջին հերթին, ծրագրվում է իրականացնել հետևյալ անհետաձգելի միջոցառումները.
  –  Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում՝ միջին աշխատավարձի գծով՝ տարեկան շուրջ 20, իսկ թոշակների գծով՝ շուրջ 30-40 տոկոսի չափով, ինչպես նաև՝ պետության կողմից մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեության երաշխավորում,
  –  Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների կտրուկ հավելում՝ 2008 թվականից ևեթ դրանք սահմանելով՝ 500.000, երրորդ երեխայից սկսած՝ 1.000.000, իսկ հինգերորդ երեխայից սկսած՝ 1.500.000 դրամի չափով,
  –  Բնակչության խորհրդային ավանդների ձևակերպումը որպես պետական պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ և կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով,
  –  Ի տարբերություն, այսպես կոչված, էլիտար շինարարության խթանմանը, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայնածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնակարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը,
  –  Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի և տեսակարար կշռի մեծացում, հավաստագրային և հասցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրում, մասնավոր կապիտալի ներգրավվածության ընդլայնում, ապահովագրական և հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործում, բուհական ուսման վարձերի ձևավորումը կանոնակարգող և դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում։

*       Ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկայացվող ծրագրի համաձայն նախատեսվում է՝ 2008-2012 թթ. ընթացքում կրկնապատկել երկրի համախառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն ու միջին աշխատավարձը և քառապատկել միջին կենսաթոշակը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, շրջափակումների վերացման և հայ-թուրքական սահմանի բացման պարագայում սպասելի են շատ ավելի տպավորիչ արդյունքներ։


Վ.Մանուկյան
*       Օրենսդրորեն պետք է հստակեցվի աշխատողի իրավունքներն ու պարտականությունները պետական և մասնավոր հիմնարկներում: Ընդ որում, 80 հոգուց ավելի աշխատողներ ունեցող հիմնարկներում (մասնավոր թե պետական) կարելի է առաջարկել`
  -  արհմիության պարտադիր ստեղծում, որը կոնկրետ տվյալ հիմնարկում պետք է գոնե ապահովի այն նվազագույն պահանջները, որոնք ամրագրված են օրենսդրությամբ,
  -  բոլոր հիմնարկների արհմիությունները պետք է միավորվեն` ստեղծելով հանրապետական արհմիության կոմիտե:
Ճիշտ է, շատ հիմնարկներում արհմիությունները ֆորմալ բնույթ կունենան, սակայն միայն առաջին փուլում: Երկրորդ փուլում, երբ ստեղծվի որակապես նոր տիպի Արհմիությունների հանրապետական կոմիտե, կառաջանան ավելի համարձակ պահանջներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կներթափանցեն նաև այն հիմնարկները, որտեղ արհմիությունների գործունեությունը դեռևս թույլ կլինի: Այս քայլերի արդյունքում 5–10 տարի անց կունենանք թույլ, սակայն կազմակերպված արհմիութենական շարժում:

*       Պահպանել կենսաթոշակների բարձրացման ներկա տեմպերը` յուրաքանչյուր եռամսյակ իրականացնելով կենսաթոշակների ինդեքսացիա, քանի որ լայն սպառման ապրանքների գների բարձրացումը հնարավորություն չի տալու թոշակառուներին զգալու իրենց կողմից տնօրինվող միջոցների ավելացումը: Կենսաթոշակների եռամսյակային ինդեքսացիան պետք է իրականացվի` գնաճի մակարդակը հաշվի առնելով: ԿԲ-ն գնաճը պետք է պահի տարեկան 4+, -1.5 %-ի սահմաններում:

*       Աշխատավարձի և կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք գումարը:

*       Պետությունը պետք է ներդնի առողջապահության ապահովագրական համակարգ, զբաղվի առողջության պահպանման կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ, պարտադիր ապահովագրական համակարգի ներդրմամբ հնարավորություն ստեղծի բարձրացնելու բուժհիմնարկների աշխատակիցների աշխատավարձը: Յուրաքանչյուր քաղաքացու առողջության պահպանման իրավունքը պետք է դիտվի որպես պետության հիմնական գործառույթներից մեկը:


Ս.Սարգսյան
*       Այսուհետև պետք է մտածենք ոչ թե աղքատության հաղթահարման, այլ ապահով և պաշտպանված հասարակություն կառուցելու մասին: Նույնիսկ ամենահեռավոր, սահմանամերձ գյուղի բնակիչը պետք է ապրի արժանավայել կյանքով:

*       Հայկական ընտանիքների եկամուտներն առնվազն կկրկնապատկվեն:

*       Մենք շարունակելու ենք ֆինանսական միջնորդությունը խորացնելու մեր քաղաքականությունը: Ֆինանսական ծառայությունները մատչելի և հասանելի կլինեն Հայաստանի ամբողջ տարածքում: Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն:

*       Ապահովագրական ընկերությունները և կուտակային կենսաթոշակային հիմնադրամները կստեղծեն խնայելու շարժառիթներ: Հայաստանում չպետք է լինի մեկը, ով ապահովագրված չէ կյանքին վտանգ պատճառող դեպքերից և աղքատության վտանգից:

*       Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ` մարդկանց աշխատանքով ապահովելու համար: «Աշխատանքը պետք է որոնի մարդուն», ինչը նշանակում է ունենալ արդյունավետ աշխատուժի շուկա, որը կբացահայտի կառուցվածքային գործազրկության խնդիրը:

*       Մենք սոցիալական կարևորագույն խնդիր ենք համարում կենսաթոշակների հետագա բարձրացումը` այն հաշվով, որ կենսաթոշակն էապես բարձր լինի աղքատության շեմից:

*       Այսօր դժվարին պայմաններում հայտնված հաշմանդամները, ծնողազուրկ երեխաները, բազմազավակ ընտանիքները, պատերազմի վետերանները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, փախստականներն առանց պետության հոգածության չեն կարող լուծել իրենց առջև ծառացած խնդիրները:

*       Բժշկությունը մատչելի կլինի բոլորի համար:

*       Մշտական ուշադրության առարկա կհանդիսանա հեռավոր և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը: Այդ շրջաններից բնակչության արտահոսքի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունը կամ նեղ մասնագիտացումն է, ցածր սոցիալական ակտիվությունը, որը հանգեցնում է սոցիալական անտարբերության: Գիտակցելով դա` ցուցաբերվելու է համալիր մոտեցում Հայաստանի ողջ տարածքի զարգացման խնդրին:


Վ.Հովհաննիսյան
*       Միայն սոցիալապես ազատ և ապահովված մարդը կարող է կատարել ազատ քաղաքական ընտրություն և ծառայել իր երկրին ու ժողովրդին:

*       Գերխնդիր է բացառել կամ նվազեցնել բոլոր ուղղություններով իրականացվող քաղաքականությունների բացասական սոցիալական հետևանքները, ինչպես նաև ձևավորել մարդու և քաղաքացու սոցիալական իրավունքների ամբողջական իրացման համակարգ:

*       Սոցիալական ոլորտում իրականացնելով համակարգային բարեփոխումներ` անհրաժեշտ է սահմանել և պարբերաբար վերանայել կենսաապահովման նվազագույն զամբյուղն ու դրա մեծությունը, երկրում իրականացվող սոցիալտնտեսական ռազմավարական ծրագրերը վերաձևել ըստ այդ մեծության:

*       Կարևորվում է.
  -  զբաղվածության և եկամտաստեղծ գործունեության ակտիվ քաղաքականության իրականացումն ու արդյունավետ, զարգացած աշխատաշուկայի ձևավորումը, որտեղ աշխատողները ապահովված կլինեն պատշաճ աշխատավարձով, առողջ, անվտանգ և ընդունելի պայմաններով աշխատանքով, իսկ գործատուները` անհրաժեշտ որակավորմամբ և մրցունակ աշխատուժով,
  -  բնակչության առողջության առաջնային, մոր և մանկան առողջության պահպանումը, մատչելի և որակյալ բժշկական օգնության, հիգիենիկ և համաճարակային անվտանգության, սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության, դեղորայքի բավարարման արդյունավետ կազմակերպումն ու հասցեականության բարձրացումը,
  -  սոցիալապես խոցելի խմբերին ու անձանց` հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք ներգրավումը,
  -  բնակարանային պայմանների բարելավումը` ներառյալ նորաստեղծ երիտասարդ և բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային ապահովության իրավունքի ամբողջական իրացումը,
  -  պետության, գործատուների և արհեստակցական միությունների միջև գործընկերային հարաբերությունների հաստատումը:


Ա.Բաղդասարյան
*       Հաշվի առնելով մարզային հեռավոր վայրերի, շարքային քաղաքացիների տնտեսական և սոցիալական տառապանքների հանդեպ իմ ունեցած խորը կարեկցանքը և դրանց վերացումը տեսնելու իմ ցանկությունը, ես միշտ առաջնորդվել եմ սոցիալական արդարության խնդիրներին առաջնություն տալու, շարքային մարդկանց կողքին կանգնելու, նրանց լսելու, օգտակար և աջակից լինելու ազնիվ ձգտումով, որի համար և քննադատվել եմ:

*       Սոցիալական քաղաքականությունը Հայաստանում չի համապատասխանում իր առաքելությանը` սոցիալական համերաշխության և արդարության կայացմանը:Պետության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությունը` ֆինանսական միջոցների անբավարարության և գործող մեխանիզմների անկատարության պատճառով, ոչ միայն չի նպաստում հիմնախնդրի լուծմանը, այլև տարեցտարի խորացնում է սոցիալական բևեռացումը: Սոցիալական աջակցության և օգնության գործող համակարգի արդյունավետությունը խիստ ցածր է, թույլ է հասցեականությունը, որը հաճախ հիմք է դառնում սոցիալական արդարության խախտման համար:

*       Այսօր ՀՀ-ում անհրաժեշտ է մշակել և իրականացնել նոր սոցիալական ռազմավարություն և քաղաքականություն, որոնք իրապես կբարելավեն առավել խոցելի խավերի և խմբերի վիճակը: Այս քաղաքականությունը պետք է լինի իսկապես իրական, այլ ոչ թե` թվացյալ իրական, ինչպես 2008թվականի բյուջեով ամրագրված թոշակների բարձրացումը, որն ինքնին դրական էր, սակայն չեզոքացվեց 2008 թվականի բարձր գնաճի պատճառով:

*       Պետությունը պարտավոր է հոգ տանել հաշմանդամների մասին:

*       Հայաստանի բնակչությունը հնարավորություն չունի ստանալու լիարժեք բուժօգնություն, հատկապես` մասնագիտացված:

*       Անհրաժեշտ է մշակել փախստականներին բնակարաններով ապահովելու պետական ծրագիր:
Մշակույթ Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ
նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության
պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:
  Գարեգին Նժդեհ

Վ.Մանուկյան
*       Անհրաժեշտ է դադարեցնել հոգևոր-մշակութային արժեքների չափանիշների ծավալվող անկումը և զանգվածային հաղորդակցության միջոցների կողմից լայնորեն պրոպագանդվող ցածրորակ արտադրանքի արշավը: Մշակութային անկումն արդեն վտանգի տակ է դնում մեր ազգային նկարագրի և ինքնության ապագան: Երկարաժամկետ ծրագիրը պետք է նախատեսի հոգևոր –մշակութային, կրթության և դաստիարակության լայնածավալ համակարգի ստեղծումն ու գործունեությունը երկրի ողջ տարածքում, պատմական և մշակութային ժառանգության պահպանման և պրոպագանդման արդյունավետությունը, մշակութային-մասնագիտական կրտսեր ուսումնական հաստատությունների ցանցի ստեղծումը: Պետք է ընդունվի պետական մշակութային քաղաքականության հայեցակարգ: Պետության ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև ՀՀ ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրները` հնարավորություն տալով նրանց զարգացնել իրենց հոգևոր-մշակութային և կրթական համակարգերը:


Ս.Սարգսյան
*       Մշակութային մակարդակի բարձրացումը՝ ազգային մշակութային հիմքերի պարտադիր պահպանմամբ, մեր քաղաքացիների աշխարհայացքի ընդլայնումը նոր հասարակության կառուցման կարևոր պայման է: Մշակույթը կամրապնդի հայերի կապն ամբողջ աշխարհում, դրանով իսկ հստակեցնելով մեր ուրույն տեղը քաղաքակրթությունների երկխոսությունում:

*       Հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը, բնության հարստությունը և մեր ինքնության ավանդական շատ որակներ թույլ կտան Հայաստանը դարձնել կազմակերպված հանգստի գրավիչ երկիր:


Վ.Հովհաննիսյան
*       Անհրաժեշտ է ազգային մշակութային քաղաքականության ոլորտում պատմամշակութային ժառանգության պահպանումն ու ներդաշնակ զարգացումը, հասարակության ու անհատի ստեղծագործ ներուժի բացահայտումն ու խրախուսումը, ինչպես նաև հայ մշակույթը համաշխարհային մշակութային գործընթացներում արժանապատիվ ներկայացնելը:

*       Մերժում եմ աղքատության խնդրի լուծումը բացառապես նյութականով պայմանավորելը: Հայաստանի քաղաքացին պետք է ապրի նաև լիարժեք հոգևոր-մշակութային կյանքով: Միայն նման պարագայում մենք իսկապես կունենանք ժամանակակից բարիքներից լիարժեքորեն օգտվող, ժամանակի հետ համաքայլ ընքացող քաղաքացի:


Ա.Բաղդասարյան
*       Մշակույթը ցանկացած երկրի այցեքարտն է արտերկրում:

*       Ազգային ինքնության պաշտպանության և զարգացման համար կարևոր է լեզվի, ավանդույթների, եկեղեցու դերի նպատակային արժևորումը, այդ ոլորտներում ձեռք բերված արժեքների տարածումը, արմատավորումը ժողովրդի ինքնագիտակցության մեջ:

*       Հայ ժողովուրդը միշտ առանձնացել է իր հարուստ մշակույթով: Մշակութային զարգացումը եղել է հայերի գոյապահպանության կարևոր պայմաններից մեկը: Մշակույթի ոլորտում անհրաժեշտ է.
  -  աջակցել պատմամշակութային ժառանգության պահպանմանը,
  -  նպաստել արդի, ժողովրդական և կիրառական արվեստների ներդաշնակ զարգացմանը,
  -  խրախուսել մշակութային նշանակալի նվաճումների հեղինակներին,
  -  խորացնել արտերկրի և Սփյուռքի հետ մշակութային համագործակցությունը,
  -  հայկական մշակույթն արժանավայել ներկայացնել արտասահմանում,
...

Արցախյան հիմնախնդիր Հայերի կրած տառապանքների պատճառներից մեկն էլ
ոչ այնքան օտարազգիների տիրապետությունն է եղել,
որքան նրանց տգիտությունը և անմիաբանությունը:
  Մովսես Բաղրամյան

Լ.Տեր-Պետրոսյան
*       Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրիրը, որը, ինչպես բազմիցս առիթ ունեցել եմ ընդգծելու, Հայոց պետականության առջև կանգնած գերագույն խնդիրն է, քանզի գերազանցապես դրանից է կախված թե՛ Հայաստանի ու Արցախի ապագան, թե՛ մեր երկրների տնտեսական բարգավաճումը, և թե՛ հայ ժողովրդի բարօրությունը։ Քանի դեռ չի լուծվել այդ հարցը, քանի դեռ չեն վերացել մեզ խեղդամահ անող շրջափակումները, քանի դեռ չեն կարգավորվել հարաբերությունները մեր անմիջական հարևանների հետ, և քանի դեռ մեր երկիրը չի ինտեգրվել տարածաշրջանային ու միջազգային համակարգերում, Հայաստանն այսօրվա աշխարհի պահանջներին զուգընթաց զարգանալու և հզորանալու հնարավորություն չունի, որքան էլ բազմաթիվ լինեն հակառակը պնդողները։

*       Լեռնային Ղարաբաղի հարցը սկզբից ևեթ ինձ համար եղել է ոչ թե հողի կամ տարածքի, այլ բացառապես մարդու իրավունքների հարց։ Աշխարհից կտրված մի լեռնազանգվածում ապրում է 150 հազար մարդուց բաղկացած մի ժողովուրդ, որն ընդամենը ուզում է նույնքան ազատ, հպարտ, երջանիկ ու ապահով լինել, որքան ֆրանսիացին, գերմանացին, անգլիացին կամ ամերիկացին։ Սակայն, բանից պարզվում է, որ դա չի հետաքրքրում միջազգային հանրությանը։ Աշխարհը, որն այդքան հոգ է տանում անհատ մարդու իրավունքների պաշտպանությանը, 150 հազար մարդուն մարդ չի համարում։ Դա պարզապես դիտվում է որպես վիճակագրական փաստ, իսկ լավագույն դեպքում՝ ազգային փոքրամասնություն, որի տակ սովորաբար հասկացվում է էքստրատերիտորիալ փոքրամասնությունը։ Բայց քանի որ, ի դժբախտություն միջազգային հանրության, Ղարաբաղը էթնո-տերիտորիալ միավոր է, նրա վրա չեն կարող տարածվել ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաները։ Հետևաբար, մնում է միայն հարցի մեկ լուծում, այն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այլ լուծումները բացառվում են ոչ թե հայերի և ադրբեջանցիների օրգանական անհամատեղելիությամբ, ինչպես հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ կրոնական անտագոնիզմով, ինչպես պնդում են ուրիշները, այլ քաղաքական այն ակնհայտ իրողությամբ, որ Ադրբեջանն ի վիճակի չէ երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ազատությունը և բարօրությունը։

*       Հայաստանի ներկա իշխանությունների վարած հանցավոր քաղաքականության պատճառով վերջին տաս տարիների ընթացքում Ղարաբաղի հարցի կարգավորումը հասել է համարյա անհուսալի վիճակի, քանի որ Ադրբեջանը, օր-օրի կոշտացնելով իր դիրքը, այսուհետև ոչ մի փոխզիջման չի գնալու։

*       Իրավիճակից դուրս գալու ելքը թեև դժվարհաղթահարելի, բայց միանգամայն հստակ է.
    Առաջին. նախ և առաջ պետք է մաքրել սեփական ախոռները և համաժողովրդական հուժկու ալիքով խափանել ներկա հանցավոր ռեժիմի վերարտադրությունը; վերականգնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; անհաշտ պայքար հայտարարել կոռուպցիայի, հովանավորչության, պաշտոնեական չարաշահումների դեմ; ստեղծել հիրավի ժողովրդավարական, իրավական, ազատ և արդար պետություն՝ քաջ գիտակցելով, որ Ղարաբաղի ապագան լիովին կախված է Հայաստանի հզորությունից։
    Երկրորդ. անհրաժեշտ է վերադառնալ Ղարաբաղի հարցի կարգավորման նախկին ձևաչափին, որում Ղարաբաղը ներկայացված էր որպես հակամարտության լիիրավ կողմ։ Հասկանալի է, որ դա անհնար է պատկերացնել Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու պարագայում, որը նույնպես ղարաբաղցի լինելով, Քոչարյանի նման հավակնելու է բանակցություններում ներկայացնել նաև Ղարաբաղյան կողմը։
    Երրորդ. արմատապես հարկ է փոխել Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Հայաստանի ներկա իշխանությունների վարած անհեռանկար և վտանգավոր քաղաքականությունը, այսինքն՝ խնդրի լուծումը ձգձգելու, ստատուս- քվոն պահպանելու փիլիսոփայությունից անցում կատարել հարցը լուծելու փիլիսոփայությանը։
    Եվ չորրորդ. անիմաստ է վախենալ կամ խուսափել փոխզիջումներից, որովհետև այլ լուծում բնության մեջ գոյություն չունի։ Քաղաքականության մեջ, ինչպես բիզնեսում, հաջող են համարվում միայն այն գործարքները, որոնցից շահում են երկու կողմերը։ Երբ շահում է միայն մեկ կողմը, գործարքն ամենևին հաջողված կամ տևական չի կարող լինել։


Վ.Մանուկյան
*       Երբեք ընտրությունների ժամանակ այնքան մեծ նշանակություն չի ունեցել Ղարաբաղի հարցը, որքան այժմ:

*       Շատ վտանգավոր է այն կարծիքը, թե Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրենք: Հանգիստ չեք ապրի. Հայաստանը կվերանա: Եվ մյուս տեսակետը` ոչ մի թիզ ոչ մեկին, սա մեր պապենական հողն է, նույնպես ճիշտ չէ, որովհետև դա քաղաքական մոտեցում չէ:

*       Ղարաբաղյան շարժումը կրոնական պայքար չէր, էթնիկական պայքար չէր, ինչպես ոմանք ներկայացնում են: Դա պայքար էր ժողովրդի ինքնորոշման համար, պայքար էր ազատության համար, պայքար էր անվտանգության համար: Բայց դրա հիմքում նաև պատմական արդարության հարց կա, ազգային երազանքի հարց՝ եգւ ղարաբաղցիների, և հայաստանցիների համար: Ղարաբաղի քաղաքական պայքարին Ադրբեջանը պատասխանեց բռնություններով և ռազմական գործողություններով, որոնք հետագայում վերաճեցին լուրջ պատերազմի: Իրենք սկսեցին այդ պատերազմը, մենք հաղթեցինք այդ պատերազմում: 1994 թ. բանակցություններ սկսվեցին, և մենք ողջունում ենք դրանք, անշուշտ, գտնելով, որ Ղարաբաղն այդ բանակցություններում պիտի լինի բանակացող կողմ:

*       Ղարաբաղն արդեն 15 տարուց ավելի անկախ պետություն է, և նվաճել է այդ անկախությունը։ Այնտեղ ապրում է մի սերունդ, որի համար հին կարգավիճակը պատմական անցյալ է, ինչպես մեզ համար Նիկոլայ թագավորի ժամանակները: Իհարկե, այնտեղ կան ներքին պրոբլեմներ, դա այն պետությունը չէ, որտեղ ամեն ինչ իդեալական է, մեր հիվանդությունները նրանք էլ ունեն։ Բայց դա անկախ պետություն է: Ես չգիտեմ մի դեպք, որ մի այսպիսի կարգավիճակ ունեցող պետության վերաբերյալ ուրիշ պետություններ թուղթ ստորագրեն և նրան մտցնեն այս կամ այն պետության կազմի մեջ: Այդպիսի պատմական դեպք չեմ հիշում: Միայն երկու դեպքում է դա լինում. եթե ժողովուրդն ինքը կամավոր որոշում է իր կարգավիճակը, ասում է` մտնում ենք այսինչ պետության մեջ, կամ տեղի է ունենում պատերազմ, կատարվում է նվաճում օտարի կողմից:

*       Քանի դեռ այս հարցերը չեն գիտակցվել մյուս բոլորի կողմից, խոսել տարածքների զիջման մասին, այն տարածքների, որոնք ապահովում, երաշխավորում են Ղարաբաղի անվտանգությունը, պաշտպանվածությունը, ուղղակի անհեթեթություն է: Դրանով ընդամենը Ադրբեջանին դրդում ես պատերազմ սկսել, վտանգելով Ղարաբաղի անվտանգությունը, վտանգելու ենք նաև Հայաստանի անվտանգությունը, կորցնելու ենք Զանգեզուրը, կորցնելու ենք շատ բան: Կորցնելու ենք ինքնավստահությունը, հավատը մեր ուժերի նկատմամբ, մեր ապագայի նկատմամբ:

*       Ինչո՞ւ բանակցություններն արդյունք չեն տալիս: Ո՞վ է մեղավոր: Առաջին մեղավորն, իհարկե, Ադրբեջանն է, եթե դա կարելի է մեղք համարել: Ո՞րն է նրա «մեղքը»: Նա, համոզված լինելով, որ ժամանակը աշխատում է իր օգտին, պահանջում է ամբողջական զիջում։ Ժամանակը աշխատում է իր օգտին բանաձևը նշանակում է, որ ունենալով նավթի մեծ պաշարներ, նա ոչ միայն հնարավորություն ունի զարգացնել իր տնտեսությունը, ամրապնդել իր բանակը, այլ նաև կարևոր դերակատար է սկսում ընկալվել այս տարածաշրջանում ուրիշ պետությունների կողմից՝ ունենալով նաև բնական դաշնակից՝ Թուրքիան։ Եվ այս պայմաններում նա չի խոսում փոխզիջումների մասին, ասում է` զիջեք ամբողջությամբ և բանակցությունների մեջ միայն այդ նպատակն է դնում։ Իսկ ինչն է Հայաստանի «մեղքը»: Հայաստանը մեղավոր է, որ չի կարողանում և լրջորեն չի փորձում ժամանակն աշխատեցնել իր օգտին: Իսկ կա՞ այդպիսի հնարավորություն։ Կարծում եմ՝ այո։

*       Իսկ մինչ այդ, ժամանակը աշխատեցնելով մեր օգտին, գուցե պետք է դիտարկել Ղարաբաղին 10-20 տարով Եվրամիության մանդատ շնորհելու տարբերակը: Ժամանակին այն կցկտուր ներկայացվել է հասարակությանը, և ավելի մանրամասը կներկայացնենք ծրագրի մեջ, բայց դա, իհարկե, լուրջ քննարկման առարկա է: Մեր կարծիքով դա ձեռնտու կլիներ ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և առհասարակ ողջ տարածաշրջանի համար:

*       Ղարաբաղի հարցը ոչ թե խոչընդոտ է մեր երկրի զարգացման համար, այլ հակառակը` խթան է մեր ժողովրդի ստեղծագործական հատկությունների դրսևորման, ոգեշնչման, ժամանակակից պետություն կառուցելու համար։

*       Անիմաստ է խոսել արցախյան հարցի լիարժեք և կայուն կարգավորման մասին, առանց բանակցություններին ԼՂՀ-ի անմիջական և իրավահավասար մասնակցության: Այդ բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի արցախահայության` ինքնորոշման իրավունքի հիման վրա արդեն իսկ իրականացրած դե ֆակտո անկախության միջազգայնորեն դե յուրե ճանաչումը` հստակեցնելով նրա սահմանները և ապահովելով նրա բնական սահմանի առկայությունը ՀՀ-ի հետ: Բանակցությունների արդյունքները պետք է ԼՂՀ-ի բնակչության անվտանգության հատուկ երաշխիքներ ստեղծեն, պայմաններ ապահովեն նրա սոցիալ-տնտեսական բնականոն զարգացման, փախստականների և բռնի տեղահանվածների վերաբնակեցման լիարժեք հնարովորություն ստեղծելու համար: Խնդրի լուծման կայունության երաշխիքը էապես կախված է նաև հակամարտող կողմերի ժողովրդավարության աստիճանից:

*       Արցախի խնդիրն այն ազգային համախմբող գաղափարն է, որը պահանջում է բոլորիս ջանքերի գործադրումը: Մենք կարող ենք տարբեր լինել մեր գաղափարական հայացքներով, բայց մեկ հարցում պետք է լինել միակարծիք. ՀՀ ազգային անվտանգության հարցը համայն հայության խնդիրն է: Արցախի խնդրի հայանպաստ լուծումը մեր անվտանգության երաշխիքն է: Արցախը նահանջելու տեղ չունի: Հետևում Սյունիքն ու Վարդենիսն են:


Ս.Սարգսյան
*       Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցի շուրջ մեր դիրքորոշումը խարսխված է հետևյալ սկզբունքների վրա.
  -  Պետք է միջազգայնորեն ճանաչվի ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար,
  -  ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման,
  -  պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության և սահմանների անվտանգությունը:

*       Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ ամեն մի` քիչ թե շատ բարդ գործընթաց, առավել ևս հակամարտության կարգավորում, հնարավոր չէ իրականացնել միանգամից, մեկ օրում, այն մի քանի քայլով իրականացվող գործողությունների ամբողջություն է:

*       Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը:


Վ.Հովհաննիսյան
*       Արցախյան հիմնախնդիրը Հայ Դատի բաղկացուցիչ մասն է: Մինչև ազատագրված Արցախի կարգավիճակի միջազգային ճանաչումը` Հայաստանի Հանրապետությունը պետք է սատարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային կապերի հաստատմանն ու զարգացմանը:

*       Հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է ապահովել ԼՂՀ ուղղակի մասնակցությունը: Հիմնախնդրի կարգավորումը պետք է միանշանակորեն ընդունելի լինի Հայաստանի և Արցախի քաղաքացիների համար:


Ա.Բաղդասարյան
*       Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը կենսական նշանակություն ունի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ ժողովրդի համար: Այն սերտորեն առնչվում է նաև Հայաստանի ազգային անվտանգությանը և տարածաշրջանային կայունությանը: Մենք գտնում ենք, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը մեզանից պահանջելու է նոր նախաձեռնողականություն տարածաշրջանում և աշխարհում, իրադարձությունների զարգացման երկարաժամկետ միտումների հստակ պատկերացում, դրանց ծառայեցում մեր շահերին և նոր գաղափարների առաջադրում: Բանակցությունը և խաղաղ կարգավորումը հիմնախնդրի լուծման միակ ճանապարհն է:


Ա.Մելիքյան
*       Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է և, այդ առումով, մենք իրապես խնդիր չունենք: Խնդիր կա Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում, որը գործընթաց է և հանդիսանում է մեր պետականության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը: Չասեմ` հիմնականներից մեկը, այլ հիմնական ուղղությունը, որովհետև ես կարծում եմ, որ այդ միջոցով մենք իսկապես կկարողանանք ամրագրել մեր ինքնուրույն գոյատևման իրավունքը այն տարածքում, որն այսօր ունենք:

*       Ի՞նչ են առաջարկում միջնորդները, ասենք, միջազգային հասարակական և ոչ հասարակական տարատեսակ ու տարաբնույթ կառույցները, որոնք այսօր տարածաշրջանում փորձում են կարգավորման ինչ-որ մոդելներ առաջարկել: Ի վերջո, բոլոր մոդելները հանգում են մեկ բանի, հանգում են նրան, որ պիտի հաստատվի միջհամայնական հաշտություն: Անհասկանալի է, թե որտեղից են վերցրել, որ Ղարաբաղում երբևէ եղել են ինչ-որ համայնքներ: Վերջ ի վերջո, համայնական կառուցվածքը բնորոշ է եղել Խորհրդային Ադրբեջանին, որտեղ իսկապես կար բուն հայկական համայնք և ադրբեջանական մեծամասնություն ու հայ համայնքի իրավունքները, գուցե ձևականորեն, պաշտպանելու նկատառումներով բոլշևիկները ժամանակին ստեղծեցին ոչ միայն Ղարաբաղի՝ այլ նաև Նախիջևանի ինքնավարությունները:

*       Կարծում եմ, մենք՝ Ղարաբաղը, պարտավոր է այսօր այնպիսի պայմաններ և իրավիճակ ստեղծել, մոդելավորել, որպեսզի ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրության այլ անդամները կարողանան անվարան և հանգիստ իրագործել Ղարաբաղի ճանաչման ակտը: Սա է այն հիմնական ուղղությունը, որի վրա մենք այսօր պետք է աշխատենք:

*       Ես կարծում եմ, որ մենք, իհարկե, ժամանակը կորցրել ենք: Այստեղ իրավացիորեն նշվեց, որ ադրբեջանահայության մի զգալի մասը լսել չի ուզում ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Կովկասի մասին, իսկ դրանում մենք բոլորս մեր մեղքի բաժինն ունենք: Սակայն, միևնույն ժամանակ ես գտնում եմ, որ մենք կարող ենք այս ուղղությամբ, հետևողական լինելով, հասնել դրական արդյունքների:

*       Ղարաբաղյան հիմնահարցն Ադրբեջանի հետ փոխհամաձայնեցված կարող է լուծվել միայն հակամարտության ընթացքում տուժած բոլոր մարդկանց իրավունքների ճանաչման և պաշտպանության համատեքստում: Ընդ որում, էթնիկ զտումներ և քաղաքացիական բնակչության դեմ սանձազերծած ադրբեջանական իշխանությունների պատասխանատվության հարցի արծարծումը կնպաստի վերոնշյալ սկզբունքի կիրառմանը: Ազատագրված բոլոր տարածքները պետք է մնան ԼՂՀ կազմում և փոխանցվեն ադրբեջանահայ փախստականներին սեփականության իրավունքով` որպես մասնակի հատուցում նրանց կրած նյութական և բարոյական վնասների:
Հոկտեմբերի 27-ի բացահայտում Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են,
որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք և մաքրամաքուր:
  Գարեգին Նժդեհ

Լ.Տեր-Պետրոսյան
*       Հայաստանի ներկա հանցավոր իշխանական համակարգի ձևավորման սկիզբն ուղղակիորեն կապված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ։ Չնայած անցած ութ տարիներին արտահայտված հազարավոր գնահատականներին ու վերլուծություններին, ինձ թվում է, այդ սահմռկեցուցիչ իրադարձության էությունը դեռևս ամենայն խորությամբ չի լուսաբանված։ Հայ ժողովրդի և Հայոց պետականության շուրջ երեքհազարամյա պատմության մեջ հոկտեմբերի 27-ը հիշեցնող միայն երեք նախադեպ է արձանագրվել։ 705 թվականին Նախճավան քաղաքի և մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում արաբները ողջակիզեցին հայ նախարարների ողջ ավագանուն։ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերը գլխատեցին արևմտահայ քաղաքական և մտավորական ընտրանուն։ Իսկ 1930-ական թվականներին Ստալինը ոչնչացրեց Հայաստանի ղեկավարության և մտավորականության ամենակարկառուն դեմքերին։ Սակայն տվյալ պարագայում համեմատությունը սոսկ արտաքին է ու մակերեսային։ Հոկտեմբերի 27-ի սպանդը վերոհիշյալ եղեռնագործություններից արմատապես տարբերվում է նրանով, որ իրականացվել է ոչ թե օտարների, այլ հայերի իսկ ձեռքով։

*       ...մենք ազգովին ականատեսը եղանք չափազանց արտառոց մի երևույթի։ Հանրապետության նախագահն, իր բացահայտ միջամտություններով, ոչ միայն ամեն ինչ արեց հետաքննության և դատավարության բնականոն ընթացքը խոչընդոտելու ուղղությամբ, այլև փաստորեն վիժեցրեց դավադրության հնարավոր կազմակերպիչների բացահայտման գործը։

*       Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես Հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացահայտման դեպքում։ Ուստի այդ խնդրի լուծումը դառնալու է Հայաստանի ապագա նախագահի ամենագլխավոր պարտականություններից մեկը...


Վ.Մանուկյան
*       Հոկտեմբերի 27-ը մեծ ողբերգություն էր մեր ժողովրդի և մեր պետության համար: Դրա մասին բազմաթիվ հայտարարություններ են եղել, բայց վերջնականորեն ամեն ինչի պարզաբանումը կարող է լինել, եթե լինի իշխանություն, որը շահագրգռված է այդ ամենը բացահայտել: Իսկ ընդդիմության համար շատ դժվար է այդպիսի հարցերի պարզաբանում տալը:


Ս.Սարգսյան
 


Վ.Հովհաննիսյան
 


Ա.Բաղդասարյան
 


Ա.Գեղամյան
 


Տ.Կարապետյան
 


Ա.Հարությունյան
 


Ա.Մելիքյան